Հոգետես ու հոգեխնամ սբ. Գևորգ Կարսլիդիսը
Հոգետես ու հոգեխնամ սբ. Գևորգ Կարսլիդիսը
(1901-1959 թթ.)
1940թ. Սիփսա գյուղում, որտեղ ապրում էր սբ. Գևորգը, ուրախություն էր. գյուղացիները երգում էին, պարում: Բայց սբ. Գևորգը վշտաբեկ խոնարհում էր գլուխը ու ասում.
-Ա՜խ, երեխանե՜ր, չգիտեք, թե ի՜նչ է գալիս…
Երբ մարդիկ հարցնում էին, թե ինչ է պատահել, ինչու է հ. Գևորգն այդքան տխուր, նա պատասխանում էր.
-Դուք չգիտեք, չգիտեք:
Հետո նա փակվում է իր խցում, և մի շաբաթ շարունակ միայն ծերի լացի ձայնն էր լսվում: Այդ շաբաթվա վերջին հայտարարվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը:
***
Սիփսայի մի բնակչուհի տեսիլքում տեսնում է իբր Աստվածածնին ու Քրիստոսին, ովքեր կնոջը պատմում են գալիք պատուհասների ու սարսափների մասին: Երբ կնոջ մասին պատմում են ծերին, նա այցելում է գեղջկուհուն` համոզելով եկեղեցի գալ: Երբ կինը գալիս է, հ. Գևորգը հավաքում է ժողովրդին ու սկսում կարդալ Աստվածածնի Հայցողական կանոնը: Աղոթասացության վերջում մի ուժեղ թնդյուն է լսվում. այդ պահին «մարգարեուհին» ազատվում է իրեն բռնած դևից: Խորանից դուրս գալով` ծերը դիմում է ժողովրդին.
-Կինը բժշկվեց այստեղ աղոթող երեխաների շնորհիվ: Եթե չբժշկվեր, դևը նրան կամ ջրի, կամ էլ հրի մեջ պիտի գցեր:
***
Անծանոթ մի կնոջ, ով առաջին անգամ է գալիս ծերի մոտ, սուրբն ասում է.
-Առանց պատանքի երեք մեռել ունես:
-Այո՛, հա՛յր, ի՞նչ անեմ. ամուսնուս թուրքերն սպանեցին ու ես չտեսա նրան: Երբ գաղթում էինք, երեխաս նավի մեջ մեռավ, ու նրան ծովը գցեցի: Երկրորդ ամուսնուս 1941 թ. բուլղարացիներն սպանեցին ու մյուսների հետ հորը գցեցին:
Սբ. Գևորգը ցավակցաբար ասում է.
-Կանես այն, ինչ որ ասում եմ քեզ, քանի որ չեմ կարող նրանց այդպես մերկ տեսնել. գործվածք կգնես, ու երեք որբերի համար շոր կկարես:
***
Հ. Գևորգի հոգևոր զավակներից մեկը սրբին է բերում իր ննջեցյալների անունները` քառասուն օր շարունակ սբ. Պատարագին հիշատակելու: Հ. Գևորգը մի օր նրան կանչում է ու ասում.
-Ամեն բան լավ է. այդ հոգիները գալիս են սբ. սեղանի մոտ ու կերակրվում են: Բայց քո քավորակնոջ անունը չես գրել, նա մի կողմ է կանգնած ու բողոքում է:
***
Մի կին հ. Գևորգին սերկևֆիլներ է տանում: Ճանապարհին հղի մի կին, մրգերի անուշ հոտն առնելով, խնդրում է դրանք, սակայն նվիրատուն մերժում է: Երբ ի վերջո հասնում է սբ. Գևորգի մոտ, նա ասում է.
-Ճանապարհին դրախտի դուռն առջևդ բացվեց, իսկ դու այն փակեցիր:
***
Մի գյուղացի դաշտում կայծակահար է լինում: Նրա գլխարկը քրքրվում է, վզի շղթան` հալչում, բայց խաչն անվնաս է մնում: Սբ. Գևորգը նրան ասում է
-Իմացա՛ծ եղիր, որ կայծակից քեզ խաչն է փրկել:
***
Սբ. Գևորգը մարդկանց զգուշացնում էր, որ եկեղեցական տոներին չի կարելի աշխատել: Սբ. Վառվառայի տոնին գյուղացիներից մեկը կնոջ հետ գնում է դաշտ` սերմնացանի: Ճանապարհին տեսնում են հ. Գևորգին` ընկուզենու տակ նստած:
-Ու՞ր ես գնում, – հարցնում է ծերը գյուղացուն:
-Գնում եմ սերմնացանի:
-Ե՛տ գնա, այսօր մեծ տոն է: Վաղը կգնաս:
-Ախր վաղն էլ տոն կա: Եկեղեցին ամեն օր տոն ունի, ե՞րբ ենք աշխատելու:
Ծերից թաքուն նա ի վերջո գնում է դաշտ ու սերմը ցանում: Երեկոյան հ. Գևորգը նրան վանք է կանչում: Վախեցած գյուղացին գնում է ծերի մոտ:
-Քեզ չասացի՞, որ գործ չանես: Երբ հնձես, այսօրվա ցանածը կառանձնացնես. քեզ չի պատկանում, աղքատներին պիտի բաժանես:
Երբ հասնում է հունձքի ժամանակը, անհնազանդ գյուղացու ցորենն ամենավտիտն ու ցածրն է լինում, հակառակ նրա, որ հատուկ խնամքով էր մշակել: Դրանից հետո նա լավ է հասկանում, թե ինչպիսին է լինում անհնազանդության պտուղը:
***
Մի գեղջկուհի հիվանդանում է այն ժամանակ դեռ անբուժելի բորոտությամբ: Նրա դեմքն այլանդակվում է, մի ականջը քայքայվում ու ընկնում: Անտանելի ցավեր է ունենում ու անասելի տառապանք: Երբ դժբախտության մասին հայտնում են ծերին, նա պատվիրում է կնոջ վրա յոթ օր իրար ետևից Հիվանդաց օծման Խորհուրդը կատարել, նաև` հնարավորինս շուտ ուրիշ տուն տեղափոխվել` բացատրելով խնդրի պատճառը. այն տանը, որտեղ ապրում էր հիվանդը, առաջ բուլղարացիեր են ապրած լինում, ու երբ 1944թ. ստիպված լքում են գյուղը, տան աստիճանների տակ թուղթուգիր են թաքցնում: Նրա ասածը կատարելուց հետո բորոտ կինն իսպառ ապաքինվում է, ամուսնանում ու բազմազավակ երջանիկ մայր դառնում:
***
Սիփսացի մի կնոջ տուն մի մարդ է մտնում` ողորմություն խնդրելու: Կինն ինչ-որ բան տալիս է, սակայն մտածում է, որ երևի իզուր, քանի որ մուրացկանը շատ ճոխ պիջակ է հագած լինում: Շատ չանցած կնոջ տուն է գալիս սբ. Գևորգը.
-Դու գիտե՞ս, թե այդ մարդը որքա՜ն մեծ կարիք ունի: Իր միակ շորն այդ պիջակն էր. խեղճն ուրիշ ի՞նչ կարող էր հագնել:
Ծերն այդ կնոջը հաջորդ օրն իսկ հարևան գյուղն է ուղարկում` մուրալու: Երեկոյան գեղջկուհին տուն է վերադառնում` երկու կապոց իրերով:
-Ա՜խ, հա՛յր, ես ինքս երեք կապոց կտայի, միայն չմուրայի: Ի՜նչ ամոթ էր:
-Հիմա իմացի՛ր ու այլևս բան չասես, -եզրափակում է ծերը իր այդ դասը:
***
Սբ. Գևորգի առաքինությունն այնքան մեծ էր, որ նա ներողություն էր խնդրում նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշներն էին իր հանդեպ մեղանչել: Մի օր գյուղացիներից մեկը շատ կոպիտ է նրա հետ խոսում ու վիրավորանք է հասցնում: Սակայն ծերը նվաստացում չի համարում ներողություն խնդրելը, թեև մեղավորն ինքը չէր: Նա գնում է իրեն վիրավորածի մոտ ու ասում.
-Քո ներողությունն եմ խնդրում, քանի որ վաղը խորան պիտի մտնեմ` սբ. Պատարագ մատուցելու: Չեմ կարող այսպես, ների՜ր ինձ…
***
Սիփսայում մի հարուստ կին կար, ով չոր ու անխիղճ սիրտ ուներ: Ծերը նրան էլ էր բարերարություն անում, մրգեր էր ուղարկում, սակայն երբ դրանք ավելանում էին, կինը մրգերը թափում էր իր անասունների դիմաց, թեպետև տեսնում էր իր հարևանուհու սովալլուկ երեխաներին: Ի վերջո կինն անիրավություն է անում նաև իր բարերար ծերի հանդեպ: Եվ մի օր, երբ ծերն անցնում է անսիրտ ու ապերախտ կնոջ տան մոտով, ցավով ասում է.
-Անիծեմ` չի լինի, չանիծեմ` նույնպես:
Ինչ-որ ժամանակ հետո երկհարկանի տունը թղթե տնակի պես փուլ է գալիս, և աղյուսը աղյուսի վրա չի մնում…
Պատրաստեց Գ. Ղազարյանը
Հոգետես ու հոգեխնամ սբ. Գևորգ Կարսլիդիսը