/ Խրատանի Սրբոց / Դուռը չփակե՛ս

Դուռը չփակե՛ս

Դուռը չփակե՛սՍբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացի

(1906-1991)

 

    Մի մարդսբ. Պորֆիրիոսին բողոքումէ.

    -Հա՛յր, երեխաներս ինձ չեն լսում, ինչ ուզում են, անում են: Հիմա, երբ ուսանող են դարձել, լրիվ իրենց կյանքով են ապրում. լուսադեմին են տուն գալիս: Տանս դուռն իրենց համար փակե՞մ:

    -Դու շատ լավն ես դարձե՞լ, որ երեխաներդ լավը լինեն, – պատասխանում է սբ. Պորֆիրիոսը: Դուռը չփակե՛ս` ինչ ժամի էլ որ տուն գան. եթե դու փակես, սատանան ուրիշ դռներ կբացի, ու երեխաներիդ լրիվ կկորցնես:

Ատելության գարշահոտությունը

    Մի անգամ սբ. Պորֆիրիոսի մոտ մի կին է գալիս ու պատմում, որ իր սկեսուրի մահվանից հետո տունն անտանելի գարշահոտությամբ է լցվել: Ողջ տունն ստուգել են, լվացել, քիմմաքրում են արել, օծանելիք ցողել, սակայն գարշահոտությունը մնում է այն աստիճան, որ տուն մտնելն անգամ հնարավոր չէ:

    -Միգուցե դու ատե՞լ ես սկեսուրիդ, – հարցնում է սբ. Պորֆիրիոսը:

    -Այո՛, – հաստատում է կինը, – ես նրա հանդեպ աներևակայելի ատելություն ունեի:

    -Ուրեմն գնա՛, ատելության մեղքդ խոստովանի՛ր, խնդրի՛ր սկեսուրիդ համար պատարագ մատուցեն և ների՛ր նրան:

    Այս ամենը կատարելուց հետո ատելության գարշահոտությունն անմիջապես վերանում է տնից:

Աղոթք խոզուկների համար

    Մի անասնապահ խոզ ուներ` բազմաթիվ խոճկորներով: Հանկարծ խոճկորները դադարում են կաթ ուտել, տկարանում են ու սատկելուն մոտ լինում: Անասնապահը գալիս է սբ. Պորֆիրիոսի մոտ.

    -Հա՛յր, ես անասնաբույժ կանչելու համար դրամ չունեմ, սնանկացման եզրին եմ: Խնդրում եմ, արի աղոթք կարդա խոզուկներիս համար:

    Սբ. Պորֆիրիոսը գնում է, հիվանդ կենդանիների վրա աղոթք կարդում ու իր խուցը վերադառնում: Քիչ հետո նորից գալիս է անասապահը.

    -Հա՛յր, բոլոր խոզուկները մոր շուրջն են պտտվում ու կաթ են ուտում:

Ուրիշ բան է հարկավոր

    Սբ. Պորֆիրիոսի հոգևոր զավակներից մեկը գրքում կարդում է աթոսացի մի վանականի մասին, ով մեղսական անկումից խոսափելու համար ինքն իրեն փայտով հարվածել է: Երբ հոգեզավակը գալիս է հ. Պորֆիրիոսի մոտ, նա անմիջապես ասում է.

    -Սա ի՞նչ բան է. անկումից խուսափելու համար վանականն ինքն իրեն փայտով ծեծու՞մ է: Ուրիշ բան է հարկավոր` աղոթք, խոնարհություն:

Հոգևոր ազատություն

    -Մի անգամ երիտասարդ մի քահանայի հետ էի պատարագում, -պատմում է սբ. Պորֆիրիոսը: Սաղմոսերգուն երգեց մի շարական, որն այդ օրվանը չէր: Քահանան դուրս եկավ խորանից ու ասաց, որ սաղմոսասացը փոխի շարականը, քանի որ սխալ էր: Սաղմոսերգուն ուրիշ շարական սկսեց երգել, բայց քահանան նորից դուրս եկավ ու ասաց, որ դա էլ է սխալ: Այնժամ նրան ասացի.

    -Ա՛յ օրհնյալ, թո՛ղ սաղմոսերգուն երգի այն, ինչը որ գիտի: Ո՞վ գիտե, թե դա ճի՞շտն է, թե՞ սխալը: Հիմա օգոստոս ամիսն է, բայց եթե «Քրիստոս յարեաւ»-ը երգեր, ես կթողնեի, որ երգի:

Հնազանդության զավակը

    Մի անգամ սբ. Պորֆիրիոսի մոտ է գալիս անծանոթ մի աղջիկ: Սբ. Պորֆիրիոսը հենց տեսնում է նրան, ասում է.

    -Բարո՜վ եկավ հնազանդության զավակը:

    Աղջիկը շատ է զարմանում դրա համար: Երբ տուն է վերադառնում, պատմում է իր մորը: Պարզվում է որ իրոք, երբ մայրն այդ աղջկանով հղի է եղել, ուզեցել է աբորտ անել, սակայն դրա մասին տեղեկացրել է իր խոստովանահորը: Վերջինս ասել է.

    -Ո՛չ, զավակս: Թեև յոթը երեխա ունես, այդ բանը չանես: Աստված քեզ օգնական է լինելու: Հնազանդությու՛ն արա ու թող որ երեխան լույս աշխարհ գա:

    Կինն անսում է խոստովանահորը, և այդպես ծնվում է «հնազանդության զավակը»:

Բարկության դևը

    Մի կին գալիս է սբ. Պորֆիրիոսի մոտ ու գանգատվում.

    -Հա՛յր, աղջկաս ի՞նչ անեմ. նա շատ ջղային է, և միշտ կռիվ ենք անում: Իմ նյարդերն էլ են խախտվել. Բժշկի գնացի, ինձ դեղեր նշանակեց, բայց անօգուտ:

    Սբ. Պորֆիրիոսը պատասխանում է.

    -Քո դուստրը դիվահար է, դրա համար է բարկանում:

    -Է՜, հա՛յր, ի՞նչ եք ասում. ուրեմն երբ ես եմ բարկանում, ե՞ս եմ դիվահարվում, – առարկում է կինը:

    -Անշու՛շտ, – հաստատում է սբ. Պորֆիրիոսը:

 

Աղոթք բոլոր վարորդների համար

    Մի տաքսու վարորդ ուշ երեկոյան ոլորանով անցնելիս վթարի է ենթարկվում ու ձորն է ընկնում: Մեքենան պարզապես մետաղակույտի է վերածվում, իսկ վարորդը դրա մեջ արգելափակված է մնում: Հանկարծ չգիտես որտեղից մի ծեր քահանա է հայտնվում, մեքենայի կտորները մի կողմ է նետում ու ազատում ողջանդամ վարորդին:

    -Հայ՛ր, որտեղի՞ց ինձ գտաք, որտեղի՞ց ինձ տեսաք:

    -Անցնում էի ու տեսա, -լինում է պատասխանը:

    Մինչ վարորդը զննում է «մեքենան» խորհրդավորապես հայտնված ծերունին նույնքան խորհրդավորապես էլ անհետանում է:

    Վարորդն իր ծանոթներին սկսում է պատմել միջադեպը, նկարագրում է ծերունու արտաքինը, վանքից վանք գնում` իր փրկարարին գտնելու համար: Վերջապես ինչ-որ մեկը նրան խորհուրդ է տալիս գնալ սբ. Պորֆիրիոսի մոտ: Իսկապես պարզվում է, որ խորհրդավոր ծերունին սբ. Պորֆիրիոսն է: Սակայն վերջինս զարմանում է պատահածի համար.

    -Ես երբեք այդ տեղով չեմ անցել: Ժամը քանիսի՞ն է դա տեղի ունեցել:

    -Երեկոյան ժ. 10–ին, -պատասխանում է վարորդը:

    -Ես այդ ժամին աղոթք եմ անում բոլոր վարորդների համար,- պարզաբանում է սբ. Պորֆիրիոսը:

 

Դժբախտության գաղտնի պատճառը

    Սբ. Պորֆիրիոսի մոտ մի զույգ է գալիս` փոքրիկ աղջկա հետ: Երեխան փարվում է սբ. Պորֆիրիոսին.

    -Պապի՛կ, ասա՛ հայրիկիս ու մայրկիս, որ կռիվ չանեն, որովհետև ամբողջ օրը կռվում են:

    Ու սկսում է լալ: Սբ. Պորֆիրիոսն էլ է ազդվում ու երեխայի հետ լաց է լինում:

    -Պապի՛կ, բայց դու ինչու՞ լաց եղար. չե՞ որ ես քեզ վատ բան չասացի:

    Սբ. Պորֆիրիոսը կանչում է մորն ու հարցնում.

    -Ի՞նչ էիր ուզում ինձ ասել:

    -Ամուսինս միշտ բարկացած է ինձ վրա ու հայհոյում է:

    -Ինչպե՞ս չբարկանա, երբ երկու աբորտ ես արել:

    -Խնդում եմ Ձեզ, ոչինչ մի՛ ասեք. ամուսինս դրա մասին ոչինչ չգիտի:

 

Աստված է քեզ ճանաչում

    Մի անգամ, սբ. Պատարագի ավարտից հետո հ. Պորֆիրիոսը դուրս է գալիս եկեղեցուց և տաքսի բռնում` տուն վերադառնալու համար: Երբ մի-քիչ գնում են, սբ. Պորֆիրիոսը վարորդին ասում է.

    -Որդի՛ս, ինչու՞ ես կնոջդ Կալամատայում թողել, որ անընդհատ լաց լինի, ու հիմա սիրուհու հետ ես ապրում:

    Հուզված վարորդը հարցնում է.

    -Հա՛յր, ինչպե՞ս է, որ դու դա գիտես: Դու ճանաչու՞մ ես ինձ:

    -Ո՛չ, որդիս, ես քեզ չեմ ճանաչում, բայց Աստված է քեզ ճանաչում: Եթե բենզին ունես, արի՛ միասին Կալամատա գնանք` կնոջդ տեսնելու, բայց նախևառաջ տնից քշի՛ր ընկերուհուդ. զանգի՛ր, որ տնից հեռանա:

    Վարորդն իսկապես լսում է սբ. Պորֆիրիոսին, և Կալամատայից Աթենք են վերադառնում երեքով` հ. Պորֆիրիոսը, վարորդն ու իր կինը:

Անծանոթ քահանան և սբ. Պորֆիրիոսը

    Սբ. Պորֆիրիոսի հոգևոր զավակներից մեկի` Յանիսի փոքրիկ թոռնիկն անսպասելիորեն հիվանդանում է: Տասնչորս ամսեկան փոքրիկին գրեթե մահվան շեմին հիվանդանոց են հասցնում:

    Հենց որ Յանիսը հիվանդանոցից տուն է գալիս, անմիջապես զանգում են: Պարզվում է, որ հ. Պորֆիրիոսն է.

    -Յանի՛ս, թոռնիկդ շատ ծանր հիվանդ է, բայց կապաքինվի: Ես աղոթում եմ, բայց դու էլ սկսիր աղոթք անել, անհոգության չտրվես:

    Բնականաբար, ոչ ոք սբ. Պորֆիրիոսին դրա մասին չէր տեղեկացրել, բժշկական հետազոտությունն էլ դեռ չէր ավարտվել: Նույն երեկո սբ. Լեռ Աթոսից Գևորգ անունով մի ծանոթ ճգնավոր քահանա է Յանիսին զանգում: Երբ իմանում է, որ Յանիսի թոռնիկը ծանր վիճակում է, խոստանում է գիշերը հսկում կատարել ու սբ. Պատարագ մատուցել:

    Առավոտյան Յանիսին է զանգում սբ. Պոֆիրիոսը.

    -Յանի՛ս, ասա՛ խնդրեմ, թոռնիկիդ համար ինչ-որ մեկին խնդրել ես, որ աղոթի՞: Որովհետև երեկ գիշեր նրա մահճակալի շուրջ բազում սրբերի տեսա ու ինձ անծանոթ մի քահանայի, որ աղոթում էր նրա առողջության համար:

    Իհարկե, այդքան սրբերի աղոթքները չէին կարող ապարդյուն անցնել…

 

Ջրօրհնեք հասարակաց տանը

    Մի տարի, Տիրոջ Մկրտության տոնին, սբ. Պորֆիրիոսը, մարդկանց տներն էր այցելում` ջրօրհնեք անելով: Պատահաբար մտնում է մի բակ, որտեղ պարզվում է, որ հասարակաց տուն է: Ինչպեսորհ. Պորֆիրիոսնէպատմում.

    «Տանտիկինը» բղավեց.

    -Տերտե՛ր, ո՛չ: Չեմ ուզում ջրօրհնեք անես. գիտե՞ս, թե ու՛ր ես մտել:

    Այդ պահին աղջիկներն իրենց սենյակներից դուրս եկան:

    -Ես Խաչը կհամբուրեմ, ու կհեռանաս, -ասաց տանտիկինը:

    -Ո՛չ, – ասացի այնժամ, – աղջիկները Խաչը պիտի համբուրեն, որովհետև հնարավոր է, որ նրանք քեզանից արժանի են:

    Դրանից հետո թույլ տվեց, բոլոր աղջիկները եկան, Խաչը համբուրեցին, ու ես նրանց ասացի.

    -Քույրե՛ր իմ, առողջություն ու հաջողություն եմ ձեզ մաղթում, որովհետև ես շատ եմ սիրում Քրիստոսին: Դուք էլ ձեր ողջ սրտով սիրեցե՛ք Նրան:

    Ու հեռացա: Տեսնեիր, թե ի՜նչ պատկառանքով էին աղջիկները Խաչը համբուրում:

Սոդոմական կիրքն ու աղոթքի զորությունը

    Մի մարդ սոդոմական կիրքն ուներ և ինձ մոտ եկավ խոստովանելու: Նրան հարցրեցի` ամուսնացա՞ծ է արդյոք: Ասաց, որ քսան տարի է, ինչ ամուսնացած է և երկու մեծ զավակներ ունի: Նրան ասացի.

    -Այսքան տարի քո կինը, երեխաներն ու մյուսները ոչինչ չե՞ն հասկացել:

    -Ո՛չ, -ասաց, – և ես ուզում եմ վերջ դնել այդ կրքին, բայց չեմ կարողանում:

    Այնժամ նրան ասացի.

    -Ես քեզ համար կաղոթեմ, բայց դու էլ պիտի աղոթես, որպեսզի Քրիստոսին ու Աստվածածնին խնդրենք մեզ ողորմել:

    Բավական ժամանակ անց նա եկավ ու ասաց.

    -Երեկ գիշեր քնիս մեջ մի տեսիլք տեսա. սևազգեստ մի կին ինձ ասաց. «Այս պահից ի վեր այդ կիրքը քեզանից վերցնում եմ»: Ի՜նչ ասեմ, հա՛յր. ուրիշ մարդ դարձա:

    Ամեն անգամ, երբ ինձ մոտ է գալիս, ասում է, որ իր համար դա մեծ հրաշք էր:

Մարգարիտներ սբ. Պորֆիրիոսից

    Աղոթքը վերացնում է տարածությունը:

    Խոնարհությունը շնորհ է Տիրոջից. մարդը միայնակ չի կարող այն ունենալ:

    Մարդն առանց Քրիստոսի Շնորհի ոչինչ չի կարող անել: Բայց երբ մարդն ուզենա, իր աղոթքով շատ բան կարող է անել: Դժվար է, բայց և դյուրին: Մի փոքրիկ կայծով հրաշքներ կարող է անել, քանի որ Տերն է դա ասել. նրանք, ովքեր հավատում են, մեռելներին հարություն պիտի տան, ախտերը պիտի բժշկեն և այն, ինչ որ ցանկանան ու Տիրոջից խնդրեն, կլինի:

    Որևէ մեկին մի՛ անիծեք, այլ օրհնեք, որովհետև անիծողը կործանարար մի մեծ զորություն է բաց թողում` իսկական միջուկային ռումբ, որ մյուս մարդուն հոգեպես կարող է ոչնչացնել: Իսկ երբ օրհնում եք մարդուն, բարի զորություն եք նրան ուղարկում և նրան դեպի բարին եք փոխակերպում:

    Քո խոսքով կամ վարվեցողությամբ որևէ մեկին չնվաստացրնես, այնպես որ մեկ ուրիշի աչքին դու հաղթող երևաս, իսկ եղբայրդ` ստորացված: Այդպիսի բան երբեք չանես:

    Մարմնական սերն ամուսնության մեջ օգնում է հոգևոր սիրուն: Դժվար է բացատրելը: Ամուսնության մեջ մարմնական սերը հոգևոր է դառնում, փոխվում է… Զույգը կամաց-կամաց միավորվում է թե՛ մարմնական, թե՛ հոգևոր սիրով, դեպի հոգևորն է ընթանում, և վերջում միայն հոգևոր սերն է մնում, ու մարմնական սիրո կարիքն այլևս չի լինում: Բայց որպեսզի սա տեղի ունենա, հոգևորի մեջ շատ պետք է խորանալ: Մարմնական սերը միայն որդեծնության համար չէ. այն օգնում է հոգևոր սիրուն` սակայն ամուսնության մեջ` Աստուծո օրհնությամբ ու Շնորհով: Արտամուսնական կապը շուտով փոխվում է, տառապանք է դառնում ու մարդկանց տանջում. Հաճախ են ասում` ավելի լավ է քեզ չճանաչեի…

    Այս հարցերում (կենակցելու) պետք չէ մեղքի զգացում ունենալ: Այն պահից ի վեր, երբ եկեղեցում օրհնվել է, արդեն օրհնված է: Հիմա կասես` այսքան հոգևոր բաներից հետո մարմնական հաճույքի՞ն տրվեմ: Աստված իր ողջ արարչագործության մեջ ուրախություն է դրել: Այս հարցում (որդեծնության) մարդն Աստծուն արարչակից է: Եվ Աստված կամեցել է դրա մեջ էլ հաճույք դնել. արարչագործության մեջ ես մտնում և ուրախանում ես: Այս ամենն այսպես է, երբ Աստուծո օրենքով ու երկյուղածությամբ է լինում:

    Երբ մարդն ապաշխարում է, իր բոլոր մեղքերը խոստովանում ու Սբ. Հաղորդություն է ստանում, ոչնչից չպիտի վախենա, քանզի Քրիստոսի հետ է: Ապաշխարած մարդու համար ո՛չ մահ գոյություն ունի, ո՛չ սատանա, ոչ էլ վախը նրան պիտի տիրի, քանզի իր մեջ կյանքն ունի, որ Տեր Հիսուս Քրիստոսն է: Միայն թող զգույշ լինի, որ չմեղանչի ու միշտ մեր Տիրոջն աղոթի:

Թարգմանությունը հունարենից` Գ. Ղազարյանի

Աղբյուր.Μαθητεύοντας στον Γέροντα Πορφύριο. Εκδ. Η Μεταμόρφωσις του Σωτήρος, Μήλεσι, 2011.

 Դուռը չփակե՛ս

 

© www.orthodoxkyanq.org

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com