Տոն սբ. Հովհաննես Լռակյացի` Կոլոնիայի եպիսկոպոսի
Դեկտեմբերի 3/16
Տոն սբ. Հովհաննես Լռակյացի` Կոլոնիայի եպիսկոպոսի
Սբ. Հովհաննեսը ծնվել է 454թ. Փոքր Հայքի Նիկոպոլիս (այժմ` Շապին-Կարահիսար) քաղաքում, անվանի ու բարեպաշտ ընտանիքում: Ծնողների մահվանից հետո Հովհաննեսն իր ունեցվածքն աղքատներին է բաշխում և, Տիրամոր անունով մի եկեղեցի կառուցելով, մի փոքրիկ միաբանություն է հիմնում: Շուտով ժողովրդի ու հոգևորականության պահանջով Հովհաննեսը Փոքր Հայքի Կոլոնիա (այժմ` Կոյուլհիսար) քաղաքի եպիսկոպոս է ձեռնադրվում Սեբաստիո մետրոպոլտի կողմից: Այդ ժամանակ Հովհաննեսն ընդամենը 28 տարեկան էր:
491թ. սբ. Հովհաննեսը, ճգնության փափագին հետևելով, հեռանում է քաղաքից և, իր ինքնությունը թաքցնելով, գալիս է Պաղեստին: Նա որպես հասարակ մոնթ հնազանդության է մտնում սբ. Սաբբա Սրբացյալի մայրավանքում: Այստեղ միաբանության մի մասը բաղկացած էր հայ վանականներից, ովքեր սբ. Սաբբայի օրհնությամբ վանքի եկեղեցիներից մեկում ժամերգությունները կատարում էին հայերեն լեզվով: Սբ. Սաբբան այդպես էլ երբեք չի իմանում, որ իր աշակերտ Հովհաննեսը Հայաստանում եպիսկոպոս է եղել:
Սբ. Սաբբան Հովհաննեսին տալիս է տարբեր հնազանդություններ և ապա, համոզվելով նրա առաքինությանը, արտոնում է բնակվել վանքից դուրս, քարանձավ-ճգնարանում: Սբ. Հովհաննեսը շաբաթվա հինգ օրն անցկացնում էր խիստ ճգնությամբ ու լռակեցությամբ, իսկ շաբաթ և կիրակի օրերին գալիս էր վանք` Սբ. Պատարագին ու ճաշին մասնակցելու:
Սբ. Հովհաննեսն առատորեն օժտված է եղել հրաշագործության ու պարզատեսության շնորհներով: Հենց նրա հաղորդած տեղեկությունների հիման վրա է, որ գրվել են սբ. Եվթիմիոս Մեծի ու սբ. Սաբբայի վարքերը: Սբ. Հովհաննեսի շնորհական ազդեցությունն իր ժամանակակից վանականների վրա հսկայական է եղել:
Նա ննջել է 559թ.` 104 տարեկան հասակում` պահպանելով դեմքի պայծառությունը և հոգու զվարթությունը:
Պատրաստեց` Գ.Ղազարյանը: