Սբ. Գրիգոր Պալամասի (1296-1359 թթ.) վարդապետությունը
Ըստ սբ. Գրիգորի` գոյություն ունեն երկու տեսակի իմաստություններ` մեկն աստվածային, իսկ մյուսը` աշխարհիկ: Առաջինը ներկայացված է Աստվածաբանությամբ, իսկ երկրորդը` փիլիսոփայությամբ (գիտությամբ): Փիլիսոփայությունը մարդուն ներածում է նյութական առարկաների գիտության մեջ և տալիս նրան հասարակական կյանքի օրենքները, մինչ Աստվածաբանության նշանակությունն անհամեմատ գերակա է թե՛ փիլիսոփայության, թե՛ գիտության հանդեպ. Աստվածաբանությունը մարդու ներաշխարհի ու Աստուծո մասին իմացությունն է: Աստված ըստ էության անիմանալի է մարդու համար, սակայն այնուամենայնիվ ադամորդին կարող է որոշ գիտելիք ունենալ Տիրոջ մասին` այն չափով, որքան Աստված կամենա և մարդը բավարարի որոշակի պայմանների: Աստվածաճանաչողության «գործիքը» հավատքն է, որը սբ. Գրիգորը համարում է գերապացույց, գերբնական մի զորություն: Հավատքը գերազանցում է հոգու բոլոր մտային կարողությունները և առաջնորդում անմիջական աստվածատեսության:
Սբ. Գրիգորը հատուկ ընդգծում է այն, որ Աստուծո Էությունը բացարձակ անիմանալի, անճանաչելի և անհասանելի է արարածների համար: Այն բոլորովին անդրանցական է, ենթակա չէ ոչ մտավոր հասողությանը, և ոչ անգամ միստիկ փորձառությանը: Աստուծո Էության ու արարածների, այդ թվում նաև` մարդու միջև անանցանելի անդունդ է: Սակայն Աստված, որպես Կենդանի Էակ, ունի նաև ներգործություն (հուն. «էներգիա»), որը բխում է իր Էությունից: Աստուծո անստեղծ (անեղ) Էությունից անբաժան է նրա անեղ ներգործությունը: Էությունն ու ներգործությունը անքակտելի, բայց և` զանազանելի միություն են կազմում, ինչպես արեգակի սկավառակն ու նրա ճառագայթները: Եվ ահա, Աստված, իր Էությամբ անդրանցական ու անհասանելի լինելով, ներգործությամբ հաղորդակցվում է արարածների հետ, և վերջիններս կարող են հաղորդակից լինել Աստուծո ներգործությանը:
Մեղսագործությունից առաջ նախամարդը, հոգեմարմնավոր կատարյալ ներդաշնակություն լինելով, հաղորդակից էր Աստուծո ներգործությանը, սակայն մեղսագործությունից հետո ընկավ այդ երանական վիճակից: Այդ անկումը հավասարազոր էր հոգու մահվանը քանզի, ինչպես շեշտում է սբ. Գրիգորը, մարդկային կյանքն արժեք ունի այն դեպքում միայն, երբ հաղորդակից է Աստուծո կյանքին: Հոգու մահվանը հաջորդում է մարմնի մահը:
Անկյալ մարդուն գալիս է վերականգնելու Մարմնացյալ Աստվածորդին` Տեր Հիսուս Քրիստոսը: Լոգոսի մարդեղությունը միակ, եզակի և անկրկնելի դեպքն է, երբ Աստվածորդու Անձի մեջ միավորվում են Աստվածային անեղ Էությունն ու մարդկային եղական բնությունը: Այդ միության շնորհիվ ադամորդին վերստին հնարավորություն է ստանում Քրիստոսի միջոցով հաղորդակից լինելու Աստուծո էներգիային: Քրիստոսի մարդկային բնությունը, Աստվածայինին միավորվելով, մարդկության համար նոր շաղախ ու արմատ է դառնում: Ի Քրիստոս կյանքը նոր գոյավիճակ է, որը գերազանցում է դրախտի կյանքը` ավելի բարձր` Երկնքի Արքայություն մարդուն հասցնելով: Այս գոյավիճակն այլ բան չէ, եթե ոչ` աստվածային կյանքը, և դրան հասած մարդը, արարած լինելով հանդերձ, նոր` շնորհական ու գերբնական հատկություններ է ձեռք բերում: Աստված և մարդը ընդհանուր կյանքով են ապրում` Առաջինը` որպես կյանքի բնական աղբյուր, երկրորդը` որպես դրա շնորհական անոթ: Աստուծո ներգործությունն ու մարդու ներգործությունը միասնություն են կազմում: Դա աստվածացումն է` «թե՛ոսիսը», որը յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի գերնպատակն է: Բայց դրան պետք է նախորդեն երկու փուլեր. նախ` մեղքերից ու կրքերից մաքրագործումը («կա՛թարսիս»), և ապա Սբ. Հոգու լուսավորումը («ֆո՛տիսիս»):
Աստուծո ներգործության տեսանելի կերպը աստվածային լուսո ճառագումն է, որի մասին բազմիցս խոսում են Աստվածաշնչն ու Եկեղեցու Ավանդությունը: Ճիշտ այդ լույսը սբ. Հոգու հատուկ ներգործությամբ և ոչ թե մարմնավոր աչքերով տեսան սբ. առաքյալները Տիրոջ Պայծառակերպության ժամանակ: Թաբորյան լույսը սովորական, արարված լույս չէր, այլ հենց աստվածային ներգործության ճառագումը: Եվ նույն այդ թաբորյան լույսն է, որ լուսավորում է մեղքից մաքրված սրբերին: Սակայն այս կյանքում մարդն Աստուծո լույս-ներգործությանը հաղորդակից է լինում միայն մասնակի, միայն նախաճաշակում է այն: Իսկ ամբողջական կերպով այդ հաղորդակցումը կլինի Տիրոջ երկրորդ գալուստից հետո, երբ «արդարները Երկնքի Արքայության մեջ կծագեն ինչպես արեգակը» (Մատթ., 13, 43):
Պատրաստեց Գ. Ղազարյանը
Սբ. Գրիգոր Պալամասի (1296-1359 թթ.) վարդապետությունը