«Մենք կտեսնենք, թե ինչպես մեր երկիրը կվերածվի Սոդոմ-Գոմորի»
Կգա ժամանակը
Սբ.Կոզմաս Էտոլացին (1714-1779, հիշատակը տոնվում է օգոստոսի 24-ին/ սեպտեմբերի 6-ին, ՝ հին տոմարով) հայտնի է իր 200-ից ավելի մարգարեություններով, որոնք արդեն իրականացել կամ սպասում են իրենց իրականացմանը: Մարգարեությունների մեկնաբանությամբ է վերջերս հանդես եկել Սրբի մասին մենագրության հեղինակ պրոֆեսոր Աթանասիոս Զոիտակիսը:
….
Առաքելահավասար սբ.Կոզմաս Էտոլացու մարգարեությունների մասին աշխարհն իմացավ շնորհիվ աննախադեպ ժողովրդական պաշտամունքի: 18-րդ դ. ապրած (վերջերս նշեցինք նրա ծննդյան 300-ամյակը և նահատակության 235-ամյակը) սբ. Կոզմասը Եկեղեցու կողմից փառավորվել է ոչ վաղ անցյալում՝ 20-րդ դ. կեսին: Բայց ժողովուրդը երբեք էլ չէր կասկածում նրա սրբությանը: Եվ այդ իսկ պատճառով խնամքով էր պահպանում այն ամենն, ինչ վերաբերվում էր Սրբի հիշատակին, պատկերագրում էր նրա սրբանկարները և հիշում նրա ամեն խոսքը՝ այն սերնդեսերունդ փոխանցելով:
Սբ. Կոզմաս Էտոլացուն առնչվող բավական իրեր են պահպանվել. և՛ զգեստների մի մասը, և՛ մետաղե ու փայտյա խաչերը, որոնք նա թողնում էր իր քարոզած վայրերում:
Այն ժամանակների ահավոր հիմնահարցը մահմեդականացումն էր: Ապրելով մահմեդականների մեջ՝ շատ ուղղափառներ կամավոր իսլամ էին ընդունում: Խոսքը տարածաշրջանում Ուղղափառության հետագայի մասին էր: Սբ. Կոզասը շրջում է Կ.Պոլսի պատրիարքության կանոնական տարածքների մեծ մասով՝ քարոզելով Ավետարանն այն մարդկանց, ովքեր երբեմն գիտեին Աստծո խոսքը, սակայն մեծամասամբ կորցրել էին իրենց հավատքն ու հեռացել Եկեղեցուց:
Ժամանակակից պատմագրությունը սբ. Կոզմաս Էտոլացուն ընդունում է որպես ուղղափառ ժողովուրդների զանգվածային իսլամացումը կանխարգելած անձնավորության (ընդգծումը խմբագրությանն է): Նրան իրավացիորեն կոչում են առաքելահավասար, սակայն ոչ միայն այդ պատճառով:
Հայտնի է, որ սբ. Կոզմասը բազում հրաշքներ է արել: Դրանցից առավել զարմանահրաշն է, երբ նա լճի մակերևույթին նետելով իր զգեստները՝ անցել է մյուս ափ: Մենք գիտենք նաև հետմահու բազմաթիվ հրաշքներ. նրանք, ովքեր դիմել են նրա աղոթարար բարեխոսությանը, գիտեն, որ սբ. Կոզմաս Էտոլացին արագահաս օգնական է:
Ինչպես առաքյալները, նա էլ արժանացավ նահատակության պսակին: Եվ նրանց նման ևս տիրապետում էր մարգարեության շնորհին:
Մեզ հայտնի է սբ. Կոզմասի մոտ 200 մարգարեություն. դրանք բոլորն իրականացել կամ սպասում են իրենց կատարմանը:
Պետք է ասել, որ նրա ակնհայտ մարգարեական շնորհը գնահատում էին ոչ միայն քրիստոնյաները, այլև` մահմեդականները: Դրա մասին է պատմում, այսպես կոչված, «Ալբանական ձեռագիրը»` 72 մարգարեությունների ժողովածուն, գրված ղուրանի մեջ, ալբաներեն լեզվով:
Մարգարեությունների հավաստիությունը
Մարգարեությունների հավաստիությունը պարզաբանված փաստ է: Ինչպես պատմաբանները, այնպես էլ մենք, նախևառաջ, հենվում ենք գրավոր աղբյուրներին, ընդ որում, վաղ ժամանակահատվածի՝ 18-րդ դ. վերջ և 19-րդ դ. սկիզբ:
Բանավոր ավանդությունը ևս չի կարելի ժխտել՝ Ուղղափառության մեջ շատ բաներ փոխանցվում են բերանացի, բայց ներկա պարագային քաղվածքները ներկայացվում են՝ հիմք ընդունելով հենց գրավոր փաստաթղթերը:
Շատ մարգարեություններ գրառվել են կա՛մ ժամանակակիցներից, կա՛մ սբ. Կոզմասի նահատակությունից անմիջապես հետո: Այնպես որ մենք կարող ենք հաստատել, թե դրանք արտաբերել է սբ. Կոզմասը և հետագայում խնամքով պահպանվել են նրա աշակերտների կողմից:
Գործնական օգուտը
Շատ մարգարեություններ եղել և մնում են գործողությունների ուղեցույց կամ բոլոր մարդկանց, կամ էլ այս կամ այն բնակավայրի բնակիչների համար, ուր որ նա քարոզել է:
Մենք գիտենք ավելի քան 10 մարգարեություն, որոնք վերաբերվում են որոշակի տարածաշրջանների, ուր մարդկանց ասվել է ինչ անել այս կամ այն իրադրության ժամանակ:
«Երբ տապալվի ծառը, գնացե՛ք լեռներ, այնտեղ շատ մարդիկ կփրկվեն, ոչինչ մի՛ վերցրեք ձեր հետ, փրկվե՛ք ինքներդ, դժբախտությունը 24 ժամից ավելի չի տևի»:
Իրոք, այդ վայրերի մարդիկ, ուր որ դա ասվել է, ապաստան են գտել լեռներում և փրկել իրենց կյանքը թուրքերից, համաձայն սբ. Կոզմասի խոսքի:
Մեկ այլ մարգարեություն կատարվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
«Դժբախտությունը կհասնի մինչև խաչ, բայց ավելի վար չի իջնի»:
Խոսքը սբ. Կոզմասի կողմից իր քարոզչության վայրում թողնված խաչի մասին է (ի դեպ, Հունաստանում շատ վայրեր կրում են «Ստավրոս-Խաչ» անունը, որովհետև այդտեղ է քարոզել սուրբը):
Մի 94-ամյա ծերունի հիշում էր այդ մարգարեությունը, որը լսել էր դեռ իր ծնողներից, և երբ իտալական զորքերը հարձակվում էին, հրաժարվեց տարհանվել՝ միևնույնը կոչ անելով իր համագյուղացիներին: Դրանով նա հարուցեց իշխանությունների դժգոհությունը, նրան նույնիսկ մեղադրեցին խափանարարության մեջ: Ֆաշիստական Իտալիան հարձակվում էր, հունական բանակը պարտություն էր կրում, սակայն, սրբի խոսքերով, իրոք, հույները հակահարված տվեցին և իտալացիներին արգելեցին իջնել «խաչից վար» ու գրավել այդ գյուղը: Մարդիկ ամոթահար չեղան սրբի խոսքի նկատմամբ իրենց վստահությամբ:
Դասակարգումը
Հավանական է մարգարեությունների տարատեսակ դասակարգումը: Այժմ մենք դրանց կբաժանենք խմբերի հետևյալ կերպ.
1.Մարգարեություններ օսմանյան լծից Կ.Պոլսի պատրիարքության ազատագրության մասին, որոնք արվել է սբ. Կոզմասի քարոզչության այն տարիներին, երբ օսմանյան կայսրությունն ընդգրկում էր ոչ միայն Հունաստանը, այլ նաև ուղղափառ ժողովուրդներով բնակեցված Ալբանիայի և Թուրքիայի տարածքները:
Դրանց են վերաբերվում նաև Կ.Պոլսի ազատագրության մասին մարգարեությունները:
Այս մարգարեությունների մեծ մասը՝ Հունաստանի ազատագրության մասին, կատարվել է: Ինչ վերաբերվում է Կ.Պոլսին, դեռևս սպասում է իր կատարմանը:
2.Մարգարեություններ ապագա իրադարձությունների մասին՝ պատերազմներ, աղետներ, և ինչ կլինի ողջ մարդկությանը:
Մարգարեություներից շատերը, որոնք, ինչպես մենք հիմա հասկանում ենք, առնչվում են հեռավոր ապագային, պահպանվել են միայն այն պատճառով, որ մարդիկ շատ էին սիրում սրբին և ամբողջությամբ վստահում էին նրան:
«Կառքն առանց ձիերի՝ նապաստակից ավելի արագ կսուրա»:
Պարզ է, որ 18-րդ դարում սա հնչում էր անհասկանալի և նույնիսկ` անիմաստ: Այնպես, ինչպես մարգարեությունն այն մասին, թե այլ քաղաքում գտնվող մարդու հետ կարելի կլինի խոսել, կարծես, նա նստած է հարևան սենյակում.
«Կգա ժամանակ, երբ մարդիկ կխոսեն մի հեռավոր տեղից մյուսի հետ, օրինակ, Կ.Պոլսից Ռուսաստան» կամ «Կգա ժամանակ, և մարդիկ կկարողանան շփվել միմյանց միջև հեռու տարածություններում, կարծես, գտնվում են երկու հարևան սենյակում»:
Մարգարեություններ Կ.Պոլսի մասին
Երբ մարգարեությունը կատարվում է, ճշգրտությամբ հասկանալի է դառնում, թե ինչ նկատի ուներ սուրբը, իսկ առայժմ այն սպասում է իր ժամին, հավանական են նաև այլ մեկնաբանություններ:
Թուրքիայի հայտնի մասնագետ Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Դիմիտրիոս Կիցիկիսը մեկնաբանելով վերջին դեպքերը՝ ասում է, թե Թուրքիայի կործանման մասին Կոզմաս Էտոլացու մարգարեություններն իրականանում են մեր աչքերի առջև:
«Թուրքերը կհեռանան, բայց կրկին կվերադառնան և կհասնեն մինչև Հեքսամիլյա: Նրանց մեկ երրորդը կմեռնի, մեկ երրորդը կհավատա Քրիստոսին, իսկ մեկ երրորդը կհեռանա Կոկկինի Միլյա»:
Թուրքիայի բնակչության մեկ երրորդ մասը՝ 25 միլիոն, ալևիներ են, որոնք քրիստոնեությանը դրական են վերաբերվում: Չի կարելի մոռանալ ծածուկ քրիստոնյաների մեծ տոկոսի մասին: Ինչ վերաբերվում է բնակչության այն մեկ երրորդին, որի մասին ասվում է, թե կհեռանա Կոկկինի Միլյա (բառացի՝ Կարմիր մղոնանոց), խոսքը Քրդստան պետության ստեղծման մասին է:
Սա համընկնում է և սբ. Պաիսիոս Աթոսացու մեկնության հետ. մարդ, ով շատ էր սիրում սբ. Կոզմասին: Հենց այս մարգարեությունը սբ. Պաիսիոսը մեկնել է առավել մանրամասն: Նա ասել, որ «Հեքսամիլիան (Վեցմղոնանոցը)», ծովային խութեզրի 6 մղոնն է, ուր մշտապես բախվում են Թուրքիայի և Հունաստանի շահերը: Այդ իսկ 6 մղոնի վեճի արդյունքում տեղի կունենա մի այնպիսի լուրջ հակամարտություն, որում կներքաշվեն համաշխարհային գերտերությունները, ինչն էլ իր հերթին կհանգեցնի Թուրքիայի անկմանը:
Մարգարեություններ մեր ժամանակների մասին
«Կգա ժամանակ, և դուք չեք կարողանա որևէ բան ճանաչել»:
Չի կարելի պնդել, թե այս խոսքերը վերաբերվում են հենց մեր ժամանակներին, բայց այժմ արդեն բավարար չափով ակնհայտ է, որ Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ–ում, և ոչ միայն, ԶԼՄ–ները կեղծ մեքենայություններով կառավարում են հասարակական կարծիքը (ընդգծումը խմբագրությանն է): Արևմտյան Եվրոպայում շատ քչերը գիտեն, թե իրականում ինչ է տեղի ունենում Ուկրաինայում և Սիրիայում: Ճիշտ այնպես, ինչպես ոչ ոք չգիտեր, թե իրականում ինչ է տեղի ունենում Հարավսլավիայում: Իհարկե, ցանկության դեպքում կարելի է համացանցում տեղեկատվություն գտնել և վերահասու լինել ճշմարտությանը, սակայն այն իմանալ արևմտյան ԶԼՄ-ներից գրեթե անհնար է:
«Դպրոցներում այնպիսի բաներ կհայտնվեն, որ ձեր ուղեղում չեն տեղավորվի»:
Եվ, իրոք, մենք տեսնում ենք, որ Արևմուտքի դպրոցներում այնպիսի բաներ են ի հայտ գալիս, որոնք ուղեղը հրաժարվում է տեղավորել իր մեջ, օրինակ, արվամոլների առնչությամբ «հանդուրժողականության» դասերը և դրան նվիրված ուսումնական ծրագրերը:
«Դժբախտությունը ձեզ ուսյալներից կգա»:
«Այն, ինչին ստիպված եք լինելու համբերել, ձեզ կպատահի կարդացած մարդկանց պատճառով» :
«Կարդացածներն» այստեղ անկյունաքարային բառ է: Ամենաբուռն ցանկության պարագային իսկ անհնար է մեղադրել սբ. Կոզմասին, թե նա հակառակ է եղել կրթությանը. նա հիմնել է մոտ 1000 դպրոց, հայթայթել միջոցներ նրանց ծախսածածկման համար, պատրաստել է ուսուցիչներ, բացել 4 ուսումնական հաստատություն ուսուցիչների և քահանաների պատրաստության համար, սբ. Նիկոդիմոս Աթոսացու և այլ գործակիցների հետ հրատարակել է ուսումնական գրականություն: Եվ, այդուհանդերձ, արտաբերել է նման խոսքեր: Ինչի՞ մասին է դա վկայում: Որ մերկապարանոց գիտելիքը՝ «կարդացած լինելը», իրազեկվածությունը, բավարար չէ. շեշտը դրվում է միայն սեփական խելքին, սեփական «եսին», սեփական եսասիրությանը, ինչը մարդուն տանում է փակուղի:
Իսկապես, շատ բաներ վիճակված է համբերել այդ կարդացած մարդկանց պատճառով:
Ժամանակակից հետքրիստոնեական եվրոպական քաղաքակրթության ակունքներում եղել է եվրոպական Լուսավորությունն՝ իր ռացիոնալիզմով և կրոնի նկատմամբ քննադատական վերաբերմունքով: Եթե կարդանք ժամանակակից ազատամիտներին, ապա պարզ կլինի, որ նրանք խորհում և գործում են միևնույն ճանապարհով, ինչ որ նրանց նախորդները՝ Վոլտեր, Ռուսո և այլք:
Սբ. Կոզմասը եվրոպական Լուսավորության հակառակորդն էր:
Նա ասում էր, որ անհրաժեշտ է Աստվածային լուսավորություն (ընդգծումը խմբագրությանն է): Կարդացած լինելուց բացի, անհրաժեշտ է հոգևոր գիտելիք, ինչին հասնում են եկեղեցական կենսափորձի միջոցով: Որքան էլ կարդացած ու իրազեկ լինի մարդը, նրան կարելի է համեմատել միայն հիմք ունեցող տան հետ: Եթե չկան պատեր, չկա ծածկ, ապա այն բավական անիմաստ կառույց է: Նույնը և կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր փորձում են ամեն ինչ անել ինքնուրույն, առանց Աստծո: Դա մշտապես տանում է փակուղի, և հաճախ ոչ միայն հենց այդ մարդկանց, այլև ամբողջ ժողովուրդների և երկրների:
«Առվակները կսպառվեն, իսկ գետերն աղտոտ կդառնան»:
Շատ տարածաշրջաններում այսօր նկատվում է և՛ խմելու ջրի պակաս, և՛ աննախադեպ աղտոտվածություն. այստեղ մեկնաբանելու էլ ոչինչ չկա:
«Ձեր ափսեները ծայրեծայր լեցուն կլինեն, բայց կերակուրն անհնար կլինի ճաշակել»:
Բավական ճշգրիտ և բացառիկ մարգարեություն: 18-րդ դարում միանգամայն անհասկանալի էր, թե այդ ինչպես ափսեները լեցուն են կերակրով, բայց դրանցից ճաշակելն անհնար է: Այժմ մենք դրա ականատեսն ենք. գենային վերափոխված սննդամթերքը կամ սննդամթերք, որը լեցուն է «պահպանիչ» տարրերով, այնպիսի բաների «համերով», որոնք դրանում ուղղակի չկան: Բավարար ապահովված մարդիկ դեռևս կարող են գտնել որևէ առավել կամ պակաս բնական մթերք, սակայն հնարավոր է, որ յուրաքանչյուր տարվա հետ դա անելն ավելի կդժվարանա:
«Մենք կտեսնենք, թե ինչպես մեր երկիրը կվերածվի Սոդոմ–Գոմորի»:
Միասեռական կենակցության օրինականացման ամենատարբեր ձևերը, իսկ որոշ տարածաշրջաններում նաև այդպիսի զույգերի կողմից երեխա որդեգրելու արտոնությունը, ամբողջ աշխարհով այդ ամենի քարոզչությունը… ընթանում է մեր երկրի՝ Սոդոմ-Գոմորի վերափոխման գործընթացը, և մենք այդ ամենը տեսնում ենք:
«Կգա ժամանակը, և սատանան աշխարհի վրա կշրջի իր «սարքով»»:
Գլոբալ դիտարկումը, մարդկանց նկատմամբ վերահսկողությունը. սովորաբար այսպես է վերծանվում այս մարգարեությունը: Մենք կարող ենք նույնացնել «սարքը» արբանյակների համակարգի հետ, որոնք իրականացնում են մշտական դիտարկում տեսանելիությամբ կամ կապի տարբեր կարգի միջոցների պահպանման ծառայությունների մատուցման օգնությամբ:
«Կգա ժամանակը, երբ աշխարհը կկառավարեն αλαλα-ն և μπαλαλα–ն»:
«Αλαλα» և «μπαλαλα» բառախաղ է, ինչը կարելի է թարգմանել որպես որևէ հոգեզուրկ բան: Մեկնաբանների մեծ մասը մարգարեությունը կապում է ժամանակակից տեղեկատվական հասարակության հետ, երբ համակարգչային տեխնոլոգիաները կազմում են տեխնոլոգիական գործընթացների և մեքենաների աշխատանքի հիմքը:
«Կգա ժամանակ, երբ ողջ աշխարհը գոտևորված կլինի մի թելով»:
Նախկինում սա հասկանում էին որպես հեռագիր, իսկ այսօր, անշուշտ, խոսում են համացանցի (ինտերնետ) մասին՝ ցանց, սարդոստայն:
«Համաշխարհային պատերազմից հետո մարդիկ կուտեն ոսկե գդալներով»:
Նախկինում՝ դեռ 40-50 տարի առաջ, այս մարգարեության առնչությամբ տարընթերցումներ կային, սակայն այսօր բոլոր մեկնաբանները համամիտ են, որ նկատի է առնվում Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած ժամանակահատվածը, երբ Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում տիրում էր բարեկեցություն, և երբ ծնվեց սպառողականության պաշտամունքը:
«Դուք կտեսնեք, երբ ոմանք կվերաբնակվեն վերև, իսկ մյուսները՝ ներքև»:
Այս մարգարեությունը զանգվածային միգրացիայի մասին է: Հույների մոտ «վերև և ներքևը» միշտ հարավն ու հյուսիսն են: Մեկ այլ մարգարեությամբ սա ասված է ուղղակի.
«Երբ տեսնեք, թե ինչպես ոմանք վերաբնակվում են հարավ, իսկ մյուսները՝ հյուսիս, ապա արդեն մոտ կլինի»:
«Արդեն մոտ կլինին» կարելի է երկակի հասկանալ: Սբ. Կոզմասն օգտագործում է այս բառերն օտար լծից Հայրենիքի ազատագրության մասին խոսելուց: Սակայն միաժամանակ մենք հանդիպում ենք այս արտահայությունը՝ «արդեն մոտ կլինի » , երբ նա խոսում է Հակաքրիստոսի ժամանակների մասին:
Մեզ հայտնի չէ, թե ինչ ժամանակների մասին է սա ասված, քանի որ անհայտ է ենթատեքստը՝ որտեղ է ասվել մարգարեությունը, ինչպիսի հանգամանքներում:
Ժողովուրդների խոշոր վերաբնակեցումներ եղել են, իհարկե, նախկինում ևս, սակայն գլխավորն այստեղ «վերև-ներքև»՝ հարավն ու հյուսիսն են, այն է՝ գործընթացի բազմակի ուղղվածությունը և դրա անընդհատությունը: Ահա թե ինչին է պետք ուշադրություն դարձնել: Եվ այժմ մենք, իրոք, տեսնում ենք բազմակի ուղղվածություն ունեցող գործընթաց: Երբ միևնույն Եվրամիություն լցվեցին վերաբնակիչներ Արևմտյան Եվրոպայից, միգրացիա էր հյուսիսից: Այժմ մենք տեսնում ենք միգրացիա նաև հարավից և որոշ հարևանների ցանկությունը Եվրոպա (այդ թվում՝ Հարավային) տեղափոխվելու, գումար աշխատելու:
«Վա՛յ Հունաստանին, երբ նրա հողում կվերաբնակվեն այլացեղ ժողովուրդներ»:
Սա ուղղակի մեր ժամանակն է: Սբ. Կոզմասը երբեք հույներին չի հակադրել այլ ուղղափառ ժողովուրդների, այնպես որ, այստեղ խոսքն այլակրոնների մասին է: Հունաստանը միշտ եղել է էթնիկ իմաստով բավական միատարր պետություն, սակայն դա փոփոխվում է հենց մեր աչքի առաջ՝ յուրաքանյուր օր երկիր են հասնում հազարավոր մահմեդական վերաբնակիչներ:
Մի մարգարեությամբ սբ. Կոզմասն արտահայտվում է քաղաքականորեն ոչ այնքան պատշաճ կերպով.
«Կգան աղտոտ ժողովուրդներ. երբ նրանք հայտնվեն, մի՛ վախեցեք: Երբ նրանք կսկսեն հեռանալ, մի կողմ քաշվե՛ք»: Առաջին մասը մենք չենք մեկնաբանի, իսկ երկրորդ մասը որոշ լավատեսություն է ներշնչում նրանց, ովքեր վնաս են կրել այդ գործընթացներից. նշանակում է, որ նրանք վաղ թե ուշ կգնան:
«Ձեզ կհատկացնեն շատ դրամ և հետ կպահանջեն, սակայն չեն կարողանա այն ստանալ»:
Հունաստանին, իրոք, շատ վարկեր տվեցին, հետ պահանջեցին դրանք, սակայն չեն կարողանում ստանալ. սա կարելի է մեկնել այն իմաստով, որ Հունաստանի պարտքը միայն աճում է, չնայած բոլոր ձեռնարկվող միջոցներին: Այսպիսի մեկնաբանություն է տարածված ժամանակակից պատմագրության մեջ:
«Հարկ կդնեն անգամ հավերի և պատուհանների վրա»:
Նախկինում սա ընդունված էր հասկանալ պատկերավոր կերպով:
Իսկ այժմ՝ ուղղակի իմաստով: 2009թ. ճգնաժամի սկզբին հարկերից խուսափելը կանխելու համար Հունաստանի կառավարությունը սկսեց անդորագրերով հարկային պահանջներ առաքել էլեկտրաէներգիայի վարձի հետ միասին: Այն դեպքերում, երբ մարդիկ չէին կարողանում վճարել, էլեկտրականությունն անջատում էին: 2012թ. վերջին հարկավորման ենթակա գույքի ցանկում ընդգրկվեցին նաև հավանոցները (հավերի քանակի հաշվառմամբ). մարգարեության առաջին մասն իրականացավ բառացիորեն:
2013թ. հոկտեմբերին կատարվեց և երկրորդը: Անշարժ գույքի հարկման նոր խմբագրության մեջ (ինչը մի քանի անգամ ավելացվել է) ընդգրկվել է նաև այնպիսի չափանիշ, ինչպես պատուհանների քանակը տանը (որքան դրանք շատ են, այնքան բարձր է հարկը):
«Կգա ժամանակ, երբ թացերը կայրվեն չորերի հետ»:
Անմեղները ստիպված կլինեն կիսել վշտերն ու դժբախտությունները մեղավորների հետ: Երբ Աստծուց կուղարկվեն պատիժներ, և մարդկությունն իր անմիտ վարքով աղետներ կհարուցի իր իսկ նկատմամբ, դրանց կենթարկվեն նաև անմեղ մարդիկ:
Սբ. Կոզմասն ասում էր, որ պետք չէ դրանից երկյուղել: Շատերը վախենում են վերջին ժամանակներից՝ կենտրոնանալով բացասական կողմերին:
Սբ. Կոզմասը նախազգուշացնում է անսովոր իրադարձությունների մասին. կլինեն և՛ պատերազմներ, և՛ դժբախտություններ, նա դա չի թաքցրել: Սակայն, այնուհանդերձ, նա ասում էր, որ Քրիստոսի հետ, Եկեղեցու հետ ոչինչ ահավոր չէ: Նույնիսկ եթե հարկ լինի նահատակություն ունենալ, ուղղափառ մարդը պետք չէ տրտնջա և վախենա դրանից:
Մենք տեսնում ենք դա նաև նրա մարգարեություններում, և առավել ևս նրա խրատներում. ոչինչ չի կարող մարդուն անջատել Քրիստոսից, բացի նույնինքն մարդուց:
«Կգա ժամանակ, երբ թշնամիները ձեզնից կխլեն անգամ օջախի մոխիրը: Բայց դուք մի՛ դավաճանեք ձեր հավատքը, ինչպես դա կանեն այլ շատերը»:
«Ինչ լինի ձեզ մոտ, ամենը տվե՛ք, պահպանե՛ք միայն ձեր հոգիները»:
Սա շատ կարևոր կոչ է: Բոլոր նյութական բարիքները, հարմարությունները, կայունությունը՝ ամենը պատրանք է, երկրայինը տեղ չունի ապագայում, «հոգ տարեք միայն հոգու և Քրիստոսի մասին»:
Թարգմանությունը ռուսերենից` Վարդան Մարկոսյանի:
Աղբյուր. www. agionoros.ru