/ Հրաշքներ / Քաղցկեղի բժշկում

Քաղցկեղի բժշկում

Քաղցկեղի բժշկում

 

Սբ. Սավաս Կալիմնոսացու[1] բարեխոսությամբ կատարված հրաշքները տարբեր ծանր և թեթև մարմնական ու հոգեկան հիվանդություններից (անդամալուծություն, քաղցկեղ, վարակներ, տեսողության խնդիրներ, հոդացավեր, չբերություն, մտատանջություն, տրտմություն և այլն), բազմաթիվ են, որոնք արձանագրված են նրա կյանքին ու գործին նվիրված, բազմիցս հրատարակված գրքում[2]: Ստորև ներկայացնում ենք այդ հրաշքներից մի քանիսը:

Այսօր` 1994թ. հունիսի 29-ին, Կալիմնոսում եմ գտնվում` սբ. Սավասի վանքում: Անունս Սարիկաս Սերգիոս է, 30 տարեկան եմ: 1988-ից տանջվում էի շագանակագեղձի քաղցկեղից (բժիշկներն այն «Խոջկինի հիվանդություն» են կոչում): Բուժվեցի 401 հիվանդանոցում[3]: Քիմիոթերապիա ընդունեցի, սակայն հիվանդությունը նորից ու նորից հայտնվում էր: Կրկին քիմիոթերապիա: 3 տարի անց վիճակս սաստիկ վատացավ: Հիվանդությունը տարածվեց ամբողջ փորով մեկ: Անհույս վիճակ էր: Լոնդոն գնացի: Քննություններից հետո իմ ոսկրածուծից ինձ պատվաստում արեցին: 9 ամիս անց նույն վիճակում էի: Լոնդոնի բժիշկները մեզ հուսահատեցրին: Նրանք կրկին պատվաստում առաջարկեցին` 10 տոկոսից էլ ցածր բժշկվելու հավանականությամբ:

Քանի որ բժիշկները մեզ հուսահատեցրին, Աստծուն դարձանք` Մեծ Բժշկին: Մայրս Կալիմնոս գնաց` սբ. Սավասի վանքը: 3 օր մնաց: Արցունք թափելով աղոթեց ու խնդրեց Սրբին, որ ինձ ծանր ու անբուժելի այդ հիվանդությունից բժշկի: Վանքից հեռանալով` հետն օրհնած ձեթ, ջուր և Սրբի գիրքը վերցրեց: Ես հիվանդանոցում գտնվելով` մի գիշեր տեսիլք ունեցա: Դուռը բացվեց ու մի քահանա հայտնվեց: Կանգ առավ ու ինձ էր նայում: Ես չվախեցա, այլ կարծում էի, որ ինձ շատ ծանոթ ու հարազատ մեկն էր: Նրա ճակատին մի նշան զատորոշեցի:

Մայրս Հունաստանից եկավ ու սբ. Սավասի վանքից բերված սրբություններն ինձ տվեց: Օրհնված ջուր խմեցի, ողջ մարմովս մեկ քսեցի օրհնված ձեթը: Դա ամեն օր էր կատարվում: Մի օր Սրբի Մաղթանքն էինք կատարում և շատ արցունքներով խնդրում էինք նրա օգնությունը: Մինչ խնդրում էինք, որ մի նշան ցույց տա, որ մեզ լսում է, զարմացած զգացինք, որ մի անբացատրելի անուշահոտություն է ողողել ողջ հիվանդասենյակը: Մեր ուրախությունը մեծ էր: Հավաստիացանք, որ Սուրբը մեզ լսում է: Այդ անուշահոտությունն ամեն անգամ գալիս էր, երբ Մաղթանք կամ Երեկոյան ժամերգությունն էինք կատարում:

Բժիշկները փրկության 2 քիմիոթերապիա ինձ արեցին, որպեսզի մի քիչ էլ ապրեմ: Առաջին քիմիոթերապիայի արդյունքները բժիշկների սպասածից ավելին էր: Նույնն էր նաև երկրորդի պարագային: Շարունակելով ինձ Հունաստան ուղարկեցին, որպեսզի 3 ամսից վերադառնամ` հուլիսի 1-ին, որ ատամի ծուծից պատվաստում անեմ: Անգլիա վերադարձա: Պատվաստումը չեղավ, որովհետև ոսկրածուծ չգտնվեց: Ինձ քննեցին, սակայն քննություններն ամբողջությամբ մաքուր դուրս եկան, մի բան, որ բժիշկը չէր կարողանում հավատալ:

Հրաշքը եղա՜վ: Ամենաբարին Աստված, որ շնորհներով է զարդարում Իր սրբերին, սբ. Սավասին թույլատրեց, որ ինձ բժշկի:

Շնորհակալ եմ Ամենաբարին Աստծուն, որ հիվանդությամբ, ցավով ու տառապանքով ինձ Իրեն ճանաչել տվեց և աներկբա հավատամ, որ Նա ինձ բժշկեց սբ. Սավասի բարեխոսությամբ:

Փառաբանելու եմ միշտ Ամենաբարին Աստծուն և երախտապարտ եմ լինելու Սրբին:

«Սքանչելի՜ է Աստված իր սրբերի մեջ» (Սաղմ. 67, 36):

29.06.1994թ., Կալիմնոս

                                                        …                     

«Տեսնում եմ հրապարակում բոցեր են վեր հառնում 100 մետր բարձր»

Հայրս` Ստավրոս Միխայիլուն, ասում էր սբ. Սավասին.

-Հա՛յր Սավաս, շատ կանայք խիստ աղքատության պատճառով վաճառում են իրենց մարմինը մի կտոր հացի համար, և մեղքը շատ մեծ է: Ներքևում` քաղաքում, մեծ մեղք կա:

-Գիտեմ, պ. Ստավրոս: Ամեն գիշեր դուրս եմ գալիս ժամը 12-ին և օրհնում եմ քաղաքը: Տեսնում եմ հրապարակում բոցեր են վեր հառնում 100 մետր բարձր:

 Հայր Կիպրիանոս Միխայիլու

Անդամալույծի բժշկում

Կալիմնոս, 1957թ.

Ներքոստորագրյալ Անաստասիոս Յերակիոսս, Կալիմնոսից, ամուսնացա 1957թ. փետրվարին: Հինգ օր հետո հիվանդացա և ամբողջությամբ անդամալույծ մնացի. յոթ ամիս անշարժ մահճակալին գամված: Զօր ու գիշեր խնդրում էի սբ. Սավասին, որ ինձ բժշկի, որովհետև կյանքս մարտիրոսություն էր: Սուրբը բավական ժամանակ հավատքս փորձելուց հետո քնիս մեջ եկավ` խնդրելով, որ իր վանքը գնամ ու իրեն խոնարհվեմ: Շատ չարչարվելուց հետո ինձ իշուկի վրա դրեցին, և հազար ու մի ջանք գործադրելով՝ սրբի վանքը բարձրացա:

Տեղում գամված սրբի մասնատուփի առջև եմ, աղոթեցի մեծ հավատքով ու շատ արտասուքով, որ ինձ իմ առողջությունը տա: Եվ ահա հրա՜շքը:

Սբ. Սավասը լսեց իմ աղոթքն ու ինձ բժշկեց: Վեր ելա ու ամբողջովին լավ էի: Եվ մինչ իշուկով բարձրացա, քայլելով իջա` փառավորելով Սրբին ինձ արված մեծ նվերի համար, որ ինձ իմ առողջությունը շնորհեց:

Ճանապարհն ինջնում էի այնքան թեթև, որ, կարծես, ինձ ամպ էր բարձրացնում:

Չեմ դադարի սբ. Սավասին միշտ փառավորելուց, ինձ արված հրաշքը պատմելուց և իր վանքի կարիքները հոգալուց:

Խորին հարգանքով`

Անաստասիոս Յերակիոս

Աչքերի բժշկում

1957թ.

12 տարեկան էի և աչքերիս պատճառով շատ էի տանջվում: Լուրջ աստիգմատիզմ (աչքի տարաբեկություն) ունեի և հատուկ ակնոց էի կրում: Մի կիրակի հորաքրոջս հետ վանք եկանք` սբ. Սավասի սրբազան մասունքին խոնարհվելու: Հավատում էի, որ սուրբն ինձ կբժշկի: Երբ հասա, ծանր ակնոցներն աչքերիցս հանեցի ու Սրբի մասնատուփի վրա դրեցի: Մասունքների առաջ ծնկած` հորդառատ ու ջերմ արցունքներով Սրբին աղաչում էի, որ բժշկի ինձ ու ազատվեմ խոշոր ակնոցներից: Հավատքով շատ աղոթելուց հետո սկսեցինք հեռանալ, և աչքիս լույսն ամբողջովին կորավ: Հորաքրոջիցս օգնություն խնդրեցի, որ ինձ ուղեկցի, որովհետև, ընդհանրապես, չէի տեսնում: Հինգ րոպե հետո աչքերիս մի փայլ ճառագայթեց: Անմիջապես աչքիս լույսը ետ եկավ, և շատ պարզ էի տեսնում՝ անգամ շատ հեռավոր տարածություններն էլ: Արցունքներով Սրբին շնորհակալություն հայտնեցի և մեծ ուրախությամբ տուն վերադարձա:

Հաջորդ օրը բժշկի գնացի, որ տեսնի, թե աչքերս ինչ վիճակում են գտնվում: Բժիշկն ապշած հարցնում էր իմանալու համար, թե ինչպես եմ բժշկվել: Պատմեցի սրբի կատարած հրաշքը, և փառավորեցինք նրան իր հրաշքների համար:

Վիկտորիա Գլինացի

«Արի՛, աղջի՛կս, ես քեզ կօգնեմ»

Մայրապետ, օրհնեցե՜ք:  Ի փառս մեր Երրյակ Աստծո և մեր սուրբ հայր Սավաս Կալիմնոսացու` կպատմեմ հրաշքը, որ Սուրբն ինձ պարգևեց:

Երեք տարի փորձում էի երեխա ունենալ, սակայն ապարդյուն, որովհետև երեք անգամն էլ վիժում էի: Երրորդ վիժումից հետո հիասթափվեցի, կարծում էի, որ այլևս չեմ կարող զավակ ունենալ: Սակայն չդադարեցի աղոթելուց ու Աստծուն խնդրելուց, որ ինձ զավակ պարգևի: Եվ, իսկապես, մի գիշեր երազիս մեջ տեսնում եմ, որ ինձ ու ամուսնուս ինչ-որ շատ բարձրահասակ սև մարդիկ են հետապնդում, որոնք ուզում էին մեզ վատություն անել: Պետք է ձեզ ասեմ, որ այն, ինչ տեսնում էի, տեղի էր ունենում Կալիմնոսի նավամատույցին: Մինչ մեզ հետապնդում էին, սկսեցինք սարը բարձրանալ, որտեղ Ամենայն Սրբոց վանքն է գտնվում: Վանք հասնելուն պես մի տարեց, ճերմակ մազերով վանականի ենք մուտքին տեսնում, ով բացում է դուռն ու ժպտալով ինձ ասում. «Արի՛, աղջի՛կս, ես քեզ կօգնեմ»:

Վանքից ինձ գոտի տվեցին, որը մեջքիս կապեցի: Նույն ամսին հղի մնացի և մի քաջառողջ տղա ծննդաբերեցի, իսկ հիմա, որ ձեզ գրում եմ, երկրորդ զավակիս եմ սպասում: Շնորհակալ եմ Աստծուն ինձ` մեղավորիս, արված մեծ բարեգործության համար: Շնորհակալ եմ սբ. Սավասին, որ իր բարեխոսությամբ և օգնությամբ  արժանացրեց ինձ աստվածային այս մեծ նվերին:

20.09.1991թ., Հռոդոս

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

 

© www.orthodoxkyanq.org

 

 

 

 

 

[1] Վարքը տե՛ս սույն կայքի «Վարք Սրբոց» բաժնում:

[2] Βασιλείου Παπανικολάου, Ο Άγιος Σάββας ο Νέος ο εν Καλύμνω, Ζ΄έκδοση, εκδ. Ι.Μ. Αγ. Πάντων Καλύμνου 2008.

[3] Աթենքի հայտնի զինվորական հիվանդանոցը:

 

 

Քաղցկեղի բժշկում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com