/ Վկայություններ / Իսկական մարդ, հավատարիմ ընկեր, հաճելի ու անձանձրույթ զրուցակից…

Իսկական մարդ, հավատարիմ ընկեր, հաճելի ու անձանձրույթ զրուցակից…

Իսկական մարդ, հավատարիմ ընկեր, հաճելի ու անձանձրույթ զրուցակից

 

Հայր Կոդրատ Կարակալացի[1]

(1931-† 28 օգոստոսի 2018)

Իսկական մարդ, հավատարիմ ընկեր, հաճելի ու անձանձրույթ զրուցակից, քրիստոնյա բառիս բուն՝ ավետարանական և հայրաբանական իմաստով, փորձառու վանական: Մոտավորապես, այսպես կարելի է բնութագրել ս.թ. օգոստոսի 28-ին երկինք ճամփորդած հայր Կոդրատին:

Սուրբ Լեռում ասում են, որ այն վանականներն ու հոգևոր մարդիկ, որ «բարի պայքարն[2]» ավարտելուց հետո ննջում են, հատկապես, սբ. Զատկի, Աստվածամոր Ննջան և Տերունական մեծ տոների օրերին, ուղղակի Երկինք են ճամփորդում՝ մաքսապետությունների քննությունը շրջանցելով: Քրիստոսն ու Ասվածամայրը նրանց մեծ նվերի ու շնորհի են արժանացնում և այդ սրբազան օրերին են գալիս նրանց հոգիները երկինք փոխադրելու:

Ննջելու հաջորդ օրը տեղեկացա, որ իմ սիրելի հայր Կոդրատն էլ ճամփորդեց՝ երկարատև հիվանդություններից հետո: Նա  1956 թվին էր Աթոս լեռ եկել ճգնելու: Աստվածամայրն իր տոնի օրը[3], գիշերային հսկման ու տոնախմբության ժամանակ այդ նվերը նրան ու մեզ արեց. Իրեն ու Իր Որդուն հավատարիմ մնացած իր ծառային երկինք փոխադրեց:

Հուզմունքով, բայց և մեծ մխիթարությամբ լսեցի ի Քրիստոս ննջած հոգևոր եղբորս մահը: Ուրախության ու մխիթարության արցունքներ… Փա՜ռք քեզ Աստված, փա՜ռք Քեզ ամեն ինչի համար:

 

Տարիներ առաջ, երբ Աթենքի աղմուկից ու թոհուբոհից հոգնած՝ պետք է Աթոս ճամփորդեի գրեթե մեկ շաբաթով, հոգևոր հայրս ասաց, որ անպայման հայր Կոդրատին էլ այցելեմ, իր կողմից բարևներ փոխանցեմ: Միայն այսքանն ինձ ասաց, ուրիշ ոչինչ: Բայց արդեն ինձ համար պարզ էր, որ սովորական, հասարակ մի վանականի չէր, որ հանդիպելու եմ…

Ինձ համար սովորական դարձած մի ճամփորդություն: Շուրջ 15 ժամ ուղևորությունից հետո, հասա վանք, հյուընկալվեցի, ինչպես միշտ պատշաճ, ու քաշվեցի խուցս՝ մի քիչ հանգստանալու, որովհետև անմիջապես պետք է վանքի ծրագրին հետևեի, ինչն այնքան էլ հեշտ չէ գիշերային ճամփորդությունից ու անքնությունից հետո: Իսկ ծրագիրն անփոփոխ է կլոր տարին՝ չհաշված հսկման, Մեծ Պահքի, Ավագ շաբաթվա օրերը, երբ օրվա գրեթե կեսը՝ 10-14 ժամ, անցկացնում ես եկեղեցում:

Հայր Կոդրատի հետ հանդիպումը մնաց հաջորդ օրվան: Նա արդեն վատառողջ էր, ժամերգություններին ու սբ. Պատարագին չէր կարողանում ներկայանալ: Միայն մեծ տոներին էին նրան եկեղեցի իջեցնում…

Կեսօրից առաջ եկավ նրան սպասարկող վանականը և ասաց. «Հայր Կոդրատը քեզ սպասում է իր խցում»: Մեծ ուրախությամբ քայլերս ուղղեցի այնտեղ: Հայր Կոդրատն իր խցից դուրս էր եկել մոտակա պատշգամբ, ուր սովորաբար անցկացնում էր իր ցերեկային ժամերը, և կիսաթեք ու կիսապառկած դիրքով աղոթքներ էր ընթերցում:

-Օրհնեցե՛ք:

-Բարի գալուստ, պապա՛[4]: Ինչպե՞ս ես: Լավ հասա՞ր, հանգստացա՞ր…

– Ամեն ինչ լավ է, հա՛յր: Դուք ինչպե՞ս եք:

-Այստե՛ղ, պայքարի մեջ:

Մեր զրույցի առաջին իսկ րոպեներից հասկացա, որ հայր Կոդրատն այնքան էլ «շարքային», սովորական վանական չէ: Եվ դա ոչ թե միայն նրա արտաքին տեսքի ու սովորականից շատ տարբեր «հագուկապի» համար, այլ նրա համար, որ աստիճանաբար խոսում էր ինձ հետաքրքրող ու «տանջող» հարցերի մասին, և դա այն դեպքում, երբ դեռ ոչինչ նրան չէի ասել: Իսկ այդ ամենից էլ առավել, որ նրա գրեթե ողջ մարմնից ու, հատկապես, բերանից անուշահոտություն էր բուրում: Ուշադիր շուրջս զննեցի, թե արդյոք որևէ տեղ խունկ են ծխում: Ժամերգության ու աղոթքի ձայն չկա: Առավոտյան աղոթքն ու սբ. Պատարագը լուսաբացին էին ավարտվել, եկեղեցին վաղուց փակ էր, իսկ երեկոյան ժամերգությանը դեռ մի քանի ժամ կար:

Երբ առաջին անուշահոտությունն առա, հասկացա, որ սա այս ժամին սովորական բան չէ ու նրան ավելի մոտ նստելով՝ մի փոքր «խորամանկություն» արեցի՝ ստուգելու համար քիչ առաջ զգացածս ու սկսեցի հարցատարափս: Ո՛չ և ո՛չ: Սխալվեցի: Քննությունս չանցավ: Հայր Կոդրատից անուշահոտություն էր բուրում ու հիմնականում այդ անուշահոտությունը նրա բերանից էր դուրս գալիս: Որպեսզի կասկածամիտներին ու այլ հետաքրքրասերների հարցերին նախապես պատասխանեմ, ասեմ, որ դա էլ «ճշտեցի» ու ոչ միայն նրանից, որ վանականներն Աթոսում սովորաբար բաղնիքում չեն լողանում, այլ երբ կարիք է զգացվում, խոնավ շորով սրբում են իրենց մարմինը և վերջ[5]: Իսկ ինչ վերաբերում է հայր Կոդրատին, ապա շատ մեծ ցանկության դեպքում էլ նա ֆիզիկապես չէր կարող լողանալ: 

Առաջին զրույցն ընթանում էր իր հունով: Կարծես, «հարյուր» տարվա մտերիմներ լինեինք: Հայր Կոդրատը «դեսից-դենից» խոսելով՝ հանկարծ ինձ վերաբերող հարցերի էր անդրադառնում՝ առանց կոչականների և երկրորդ դեմքի: Հետաքրքրականն ինձ համար այս ամենի մեջ արդեն այն էր, որ նրա կողմից «անուղղակի» շոշափած հարցերի մի մասի մասին անգամ հոգևոր հայրս չգիտեր: Իսկ դա ուղղակի «ազդանշան» եղավ ինձ համար, որ բոլոր մեզ հուզող հարցերը պետք է քննարկել հոգևոր հոր հետ:

Շուրջ երկուսուկես ժամ տևած զրույցից հետո, որ ինձ համար, կարծես, մի քանի վայրկյան լինեին, հայր Կոդրատն ինձ «արձակեց», որ հանգստանամ ու երեկոյան ժամերգությանը պատրաստվեմ:

-Հայդե, պապա՛, գնա՛ հանգստացիր, ուրիշ անգամ կխոսենք:

-Օրհնեցե՛ք,- ասացի ու գնացի, որ ձեռքը համբուրեմ:

Նա դժվարությամբ ձեռքը տվեց.

-Չգիտե՞ս, որ վանականը պետք է քահանայի ձեռքը համբուրի,- ասաց ու մի «ախորժակով» ձեռքս իր կողմը քաշեց:

Մեկս մյուսի համար աղոթք ու հիշատակություն[6] խնդրելով՝ հրաժեշտ տվեցինք՝ հաջորդ հանդիպման սպասումով:

Իմ հաջորդ հանդիպումը հայր Կոդրատի հետ գրեթե մեկ տարի հետո էր: Սպասված հանդիպում ինձ համար և ոչ միայն…

-Պապա՛, քեզ միշտ հիշում եմ աղոթքներիս մեջ և սպասում էի, թե ե՞րբ ես նորից գալու:

-Հա՛յր, գիտե՞ք, հիմա դժվար է Աթոս հաճախ ճամփորդելը:

-Արի՛, երբ կարող ես, բայց մի՛ մոռացիր, որ Աստվածամայրը նրանց, որ զոհողություն անելով հասնում են իր պարտեզ, անպայման հատուցում է,-ասաց նա ու սկսվեց մեր զրույցը:

Այս անգամ զրուցում էինք նրա խցում: Փոքրիկ խցի պատերը գրեթե ամբողջությամբ լցված էին տարբեր չափերի սրբապատկերներով ու տարբեր ժամանակների մի քանի լուսանկարներով: Սակայն առաջին բանը, որ ինձ գրավեց, կրկին անուշահոտությունն էր, որը նման չէր ո՛չ տարբեր անուշահոտ խունկերի, ո՛չ էլ որևէ օծանելիքի հոտին: Քանի որ նշեցի օծանելիքի մասին, ասեմ, որ աշխարհում օգտագործվող գրեթե բոլոր օծանելիքները՝ կախված որակից ու ընկերությունից, կարող են և առաջացնում են կամ ավելի ճիշտ արթնացնում են տարբեր ցանկական կրքեր մարդու մեջ: Իսկ այս անուշահոտությունը խաղաղեցնում է կրքերը, հանդարտեցնում հոգին, պայծառացնում միտքը… Հետևաբար, համեմատության եզր գտնելն անիմաստ է, որ կարողանամ նկարագրել դրա էությունը: Ինչևէ, կարելի է ասել, որ դա արդեն «սովորական» բան էր ինձ համար:

Հայր Կոդրատն սկսելով իր «ընդարձակ անդրադարձը» Հունաստանի այն օրերի քաղաքական անցուդարձին՝ աստիճանաբար «մտնում է» իրեն ու ինձ հուզող հարցերի մեջ: Արդեն ինձ հայտնի էր նրա «ոճը»: Պետք է սպասել ինձ առնչվող նոր «բացահայտումների»: Իսկ դրանք, բնականաբար, չուշացան:

-Գե՛րոնդա, էդ ի՞նչ եք կարդում:

-Աստվածամոր Ակաթիստը,-պատասխանեց ու ինձ ցույց տվեց հատուկ շարվածքով ու մեծ տառատեսակով Ա4 ձևաչափի թղթի երկայնքով տպված Ակաթիստը հատուկ իր համար, որպեսզի կարողանար առանց դժվարության կարդալ: Դրան հակառակ՝ կրկին խոշորացույցով էր կարդում, որովհետև արդեն երկար ժամանակ լավ չէր տեսնում: Իսկ այդ օրը նրան տեսա ևս մեկ՝ ինձ համար «տարօրինակ» վիճակում. աչքերի վրայի կաշին ու հոնքերը լվացքի ամրակներով էր իրար ամրացրել, որպեսզի ավելի լավ տեսնի: Գոնե այդպես ինձ պատասխանեց:

-Պապա՛, Աստվածամոր Ողջույնները կարդու՞մ ես, թե երբ հոգնած ես, թողնում ես հաջորդ օրվան:

Ժպտացի ու մի քանի վայրկյան լռեցի…

-Աստվա՜ծ իմ,- ասում եմ ինքս ինձ,- էլի «սկսեց իմ փոխարեն խոստովանությունը»:

-Եթե հոգնած ես լինում, նստի՛ր հետո կարդա, եթե նստած էլ ես հոգնում, կարող ես պառկած կարդալ, բայց կարդա՛ ամեն օր…

Այո, ամեն ինչ պարզ էր ինձ համար, ավելի ճիշտ՝ պարզ էր հայր Կոդրատի համար, որ այն, ինչ հոգնության, հաճախ ծուլության պատճառով ես չէի արել, ինքն այդ մասին ամեն բան գիտեր:

-Խնդրե՜մ, այս օրինակը քեզ, մեծ տառերով է տպված, որ աչքերդ էլ չհոգնեն,-ասաց ու ինձ տվեց Աստվածամոր Ողջույնների մի օրինակ:

Մեր զրույցի ընթացքում նկատեցի, որ երկու մեծ ամաններ կային նրա մահճակալին, մեկը գրեթե լիքը՝ մեծ ու չոր բակլայով, մյուսի մեջ՝ մի քանի հատիկ ընդամենը: Մինչ ես փորձում էի հայացքով խոհանոց փնտրել ու մտքով նրան գովերգել՝ «բռավո, պապին անգամ ճաշ է պատրաստում»:

-Պապա՛, ի՞նչ ես կարծում, ամբողջ օրը ճա՞շ եմ պատրաստում: Տեսնու՞մ ես էս երկու ամանները, երբ համրիչով (Տերողորմյա) իմ ու տարբեր մարդկանց համար աղոթքն[7] եմ անում, այս ամանից մի բակլա գցում եմ մյուսի մեջ ու այդպես մինչև օրվա վերջ գիտեմ, թե որքան համրիչ եմ քաշել:

-Գե՛րոնդա, ինձ համա՞ր էլ եք աղոթում,-շտապեցի՝ իմ տեղը «ապահովելու» նպատակով:

-Մենակ քե՞զ համար… Դու էլ մի՛ հոգնիր, Առաջադրության ժամանակ կարդա անունները: Եթե այնտեղ չես հասցնում, տանը կարդա ամեն օր: Աստված լսու՜մ է: Եթե հոգնած ես, նստած կարդա…

Դա ասաց ու ինձ երկարեց իրեն տրված հազարավոր թղթերից մեկը, որ հիշատակեմ ամեն օր…

Սրանք մի քանի պատմություններ են մեր օրվա սրբացած հայր Կոդրատից: Ընդամենը մի քանիսն այն շատերից, որ կարող էի հայտնել և հոգուս պարտքը համարեցի դրանց մասին վկայել, քանի նա ննջել է և «մեղքի մեջ ընկնելու» առիթ չի լինի:

Հավատում եմ, որ հայր Կոդրատը համարձակություն ունի մեր Քրիստոսի ու Նրա ու մեր Մոր՝ Աստվածամոր առաջ, և այնտեղ էլ կշարունակի հիշատակել այն հազարավոր ողջերի ու ննջեցյալների անունները, որոնց համար աղոթում էր այստեղ՝ Աստվածամոր պարտեզում, մինչ օրս հազարավորների սրբացրած Աթոսում:

Խոնարհվում եմ նրա անմար հիշատակի առաջ և ևս մեկ անգամ խնդրում, որ շարունակի հիշել այն անունները, որ հանձնեցի իրեն հիշատակելու: Ինքը գիտի…

Արդարի հիշատակը պիտի մնա հավիտյան…

Հ. Հերոնիմոս Մայիլյան

 

 

 

 

  

 

[1] Կարակալուի վանքը Սբ. Լեռան 20 ինքնավար վանքերից մեկն է:

[2] Հմմտ. Բ Տիմ. 4,7:

[3] Սբ. Լեռում հին տոմարով են նշում բոլոր տոները: Աստվածամոր Ննջման տոնը օգոստոսի 28-ին է:

[4] Նշանակում է «տեր», «քահանա»: Աթոսում ընդունված է այսպես՝ պարզ ու հասարակ ձևով դիմել քահանաներին:

[5] Այս կարգն ու տիպիկոնը ուներ նաև ծեր Հովսեփ Իսիխաստը: Իսկ նրա բոլոր հավատարիմ աշակերտներն ու նրանց աշակերտները մինչև օրս հավատարմաբար են պահում սրբացյալ իրենց Ծերի տիպիկոնը: Կարակալուի վանքը 20-րդ դ. 70-ական թթ. վերջերից սկսած նրա աշակերտների կողմից վերապրեցված ու վերակենդանացված վանքերից մեկն է:

[6] Խոսքն այստեղ սրբազան Առաջադրության ժամանակ հիշատակության մասին է, երբ պատարագիչ քահանան հականե-հանվանե ընթերցում է իրեն տրված ուղղափառ քրիստոնյաների բոլոր անունները՝ ողջերի ու ննջեցյալների, յուրաքանչյուրի համար առանձին մասնիկ թողելով առաջադրության հացի դիմաց:

[7] Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմյա ինձ:

 

 

Իսկական մարդ, հավատարիմ ընկեր, հաճելի ու անձանձրույթ զրուցակից

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com