Մարդու կապը կենդանիների հետ մեղսագործությունից առաջ ու դրանից հետո
Սբ. Պաիսիոս Աթոսացի
Մարդու կապը կենդանիների հետ մեղսագործությունից առաջ ու դրանից հետո
– Գե՛րոնդա, սբ. Ծննդյան առթիվ ինձ մի բան մաղթեցե՛ք:
-Մաղթում եմ, որ Քրիստոսն ու Աստվածամայրը մսուրի մոտի գառնուկի պես քեզ իրենց կողքին պահեն: Կարծում եմ` նա իրեն լավ է զգում, ինչպես և մսուրի միջի Քրիստոսին ջերմացնող եզն ու իշուկը… «Ծանեաւ եզն զստացիչ իւր, եւ էշ զմսուր տեառն իւրոյ», – ասում է Եսայի մարգարեն (Ես. 1, 3): Այսինքն` եզն իր Տիրոջը ճանաչեց, իսկ էշը` իր Տիրոջ մսուրը: Ճանաչեցին, թե ի՛նչ է մսուրի մեջ և իրենց բերանի շնչով տաքացնում էին այն. հասկացան, որ դա իրենց Արարիչն է: Իսկ իշուկը… նրա համար ինչպիսի՜ մեծ պատիվ էր Քրիստոսին Եգիպտոս տանելը: Իշխանները ոսկեհյուս կառքեր ունեին, իսկ Քրիստոսն ի՜նչ օգտագործեց: Ի՜նչ լավ կլիներ, եթե ես այն իշուկը լինեի:
Դրախտում կենդանիներն զգում էին Շնորհի անուշահոտությունը և Ադամին իրենց տեր էին ճանաչում[1]: Սակայն պատվիրանազանցությունից հետո նրանք ևս, թեպետ անմեղ էին, Դրախտից դուրս եկան և Ադամին այլևս որպես իրենց տիրոջը չէին ճանաչում, այլ նրա վրա էին հարձակվում` հոշոտելու համար: Կարծես թե նրան ասում էին.
– Դու վատն ես, մեր տերը չես:
Այժմ երբ մարդը, Աստծո պատվիրանները պահելով, նորից մոտենում է Նրան, ապա աստվածային Շնորհով է կրկին զգեստավորվում` վերադառնալով այն վիճակին, որ մեղանչելուց առաջ ուներ, և կենդանիները մարդուն իրենց տեր են ճանաչում: Այնժամ նա անվախ կերպով շրջում է վայրի կենդանիների մեջ, որոնք արդեն դադարում են վայրի լինելուց. չէ՞ որ իրենց տերն է վայրի լինելուց դադարել:
Կենդանիները զգում են մարդու սերը
– Գե՛րոնդա, աբբա Իսահակն ասում է. «Ողորմած սիրտը ողջ արարչագործության համար այրումն է»:
– Այո՛, այդպես է. «սրտի այրումն» է և՛ կենդանիների համար, և՛ անգամ դևերի համար: Հոգևոր մարդն իր սերը նախ Աստծուն է տալիս, այնուհետև` մարդկանց, իսկ իր սիրո ավելցուկը` կենդանիներին ու ողջ արարչագործությանը: Աստվածային այդ սերն իրեն զգալ է տալիս նաև կենդանիներին, որ իրենց սիրող և իրենց համար ցավ ապրող մարդուն հասկանում են և, չվախենալով, մոտենում են նրան: Անգամ վայրի կենդանիներն իրենց սիրող մարդուն զանազանում են որսորդից, որ ուզում է իրենց սպանել: Կենդանիները որսորդից խուսափում են, իսկ իրենց սիրող մարդուն` մոտենում: Ինձ թվում էր, թե դա օձերին չի վերաբերում, քանզի օձը միակ կենդանին է, որ մարդիկ չեն սիրում: Սակայն հետո հասկացա, որ օձերն էլ են մարդու սերն զգում ու նրա հետ ընկերանում: Երբ մարդն օձի վիճակի մեջ է մտնում ու նրա համար ցավ է ապրում, ապա օձն անմիջապես դա հասկանում է և մարդուն ընկերոջ պես է մոտենում: Օձը կարծես թե ասում է. «Փա՜ռք քեզ, Աստվա՜ծ, վերջապես ես էլ մի ընկեր գտա»:
– Գե՛րոնդա, բնազդո՞վ են դա զգում:
– Աստված կենդանիներին ևս անհրաժեշտ ամեն բան տվել է, որպեսզի իրենց կարիքները հոգան: Զգացողությունն է նրանց տվել: մեղսագործությունից հետո մարդը զրկվեց գերբնականից, սակայն ոչ մտքից, տրամաբանությունից: Օրինակ` երբ մարդիկ ինչ-որ տեղ սոսիներ են տեսնում ու հասկանում են, որ այդտեղ ջուր էլ կա, փնտրում են ու գտնում: Իսկ կենդանիներն իմանում են` կարծես ռադար ունենալով: Օրինակ երբ ուղտն անապատում ծարավում է, ապա ինքնիրեն վազում է այնտեղ, որտեղ ջուր կա, և ուղտապանը հետևում է նրան: Ուղտը կարծես թե հեռագիր է ստանում:
Կենդանիներից օրինակ վերցնենք
– Գե՛րոնդա, այս ի՞նչ բզզոց է լսվում:
– Մի մեղվապարս է բնագրվել պատուհանիս մեջ ու լարված գործ է անում[2]: Ուշ երեկոյան դրանց ձայնի պատճառով ի՜նչ օրն եմ ընկնում: Եկե՛ք ձեզ ցույց տամ իմ փեթակը: Տեսե՛ք, թե մեղուներն ի՜նչ ճարտարապետությամբ են աշխատում, մինչդեռ ո՛չ ճարտարապետ ունեն, ո՛չ գործատու: Մաղթում եմ, որ դուք էլ ճիշտ աշխատեք, հոգևոր կերպով, հոգևոր փեթակ պատրաստեք, որպեսզի այն հոգևոր մեղր արտադրի, և աշխարհականներն այն ճաշակերով` հոգեպես քաղցրանան:
– Գե՛րոնդա, ի՞նչ է նշանակում Սաղմոսերգուի ասածը. «Մարդ ու անասուն դու ես ապրեցնում, Տե՛ր» (Սաղմ. 35, 7):
– Նկատի ունի, որ Աստված կենդանիներին էլ է օգնում: Կենդանիների պահապան որքա՜ն սրբեր կան: Խեղճ կենդանիներն ի՜նչ վիճակում են: Մենք անգամ մեկ շաբաթ չէինք կարողանա ցուցաբերել այն հնազանդությունը, որ կենդանիները մարդու նկատմամբ են անում: Եթե նրանց կերակրում են, լավ է, իսկ եթե ոչ, ապա խեղճ կենդանիները քաղցած են մնում: Եթե իրենց տիրոջ ուզածը չեն անում, ծեծ են ուտում: Եվ ինչպիսի՜ տառապանք են քաշում` որևէ վարձատրություն չպասելով: Մենք գեթ մեկ «Տե՛ր, ողորմյա՛» ասենք, դրախտը կարող ենք ժառանգել: Մի՞թե քիչ է: Հետևաբար, կենդանիները մեզ գերազանցում են թե՛ անընչության, թե՛ համբերության, թե՛ հնազանդության առումով:
Ամեն բանի հետևե՛ք, քանի որ ամեն բան շահեկան է: Ես նկատում եմ, թե մրջյուններն առանց վերակացու ունենալու ինչպիսի՜ պատվասիրությամբ են աշխատում: Այն նրբությունը, որ մրջյունների մեջ եմ տեսել, որևէ մարդու մեջ չեմ գտել: Երիտասարդ մրջյունները փայտիկներ ու մի շարք այլ անպետք իրեր են շալակում ու իրենց բույնը բերում, որովհետև դեռ չգիտեն, թե ի՛նչ է պետք բերել: Տարեց մրջյունները թողնում են, որ նրանք այդ ամենը շալակեն` երիտասարդների պատրաստակամությունը չկոտրելով, իսկ հետո դրանք բնից դուրս են հանում: Հետո երիտասարդները կամաց-կամաց տեսնում են, թե ավագներն ի՛նչ են շալակում և այդպես սովորում են, թե ի՛նչ է պետք բերել: Իսկ եթե մենք լինեինք, ապա կասեինք.
-Հլա մի էստեղ արի՛, էս ի՞նչ ես բերել: Շու՛տ արա, դու՛րս շպրտիր:
Աստված կենդանիներին ստեղծել է, որպեսզի մարդուն ծառայություն մատուցեն, բայց նաև` որպեսզի մարդը նրանցից օրինակ վերցնի: Եթե մարդը մարդ է, ապա ամեն ինչից օգուտ է քաղում:
Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:
Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος Ε΄, Πάθη και αρετές, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2007.
©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:
[1] Տե՛ս Ծննդ. 1, 28:
[2]Մեղվապարսը մտել էր պատուհանի փակ փեղկի (խոսքը պատուհանների փայտյա փեղկերի մասին է – թրգմ.) ծակերից և դրա ու ապակու միջև իր փեթակն էր հյուսել: Ծերն իր խցի այդ պատուհանը միշտ փակ էր պահում` վարագույրը քաշած (դեպքը պատահել է 1993 թ. հունիսին):