Սուրբդ Աստուծո բարեխոսի՛ր մեզ համար…
Հուլիսի 12-ին սբ. Պաիսիոս Աթոսացու հիշատակության օրն է: Սուրբը ննջել է 1994թ. հուլիսի 12-ին: Արդեն մի քանի տարի է, որ Ուղղափառ Եկեղեցին նրան պաշտոնապես դասել է իր տոնացույցի մեջ և որպես հիշատակի օր սահմանել նրա ննջման օրը, ինչպես որ հնուց ընդունված էր, այսինքն՝ սրբերի հիշատակը տոնել նրանց ննջման կամ նահատակության օրը:
Իսկապես որ սբ. Պաիսիոսը Եկեղեցու բոլոր մյուս Սրբերի հետ միասին վկայում են, որ Սբ. Հոգին գործում է Ուղղափառ Եկեղեցում և Նրա ծոցի զավակներին մշտապես կանչում և ձգում է դեպի Իրեն: Ուղղափառ Եկեղեցին մի մեծ «գործարան» է, որտեղ բոլոր ժամանակներում Սրբեր են «արտադրվում»:
Սրբերը մեզանից ոչնչով չեն տարբերվում: Մեզ նման նույն մամինն են կրում՝ իր կրքերով ու տկարություններով հանդերձ, բայց մեծ հավատք ու ցանկություն ունեն մեր Տիրոջը նմանվելու, որովհետև միայն այդ ժամանակ է, որ ապրում են ճշմարտապես: Այդ ժամանակ է, որ ճշմարիտ մարդ են դառնում, երբ Աստվածամարդուն՝ Քրիստոսին են ուզում նմանվել: Հարկավ, միայն Քրիստոսով կյանքն իմաստ ունի: Սրբերի համար՝ առանց Քրիստոսի, կյանք չկա: Նրանց հարատև փափագը իրենց Տիրոջը նմանվելն է ու այդ նմանվելն, ի վերջո, պտղաբերում է այն աստիճան, որ Տերը կատարում է նրանց ցանկությունը և յուրաքանչյուրին, ըստ իր հոգևոր աշխատանքի, վարձատրում:
Հատկանշական է, որ Ուղղափառ Եկեղեցին Սուրբ չի դարձնում մեկին կամ մյուսին, որովհետև դրա կարիքը կա, այլ պարզապես զինվորյալ Եկեղեցու կողմից արդեն իսկ Սուրբ ընդունված անձանց Իր տոնացույցի մեջ է գրանցում՝ որպես տոնելի Սրբերի, և դա պարզ լեզվով կոչվում է «սրբադասում» (հուն. «αγιοκατάταξη»):
Գալով այսօրվա տոնելի Սրբին՝ սբ. Պաիսիոս Աթոսացուն, ուզում եմ երկու բան նշել:
Առաջինը՝ նրա համընդհանուր ճանաչումն է դեռ նրա կենդանության օրոք, իհարկե՝ հակառակ իր կամքի: Հազարավոր են այն մարդիկ, որ այս կամ այն կերպ բարեգործվել են Սրբի կողմից (հոգեկան ու մարմնական բազում հիվանդությունների բժշկում, հասարակական, ընտանեկան, անհատական խնդիրների լուծում և այլն:
Երկրորդը՝ նրա թողած հոգևոր ժառանագությունն է: Մի կողմից հոգևոր զավակներ՝ նրա տիպիկոնով ապրող բազում վանականներ ու միաձնուհիներ, մյուս կողմից գրավոր հուշարձաններ՝ կա՛մ անձամբ իր կողմից գրված (նամակներ, վարքագրություններ և այլն), կա՛մ, ըստ իր բանավոր խորհուրդների ու խրատների, միաձնուհիների կողմից գրի առնված և հրատարակված բազմահատոր գրքեր: Սուրբը, ժամանակ առ ժամանակ, միանձնուհիների խնդրանքով թողնում էր Աթոսի իր խուցը և իր իսկ հիմնած Սուրոտիի (Սալոնիկ քաղաքին մոտ) Սբ. Հովհաննես Աստվածաբանի վանքը գնում, որ նրանց խրատի, ուղղորդի, մխիթարի և դա էլ հազվադեպ, տարին մեկ-երկու անգամ:
Հատկանշական է, որ սբ. Պաիսիոսը (ինչպես նաև Ուղղափառ Եկեղեցու ցանկացած ճշմարիտ վանական) վանական իր կյանքը չի սկսել մարդկանց օգնելու կամ հրաշագործելու ցանկությամբ, այլ անհայտ մնալու ու հարատև ճգնության միջոցով իր Տիրոջը հաճելի լինելու մղումով: Աստված Ինքն է, որ նրանց ընտրում է և, ըստ իրենց կոչման, ուղարկում է վկայելու, ուսուցանելու, բժշկելու համար:
Նրա հոգևոր զավակները սրբի վարքի առաջաբանում նշում են. «Նրա ներքին կյանքը, ինչպես որ բոլոր Սրբերի կյանքն է, թաքնված էր ու անտեսանելի: Քիչ բաներ էր բացահայտում, որ մեզ օգնի, սակայն ավելի շատը թաքցնում էր: Երբ ապրում էր, մեր միջև փոխհարաբերությունների ժամանակ գերիշխում էր մարդկային տարրը, ինչը թաքցնում էր նրա ներքին մեծությունը»:
Ուղղափառ մեր բոլոր Սրբերի կյանքում է, որ տեսնում ենք Աստծո Խոսքը՝ Սբ. Գիրքը, գործադրված: Դրա համար էլ նրանց կյանքի ու ուսմունքի ուսումնասիրությունը ուղղակի նաև մեզ համար Սբ. Գրքի մեկնություն է: Եվ միայն այդ ժամանակ է, որ մարդը կարող է հավատալ, բայց նաև հասկանալ Սբ. Գրքի իսկական իմաստն ու խորհուրդը, պատգամը: Եվ դա առաջին քայլն է դեպի իսկական աստվածճանաչողություն:
Սբ. Հոգու բոլոր շնորհներով լեցուն Եկեղեցու մերօրյա այս մեծ Հոր՝ սբ. Պաիսիոս Աթոսացու մի քանի խրատներով մենք էլ լցնենք մեր օրը և Տիրոջը հաճելի այս հոգու կյանքը թող մեզ համար էլ դառնա ուղեկից և լուսատու մեր կյանքի ճանապարհներին…
…
«Նախ հավատում ենք Աստծուն, իսկ հետո սիրում ենք Նրան ու Նրա պատկերը՝ մարդուն: Հավատքը ավելանում է աղոթքով…»:
…
«Որքան հասկացել եմ, չարն ամբողջությամբ անհավատությունից է գալիս: Երբ մարդը Աստծուն չի հավատում, ուզում է իր կյանքը խրախճանքով ապրել: Դրա համար էլ նա ամեն տեսակի մեղքի է տրվում»:
…
«Մարդը պետք է կյանքի խորագույն իմաստն ըմբռնի, որ այս կյանքը մյուս կյանքին պատրաստվելու համար է: Այդպիսով, ինչպես մի տեղ ճամփորդող մարդը առաջնորդի կարիք ունի, այդպես էլ երկնային ճամփորդության համար նա պետք է մի առաջնորդ գտնի (հոգևոր հայր): Հետո հոգևոր հայրը նրա համար մի ծրագիր պետք է սահմանի՝ մի քիչ ընթերցանություն, մի քիչ աղոթք, մեղքի պատճառներից խուսափի և աշխարհական ոգուց, որ ամեն բանից ամենավատն է: Այդ ժամանակ էլ նրա սիրտը Քրիստոսին ուղղված կլինի»[1]:
Հայր Հերոնիմոս Մայիլյան
[1]Հատվածներ «Սբ. Պաիսիոս Աթոսացու կյանքը» գրքի հայերեն թարգմանությունից:
Սուրբդ Աստուծո բարեխոսի՛ր մեզ համար…