Նորահայտ սբ. Հովհաննես Խոջեվացի (Ռումինացի) անփուտ մարմնով
(1913-1960թթ.)
Ի փառս Ամենասուրբ Երրորդության, հուրախություն և ի մխիթարություն ուղղափառ քրիստոնյաների, ներակայացնում ենք 2016թ. հունվարի 28-ին Երուսաղեմի Ուղղափառ Պատրիարքության Սրբազան Սինոդի կողմից սրբադասված և Երուսաղեմի Ուղղափառ Եկեղեցու տոնացույցի մեջ գրանցված սբ. Հովհաննես Խոջեվացու համառոտ վարքն ու մի քանի հարշքներ:
***
Սբ. Հովհաննես Խոջեվացին (ավազանի անունը` Եղիա) ծնվել է 1913թ. Ռումինիայի Վոտոցանիա նահանգում: Նա փոքրուց որբանում է: 20 տարեկանում` 1933թ. որպես մոնթ[1] մտնում է Նեամց վանք, որտեղ և մնում է 3 տարի: 1936թ. ապրիլի 8-ին վանական հերակտրություն է ընդունում` վերանվանվելով Հովհաննես: 1936թ. աշնանը Սբ. Երկիր է այցելում, որտեղ և Տիրոջ գերեզմանին երկրպագելով, մտնում է սբ. Սաբբայի վանքի միաբանություն: Այստեղ ճգնում է 10 տարի: Աստված նրան օժտում է արտասուքի և անդադար աղոթքի շնորհներով:
1947թ. սբ. Հովհաննեսը սարկավագ, այնուհետև քահանա է ձեռնադրվում և դառնում Հորդանան գետի ափին գտնվող սբ. Հովհաննես Մկրտիչ ռումինական սկիտի վանահայրը: Այստեղից սուրբը, 5 տարվա խստագույն ճգնությունից հետո, իր աշակերտ և հնազանդ Հովհանիկիոսի հետ մեկնում է սբ. Գևորգ Խոջեվացու վանքին մոտ գտվող սբ. Աննայի քարանձավ: Այստեղ ճգնում է 7 տարի և 1960թ. օգոստոսի 5-ին հոգին խաղաղությամբ ի Տեր ավանդում:
20 տարի հետո, երբ բացում են նրա գերեզմանը, մարմինը քահանայական զգեստների հետ միասին հայտնվում են ամբողջական և անփուտ վիճակում` արձակելով անբացատրելի անուշահոտություն: Սրբի անփուտ մարմինը տեղափոխվում է սբ. Գևորգ Խոջեվացու վանք, սբ. Ստեփանոսի մատուռ, որտեղ և գտնվում է մինչև օրս:
Ըստ Երուսաղեմի Ուղղափառ Պատրիարքության սինոդական սրբազան տոմարի, սբ. Հովհաննես Խոջեվացու հիշատակը տոնվելու է յուրաքանչյուր տարվա հուլիսի 28-ին, նրա անփուտ մարմնի գերեզմանից հանելու նօրը:
Հրաշքներ
1980թ. Ամերիկայից մի հույն արքիմանդրիտ, ով երիտասարդ ժամանակ սբ. Հովհանների հետ էր ճգնել և չգիտեր, որ նա մահացել է, քնի մեջ սրբին է տեսնում, ով նրան ասում է.
-Եթե ուզում ես ինձ տեսնել, արի՛ Հորդանանի լեռնագոգ` սբ. Աննայի քարանձավ:
Մեկ ամիս հետո արքիմանդրիտը սբ. Գևորգ Խոջեվացու վանք է գնում: Նրա պնդումներին տեղի տալով` վանահայրը վերջապես ընդունում է բացել սրբի գերեզմանը և այդպես նրա մարմինը գտնում են անփուտ վիճակում:
***
Մի քահանա, ով օգնում է սրբի մարմինը քարանձավից վանք տեղափոխելուն, պատմում է, որ ինչ-որ մեկը սրբից երեք մազ է պոկում ու իր հետ վերցնում: Սուրբը հայնտվում է նրան երազում և հրամայում, որ մազերը հետ վերադարձնի:
***
1986թ.Կրետեից մի կին սբ. Գևորգ Խոջեվացու վանքի վանահորը ոսկյա մի գդալ է ուղարկում` ի նշան երախտագիտության սբ. Հովհաննեսի կատարած հրաշքի: Այդ կինը հիվանդ էր, շարժվել և խոսել չէր կարողանում և բոլորը նրա մահին էին սպասում: Այդ ժամանակ հայտնվում է սբ. Հովհաննեսը` զգեստավորված և սբ. Սկիհը ձեռքին պահած հիվանդ կնոջն ասում.
-Ես սբ. Հովհաննես Խոջեվացին եմ:
Այնուհետև Սբ. Հաղորդության գդալը նրա լեզվին է կպցնում ու անհայտանում: Այդ պահից կինը բժշկվում է:
Քրիստոս Աստված, Քո սրբի բարեխոսությամբ, ողորմի՛ր և փրկի՛ր մեզ. ամեն:
Պատրաստեց հայր Հերոնիմոս Մայիլյանը:
[1] Վանական կյանքը փորձող անձ: