/ Խրատանի Սրբոց / Ապաշխարության մշակ և քարոզիչ

Ապաշխարության մշակ և քարոզիչ

 Ապաշխարության մշակ և քարոզիչ

(հատվածներ «Սբ. Պաիսիոս Աթոսացու վարքն ու ուսմունքը» գրքի հայերեն թարգմանությունից)

 

   Երբ  Ծերն աշխարհ իր մի ելքից վերադարձավ, ասաց. «Մեղքն այսօր նորաձևություն է դարձել: Իմ տեսած մարդկանց տաս տոկոսն էլ խոստովանություն չէին ունեցել: Ես կարիք ունեմ ամեն օր էլ խոստովանելու, իսկ նրանք մեղքեր չեն գտնում»:

    Ծերն ուրիշ հոգևոր տարածության մեջ էր գործում: Իր գործողություններին տարբեր գնահատական էր տալիս: Այլոց համար միշտ մեղմացուցիչ հանգամանքներ էր գտնում, իր անձը, սակայն, խստորեն էր դատում: Ասում էր. «Մարդու հոգևոր կյանքի վավերականության ապացույցն այն է, որ շատ խիստ լինի իր անձի նկատմամբ և շատ գթասիրտ` այլոց հանդեպ. (եկեղեցական) կանոնները չօգտագործի որպես գնդացիր այլոց դեմ»:

   Ծերը նուրբ հոգևոր աշխատանք էր վարում, ապաշխարում էր, խոստովանում և վեհանձնորեն ինքնաբուխ ճգնություններ էր անում` նմանվելով Սրբերին: Ասում էր. «Երբ Սրբերն ասում էին, որ մեղավոր են, հավատում էին դրան: Նրանց հոգևոր աչքերը, կարծես, մանրադիտակ լինեին և իրենց ամենափոքր սխալներն էլ անգամ որպես մեծ էին տեսնում»:

    Ով Ծերին լսում էր իր մասին խոսելիս, այն տպավորությունն էր ունենում, թե մեծ մեղավոր է: Նա ուժգնորեն էր ապրում ապաշխարությունը, սակայն իր ներսում մխիթարություն և հեղեղվող ուրախություն ուներ: Նրա ապաշխարությունը բոցակեզ էր: Դրա համար էլ կարիք էր զգում հաճախ խոստովանելու: Մի ժամանակ այլ ճգնություններից բացի, յոթանասունյոթ երեքհարյուրանոց համրիչ էլ էր խաչակնքելով[1] քաշում: Խորհրդավորաբար Աստծուց յոթանասունյոթ անգամ ներողություն էր խնդրում: Նա մեծ մեղավորն էր, ինչպես որ հավատում էր, և ջերմորեն Աստծուց ողորմություն էր խնդրում ու իր մեղքերին թողություն:

   Մշակելով ապաշխարությունը` նա հաճախ Մեծ Կանոնն[2] էր կարդում, որն անգիր էր արել: Նմանապես դուրը գալիս էր և զղջման-ապաշխարության մեջ նրան օգնում էր Մանասե թագավորի աղոթքը: Երբ այն ասում էր բեկված ոգով ու խոնարհ սրտով, ծնկում էր, գետնին կպչում, հողին հավասարվում:

   Թե որքան կարևորություն էր տալիս Ծերը զղջմանն ու ապաշխարությանը, ինչը համարում էր վանականի հիմնական աշխատանքը, երևում է նաև այս հատվածից, որ մատիտով գրել էր Իվերոնի սկիտի[3] իր փոքր խցի պատին. «Ի՞նչ ուսում կա լացի ուսմունքից ավելի բարձր: Եվ վանականը լացից կարող է ազատ ժա՞մ ունենալ»:

    Երբ իր խցում սբ. Պատարագ էր ունենում, հաղորդվելուց առաջ ծնկում էր և քահանային խնդրում, որ ներման (արձակման) աղոթք կարդա: Գլուխը գետնին խոնարհած էր մնում, մինչդեռ սրտի խոր հառաչանքներ էին դուրս ելնում: Մի անգամ Կինոնիկոնի[4] ժամանակ երգեց «Բարի՜ Կույս, բոլորին պահպանում ես….»: Ձայնը հուզմունքից դողում էր. իր էության խորքից էր դուրս գալիս, սիրտն, ասես, արմատախիլ էր լինում: Երբ հասավ  «…մենք` մեղավորներս, քեզնից բացի ուրիշ մեկին չունենք առ Աստված….», չդիմացավ, հեկեկալով պոռթկաց: Անօգուտ փորձեց հուզմունքը թաքցնել` եկեղեցուց դուրս գալով և ձևացնելով, թե քիթն է մաքրում:

   Ուխտավոր մի հոգևորական Ստավրոնիկիտա վանքում[5] հսկման ներկա գտնվեց: Մի վանականով է տպավորվում, որ կողքի ստասիդիային[6] էր կագնած և ողջ հսկման ժամանակ անդադար արտասվում էր: Նա, իհարկե, փորձում էր աննկատ մնալ, սակայն չի հաջողվում: Քահանան հարցրեց և իմացավ, որ վանականը հայր Պաիսիոսն էր:

   Ծերն արցունքների համար ասում էր. «Շատ տեսակի արցունքներ կան: Վստահաբար ապաշխարության արցունքները կան, որովհետև մաքրում են մեղքերը և հոգևոր վարձատրություն ունեն, սակայն սպառում են օրգանիզմը: Անաղմուկ արցունքներ էլ կան, որ չեն երևում: Մեկ հառաչանքն էլ հաճախ ավելի բարձր է մեկ գավաթ կամ անգամ մեկ դույլ արտասուքից»:

    Ուրիշ անգամ նրան անապատից տարեց մի վանական այցելեց: Եկավ հավաստիանալու, թե արդյոք Ծերի տարածվող հռչակը հավաստի է: Տարբեր հարցերով փորձում էր տեղեկանալ, թե հոգևոր ինչ վիճակում է գտնվում: Պատմում է Ծերը. «Երեք ժամ ինձ տեսություն ներկայացրեց: Կարդացել էր մտավոր աղոթքի մասին: Ինչ որ կար, ամեն բան կարդացել էր: Ասում էր. «Այս իրավիճակում սա է լինում, մյուս իրավիճակում՝ դա է գալիս: Իսկ դու ի՞նչ վիճակում ես գտնվում»:

      -Ի՞նչ վիճակում: Ոչ մի:

     -Իսկ այդ դեպքում ի՞նչ ես անում:

    -Ի՞նչ եմ անում: Աստծուց խնդրում եմ, որ ինքս ինձ ճանաչեմ: Եթե ինձ ճանաչեմ, զղջում էլ կունենամ: Եթե զղջումը գա, կգա խոնարհությունը, հետո` շնորհը: Դրա համար էլ զղջում եմ խնդրում, զղջում, զղջում: Հետո Աստված Իր շնորհն է ուղարկում»:

   Նրա սուրբ կյանքն անասելիորեն Տիրոջն էր մատնացույց անում և խոսքերով բոլորին ապաշխարություն էր քարոզում. «Ո՛չ ոք թող չխնդրի Տիրոջից ո՛չ լույսեր, ո՛չ շնորհներ, ո՛չ էլ ուրիշ բան, այլ միայն զղջում, զղջում, զղջում»: Նրա մեծ զղջման մի փոքր նմուշն է «քուրձը»` մախաղը, որ գցում էր ուսին, երբ իր խցում աղոթում էր «քուրձով ու մոխրով», ինչպես Մարգարեները և սբ. Արսեն Կապակովկացին[7]:

   Բազմաթիվ մարդիկ էին նրա մոտ գալիս, իրենց սիրտը բացում և օգնություն խնդրում: Ծերը նրանց բացատրում էր, որ ինքը խոստովանահայր չէ.  «Գնացե՛ք որևէ խոստովանահոր մոտ և խոստովանե՛ք»: Ինչ-որ մեկը նրան պատասխանեց. «Գե՛րոնդա, քաղցածին ցույց մի՛ տուր ուղիներ: Նա դրանք գիտի: Քաղցածը հագենալու պատառներ է ուզում»:

   Ծերը, թեև նրանց ընդունում էր, սակայն բացատրում էր, որ այլ բան է զրույցը և խորհրդատվությունը, և այլ բան խոստովանության խորհուրդը: Շեշտում էր, որ խոստավանելու համար պարտադիր է Խոստովանահոր մոտ գնալը, որպեսզի նաև արձակման-ներման աղոթք կարդա. ո՛չ միայն իրենց հոգու փրկության համար, այլ նաև որպես նախապայման նրա հետ զրույցի. «Խոստովանելուց առաջ միտքը պղտորված է», ասում էր, «և չենք կարող հաղորդակցվել»:

   Լուրջ խնդիր ունեցող մեկը եկավ Ծերի մոտ, որ խնդրի իր համար աղոթել: Ծերը նրան հանձնարարեց, որ նախօրոք խոստովանի: Նա գրեթե հուսահատված հակաճառեց, թե սուրբ մարդու մոտ է եկել, որ իրեն օգնի, և նա էլ իրեն խոստովանության մասին է պատմում: Ծերը նրան պատասխանեց.  «Ես այսպես կարող եմ օգնել` խոստովանությամբ»:

   Ծերը ցավում էր և աղոթում նրանց համար, որ չէին զղջում: Անտարբերներին փորձում էր գիտակցութան բերել, որ զգան խոստովանության անհրաժեշտությունը: Մի մարդու առջև, որ առաջին անգամ էր նրա մոտ գնացել, դուռը չբացեց: Ներսից խոսելով` նրան իր անվամբ կոչեց և ասաց, որ, նախ, գնա խոստովանության և հետո գա, որովհետև նկատեց, որ առանց խոստովանության էր: Երբ այդ մարդը կրկին գնաց, Ծերը դուռը բացեց և ժպտալով ասաց. «Հիմա լավ ես (խոստովանել էր), արի՛ խոսենք այսինչ խնդրի մասին», և անդրադարձավ նրան հուզող խնդրին:

   Երբ տեսնում էր մեկին, որ զղջացել էր և կենսաձևը փոխել, բացահայտ ուրախություն էր ապրում: Զղջացողների ցավը կիսում էր և սատարում: Ապաշխարողների համար «սպեղանի» էր: Զարմանում և նեղվում էր նրանց համար, որ հուսահատվում էին մեղքի մեջ իրենց անկումների հետևանքով: Ասում էր. «Բայց չէ՞ որ զղջում կա: Մեղքերդ Աստծո ողորմությունից ավելի մե՞ծ են»: Ավելացնում էր. «Ինձ չի հետաքրքրում, թե մեկն ինչքան մեղավոր է: Ինձ անհանգստացում է, թե արդյո՞ք ինքն իրեն ճանաչել է: Աստված դատելու է ըստ այն աշխատանքի, որ յուրաքանչյուրն իր հին մարդու վրա է կատարել: Հոգին, երբ արմատախիլ անի իր արատները, այդժամ գեղեցկացած կներկայանա Քրիստոսին »:

    Իր ծանոթ մի վանական թողեց վանական սքեմը և աշխարհ վերադարձավ: Նրան նամակ ուղարկեց, որ իր մոտ գա և հնազանդության մեջ պահի, մինչդեռ հայտնի է, որ ոչ ոքի մոնթ չէր պահում: Ծերն ուրախությամբ այդ զոհողությունը կաներ, որպեսզի մի հոգի փրկվեր: Անգամ անձամբ գնաց զորամաս նրան այցելելու` խոսելով զղջման մասին:

   Մի անգամ մի ուխտավոր նրան այցելեց և հարցրեց «հոգևոր ու երկնային բաների մասին»: Ծերը շեշտը դրեց զղջման ու խոնարհության վրա: Զրուցակիցը կրկին ջանում էր նրան դրդել, որ շնորհների և հոգևոր վիճակների մասին խոսի: Սակայն Ծերը խոսքը կրկին ապաշխարությանը բերեց: Զրուցակիցը գրեթե հուսահատվեց, որովհետև այնքան շատ էր լսել Ծերի սրբության ու շնորհների մասին, իսկ նա զղջման մասին էր միայն խոսում: 

   Երբ հիվանդ մեկն էր նրան խնդրում իր առողջության համար աղոթել, հանձնարարում էր, որ խոստովանի ու հաղորդվի: Նույնն էր ասում նաև ուսանողներին, որ դասերի մեջ հաջողություն ունենան: Խնդիրներ ունեցող զույգերին թելադրում էր, որ խոստովանահայր ունենան և հոգևոր կյանքով ապրեն: Նրանց, ում վրա կախարդություն (թուղթուգիր ևն) են անում, ասում էր. «Եթե խոստովանում են և հաղորդվում, ապա բահով էլ նրանց կախարդություն գցեն՝ թող չվախենան, իրենց չեն հասնում»:

    Ծերը տոնական հավաքույթներին իր հյուրասիրությունն ընդունելիս հատուկ բարեմաղթանքների հետ միասին միշտ «բարի զղջում» էլ էր մաղթում: Որպես հասարակ և ուժեղ դեղամիջոց բոլոր դեպքերի համար, ապաշխարությունն էր մատնանշում: Դա նրա քարոզի առանցքն էր կազմում:

   Ցավ էր ապրում, որ «զղջման-ապաշխարության զգացողությունը մարդկանցից կորել է: Մեղանչում են, և խղճմտանքն իրենց չի քննում: Մեր անձն անվերջանալի աշխատանքի կարիքն ունի: Ապաշխարությունը չի վերջանում երբեք, ինչպես մեկ փայտե քանդակ, որի վրա մարդ կարող է իր ողջ կյանքում խոշորացույցով աշխատել: Եթե մարդն իր անձի հետ աշխատանք չսկսի, սատանան նրան աշխատանք կգտնի ուրիշներով զբաղվելու: Անհրաժեշտ է, որ հոգևոր նրբազգացություն ձեռք բերենք: Քրիստոնյան պետք է իր ներսում եղած կրքերը տեսնի, դրանց համար զղջա-ապաշխարի և ոչ թե մոռանա: Եվրոպացիները քողարկում են իրենց խղճմտանքը և հետո մի վիճակում ապրում, որ ո՛չ որևէ բան ունեն, ո՛չ էլ լավ են: Երբ ինչ-որ բան է պատահում, չպետք է նեղսրտենք, այլ դա կարգավորենք: Ես, երբ իմ որևէ մեղք էի տեսնում, ուրախանում էի, որովհետև բացահայտվեց իմ վերքը, որպեսզի այն բժշկեմ: Ասենք, մեկը մի բաժակ է կոտրում և ծիծաղում է: Հարցն այնքան բաժակը կոտրելը չէ, որքան իր արածը չըմբռնելը: Ծիծաղելով իր սխալը չի ճանաչում և մյուսն էլ կկոտրի: Մարդը պետք է ցավ ապրի ըստ իր սխալի, հակառակ պարագային նույն սխալների մեջ է ընկնում»:

   Սուրբն իր փորձառությունից ուսուցանում էր. «Հոգևոր կյանքում հոգևոր օրենքներն են գործում: Եթե անկեղծորեն ապաշխարենք մեր որևէ սխալի համար, կարիք չկա որ դրա դիմաց վճարենք որևէ հիվանդությամբ: Աստված հիվանդություններն ու անարդարությունները թույլ է տալիս մեր չգիտակցված սխալների համար»:

   Դեռ ավելին, բոլորին հանձնարարում էր «ապաշխարություն, որպեսզի պատերազմից խուսափենք, որովհետև մենք ինքներս ենք մեր մեղքերով պատերազմները հրահրում: Այս աշխարհը ապականվել է, դրա համար էլ եթե չապաշխարի՝ կործանվելու է: Այն նմանվում է մեկ ծակծկած պարկի, որ կարկատան չի ընդունում: Գուցե, Աստված կարողանա այդ ծակ պարկից որևէ փոքր տոպրակ պատրաստել»: Մի վանականի ասում էր. «Պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ պատահում է: Հասկանու՞մ ես: Մեկը, որ ջանում է ավելի լավը դառնալ, ազդում է նաև իր շրջապատի և ողջ աշխարհի վրա: Եթե ես սուրբ լինեի, իմ աղոթքով շատ կօգնեի»: Հատկապես, վանականների համար ասում էր, որ զգեստավորվում են ապաշխարությամբ: Վանականի ողջ կյանքն ապաշխարություն է:

   Այս փրկչական ապաշխարությամբ զգեստավորվեց Ծերը և դարձավ ապաշխարության մեծ մշակ ու քարոզիչ:

 

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Ιερομονάχου Ισαακ, Βίος Γέροντος Παϊσίου του Αγιορείτου, Άγιον Όρος 2008.

Copyright © Ιερόν Ησυχαστήριον Άγιος Ιωάννης ο Πρόδρομος Μεταμόρφωσις Χαλκιδικής.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոս Աթոսացու բնօրինակ վարքի հեղինակի հատուկ գրավոր օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

[1]Ուղղափառ Եկեղեցում համրիչով («Տերողորմյա»-ով) աղոթելու 2 հիմնական ձև կա. 1. համրիչը քաշելով (նստած, կանգնած, ծնկած, քայլելիս) աղոթելն առանց խաչակնքելու: Եվ 2.  խաչակնքելով ու փոքր երկրպագությամբ (աջ ձեռքը մինչև ծունկ հասցնելով) աղոթելը: Երկու դեպքում էլ Հիսուսի աղոթքն է ասվում` «Տեր Հիսուս Քրիստոս, ողորմյա ինձ» կամ «Ամենասուրբ Աստվածածին, փրկյա ինձ (մեզ)» (թրգ.):

[2] Խոսքը Կրետեի արքեպիսկոպոս սբ. Անդրեաս Կրետացու (660-740թթ., հիշատակը` հուլիսի 4-ին) գրած ապաշխարության Մեծ Կանոնի մասին է, որն Ուղղափառ Եկեղեցում երգվում է Մեծ Պահքի առաջին շաբաթվա ընթացքում, Հետընթրյաց մեծ ժամերգության ժամանակ հատվածաբար` երկուշաբթիից-հիգշաբթի, և ամբողջությամբ Մեծ Պահքի հինգերորդ շաբաթվա հինգշաբթի օրը:

[3] Իվերոնի մենաստանն Աթոս լեռան 20 կենտրոնական վանքերից մեկն է: Այն իր ենթակայությամբ ունի նաև այստեղ նշվող սկիտը (անապատը), ինչպես նաև իր տարածքում գտնվող բազմաթիվ խցեր:

[4]Սբ. Պատարագի վերջին հատվածը, երբ քահանան պատրաստում է սբ. Հաղորդությունը և հավատացյալներին տալիս:

[5] Աթոս լեռան 20 կենտրոնական վանքերից մեկը:

[6]Ուղղափառ եկեղեցիներում և, հատկապես, վանքերում օգտագործվող փայտե հատուկ նստարաններ:

[7] Սբ. Արսեն Կապադովկացու (Հաջի Էֆենդի) վարքը կարելի է ընթերցել սույն կայքի «Վարք Սրբոց» բաժնում:

 

Ապաշխարության մշակ և քարոզիչ

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com