/ Վարք Սրբոց / Սբ. Սոփրոնիոս Ախթալացի

Սբ. Սոփրոնիոս Ախթալացի

Սբ. Սոփրոնիոս Ախթալացի

Սեպտեմբերի 8/21

 

   Սուրբ և Աստվածակիր հայր Սոփրոնիոսը ծննդով Պոնտոսի Խաղտիք նահանգից էր` Դեռենի շրջանի Լոցիոն գյուղից: Ծնվել է 1738 թ. բարեպաշտ և առաքինի ծնողներից: Նրա քահանա հոր անունը Գևորգ Սերտարիդիս էր, մոր անունը` Վառվառե: Սրբի աշխարհական անունը Սիմեոն էր: Նա ուներ չորս քույր և հինգ եղբայր, որոնցից Դեմետրիոսը, ով իրենից հետո էր ծնվել, քահանա էր: Պատանի հասակից Սիմեոնը ջերմ ու բոցակեզ փափագ էր տածում աստվածայինի, հատկապես` վանական կյանքի հանդեպ, որը և հանձն առավ, երբ երիտասարդ էր, և իբրև մոնթ1 սկզբում մուտք է գործում սբ. Գևորգի «Խուտուռա» կոչվող վանքը: Երեք ամիս անց, դուրս գալով այնտեղից, փոխադրվում է Սումելայի վանքը2: Եռամյա մոնթությունից հետո նա անցնում է Վազելոնի վանքը (որը մեծն Կարապետ և Մկրտիչ Հովհաննեսին էր նվիրված)3և հնազանդության մեջ է մտնում այնտեղ Մելետիոս անունով ճգնող իր ազգականի մոտ:

    Սրբազան այս երեք վանքերում և հատկապես Վազելոնի վանքում սերտելով հոգևոր գրքերը, Աստուծո խրատով բավականաչափ դաստիարակվելով ու Տիրոջ երկյուղով և առաքինությամբ ընթանալով` Սիմեոնն ընդունում է վանական հերակտրություն և վերանվանվում Սոփրոնիոս4: Շատ չանցած` նաև ձեռնադրվում է քահանա: Դրանից հետո սբ. Սոփրոնիոսն առավել նախանձախնդրությամբ ու ավելի ջերմ պատրաստակամությամբ է տրվում վանական կյանքին: Նախանձահույզ լինելով լավագույն շնորհներին` նա մարմնով հրեշտակ, բարի գործերի տիպար և որպես լուսավոր աստղ է երևում Վազելոնի միաբանության մեջ, որը և պայծառացնում է իր սուրբ առաքինություններով և ի Քրիստոս կյանքի ճգնություններով:

    1776 թ. վանքում յոթնամյա ճգնությունից ու փորձաշատ սպասավորությունից հետո վանահայր Իգնատիոսը նրան ուղարկում է Հայաստանի Ախթալա բնակավայրի հանքերը: Այնտեղ ընտանիքներով բնակություն էին հաստատել Վրաց արքայի` Խաղտիքի շրջանից հրավիրած ավելի քան հինգ հարյուր մետաղագործներ:

   Սուրբ Սոփրոնիոսը, ապրելով Ախթալայում, իր ազնվությամբ, համեստությամբ և գրխավորապես առաքինի ու սուրբ իր կյանքով ոչ միայն իր հույն հայրենակիցների, այլև տեղի խանի սերն ու հարգանքն է շահում: Խանը հույն մետաղագործների համառ թախանձանոք խնդրում և հորդորում է Սոփրոնիոսին, որ նա Ախթալայի եպիսկոպոս ձեռնադրվի: Սակայն նա հրաժարվում է ձեռնադրություն ընդունելուց` մի կողմից մատնանշելով քահանայապետական աստիճանի վեհությունը, իսկ մյուս կողմից` այն, որ առանց իր վանքի թույլտվության և օրհնության ինքը չի կարող ձեռնադրվել: Այն ժամանակ խանն ու հույները Վազելոնի վանք դեսպանություն են ուղարկում` ջերմագին խնդրելով, որ ձեռնադրության համար համապատասխան արտոնություն և օրհնություն տրվի: Տեղականալով դրա մասին` հայրերը հոժարությամբ համաձայնություն են տալիս խնդրանքին, և այսպես, 1777 թ. հոկտեմբերի 29-ին սբ. Սոփրոնիոսը ձեռնադրվում է եպիսկոպոս` իր եպիսկոպոսական աթոռն ունենալով Ամենասուրբ Աստվածածնի վանքում:

    Իրեն վիճակ ընկած թեմը նա կառավարում է մինչև 1784 թ., երբ Դաղստանից լեզգիների ասպատակող զորախմբերը հարձակվում են հանքերի և Ախթալայի վրա և, գրավելով դրանք, թալանում են: Բնակիչներից ոմանց լեզգիները դաժանաբար կոտորում են, իսկ ոմանց գերեվարում: Պաշարելով նաև Ամենասուրբ Աստվածածնի վանքը` նրանք ներխուժում են այն ժամանակ, երբ սբ. Սոփրոնիոսը եկեղեցում ժողովրդին էր հավաքում: Հավաքվածների մեծամասնությունը սրախողխող է արվում, իսկ սուրբ Սոփրոնիոսը մի քանի տասնյակ մարդկանց հետ գերի է տարվում: Լեզգիները կովկասյան տարբեր քաղաքներում գերիներին վաճառում են: Ճանապարհին լեզգիները տարբեր ձևերով տանջում էին սբ. Սոփրոնիոսին: Ի թիվս այլ տանջանքների, ճանապարհին սրբին ստիպում էին շալակած տանել հոգնած լեզգիներին: Սա մեծ տառապանք էր պատճառում նրան, քանի որ ծեր տարիքում էր: Ի վերջո, մի կին նրան ազատում է և Տրապիզոն է ուղարկում:

  1796 թ. Տրապիզոնի մետրոպոլիտ Դորոթեոսի մահից հետո, քաղաքի ընտրյալները նախկինում Ախթալայի եպիսկոպոս Սոփրոնիոսին մետրոպոլիտ են ընտրում: Սակայն շուտով Սոփրոնիոսը հրաժարվում է գահից և վերադառնում իր ապաշխարության վանքը` Վազելոն, որտեղ և անցկացնում է կյանքի մնացյալ ժամանակը լռակեցությամբ և ճգնությամբ: Վանքի արևելյան կողմում նա մի խուց է կառուցում, որը կանգուն էր մինչև 1904 թ. և «Սրբազանի խուց» էր կոչվում:

   Սոփրոնիոսի երանելի կյանքը նրան իբրև Աստուծո մի ծառայի է ցույց տալիս, և վանքի հայրերից ու շրջանի բոլոր բնակիչներից նա չափազանց սիրվում է: Բայց դա գրգռում է այն ժամանակվա վանահայր Երեմիային, ով սրբին նախանձելով, նրա դեմ շարունակ խռովություններ և գայթակղություններ է հարուցում:

   Սոփրոնիոսը, այդ բանը տեսնելով և ցանկանալով ինքն իրեն խաղաղ հոգեվիճակի մեջ պահել, ստիպված է լինում վշտակոծ, ծանր հիվանդ ու արտասվալից լքելու իր վանքը և հեռանալու իր Հայրենիքը:

   Այսպիսի պայմաններում սրբի` վանքից հեռանալուց հետո անմիջապես մի ջղաձգություն է բռնում Երեմիային, ով ստիպված է լինում վերացնելու անարդարությունը, և իսկույն սուրհանդակներ է ուղարկում` սրբին թախանձելու, որ նա վանք վերադառնա: Ուղարկված մարդիկ սրբին հանդիպում են, երբ նա Լոցիոն գյուղն էր հասել, և նրան հայտնում են իրենց առաքելության նպատակը, սակայն նա հրաժարվում է վերադառնալ` վախենալով, որ միգուցե Երեմիայի գայթակղությունները կրկնվեն ի վնաս տկարների: Սուրհանդակները ձեռնունայն են վերադառնում, իսկ վանահայր Երեմիան, երեք տարի տառապելով գլխուղեղի կաթվածի վերածված հիվանդությունից, մահանում է 1805 թ.:

  Իսկ սբ. Սոփրոնիոսը, իր կյանքի մնացյալ օրերն իր Հայրենիքում ողջախոհությամբ, սրբությամբ, անբծությամբ անցկացնելով և խոր ծերության հասնելով, սրբերին վայել մահվամբ է ննջում: Նրա պատվական մարմինն ամփոփվում է իր վերանորոգած ծխական գերեզմանոցում, իսկ նշխարաց գյուտը տեղի է ունենում 1824 թ. հետևյալ կերպ. սրբի զարմիկ Խառալամպոս քահանայի կինն անբուժելի հիվանդությամբ երկար տարիներ անկողնին է գամվում: Մի գիշեր ճերմակ ու փայլուն զգեստներ հագած մի մարդ երկնառաք երազի մեջ նրան հայտնվում ու հորդորում է, որ վերցնի սբ. Սոփրոնիոսի` գերեզմանում գտնվող մասունքները և հրավիրի երեք քահանաների, որպեսզի նշխարներով ջուր օրհնեն իր բժշկության համար: Կինը տեսիլքն իր ամուսնուն է պատմում: Վերջինս, երկու քահանաների հետ 1824 թ. դեկտեմբերի 20-ին գերեզմանից հանում է սբ. Սոփրոնիոսի նշխարները: Դրանցով օրհնված ջուրը խմելով` երեցկինը կատարելապես առողջանում է, ասես երբեք էլ հիվանդ չէր եղել:

  Խառալամպոս քահանան անուշահոտությամբ ու շնորհով լի նշխարները Խաղտյաց առաջնորդ Սեղբեստրոսին է ցույց տալիս, որպեսզի նրանից խորհուրդ ստանա, բայց մետրոպոլիտը նրան խիստ նկատողություն է անում, որովհետև քահանան առանց սրբազանի կարծիքի ու հատուկ տեղեկացման էր նշխարները գերեզմանից հանել: Սեղբեստրոսը կարգադրում է, որ քահանան նշխարները կրկին հողին հանձնի, ինչը և ի կատար է ածվում: Սակայն սեպտեմբերի 8-ի կեսգիշերին սբ. Սոփրոնիոսի գերեզմանի վրա երկինք բարձրացող կուրացուցիչ ու սքանչելի մի լույս է ճառագում: Այն տեսնողները և մանավանդ հիվանդները, շտապ ընթանալով և մոտենալով դրան, իրենց հիվանդություններից բժշկվում են: Իսկ Սեղբեստրոս մետրոպոլիտը , հունվարի 11-ին գտնվելով Սումելայի վանքում և հիվանդանալով, ապաքինվում է` սրբին աղոթելով, ինչից հետո արդեն հանդիսավորապես Սոփրոնիոսին` սուրբ և նրա նշխարները սրբազան է հռչակում: Այդ ժամանակվանից սրբի տոնը սեպտեմբերի 8/21-ին է կատարվում: Սակայն քանի որ այդ օրն Աստվածածնի Ծնունդն է տոնվում, ապա սրբի տոնը նույն ամսվա 7/20-ին է տեղափոխվում:

  Վազելոնի վանքի հայրերը, տեղեկանալով Սոփրոնիոսի և նրա վերաբերյալ Խաղտյաց Սեղբեստրոս սրբազանի վճռի մասին, մետրոպոլիտին և սրբի ազգականներին խնդրում են, որ սրբազան մասունքները վանքին հանձնվեն, քանի որ սուրբը Վազելոնի միաբան էր: Սբ. Սոփրոնիոսի ազգականները բանքին են հանձնում պատվական գլուխը և աջը, իսկ մնացյալ մասունքները իենց են թողնում` իրենց ազգատոհմից սերող Ղազարոս անվամբ մի քահանայի մոտ պահելով: 1880 թ. Վազելոնի վանքում սբ. մասունքները տեղադրվում են արծաթյա մասունքարանի մեջ:

   Համառոտակի` այսպիսին է մեր սուրբ հայր Սոփրոնիոսւ` Ախթալայի եպիկոսպոսի վարքը. այպես նա ճգնեց ու երկրի վրա փառավորեց Աստծուն: Տերը նրան արժանապես փառավորեց երկնքում և երկրի վրա հրաշքների ու տեսակ-տեսակ բժշկությունների շնորհով, որ սուրբ Սոփրոնիոսը բաշխում է իր անունը հավատքով կանչողներին: Եվ այժմ, Տիրոջ փառքի լույսի մեջ ցնծալով և աստվածային հաղորդակցության միջոցով մեզ տեսնելով, բարեխոսում է բարեպաշտ բոլոր քրիստոնյաների համար:

Նյութը պատրաստվեց ըստ հետևյալ հրատարակության.

Սբ. Սոփրոնիոս Ախթալացի, Եր., «Տիգրան Մեծ», 2010:

Սրբապատկերը` ձեռամբ Գ. Ղազարյանի

 

© www.orthodoxkyanq.org

1 Ըստ Ուղղափառ Եկեղեցու ավանդության` վանական դառնալ ցանկացող անձը վանք է մուտք գործում իբրև «մոնթ» և մի քանի տարվա փորձաշրջան է անցնում` զանազան հնազանդություններ (պարտականություններ) կատարելով: Երբ մոնթը պատրաստ է լինում վանական կյանքին, վանահայրը նրան վեղար և վերարկու (փարաջա) կրելու իրավունք է շնորհում: Նորընծան «փարաջայավոր» (կամ «վեղարակիր») է կոչվում, թեև վանականության ուխտ դեռևս չի անում:

Բուն վանականության առաջին աստիճանը շնորհվում է «փոքր սքեմի» հերակտրության կարգի միջոցով. ընծայվողը եկեղեցու գավթից գալիս է խորանի առջև ու տալիս կուսության, հնազանդության և անընչության ուխտերը: Վանահայրը խաչաձև կտրում է նրա մազերը, փոխում անունը և զգեստավորում թիկնոցով ու վանականի այլ հանդերձներով: Այս վանականը կոչվում է «փոքր սքեմավոր»: Որոշ վանականներ հանուն Աստուծո սիրո առավել խիստ կյանք են հանձն առնում և այդ պարագային «մեծ սքեմավորության» են բարձրացվում: Մեծ սքենավորի անունը դարձյալ փոխվում է հերակտրությամբ, և նրանց յուրահատուկ զգեստներ են տրվում: Վանականները սովորաբար նվիրապետական աստիճաններ չունեն և ըստ անհրաժեշտության կարող են ձեռնադրվել սարկավագ, աբեղա և եպիսկոպոս:

2 Սումելայի վանքը գտվում է Տրապիզոնում և հայտնի է սբ. Աստվածածնի հրաշագործ իր պատկերով:

3 Վազելոն կամ Վազելոնի վանքը, որ նաև Զաբուղոնի վանք է կոչվել, Պոնտոսի Տրապիզոն քաղաքի պատմական փառավոր վանքերից է եղել: VI դ. պարսիկներից ավերված այս վանքը Հուստինիանոս կայսեր նվիրատվությամբ բարեվայելչությամբ և շուքով վերանորոգվել է: Վանքի ամենամեծ զարթունքը նշանավորվել է Տրապիզոնի կայսրության ժամանակաշրջանով (1204-1461թթ.):Վանքում պահվել են թանկարժեք ձեռագրեր, կայսերական ոսկեկնիք հրովարտակներ, արվեստի, փայտի քանդակագործության հրաշալի ստեղծագործություններ: Փոքր Ասիայի և Պոնտոսի հույների ցեղասպանությունից և այնտեղից քրիստոնյա ազգաբնակչության 1923թ. գաղթից հետո Վազելոնի վանքը հունական մյուս վանքերի պես թուրքերի ձեռքով ամայացվել է, թալանվել և ավերակի վերածվել:

4 «Սոփրոնիոս» հունարեն նշանակում է «ողջախոհ»:

 

Սբ. Սոփրոնիոս Ախթալացի

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com