Ամենասուրբ Աստվածածնի մուտքը Տաճար
Սբ. Տարասիոս Հայրապետ Կոստանդնուպոլսի
(784-806թթ.)
Ամենասուրբ Աստվածածնի մուտքը Տաճար
Պայծառ ու նորահրաշ է ներկա տոնախմբությունը, և միշտ Կույս Աստվածածնի` Տաճար մուտք գործելը երգասացության հանդեպ տոնասերների փափագն է արծարծում. այսօր երկինքն ու երկիրը, ընդհանուր տոն կատարելով, երկուսն էլ փառաբանում են Արարչին, Ով Իր բնակության համար մահկանացու բնությունից [սերող] աստվածամանուկ Աղջկան է ընտրել: Այսօր բոլոր հավիտյաններից առաջ նախասահմանված ու վերջին ժամանակներում հայտնվելիք Խորհրդի բնակարանն է նախապատրաստվում: Այսօր Հովակիմից ու Աննայից խոստմամբ ծնվածը վերջիններիս կողմից որպես պատվական ընծա մատուցվում է Նրան, Ով հաճեցել է հետագայում Մարիամից ծնվել: Այսօր ուրախության եռամյա ներածությունը Տաճար է ներածվում, և կույսերը մոմերով նրա առջևից են ընթանում: Այսօր ամլության անեծքի լուծումն իբրև նվեր Սրբությունների Սրբություն է բերվում: Այսօր մարգարեների քարոզությունը քահանայապետ ու մարգարե Զաքարիայի կողմից անանցանելի վայրերն է բարձրացվում. այնտեղ, ուր Զաքարիան երկյուղածությամբ տարին մեկ անգամ էր մտնում, Մարիամն առանց վախի, ուրախությամբ է նստած զօր ու գիշեր:
…Ո՜վ դուստր անարատ, ո՜վ Կույս անբիծ, ո՜վ ամենագեղեցիկ աղջնակ, ո՜վ ցնծություն կանանց, ո՜վ զարդարանք դստրերի, ո՜վ սուրբ Կուսամայր. դու օրհնյալ ես կանանց մեջ, դու փառավորյալ ես սրբությամբ, դու կնքյալ ես կուսությամբ, դու Ադամի նզովքի լուծումն ես, դու Եվայի պարտքի վճարումն ես… Դու մարգարեների հեռադիտակն ես ու նրանց խոսքերի իրականացումը, քանզի Եզեկիելը կանխավ համբավեց քեզ «դուռն փակյալ», որով մարդկանցից ոչ ոք երբէ չի անցնելու, այլ միայն` Տեր Աստված, և Նա դուռը փակված է պահելու (Եզ. 44, 1-3): Ամենաբարձրագոչ Եսային քեզ կանխավ նկարագրեց որպես «Հեսսեյի գավազան», որից ծաղիկ Քրիստոսը կբացվի (Ես. 11, 1) և, չարության բույսերն արմատախիլ անելով, աստվածաճանաչողության արտը կաճեցնի: Երեմիան քեզ նախաքարոզեց` ասելով. «Ահավասիկ օրեր են գալու, – ասում է Տերը, – երբ նոր ուխտ եմ կապելու Իսրայելի տան հետ և Հուդայի երկրի տան հետ, որ կապեցի նրանց հայրերի հետ» (հմմտ. Եր. 31, 31). (դրանով) Որդուդ ծննդյան ներկայությունը նշանակեց ու հեթանոսներից [հավաքված] ժողովրդին երկրի ծագերից երկրպագության հրավիրեց: Նաև ցանկալի այր Դանիելը քեզ «մեծ լեռ» հռչակեց, որից անկյունաքար Քրիստոսը կհատվի և բազմակերպարան վիշապի արձանը կփշրի ու կմաղի (Դան. 2, 45):
…«Որովհետև, ուր մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռոմ. 5, 20). կնոջ միջոցով մահը շահեցինք, Կնոջ միջոցով էլ Տիեզերքն է վերանորոգվում: Օձի միջոցով դառնահամ կերակուրը ճաշակեցինք, և նրա միջոցով էլ կրկին անմահության ուտելիքով պիտի հագենանք: Նախամայր Եվան Կայենին` նախանձի ու չարության առաջնորդին ծնեց, իսկ քո միածին Որդին կյանքի ու Հարության անդրանիկը պիտի դառնա: Օ՜ նորահրաշ սքանչելիք, օ՜ հիացում, օ՜ անասելի իմաստություն:
Արդ, ի՞նչ անվանենք Մարիամին: «Երկի՞նք». քանզի թե՛ երկնքի, թե՛ երկրի Արարչին [իր] արգանդի մեջ բովանդակեց: «Արփի՞». քանզի ինքը, արևից յոթնապատիկ ավելի լուսավոր լինելով, արդարության Արեգակին հղացավ: «Լուսի՞ն». քանզի նա, անհամեմատելի գեղեցկությունն ունենալով, տեսքով գեղեցիկ (Սաղմ. 44, 3) Քրիստոսին ծնեց: «Ա՞մպ». քանզի ամպերի վրա Բազմողին [իր] գրկում կրեց: «Ճրա՞գ». քանզի խավարի և մահվան ստվերի մեջ նստածներին Լույսը ծագեցրեց: «Գա՞հ». քանզի հայրական գահին անտեսանելիորեն թագավորող Մատակարարին Սուրբ Հոգով հղացավ: «Մարգարի՞տ». քանզի մահկանացուների համար թանկարժեք Մարգարիտը շտեմարանեց: «Դրա՞խտ». քանզի Եդեմը դատապարտվածների համար բացելով, մշտամնա Արքայության մեջ է [նրանց] մտցնում: «Լե՞ռ». քանզի լեռները Ծխեցնողին (Սաղմ. 103, 32) անանձուկ կերպով [իր մեջ] բովանդակեց: «Երկի՞ր». քանզի երկիրը Դողացնողին (Սաղմ. 103, 32) անցավաբար կրեց: «Սեղա՞ն». քանզի մեզ կերակուր Շնորհողին մայրաբար կաթով սնեց: «Ծո՞վ». քանզի ջրերը մեկ միության մեջ Հավաքողին իր շրթերով համբուրեց:
Ո՞վ չի հիանա: Ո՞վ չի զարմանա: Խորհրդի մեծությունն ո՞վ չի փառավորի…
Իսկ մենք` ժողովուրդն Աստուծո, ազգը սուրբ, հավաքույթը սեփական, բազմությունն ուղղափառների, որդիներն ավազանի, զավակները շնորհի, որ Կույսի` տաճար մուտքն ենք տոնում, այս տոնախմբությանը մաքուր հոգիներով ու անաղտ շրթունքներով, բազմաբան լեզվով, մեղեդիներով աղաղակենք, պատվելով իրավամբ տոնը պայծառ` առաջին տոնախմբությունը` հրեշտակների համար ցնծալի, մարդկանց համար` գովելի: Եվ երկյուղով ու բերկրանքով Գաբրիելի «ուրա՜խ լերը» գոչենք Ամենասրբուհուն.
-Ուրա՜խ լեր, Հոր բարեհաճություն, որի միջոցով աստվածաճանաչողությունը մինչև երկրի ծագերն իմացվեց: Ուրա՜խ լեր, Որդու բնակություն, որի մեջ Մարմնազգյացն առաջացավ: Ուրա՜խ լեր, Սուրբ Հոգու բնակություն անճառելի: Ուրա՜խ լեր, Անմարմինների հրաշք բազմահամբավ: Ուրա՜խ լեր, քերովբեներից ավելի սուրբ: Ուրա՜խ լեր, սերովբեներից ավելի փառավոր… Ուրա՜խ լեր, երկնքի և երկրի տոնախմբություն պանծալի: Ուրա՜խ լեր, Շնորհացյալ, քեզ հետ է Տերը, որ քեզանից առաջ է, քեզանից է և մեզ հետ է: [Նրան] երգաբանություն Հոր և ամենասուրբ, բարի և կենդանարար Հոգու հետ, այժմ և միշտ և անվերջանալի հավիտյաններում. ամեն:
©Հին հունարենից թարգմանությունը` Գ. Ղազարյանի:
Աղբյուր. Ταρασίου ἀρχιεπισκόπου Κωνσταντινουπόλεως, Λόγος εἰς τα εἰσόδια τῆς Ὑπεραγίας Θεοτόκου, PG, 98, 1481-1500.