/ Խրատանի Սրբոց / Մարդը, որքան տրտնջում, այնքան կործանվում է

Մարդը, որքան տրտնջում, այնքան կործանվում է

 

Մադը որքան տրտնջում, այնքան կործանվում է

       Սբ. Պաիսիոս Աթոսացի

(1924-1994թթ.)

 

-Գե՛րոնդա, ի՞նչն է տրտնջալու պատճառը և ինչպե՞ս կարելի է  դրանից խուսափել:

-Պատճառը թշվառությունն է, իսկ մարդը փառաբանությամբ այն մի կողմ է մղում: Տրտունջը տրտունջ է ծնում, իսկ փառաբանությունը` փառաբանություն: Երբ մարդն իրեն պատահած դժվարության համար չի տրտնջում, այլ փառաբանում է Աստծուն, այդ ժամանակ փախչում է սատանան և գնում մեկ այլ տրտնջացողի մոտ, որպեսզի ամեն ինչ էլ ավելի տակնուվրա անի. քանզի մարդը, որքան տրտնջում, այնքան կործանվում է:

Երբեմն տանգալակին[1] (խաբեությամբ) մեզ հափշտակում և այնպիսին է դարձնում, որ ոչինչ մեզ չգոհացնի, մինչդեռ մարդը փառաբանությամբ կարող է ամեն ինչում հոգեպես ցնծալ և Աստծո օրհնությունն ունենալ: Հրեն, այնտեղ` Աթոսում, մեկին գիտեմ, որ, եթե անձրև գա և նրան ասես.

-Կրկին անձրևում է:

-Այո, շարունակ անձրևում է, շատ խոնավությունից կփտենք,-սկսում է:

Եթե քիչ հետո անձրևը դադարի ու նրան ասես.

-Է՜հ, այդքան էլ շատ անձրև չեկավ:

-Այո, դա անձրև՞ էր: Տեղանքը կցամաքի…,-պատասխանում է:

Եվ ոչ ոք չի կարող ասել, թե ուղեղի հետ խնդիր ունի, սակայն նա տրտնջալը սովորություն է դարձրել: Բանական լինել ու մտածել անտրամաբանորե՞ն:

Տրտունջն անեծք է: Մարդը, կարծես թե, ինքն իրեն անիծում է, իսկ հետո Աստծո ցասումն է հաջորդում: Իպիրոսում[2] երկու հողագործների ճանաչեցի: Մեկն ընտանիք ուներ ու երկու-երեք հողակտոր և ամեն ինչ Աստծուն էր վստահում, աշխատում էր առանց մտատանջության՝ ուժերի ներածին չափով:

-Կանեմ այն, ինչ կհասցնեմ,-ասում էր:

Երբեմն որոշ խրձեր անձրևից փտում էին, որովհետև չէր հասցնում դրանք հավաքել, որոշները քամին էր դեսուդեն ցրում: Այդուհանդերձ, ամեն ինչի համար ասում էր` փա՜ռք քեզ, Աստված, ու ամեն ինչ նրա մոտ լավ էր ընթանում:

Մյուսը շատ կալվածքներ ուներ, կովեր և այլն, զավակներ էլ չուներ: Եթե նրան հարցնեիր.

-Գործերդ ինչպե՞ս են:

-Թո՛ղ, լավ է չհարցնես,-պատասխանում էր:

Երբեք չէր ասում` փա՜ռք քեզ, Աստված. ամբողջությամբ տրտունջ էր: Եվ տեսեք՝ մի անգամ նրա կովն էր սատկում, ուրիշ անգամ այս էր պատահում, մեկ ուրիշ անգամ` այն: Ամեն ինչ ուներ, սակայն առաջ չէր գնում:

Դրա համար էլ ասում եմ, թե փառաբանությունը մեծ բան է: Մեզնից է կախված, թե կճաշակենք կամ ոչ այն օրհնությունները, որ Աստված է մեզ պարգևում: Սակայն ինչպե՞ս դրանք ճաշակենք, քանի որ Աստված, ասենք թե՝ բանան է մեզ տալիս, իսկ մենք մտածում ենք, թե այսինչ նավատերը ի՞նչ ավելի լավ բան է ուտում: Որքա՜ն մարդիկ են միայն ցամաք հաց ուտում, սակայն զոր ու գիշեր փառաբանում են Աստծուն և սնվում երկնային քաղցրությա՜մբ: Այդ մարդիկ հոգևոր զգացողություն են ձեռք բերում և ճանաչում Աստծո գուրգուրանքը: Մենք դա չենք հասկանում, որովհետև սրտներս տիղմով է պատված ու ոչնչով չենք բավարարվում: Չենք հասկանում, թե երջանկությունը հավիտենականության մեջ է, և ոչ թե ունայնության:

 

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος Δ΄, Οικογενειακή Ζωή, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2011.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ, բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

[1] Սբ. Պաիսիոսը հաճախ սատանային այսպես էր կոչում:

[2]Հունաստանի հյուս-արևմտյան նահանգներից, որը ներկայումս բաժանված է Հունաստանի և Ալբանիայի միջև:

 

 

Մարդը, որքան տրտնջում, այնքան կործանվում է

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com