/ Վարք Սրբոց / Տոն սբ. վկա Իրինարքոս Սեբաստացու

Տոն սբ. վկա Իրինարքոս Սեբաստացու

 

 Տոն սբ. վկա Իրինարքոս Սեբաստացու

 

Նոյեմբերի 28/ դեկտեմբերի 11

Տոն սբ. վկա Իրինարքոս Սեբաստացու

 

     Սբ. մարտիրոսների վկայաբանություններում հաճախ կարելի է հանդիպել դեպքերի, երբ նրանց գազանների առջև են գցում, բայց վերջիններս, սրբության առջև իրենց բնական վայրագությունը մոռանալով, անվտանգ ու հեզ կենդանիների են վերածվում: Սակայն սրանից առավել մեծ հրաշք է, երբ սրբությունից ազդված` փոխվում է ամանավտանգավոր գազանը` խիղճն ու գութը կորցրած մարդը: Հենց այդպիսին էր Իրինարքոսը` Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքից: Դեռ պատանի հասակում նա հաճախում էր մահապատժի վայրերը և հաճույքով դիտում, թե հանցագործներին ինչպիսի կտտանքների են ենթարկում: Եվ հասունանալով, ընտրում է դահճի մասնագիտությունը:

    Իրինարքոսը որպես դահիճ չարչարանքների էր ենթարկում ամենատարբեր հանցագործների, այդ թվում նաև` հանցագործ հայտարարված քրիստոնյաներին: Սակայն դահիճը տպավորվում էր նրանից, որ քրիստոնյաներն ուրիշ ձևով էին դիմագրավում: Ի տարբերություն հեթանոսների, նրանք համբերությամբ ու հոգու արիությամբ էին տանում տառապանքը, հաճախ` ուրախությամբ ու շարականների երգեցողությամբ:

   Մի անգամ Իրինարքոսին հանձնարարվում է չարչարել յոթ քրիստոնյա կանանց: Երբ դահճի կիրառած բոլոր տանջանքները ապարդյուն են անցնում, իշխանությունները նրանց մահվան են դատապարտում: Իրինարքոսը կանանց տանում է վճիռն ի կատար ածելու: Գլխատումից առաջ կանայք ծնկի են գալիս, աղոթում, և իրենց դահճին շրջվելով, ասում են.

   -Քրիստոսը` ճշմարիտ Աստվածը, թող քեզ ևս օրհնի:

   Իրինարքոսը սառնասրտորեն գլխատում է կանանց: Սակայն մահապատիժն իրագործելուց հետո նա հանկարծակի խորապես ցնցվում է իր զոհերի սիրո մեծությունից: Եվ քիչ րոպեներ անց ինքն է բացականչում.

  -Մե՜ծ է քրիստոնյաների Աստվածը:

   Ահա այդպիսի ազդեցություն էր ունեցել քրիստոնյա կանաց կենդանի օրինակն ու ի սրտե  աղոթքը իրենց դահճի համար:

  Այս անգամ որպես զոհ դատարանի առջև է կանգնում Իրինարքոսը: Քրիստոնեության մասին գրեթե ոչինչ չիմանալով, նա իրեն քրիստոնյա է հռչակում, արտասուքով աղերսում որ Աստված իրեն ների այնքան քրիստոնյաների դաժան կտտանքների ու սպանության համար: Իրինարքոսի վզին քար են կապում ու Սեբաստիայի լիճն են նետում: Տիրոջ հրեշտակները սակայն ջրից դուրս են հանում նրան և առաջնորդում ափ, որտեղ էլ Իրինարքոսը սբ. Մկրտության է արժանանում Ակակիոս քահանայի ձեռքով:

  Իրինարքոսին ու Ակակիոսին հեթանոսները հրկիզման են դատապարտում: Հսկա խարույկը վառելու պահին երկու քրիստոնյա երեխաներ դեպի հուրն են վազում, ցանկանալով  նահատակվել Քրիստոսի համար: Սակայն սրբերի աղոթքով հուրը կամարի պես բարձրանում է նրանց գլխին` բոլորովին չվնասելով:

  Ի վերջո սրբերին հանում են հրից ու գլխատում: Նրանց պարագային իրականություն է դառնում սբ. Դավիթ մարգարեի խոսքը. «Մենք անցանք հրի ու ջրի միջով, և մեզ հանգստի հանեցիր» (Սաղմ. 65, 11):

  Սեբաստացի սբ. մարտիրոսների բարեխոսությունը բոլորիս հետ թող լինի:

  Պատրաստեց` Գ. Ղազարյանը

 

 

Տոն սբ. վկա Իրինարքոս Սեբաստացու

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com