Հրաշագործ սբ. Արսեն Կապադովկացի (Հաջի Էֆենդի)
(1840-1924թթ.)
Նոյեմբերի 10/23
Սբ. Արսենը[1] սրբածին Կապադովկիայից սերող վերջին սրբերից է, ով ժամանակակից Հունաստան է տեղափոխում քրիստոնեական Արևելքի կապադովկյան Հայրերի վանական ավանդությունը: Նա ծնվել է 1840թ., Կապադովկիայի Ֆարասա ավանում, բարեպաշտ ծնողներից` Էլեֆթերիոսից և Վարվառայից: Մկրտության ժամանակ Թեոդորոս է անվանակոչվում: Եղբոր` Վլասիոսի հետ հասակ է առնում Ֆարասայում, սակայն փոքր տարիքից կորցնում են ծնողներին: Նրանց խնամակալությունը ստանձնում է հորաքույրը, որն ուսուցչուհի էր և ապրում էր հարևան Նիգդի քաղաքում: Այդտեղ էլ մանուկ Թեոդորոսը գրաճանաչություն է սովորում: Այնուհետև մեկնում է Զմյուռնիա, որտեղ բացի հունարենից ու եկեղեցական գիտելիքներից, սովորում է նաև հայերեն, թուրքերեն և մասամբ ֆրանսերեն: Տեղում ուսումն ավարտելով` նա Ֆարասա է վերադառնում և ազգականներին հրաժեշտ տալով՝ գնում Ֆլավյանների հռչակավոր վանքը, որտեղ էլ վանական հերակտրություն է ընդունում Արսեն անվամբ: Սակայն Կեսարիայի մետրոպոլիտ Պաիսիոս Երկրորդը տեղեկանալով, որ Ֆարասայում ուսուցիչների պակաս կա, նրան սարկավագ է ձեռնադրում և այնտեղ ուղարկում՝ մանուկներին գրաճանաչություն սովորեցնելու: Հայր Արսենը հնազանդությամբ ու նախանձախնդրությամբ իր հայրենիքն է գալիս և իր գործն սկսում: Դպրոցի համար մի սրահ է պատրաստում, աշակերտական նստարանների փոխարեն հատակին կենդանիների կաշիներ փռում, և մանուկները դրանց վրա ծնկի եկած դասերին էին հետևում: Նա այս իմաստուն կերպով թուրքերին չէր հրահրում, որովհետև մանուկներն այն տպավորությունն էին թողնում, որ աղոթում են: Դասերից բացի, երեխաներին նաև Հիսուսի աղոթքն էր սովորեցնում. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմյա՛ մեզ» կամ «Հանուն Քրիստոսի և Աստվածամոր», և եթե մանուկները երբեմն սխալվում էին, նրանց սովորեցնում էր ասել. «Մեղա՜ քեզ, Աստվա՜ծ իմ»:
Սբ. Արսենը Ֆարասայից ոտքով էր Սուրբ Երկիր ուխտի գնում՝ մի բան, որ կրկնում էր տաս տարին մեկ: Դրա համար մարդիկ նրան Հաջի Էֆենդի էին կոչում:
Երեսուն տարեկանում Արսեն սարկավագը քահանա է ձեռնադրվում, ստանում նաև արքիմանդրիտի կոչումը և օրհնություն՝ խոստովանահայր լինելու: Խոնարհ քահանան ողջ կյանքի ընթացքում տարածաշրջանի բնակիչների հոգին և հայրն է դառնում բառի բուն իմաստով: Յուրաքանչյուր խոսքից բացի, նա Աստծո ներկայությունն էր, անսպառ շնորհով ու հրաշագործ բժշկումներով՝ ոչ միայն հույների, այլ նաև թուրքերի համար: Երբ մեկը վստահությամբ նրա մոտ էր գալիս, սուրբը, եթե Էվխոլոգիոնում[2] նրա համար համապատասխան աղոթք չէր գտնում, ապա մի սաղմոս էր ընթերցում կամ Ավետարանից մի հատված, և բավական էր միայն, որ Ավետարանը հիվանդի գլխին դներ, հրաշքը կատարվում էր: Խուսափելով մարդկանց գովեստից և թաքցնելով իր առաքինությունները` հաճախ զայրացկոտ էր ձևանում: Երբ իր հրաշագործ զորությունը մարդկանց մոտ հիացմունք էր ծնում, խստորեն պատասխանում էր.
-Կարծում եք, թե սու՞րբ եմ: Մեղավոր եմ, ձեզնից ավելի վատն եմ: Չեք տեսնու՞մ, անգամ բարկությունս չեմ կարողանում զսպել: Հրաշքները, որ տեսնում եք, Քրիստոսն է կատարում: Ես միայն ձեռքերս եմ վեր հառնում ու Նրան խնդրում:
Իսկապես, երբ ձեռքերը վեր էր բարձրացնում որևէ մեկի համար աղաչելու, նմանվում էր մարդու, որը Քրիստոսին բռնել ոտքերից ու բաց չի թողնում այնքան ժամանակ, մինչև իր խնդրանքը կատարվի:
Սբ. Արսենն ապրում էր հողե հատակով մի նեղ խցում` պահեցողությամբ, հսկմամբ և անդադար աղոթելով, իսկ չորեքշաբթի և ուրբաթ օրերին խցից ընդհանրապես դուրս չէր գալիս: Այդ երկու օրերին նրան փոխարինում էր իր խցի շեմը: Երբ հեռավոր տեղերից հիվանդ էր գալիս, որ չգիտեր այս կարգը և թակում էր նրա դուռը, հայր Արսենը, թեև այն բացում, սակայն չէր խոսում. ձեռքի շարժումով իմանում էր հիվանդի ցավը, համապատասխան աղոթքը գտնում ու կարդում, և նա բժշկվում էր: Այլ անգամներ թակում էին, սակայն չէր բացում: Ֆարասացիներն այդ երկու օրերին նրան չէին անհանգստացնում: Հիվանդները միայն նրա խցի մոտ էին գնում, դռան շեմից հող վերցնում, մարմնի ցավացող տեղն էին քսում և լավանում: Մի ֆարասացի կին, որը նման կերպ ձեռքի կարկամությունից էր բժշկվել, ասում էր.
-Մեր հայրենքում չգիտեինք, թե ինչ ասել է բժիշկ, Հաջի Էֆենդուն էինք վազում:
Որոշ թուրք հիվանդներ, ովքեր իրենց անարժան էին համարում, որ Հաջի Էֆենդուն դիմեն բժշկվելու, խնդրում էին իրենց տալ նրա բուրվառի մոխրից, որ դատարկում էր օջախի անկյունում. թուրքերն այն լուծում էին ջրի մեջ, խմում և բժշկվում:
Բոլոր այս հրաշքներից հետո, որ հայր Արսենը կատարում էր Աստուծո շնորհով, մարդիկ տեսնում էին և նրան որպես սրբի մոտենում, ինչն էլ նրան վատ վիճակի մեջ էր դնում և ստիպում առավել մեծ ճգնության տրվելու, որպեսզի թաքցներ իր սրբությունը և խուսափեր մարդկային գովեստներից: Այդ իսկ պատճառով երբեմն «Քրիստոսի համար խենթ» էր ձևանում և ներկայանում, հակառակ իր բնությանը, ձևական տարօրինակություններով: Որպեսզի հեզ չասեին, բարկացկոտ էր ձևանում: Որպեսզի չասեին, թե պահեցող է, որկրամոլ էր ձևանում և նմանատիպ այլ բաներ:
Նրա արարողությունների տիպիկոնը[3] հետևյալն էր. բոլոր մեծ տոներին մայրամուտից մինչև լուսաբաց հսկումներ էր կատարում: Սովորաբար դրանք գյուղից դուրս, բավականին հեռու գտնվող Աստվածամոր մատուռում էր կատարում կամ սբ. Ոսկեբերանի եկեղեցում, միայն իր դպրի` Պրոդրոմոսի հետ, բացառությամբ, եթե ճանապարհին որևէ մարդու էին հանդիպում, որը տառապում էր որևէ հիվանդությամբ, սակայն կարող էր քայլել, նրան էլ էին վերցնում հսկմանը: Եվ հայր Արսենը մատուռ հասնելուն պես հիվանդին բժշկում էր, որպեսզի նա էլ Տիրոջը փառաբաներ: Մի անգամ, երբ սուրբը և սաղմոսասացը սբ. Ոսկեբերան էին գնում, մի համր կնոջ են հանդիպում, որին իր ուղեկիցների հետ վերցնում են իրենց հետ և մատուռ հասնելուն պես նրա վրա Ավետարան կարդում. համրն անմիջապես սկսում է խոսել, և բոլորը միասին փառաբանում են Աստծուն:
Հսկումներին, որ սովորաբար կատարում էր հեռավոր այդ մատուռներում, ինչքան որ հեռու լինեին, երբեք կենդանու վրա չէր նստում, այլ միշտ ոտքով էր գնում և հսկման ողջ ընթացքում կանգնած մնում: Բազմիցս սաղմոսասացը նրան խնդրում էր, որ մի քիչ նստի իշուկի վրա, սակայն երբեք չէր ընդունում, որովհետև տիպիկոն ուներ, որ իր ողջ կյանքի ընթացքում երբեք կենդանու վրա չնստեր, ինչքան էլ ճանապարհը հեռու լիներ: Նույնիսկ հինգ անգամ Երուսաղեմ գնալուց ոտքով քայլում էր մինչև Մերսինա, որպեսզի այնտեղից նավ նստեր: Բավական չէ, որ ոտքով էր գնում, սովորաբար նաև ոտաբոբիկ էր. երբ մարդկանց էր մոտենում, կոշիկները փոքր-քիչ հագնում էր, և մարդկանցից հեռանալուն պես դրանք կրկին իր պայուսակն էր դնում:
Մնացած օրերին հայր Արսենը ժամերգությունները սովորաբար իր խցում էր կատարում կամ սբ. նահատակներ Բարաքիսի ու Հովհանի եկեղեցում: Ժամերգությունը սկսում էր երեկոյան իննին և ավարտում կեսգիշերից հետո ժամը երեքին, իսկ հետո 3-4 ժամ հանգստանում էր:
Տիեզերական պատրիարքը մեծ հարգանք էր տածում Հաջի Էֆենդու նկատմամբ և հաճախ էր նրան գրում, որպեսզի աղոթեր Պատրիարքության համար: Իսկ սուրբը Պրոդրոմոսի հետ միասին այդ նպատակով գիշերային հսկումներ էր կատարում: Հաճախ էին նրան առաջարկում, որպեսզի եպիսկոպոս ձեռնադրվի, սակայն միշտ մերժում էր` պատճառաբանելով, թե չի կարող լինել, որովհետև բարկացկոտ է: Իսկ նրանց, ովքեր հասկացել էին, թե հանդարտ է, ասում էր.
-Եպիսկոպոս չեմ դառնում, քանզի վախենում եմ հպարտությունից. լեռները որքան բարձր են, այնքան ավելի շատ մառախուղ են հավաքում:
Նա նրբորեն ու խորապես զգում էր իր հոտի հանդեպ պատասխանատվությունը: Դրա համար հսկում էր, թե ինչպես պահպանի իր հոտը գառան դիմակով գայլերից` բողոքականներից, որոնք իրենց ուսուցիչներով Արևելքում մեծ քարոզչություն էին կատարում: Հայր Արսենն այդ իսկ պատճառով ստիպված է լինում իր դպրոցի համար, որպես ուսուցիչ, գյուղից երեք ամենաուսյալ անձանց ընտրել և ոչ ոքի դրսից չընդունել: Նա անգամ Ավետարանն է թարգմանում Ֆարասայի բարբառով, որպեսզի բոլորին հասկանալի լինեն աստվածային իմաստները և այդպիսով մերժեն հերետիկոսներին: Եկեղեցում Ավետարանը նախ հունարեն էր կարդում, ապա՝ ֆարասերեն ու թուրքերեն:
Կանխատեսության շնորհով հայր Արսենը վաղօրոք էր ասել հույների տեղահանության մասին[4] և կազմակերպել Ֆարասայի բնակիչների հեռացումը: Երբ հայրենիքը լքելու դժբախտ լուրը հասնում է, սուրբը մկրտում է չմկրտված բոլոր մանուկներին: Այդ ժամանակ, երբ մկրտում է նաև Պրոդրոմոսի մանկանը, հետևյալ դեպքն է պատահում. մանկան ծնողներն ուզում են պապի անունը` Խրի՛ստոս[5] դնել, սակայն հայր Արսենը չի ընդունում, որովհետև ինքն էլ իր անունն է ուզում դնել և ծնողներին ասում է.
-Շատ լավ, դուք ուզում եք պապին ժառանգ թողնել, իսկ ես չե՞մ ուզում ինձնից հետո վանական ժառանգ թողնել:
Շրջվում է կնքամոր կողմն ու ասում.
-Արսեն կասես:
Այդ երեխան իսկապես մանկուց կամենում էր վանական դառնալ, ինչպես որ հետագայում լինում է[6]:
Մանուկների մկրտությունից հետո սուրբը մեկ շաբաթ փորում էր և եկեղեցական սրբազան իրերը թաքցնում, որպեսզի թուրքերի կողմից չպղծվեին: 1924թ. օգոստոսի 14-ին Հաջի Էֆենդին, որպես մեկ այլ Մովսես, գլխավորում է իր հոտը մեծ ելքի համար և ոտքով քայլելով հասնում մինչև Նիգդի, որտեղ նրան շատ հիվանդներ են շրջապատում և խնդրում բժշկվել: Այստեղ նաև մի դիվահարի է բժշկում: Երբ գաղթականների խումբը Ֆարասայից բավականին հեռանում է (30 կիլոմետր), սուրբը հոտին թողնելով, մենակ Ֆարասա է վերադառնում, որպեսզի սբ. նահատակներ Բարաքիսի և Հովհանի եկեղեցու սուրբ Սեղանից հանի սբ. Հովհան Ոսկեբերանի մասունքը: Այդպիսով վերցնելով մոռացված սրբազան մասունքը` կրկին քայլելով գալիս է իր հոտին միանում:
Ճանապարհին թուրքական իշխանությունները Հաջի Էֆենդու ապահովության համար մի պահակ էլ են տալիս, որպեսզի նրան ապահով և անվնաս Նիգդի հասցնի: Այսպես, մինչ քայլում էին, մի կատաղի հեծյալ թուրքի են հանդիպում, որը պահակին ասում է.
-Ի՞նչ ես դրանից ուզում (նկատի ունենալով հայր Արսենին), չե՞ս ուզում դրան մի տեղ նետես, ազատվես:
Թուրքը քսան մետր էլ չի հասցնում գնալ ու իր ձիուց վայր է ընկնում: Երբ պահակը դա տեսնում է, հայր Արսենին ասում է.
-Դու սուրբ ես:
Քրիստոսի բարի հովիվն իր հոտի հետ միասին Հունաստան է գալիս: Ողջ ճանապարհին նրանց հիշեցնում էր այն, ինչ նախապես ասել էր և շեշտում էր. «Երբ Հունաստան հասնենք, մեր գյուղը շատ տեղեր կսփռվի»: Ինչպես նաև. «Երբ Հունաստան հասնենք, 40 օր միայն կապրեմ ու մի կղզում կմահանամ»: Իսկապես, այդպես էլ լինում է: Ֆարասացիները սփռվում են տարբեր տեղերում, իսկ սուրբը մի փոքր խմբով Կերկիրա կղզին է գալիս: Այստեղ երկու շաբաթ է միայն ապրում, մեկ շաբաթ էլ հիվանդանոցում է հանգրվանում, որտեղ էլ ավանդում է հոգին` նախօրոք հասցնելով իր սիրելի համերկրացիներին ասել. «Հոգուն, հոգուն հո՛գ տարեք ավելի շատ և ոչ թե մարմնին, որ հողի մեջ է մտնելու և որդերն են ուտելու»:
Այս վերջին քարոզից հետո, երբ բոլորը գնում են ու միայն սաղմոսասաց Պրոդրոմոսն է մնում, սուրբն ասում է.
-Արի՛, իրար հրաժեշտ տանք, որովհետև վաղը չէ մյուս օրը մեկնում եմ մյուս կյանք: Աստվածամայրն եկավ երեկ ցերեկն ու ինձ ասաց և ինձ պտտեց Սուրբ Լեռով ու տեսա վանքերը, որ շատ էի ուզում տեսնել, բայց չէի արժանացել: Պրոդրոմոս, քեզ ի՜նչ պատմեմ: Սուրբ Լեռն ինչ շա՜տ վանքեր ունի: Ի՜նչ մեծ եկեղեցիներ: Ի՜նչ շքեղություն:
Եվ այսպես, երբ օրը մոտենում է, հայր Արսենը հաղորդվելուց հետո ի Տեր է ննջում 1924թ. նոյեմբերի 10-ին: Այդ պահին ֆարասացիներից ոչ ոք նրա կողքին չի լինում: Նա ինքը չէր կամեցել իր կողքին ոչ ոքի տեսնել, որպեսզի չշեղեին իր հավիտենական աղոթքից:
Ֆարասացիները նրա համար մեծաշուք թաղում են կազմակերպում: Մարմինն ամփոփվում է Կերկիրայի գերեզմանատանը, որտեղից էլ հետագայում սուրբ Պաիսիոսն այն տեղափոխում է Սալոնիկին մոտ գտնվող Սուրոտի ավանում իր հիմնած սբ. Հովհաննես Ավետարանչի կանացի վանքը:
Տիեզերական Պատրիարքության սրբազան Սինոդը 1986թ. պաշտոնապես Հաջի Էֆենդուն սրբադասում է` հրաշագործ սբ. Արսեն Կապադովկացի անվամբ և հիշատակի օր սահմանում նրա ննջման օրը: Սբ. Արսենը կապադովկյան սրբերից վերջինն է, որը մեր օրերում Աստծուց փառավորվեց, որպեսզի մեզ հավաստիացնի, թե այսօր էլ ամեն ինչում հների նման սրբեր են հայտնվում:
Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου, Ο Άγιος Αρσένιος ο Καππαδόκης, εκδ. Ι. Ησυχαστηρίου «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος», Σουρωτή 2001.
© www.orthodoxkyanq.org
[1] Սրբի կյանքը գրի է առել Սբ. Պաիսիոս Աթոսացին:
[2] Ուղղափառ Եկեղեցու սրբազան խորհուրդների, բարեպաշտական արարողությունների և մարդկային զանազան կարիքների ու դեպքերի համար աղոթքների ժողովածու (թրգ.):
[3] Տիպիկոնն Ուղղափառ Եկեղեցու տոնացույցն է: Այս դեպքում նշանակում է կարգուկանոն, հերթականություն (թրգ.):
[4] Խոսքը 1923թ. Լոզանի դաշնագրի շրջանակներում Հունաստանի և Թուրքիայի միջև ազգաբնակչության փոխանակման մասին է, ինչի համաձայն Փոքր Ասիայի արևելյան նահանգների քրիստոնյաները պարտադրաբար պետք է Հունաստան գաղթեին, իսկ Հունաստանի մահմեդականները՝ Թուրքիա:
[5] «Χρήστος» հատուկ անվան մասին է խոսքը, ինչը հույների մեջ շատ տարածված անձնանուն է և իր գրությամբ ու շեշտով տարբերվում է Տիրոջ անունից, որը գրվում է «Χριστός» ձևով:
[6] Այստեղ խոսքը հենց իր վարքագրի` ծեր Պաիսիոսի մասին է, որը ոչ միայն վանական է դառնում, այլև Ուղղափառ Եկեղեցու վերջին սրբերից մեկը (թրգ.):