/ Վկայություններ / Դև է հանում

Դև է հանում

Դև է հանում

(Սբ. Պաիսիոս Աթոսացու հրաշքներից)

Սալոնիկից Էվանգելու Կ.-ի վկայությունը. «Տասներկու տարեկանից դևից տանջվում էի: Կյանքս տառապանք էր դարձել: Էքսորցիզմներից[1] հետո, որ իմ վրա կարդում էին, զգում էի, թե, կարծես, ինձ ծեծած լինեին:

1995թ. Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը հոգևոր հայրս ծրագրեց, որ Հսկում[2] կատարենք Սուռոտիում[3]: Սկսելուց առաջ կատաղի պատերազմ զգացի: Ողջ Հսկման ժամանակ բնավ քնկոտություն չզգացի: Նստած էի եկեղեցու կենտրոնում և շուրջբոլորը միանձնուհիներն էին: Հսկումն ավարտվեց ու սկսեցին Ջրօրհնեքի[4] կարգը: Ահավոր մոլեգին վիճակում էի: Ինձ տարան, որ Սբ. Արսենի[5] մասունքները համբուրեմ: Առաջին անգամն էր, ասում եմ ու փշաքաղվում, որ նաև մարմնապես կիզում զգացի: Վերջում շրջվեցի ու ասացի՝ վերջացավ, վերջացավ… Վանամայրն ինձ հարցրեց. «Պաիսիո՞ս»: Գլուխս շարժեցի հաստատակամ: Այդ պահին շատ կատաղեցի, սկսեցի ճչալ, ինձ տարան (Սբ. Պաիսիոսի) գերեզմանի մոտ ու այնտեղ երեք անգամ գոռացի՝ «Սուրբ»: Մինչ ուզում էի ու ջանք էի թափում հեռանալ, ինձ բռնեցին ու ուժով մեջքի վրա պառկեցրին Ծերի գերեզմանին: Այդ ժամանակ տեսա Ծեր Պաիսիոսին՝ թեթևակի, կիսով չափ նստած, կարծես, քնից վեր կենար, ո՛չ թե որպես մեռյալ: Ճշգրտիվ նույն ինքն էր՝ իր մորուքով ու փարաջայով: Վայրկյանների հարց էր: Իր ձեռքով կպավ ճակատիս ու նույն պահին տեսա, որ բերանիցս սև ծուխ էր դուրս գալիս: Ամբողջովին խաղաղվեցի, սակայն մարմնական ցավն անմիջապես չանցավ: Քնեցի ու ցավից արթնացա՝ ասելով. «Մարմինս շատ է ցավում»:

Սակայն քառասուն օր շարունակ այնպիսի մի ուրախություն էի զգում, որ դրանից լաց էի լինում: Գուցե հանդուգն թվա սա, որ ասացի. «Աստվա՜ծ իմ, թեկուզ մի ամբողջ կյանք սկզբի նման տանջվեմ, հերիք է նորից զգամ այդ ուրախությունը, թեկուզ և մեկ րոպե»»:

 

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Ιερομονάχου Ισαάκ, Βίος Γέροντος Παϊσίου του Αγιορείτου, Άγιον Όρος 2008.

Copyright © Ιερόν Ησυχαστήριον Άγιος Ιωάννης ο Πρόδρομος, Μεταμόρφωσις Χαλκιδικής.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սբ. Պաիսիոս Աթոսացու բնօրինակ վարքի հեղինակի հատուկ գրավոր օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության  որևէ վերարտադրություն, բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

[1] Դիվահանության աղոթքներ, որոնք ամփոփված են Ուղղափառ Եկեղեցու Էվխոլոգիոնի (Մաշտոց) մեջ (թրգ.):

[2] Խոսքը 6-7, երբեմն՝ ավելի ժամ տևողությամբ ժամերգութան մասին է, որն սկսվում է սովորաբար ուշ երեկոյան 8-9-ը և ավարտվում է Սբ. Պատարագով հաջորդ առավոտ կանուխ 4-5-ը, երբեմն ավելի երկար՝ կախված տոնից, հանդիսավոր երգեցողություններից ու ընթերցվածքների քանակից (թրգ.):

[3] Սուռոտին Սալոնիկ քաղաքի արվարձաններից մեկն է: Այստեղ է գտնվում Սբ. Պաիսիոսի հիմնած Սբ. Հովհաննես Ավետարանչի կանանց վանքը: Վանքի տարածքում է գտնվում նաև Սրբի գերեզմանը, ինչը նրա ննջելուց հետո դարձել է մեծ ուխտավայր (թրգ.):

[4] Ուղղափառ Եկեղեցում, բացի Աստվածահայտնության տոնի (հունվարի 6/19) ջրօրհնեքից, որը կոչվում է Մեծ Ջրօրհնեք, կա նաև Փորք Ջրօրհնեքի կարգը, որը կատարվում է ծխական եկեցիներում ու վանքերում յուրաքանչյուր ամսի առաջին օրը, Հսկումների, մեծ Տոների ժամանակ, ինչպես նաև՝ տուն, ավտոմեքենա, այգի և այլն օրհնելիս (թրգ.):

[5] Խոսքը հրաշագործ Սբ. Արսեն Կապադովկացու (Հաջի Էֆենդի) մասին է (հիշատակը՝ նոյեմբերի 10/23) (թրգ.):

 

 

Դև է հանում

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com