Օրհնյալ Սիմեոնը
1922թ. փոքրասիացի գաղթականների հետ Հունաստան է գալիս մի հույն որբուկ` Սիմեոն անունով, և հաստատվում Պիրեասում, մի բարաքում, որտեղ և միայնակ մեծանում է: Նա մի սայլակ ուներ ու բեռնակիր էր աշխատում` Պիրեասի նավահանգիստ իրեր փոխադրելով: Սիմեոնն անգրագետ էր ու հավատքից էլ շատ բան չգիտեր, երանելի պարզություն ու աննենգ, չքննող հավատք ուներ:
Երբ Սիմեոնը հասունանում է, ընտանիք է կազմում, երկու երեխա ունենում և ընտանյոք տեղափոխվում Նիկիա: Նա ամեն առավոտ գնում էր Պիրեասի նավահանգիստ` իր հացը վաստակելու: Ամեն օր Սիմեոնն անցնում էր սբ. Սպիրիդոնի տաճարի մոտով, ներս մտնում, պատկերակալի առջև կանգնում, գլխարկը հանում ու ասում.
-Բարի լու՜յս, Քրիստո՛ս իմ, ես Սիմեոնն եմ: Օգնի՛ր ինձ` հացս վաստակեմ:
Ուշ երեկոյան, երբ աշխատանքն ավարտվում էր, նորից անցնում էր եկեղեցու մոտից, կրկին գնում էր պատկերակալի առջև ու ասում.
-Բարի երեկո՜, Քրիստո՛ս իմ, Սիմեոնն է: Շնորհակալ եմ Քեզանից, որ այսօր էլ ինձ օգնեցիր:
Եվ այսպես անցնում էին օրհնյալ Սիմեոնի տարիները…
Մոտավորապես 1950թ. Սիմեոնի ընտանիքի բոլոր անդամները թոքախտով են վարակվում ու ննջում ի Տեր: Սիմեոնը մեն-մենակ է մնում, բայց անտրտունջ շարունակում է իր աշխատանքը` չմոռանալով սբ. Սպիրիդոնի եկեղեցի մտնել, Քրիստոսին «բարի լույս» ու «բարի երեկո» ասել` Նրա օգնությունը խնդրելով ու շնորհակալություն հայտնելով:
Երբ Սիմեոնը ծերանում է, հիվանդանում է, հիվանդանոց ընկնում, որտեղ և անցկացնում է մոտ մեկ ամիս: Մի անգամ գլխավոր բժշկուհին` Պատրա քաղաքից, նրան հարցնում է.
-Պապի՛, այսքան ժամանակ ոչ ոք չեկավ քեզ տեսակցելու: Աշխարհում ոչ մի ազգական չունե՞ս:
-Բալի՛կ ջան, ամեն առավոտ ու երեկո Քրիստոսն է գալիս ու ինձ մխիթարում:
-Եվ ի՞նչ է քեզ ասում, պապի՛:
-«Բարի լու՜յս, Սիմեո՛ն, Ես Քրիստոս եմ: Տոկա՛»: «Բարի երեկո՜, Սիմեո՛ն, Քրիստոսն եմ: Տոկա՛»:
Բժշկուհին տարակուսում է և կանչում իր հոգևոր հորը` հայր Քրիստոդուլոս Ֆասոսին, որպեսզի նա տեսնի` արդյոք Սիմեոնը պատրանքի մե՞ջ է, թե՞ ոչ: Հ. Քրիստոդուլոսը այցելում է Սիմեոնին, զրուցում նրա հետ` կրկնելով բժշկուհու հարցը, բայց Սիմեոնը նույն պատասխանն է տալիս. առավոտյան ու երեկոյան, այն նույն ժամերին, որ Սիմեոնը տաճար էր գնում ու ողջունում Քրիստոսին, հիմա Քրիստոսն էր գալիս ու ողջունում Սիմեոնին: Խոստովանահայրը Սիմեոնին հարցնում է.
-Միգուցե քո երևակայությու՞նն է:
Ո՛չ, հա՛յր, չեմ երևակայում, դա Քրիստոսն է:
-Այսօր է՞լ է եկել:
-Այո՛, եկել է:
-Եվ ի՞նչ ասաց:
-«Բարի լու՜յս, Սիմեո՛ն, Քրիստոսն եմ: Համբերի՛ր, ու երեք օր հետո` վաղ առավոտյան, քեզ ինձ մոտ եմ տանելու»:
Խոստովանահայրն ամեն օր գնում է Սիմեոնի մոտ` հիվանդանոց, զրուցում նրա հետ ու տեղեկանում նրա կյանքի մասին: Հասկանում է, որ Սիմեոնը օրհնյալ մարդ է: Երրորդ օրը վաղ առավոտյան նորից գնում է Սիմեոնին տեսնելու ու տեսնելու` մահվան մասին նրա կանխասացությունը կիրականանա՞, թե՞ ոչ: Իրապես, զրույցի ժամանակ Սիմեոնը հանկարծ բացականչում է.
-Քրիստոսը եկա՜վ:
Եվ ննջում է արդարի քնով:
Թող հավիտենական լինի նրա հիշատակը. ամեն:
Հունարենից թարգմանությունը` Գևորգ Ղազարյանի:
Աղբյուր. Ασκητές μέσα στον κόσμο, τ. Α΄, Άγιον Όρος 2008.