/ Վկայություններ / «Պատերազմ է սկսվելու, անհրաժեշտ է զորացնել աղոթքը»

«Պատերազմ է սկսվելու, անհրաժեշտ է զորացնել աղոթքը»

«Պատերազմ է սկսվելու, անհրաժեշտ է զորացնել աղոթքը»

Մորֆուի մետրոպոլիտ Նեոֆիտոսը Սբ.Պաիսիոս Աթոսացու մարգարեությունների, Թուրքիայի պարտության, Եվրոպական Միության անկման և Ուղղափառության ծաղկման մասին

Վերջին շրջանում Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումները նորովի հիշեցնում են Սբ. Պաիսիոսի մարգարեությունները ռուս-թուրքական պատերազմի, Թուրքիայի տրոհման և Կ.Պոլսի ազատագրության մասին: Ըստ այդմ, մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում տվյալ թեմայով Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու Մորֆուի մետրոպոլիտ Նեոֆիտոսի հարցազզրույցից մեկից հատվածներ /2016թ./: Մետրոպոլիտն ինքը ժամանակին սերտ կապեր է ունեցել Ուղղափառ Եկեղեցու նորագույն վկաներից Սբ.Պաիսիոս Աթոսացու և Սբ.Պորֆիրիոս Կավսոկալիվացու, Սբ. Հակոբոս Ցալիկիսի և այլոց հետ:

* * *

Սրբազա՛ն, սա երրորդ համաշխարհային պատերա՞զմն է արդյոք:

-Երեք տարի առաջ ես հարցազրույց տվեցի ձեր գործընկեր Նիկոս Կիրիակուին և պատմեցի սպասվող իրադարձությունների մասին: Այն ժամանակ այդպիսի համարձակ կանխատեսումներում որոշակի ռիսկ կար, բայց ես հիմնվում էի ոչ միայն համաշխարհային ռազմավարական իրադրության գնահատականների, այլև Աստծո մարդկանց կարծիքների վրա, որոնց ծանոթացել էի դեռևս երիտասարդ տարիքում կամ ում հետ շարունակում եմ հարաբերություններ պահպանել ցայսօր (չէ՞ որ մեր ժամանակներում էլ կան Սրբեր, որոնք կարող են տեսնել ապագան):

Մենք գիտեինք, որ «մեծ պատերազմը» (ինչպես այն կոչում էին պայծառատես Ծերերը) սկսվելու է Սիրիայում: Այն ժամանակներում, երբ կյանքն այդ պետության մեջ բավական հանդարտ էր, ճգնակյացները ճշտությամբ նշեցին հակամարտության բռնկվելու վայրը:

Իսկ այժմ իրադարձություններում ներքաշվեց նաև Ռուսաստանը

-Մենք գիտեինք, որ Ռուսաստանը դրանցում մասնակցություն է ունենալու: Հիշում եմ, թե ինչպես այդ մասին ասացի Sigma-Live-ի լրագրող Թանասիս Աթանասիուին և վերջինս պատասխանեց. «Ինչպե՞ս եք դուք՝ ուսյալ անձնավորությունդ, հավատում Պաիսիոս Աթոսացու մարգարեություններին»: Նա այնպես ասաց, կարծես, հայր Պաիսիոսի խոսքերը ոչինչ չեն նշանակում: Բայց չէ՞ որ Պաիսիոս Աթոսացին ժամանակակից Սուրբ է: Եթե մենք՝ բարձրաստիճան հոգևորականներս, չվստահենք ժամանակակից Սրբերի խոսքերին և նրանց պայծառատեսության շնորհին, ապա էլ ու՞մ վստահենք: Նրանց խոսքերն արդեն մասամբ կատարվել են, մասամբ սպասում են իրենց իրականանալուն:

Ի՞նչ կլինի Կիպրոսի հետ:

-Ռուս-թուրքական հակամարտության արդյունք կլինի Կիպրոսի ազատագրությունը, քանի որ Թուրքիան այդ պատերազմում պարտություն կկրի…

Էրդողանի երազանքն է դառնալ սուննի իսլամի խալիֆ: Այդպիսի հավակնոտ ծրագրերի իրականացումը չեն ցանկանում ոչ միայն Ռուսաստանը, ուր ապրում են բազմաքանակ մահմեդական-սուննիներ, այլև ԱՄՆ-ն Իսրայելի հետ: Նրանց ձեռնտու չէ հզոր խալիֆայության ստեղծումը Մերձավոր Արևելքում:

Արդյո՞ք բռնագրավումից Կիպրոսի ազատագրությունը տեղի կունենա խաղաղ բանակցությունների շնորհիվ:

-Ո՛չ: Դրան կհանգեցնեն Սիրիայում իրադարձությունները և ռուս-թուրքական պատերազմը, որն արդեն աստիճանաբար սկսում է ծավալվել ամենքիս աչքի առաջ:

Իրադարձությունները շատ արագ են զարգանում: Նախորդ տարի այն օրը, երբ Ռուսաստանը Սիրիայում գործողություն սկսեց, մենք հենց գիշերային ժամերգություն էինք անում: Այդ օրվանից ի վեր անցել է ընդամենը չորսուկես ամիս, իսկ ինչե՜ր տեղի ունեցան:

Այդպիսի իրադարձությունների լույսի ներքո ինչպե՞ս վարվեն սովորական մարդիկ, կարելի՞ է ինչոր բան անել:

Ապաշխարություն է անհրաժեշտ: Մենք կզարմանանք, թե որչափ մեր անձնական մեղքերի և մոլորությունների զղջումը հասարակությանը օգուտ կարող է տալ: Ապաշխարությունը թևավորում է մարդուն, ազատագրում է նրա հոգին մեղքի շղթաներից: Նույնը և վերաբերում է ամբողջ հասարակությանը:

Ի՞նչ կարող եք ասել Սբ.Պաիսիոս Աթոսացու մարգարեությունների մասին:

Բարձրապատիվ Պաիսիոսին ղեկավարում էր Սուրբ Հոգին, նրան հայտնվում էր Ամենասուրբ Աստվածածինը: Նրա մարգարեկան շնորհը շատերը կարող են հաստատել: Ես անձամբ Ծերից կանխասացություններ եմ լսել, որոնք արդեն իրականացել և իրականանում են մեր աչքի առաջ:

Նա փառավորվել է մեր Եկեղեցու կողմից սրբադասմամբ: Նրա մարգարեությունները, այդ թվում՝ Թուրքիայի անկման մասին, հայտնի են եղել մինչ նրա սրբադասումը նաև Կ.Պոլսի պատրիարքությունում: Դա նրա ժառանգության այնպիսի մի մասն է, ինչպես նրա գրքերն ու խորհուրդները:

Սրբի մարգարեությունների նկատմամբ կասկածները կապված են որոշ ուղղափառ քրիստոնյաների՝ ռացիոնալիստ գիտակցությամբ առաջնորդվելու հետ: Նրանք կարծում են, թե իրենց հավատքը բավարար է, սակայն այն հատվածական է:

* * *

Մարգարեն պատերազմ չի ուզում, ավերածություններ չի ուզում: Ընդհակառակը, խնդրում է մարդու ազատությունը հարգող Աստծուն հնարավորության սահմաններում, եթե մարդիկ դրան արժանի են, նվազեցնել չարիքի հետևանքները: Դրանում է մեր առաքելությունը: Աղոթել, որպեսզի այն իրադարձությունները, որոնք պետք է կատարվեն, նվազ տևողություն ունենան և մարդկանց հնարավորինս քիչ տառապանքներ պատճառեն:

Մարգարեն տեսնում է իրադարձությունները, որոնք պետք է իրականանան: Բայց մենք ի զորու ենք դրանք հետաձգել, և նույնիսկ կանխակայել, եթե մենք ունենանք բուռն ձգտում և ոգեշունչ աղոթք առ Աստված:

Պետք է զորացնել աղոթքը, քանի որ Ծերերի կողմից կանխասացված պատերազմը կրելու է համաշխարհային բնույթ, այն չի լինի երկկողմ՝ ռուս-թուրքական, այլ հաշվի առնելով ժամանակակից զենքը, պատկերացնու՞մ եք, թե ինչ վտանգներ է այն պարունակում:

Ես մի ծանոթ ունեմ՝ այժմ արդեն ծերունի, ում Կիպրոսի բռնազավթումից մի քանի տարի առաջ հայտնվել է Ամենասուրբ Աստվածածինը: Նա հայտնել է, որ Կիպրոսին մեծ դժբախտություն կպատահի և պատվիրել ամեն երեկո երկուական ժամ աղոթել: «Դժբախտությունն, այսպես թե այնպես, կպատահի, հապա ինչու՞ աղոթել: Ես ընտանիք ունեմ, երեխաներ, պարտականություններ»,- երկմտել է իմ ծանոթը: «Որպեսզի այն չլինի առավել սոսկալի»,- պատասխանել է Աստվածածինը: Տեսնում եք, թե ինչպես է գործում Աստված, և ինչքան կարևոր է աղոթքը: Աստվածածինը հայտնվել է հասարակ մարդկանց (ինչպես հետագայում պարզվեց, նրանք մի քանիսն են եղել) և աղոթքի հրավիրել:

* * *

Պատերազմը կպայթի հանկարծակի և նրա ավարտին մարդկանց կտրվի մեծ օրհնություն ու ողորմություն: Շատ բարյացակամ մարդիկ ցավի և կորուստների ճանապարհով կապաշխարեն, որ հեռացել են Աստծուց, կվերանայեն իրենց կյանքը և կգան իրական հավատքին՝ Ուղղափառությանը: Խոսքն այն ժողովուրդների մասին է, որոնք նախկինում Ուղղափառության հետ որևէ առնչություն չեն ունեցել:

Թուրքիան կտրոհվի՞ արդյոք:

-Կտրոհվի և թուրքերի մի մասը կհավատա Քրիստոսին: Նրանք շատ կլինեն, մինչև բնակչության մեկ երրորդը:

Մարգարեություններ ես լսել եմ ոչ միայն ծեր Պաիսիոսից: Երբ ես մանուկ էի, մեր Պանո Զոդյա գյուղում ապրում էր մի բարեպաշտ քրիստոնյա՝ դպիր Դիմիտրիոս Պրոտոպապասը, ով դեռևս մինչ Հյուսիսային Կիպրոսի բռնազավթումն /1974թ./ ասում էր.

-Ա՜խ, իմ մանուկներ, մենք գաղթական կդառնանք, իսկ մեր գյուղում կբնավորվեն թուրքերը:

-Մենք ընդմի՞շտ կլքենք մեր հարազատ տները:

-Ո՛չ, շատերը կմեռնեն հեռու իրենց տներից: Բայց ոմանք կվերապրեն մինչև ազատագրությունը և կվերադառնան հարազատ վայրեր առանց պատերազմի: Դա կլինի այնժամ, երբ Թուրքիայում կհիմնվի նոր երկիր, «Քուրդիա»[1] անվամբ:

* * *

Էգեյական ծովում հակամարտությունից հետո, որում մի դիպվածով ներքաշված կլինի նաև Կիպրոսը, կսկսվի ռուս-թուրքական պատերազմը: Ռուսաստանի ճնշումը Թուրքիայի նկատմամբ կլինի այնքան հզոր, որ այն ստիպված կլինի հետ կանչել իր զորքերը բռնազավթված Հյուսիսային Կիպրոսից: Ինչպես հասկանում եք, դա ճանապարհ կբացի կիպրական հարցի լուծման համար:

* * *

Ծեր Պաիսիոսի մարգարեություններում ասվա՞ծ է, որ Թուրքիան կկորցնի Կոստանդնուպոլիսը: Դա իրո՞ք այդպես է:

-Այո՛, այդպես է: Տեղի կունենան վիթխարի իրադարձություններ: Կտրոհվի ոչ միայն Թուրքիան, կտրոհվի նաև Եվրոպական Միությունը:

* * *

-Թուրքիայում ուշադիր են վերաբերվում Պաիսիոս Աթոսացու, Կոզմաս Էտոլացու[2] և այլ ուղղափառ Սրբերի կանխասացություններին: Նրան ունեն նաև սեփական վախճանաբանական ավանդույթը Կոստանդնուպոլսի կորստի հետ կապված:

Այդ երկրում տեղի են ունենում ոչ միայն հասարակական, այլև` հոգևոր փոփոխություններ: Ահա վերջերս թուրքական խորհրդարանի կին պատգամավորը ոչ միայն Ուղղափառություն է ընդունել, այլև հրապարակավ խոստովանել է իր հավատքը[3]: Աննախադե՛պ իրադարձություն:

Վերջում կուզենայի բոլորին կոչ անել վստահել Աստծո Նախախնամությանը: Տերը՝ մեր Հայրը, իր զավակներին չի թողնի և կհոգա մեր մասին:

Այժմ անհրաժեշտ է ապաշխարություն: Միայն խոստովանելով մեր մեղքերը՝ մենք կարող ենք ընդունել ճիշտ որոշում առաջիկա փորձությունների պայմաններում և զերծ կմնանք խուճապից ու հուսահատությունից: Նմանապես անհրաժեշտ է աղոթք և կանոնավոր Հաղորդություն:

    
Ανώνυμο (Մորֆուի մետրոպոլիտ Նեոֆիտոս)

 

Պատրաստեց Վարդան Մարկոսյանը:

[1]«Քուրդիա» նշանակում է քրդերի երկիր, այսինքն` ապագա Քրդստանը:

[2] Սբ.Կոզմաս Էտոլացին (1714-1779) նմանապես հայտնի է թուրքերի անկման և Կ.Պոլսի ազատագրության մասին մարգարեություններով:

[3] Խոսքը Իզմիրից (Զմյուռնիա) թուրքական խորհրդարանի պատգամավոր ընտրված հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սելին Սաքե Բյոքեյի մասին է, ով ծագումով Հաթայ նահանգից է, ըստ ամենայնի, արաբախոս ուղղափառների սերունդներից: Վերջինս Սբ.Մկրտություն է ընդունել Ալեքսանդրեթում (թրք. Իսքենդերուն), Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու ծոցում: Հակառակ կառավարական և կուսակցական ճնշումներին՝ հրապարակավ խոստովանել է իր ուղղափառ լինելը:

 

 

 

 

 «Պատերազմ է սկսվելու, անհրաժեշտ է զորացնել աղոթքը»

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com