Եսասիրությունը մեզ զրկում է խաղաղությունից և ուրախությունից
Սբ. Պաիսիոս Աթոսացի
-Գե՛րոնդա, պատճառն ի՞նչ է, որ միշտ խաղաղ չեմ:
-Եսիցդ չես ազատագրվել, քո հին մարդու ստրուկն ես: Հոգ տար վանելու եսդ, որովհետև, եթե չվանես, եսդ քեզ կվանի: Եսասիրություն ունեցողը չի կարող հանգստություն, հոգու խաղաղություն ունենալ, որովհետև ներքուստ ազատ չէ. կրիայի նման է, իսկ քայլվածքն էլ կրիայի քայլվածքին է նման: Կրիան անկաշկա՞նդ է իր գլուխը դուրս հանում. մեծամասամբ փակված է մնում իր պատյանում:
-Գե՛րոնդա, կարծում եմ, որ տեսականորեն հասկանում եմ խնդիրը, սակայն գործնականում…
-Գործադրումը դժվար է. հին մարդն այնտեղ է դժվարանում: Սակայն եթե պատվախնդրությամբ մեր հին մարդուն չճնշենք, ապա մեր հոգևոր կառույցը հօդս կցնդեցնի:
-Գե՛րոնդա, դժոխքն ինչպիսի՞ն է:
-Լսածս մի պատմությունը քեզ պատմեմ: Մի անգամ մի պարզ մարդ Աստծուց խնդրում էր, որ իրեն ցույց տա, թե դրախտն ու դժոխքն ինչպիսին են: Եվ այսպես, մի գիշեր քնի մեջ իրեն ուղղված մի ձայն է լսում. «Ե՛կ, քեզ ցույց տամ դժոխքը»: Այդ ժամանակ հայտնվում է մի սենյակում, ուր շատ մարդիկ էին նստած մի սեղանի շուրջ, և մեջտեղում կերակուրով լի մի կաթսա կար: Սակայն ամենքը քաղցած էին, որովհետև չէին կարողանում ուտել: Յուրաքանչյուրը ձեռքին մի երկար գդալ ուներ. կաթսայից ճաշը վերցնում էին, սակայն չէին կարողանում գդալն իրենց բերաններին մոտեցնել: Այդ իսկ պատճառով ոմանք տրտնջում էին, ոմանք` բղավում, ոմանք` լացում… Այնուհետև նրան կանչող նույն ձայնն ասում է. «Ե՛կ, հիմա քեզ դրախտը ցույց տամ»: Այդ ժամանակ հայտնվում է մի ուրիշ սենյակում, ուր շատ մարդիկ էին նստած նախորդի նման մի սեղանի շուրջ, և կենտրոնում կրկին մի կերակրակաթսա կար, իսկ մարդիկ միևնույն երկար գդալներն ունեին: Սակայն ամենքն էլ կուշտ էին և ուրախ, որովհետև յուրաքանչյուրն իր գդալով կաթսայից կերակուր էր վերցնում և մյուսին կերակրում: Հիմա հասկացա՞ր, թե ինչպես այս կյանքից սկսած կարող ես Դրախտն ապրել:
Նա, ով բարին է գործում, ցնծում է, որովհետև աստվածային մխիթարությամբ է վարձատրվում: Ով չարիք է գործում` տանջվում է, իսկ երկրային դրախտն երկրային դժոխք է դարձնում: Սեր, բարություն ունե՞ս` հրեշտակ ես, և ուր էլ գնաս կամ հանգրվանես` Դրախտն ես փոխանցում: Կրքե՞ր, չարությու՞ն ունես` սատանային ունես մեջդ, և ուր էլ գնաս կամ հանգրվանես` դժոխքն ես փոխանցում:
Այստեղից սկսած ենք ապրում Դրախտը կամ դժոխքը:
Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:
Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος Ε΄, Πάθη και αρετές
, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2007.
©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է: