Սբ. Մարիամ Եգիպտացի
Ապրիլի 1/14
«Թագավորի գաղտնիքը թաքցնելը լավ բան է, սակայն պատվավոր է, երբ մարդն Աստծո գործերն է հռչակում: Երբ մարդը լռում է Աստծո զարմանահրաշ գործերի մասին, ապա իրեն փորձության մեջ է գցում, նմանվում է այն ծառային, որն իր Տիրոջից քանքարը վերցնելով, հողի մեջ այն թաքցրեց»: Ահա այս խոսքերով է Երուսաղեմի պատրիարք սբ. Սոֆրոնիոսն սկսում սբ. Մարիամ Եգիպտացու վարքը` բոլոր քրիստոնյաներին ցնցող ապաշխարության հրաշալի մի օրինակ ավանդելով:
Սբ. Մարիամը ծնվել և ապրել է Եգիպտոսում, մոտավորապես 6-րդ դարի կեսերին: Իր ծնորղներին նա լքում է 12 տարեկանում և հաստատվում Ալեքսանդրիայում, որտեղ 17 տարի շարունակ անառակ կյանքով է ապրում` բազմաթիվ մարդկանց մեղքի մեջ ներքաշելով: Մարիամն իր մարմինը մատուցում էր ոչ այնքան կարիքից, որքան` պարզապես մարմնական հաճույքի բավարարումից դրդված:
Օրերից մի օր Մարիամը, նավահանգիստ գնացող քրիստոնյաների տեսնելով, հետևում է նրանց ու Սբ. Երկիր գնացող նավը բարձրանում: Նավի մեջ գեղեցկատես պոռնիկը վաճառում էր իր մարմինը` ուխտավորներին անառակության մեջ գցելով: Երբ նավը Պաղեստին է հասնում, բոլորը շտապում են Երուսաղեմի սբ. Հարության տաճարը` մասնակցելու Խաչվերացի տոնին: Մարիամը, առանց ամաչելու և իր մեղավորությունը գիտակցելու, քրիստոնյաների բազմությանն է հետևում, սակայն երբ հասնում է տաճարի շեմին ու փորձում է ներս մտնել` Տիրոջ Խաչափայտին երկրպագելու համար, անտեսանելի մի ուժ նրան արգելում է: Բազմիցս փորձում է ներս մտնել, սակայն ապարդյուն: Բոլոր ուխտավորներն առանց որևէ դժվարության տաճար են մտնում, սակայն Մարիամի առջև անտեսանելի մի խոչընդոտ է ծառանում: Նա մի պահ կանգ է առնում` փնտրելով այդ արգելքի պատճառը: Այնժամ սկսում է զգալ, որ պատճառն իր մեղսալի վիճակն ու ապրելակերպն է: Այդ գիտակցումն այնքան խորն է Մարիամին ցնցում, որ նա սրտագին փղձկում է: Կանգնած տեղում դեմդիմաց նա Աստվածամոր մի պատկեր է տեսնում ու աղոթում` խոստանալով, որ կլքի աշխարհն իր ցանկություններով ու կհետևի փրկության այն ճանապարհին, որն Աստվածամայրն իրեն ցույց կտա: Դրանից հետո առանց որևէ արգելքի Մարիամը կարողանում է տաճար մտնել: Նա երկրպագում է Խաչափայտին ու վերադառնում Աստվածամոր պատկերի առջև` սպասելով, թե Տիրամայրն իրեն ինչ պիտի մատնանշի: Եվ երկնային մի ձայն Մարիամին ասում է. «Եթե Հորդանանն անցնես, մեծ հանգստություն կգտնես»:
Մարիամն անմիջապես Հորդանանի կողմն է գնում և, գետն անցնելով, հաստատվում է անապատում: Նա անապատում ապրում է 47 տարի` երբեք չհանդիպելով ո՛չ մարդու, ո՛չ գազանի: Նրա կյանքն անապատում խիստ էր ու անմարդկային, սակայն ապաշխարությունը` անկեղծ ու խորը: Թշնամին հաճախ էր հարձակվում սրբուհու վրա` կիզող երազանքներով ու երևակայությամբ նախկին մեղսալից կյանքը հիշեցնելով ու կրկին աշխարհ վերադառնալու մղելով, սակայն Մարիամն իր անարյուն նահատակությամբ դիմադրում էր սատանային: Բոլոր հարձակումների ու դժվարությունների ժամանակ նրա օգնականն էր Աստվածամայրը, որը պաշտպանության քաղցր լույսով Մարիամին հովանի էր լինում:
Սրբուհու` Հորդանանի անապատում հաստատվելուց շատ տարիներ անց սբ. Ծեր Զոսիմասը, աստվածային ազդանշանով հասնում է նրա ճգնության վայրը, որտեղ և հանդիպում է Մարիամին: Սրբուհին նրան իր անունով է կոչում` մի զգեստ խնդրելով, որպեսզի իր մերկ ու կմախքացած մարմինը ծածկի: Աբբա Զոսիմասը նրան է մեկնում իր փիլոնը և, երկյուղածությամբ մոտենալով, խնդրում է, որ սրբուհին իր կյանքի մասին պատմի: Ահա այսպես է քրիստոնյա աշխարհը տեղեկանում նախկին պոռնիկի հոգեցունց ապաշխարության մասին:
– Հավատա՛ ինձ, աբբա՛ Զոսիմաս, – ասում է սբ. Մարիամը, – որ 17 տարի շարունակ այս անապատում զօր ու գիշեր մարտնչել եմ գազանների` պոռնկական ցանկությունների դեմ:
Սբ. Մարիամն աբբա Զոսիմասին խնդրում է, որ հաջորդ տարի Ավագ Հինգշաբթի օրը նա կրկին գա անապատ` իր հետ սբ. Հաղորդություն բերելով: Աբբան մեկ տարի անհամբեր այդ հանդիպմանն է սպասում, և երբ պայմանավորված օրը մոտենում է, իր հետ սբ. Հաղորդություն վերցնելով, անապատ է գնում: Մարիամին փնտրելով` նա մինչև Հորդանան գետի ծայրն է հասնում ու դիմացի ափին հանկարծ տեսնում է սրբուհուն: Մարիամը խաչակնքում է ջուրը և, ջրի վրայով քայլելով, հասնում է սբ. Ծերին: Տիրոջ Մարմնին և Արյանը հաղորդվելով, նա հրաժեշտ է տալիս ծերին ու խնդրում, որ հաջորդ տարի նորից գա նույն ձևով…
Մեկ տարի անց աբբա Զոսիմասը կրկին անապատ է գալիս և տեղ հասնելուն պես գտնում է սրբուհու անշնչացած մարմինը: Մարիամի գլխավերևում, ավազի վրա հետևյալ տողերն էին գրված. «Աբբա՛ Զոսիմա՛ս, թաղի՛ր Աստծո աղախին Մարիամի մարմինը: Ննջեցի ապրիլի 1-ին, այն նույն գիշերը, երբ սբ. Խորհուրդներին հաղորդվեցի»:
Աբբա Զոսիմասը լալով կատարում է հոգեհանգստյան կարգը և փորձում է սրբուհու մարմինը թաղել, սակայն գետնի կոշտության պատճառով չի կարողանում: Նա սկսում է աղոթել, և հանկարծ իր առջև մի հսկա առյուծ է հայտնվում: Վախը մի կողմ վանելով` Ծերն առյուծին հրամայում է սրբուհու գերեզմանը փորել: Աստծուց ուղարկված գազանը հնազանդվում է և իր մագիլներով փոս բացում, որտեղ և աբբան երկյուղածությամբ տեղադրում է սբ. Մարիամի մարմինը: Թաղումից հետո առյուծը մոտենում է սբ. Ծերին, խոնարհում գլուխը, այնուհետև հեռանում է անապատի խորքերը…
Այսպես, մեղսալից կյանքից հրաժարված և սրբացած Մարիամ Եգիպտացին ապաշխարության օրինակ ու հույսի փարոս է դառնում է բոլոր այն հոգիների համար, որոնք հառաչում են մեղքերի ծանրությունից և փնտրում առ Աստված դարձի ճանապարհը:
Պատրաստեց հայր Հերոնիմոս Մայիլյանը:
Սբ. Մարիամ Եգիպտացի