Վիրահատում են… սրբերը
«Ով հավատում է Ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ Ես եմ անում. և դրանցից ավելի մեծերը կանի» (Հովհ. 14, 12), – խոստացել է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը: Եվ տերունական այդ խոստումը իրականություն է դառնում մեր կյանքում` Նրա սրբերի միջոցով: Սրբերը մեր ավագ եղբայրներն ու քույրերն են, ովքեր Աստուծո շնորհով պատրաստ են մեզ օգնության հասնելու մեր թե՛ հոգևոր, թե՛ մարմնական փորձությունների մեջ:
***
Հետևյալ հրաշքը պատահել է մերօրյա հույն ծերերից մեկի` հայր Ամբրոսիոս Լազարիսի (1912-2006 թթ.) հետ 1937 թ., երբ նա` Խարիտոն անվամբ, վանական էր Աթոսի Կուտլումուշ վանքում: Օգոստոսյան մի օր նա որոշում է գնալ վանքի պարտեզ` թուզ հավաքելու, ընդ որում` առանց վանահոր օրհնության:
Պտղալից մի թզենու վրա բարձրանալով` Խարիտոն վանականն սկսում է բերքահավաքը, սակայն ծառի ճյուղը ջարդվում է, և նա վայր է ընկնում: Նրա ոտքը ջարդվում է` երկու մասի կիսվելով: Անասելի ցավերից Խարիտոնն սկսում է լալ ու բղավել:
Վանականները նրան փոխադրում են վանքի հիվանդանոց, (այնտեղ էր սբ. անարծաթ բժիշկների` Կոզմասի ու Դամիանոսի փոքրիկ եկեղեցին), սակայն քանի որ Աթոսն այն տարիներին զավթված էր ֆաշիստներից, ամենուր ամայություն էր տիրում, բժիշկ էլ չկար:
«Գիշերվա 12-ին ի՞նչ լինի, – պատմում է ծերը. – տեսա, որ գմբեթից կենդանի կերպով իջնում ու առաջ են գալիս սբ. Անարծաթները` Կոզմասն ու Դամիանոսը: Տեղը լուսավորվեց:
-Խե՜ղճ տղա, – ասաց սբ. Դամիանոսը, – ինչպե՞ս է ոտքն այսպես արել:
Սբ. Կոզմասը եկավ գլխիս մոտ ու սբ. Դամիանոսին ասաց.
-Գնա՛ ոտքի կողմը, բռնի՛ր ու դեպի դուրս քաշիր…
Սուրբը գնաց ու քաշեց ոտքը… Այնպիսի՜ մի ցավ, որ պատմելու չէ…
-Եկանք քեզ օգնելու, – ասաց սբ. Կոզմասը, մի՛ վախենա, կանցնի:
Եվ ի՞նչ եղավ: Երբ ոտքս քաշեց, ոտքս կպավ: Ոսկորները, մկանները, մնացածը` շուրջբոլորը, ոչինչ չէր երևում:
Երբ դա եղավ, ցավը դադարեց: Ես անմիջապես վեր ցատկեցի, սկսեցի պարել ու երգել… այն պահին ես էլ չէի հասկանում, թե ինչ եմ անում: Վանականներն էլ արթնացան:
-Խարիտոն վանականը ցավերից երևի խենթացել է. այս ուշ ժամին երգում է:
Եկան հիվանդանոց…
-Ինչու՞ ես բարձրացել, -ասացին, – նստի՛ր, որ մյուս ոտքդ էլ չկոտրես:
-Նայեք տեսե՛ք, – ասացի:
Մեր դիմացն էր սբ. Անարծաթների մատուռը.
-Այն երկուսը, ովքեր այնտեղ` իրենց գահին են, մի ժամ առաջ եկան` մեկը գլխիս կողմից, մյուսը` ոտքերի, ոտքս քաշեցին, տեղը գցեցին, ու հիմա ոչ մի խնդիր չկա:
Վանականները ողջ գիշեր չքնեցին և առավոտյան սբ. Պատարագ մատուցեցին: Ես էլ գնացի Պատարագի: Երեք օր իրար ետևից սբ. Պատարագ մատուցեցին»:
***
Քրիստոսի փառավոր մարտիրոսներից է սբ. Խառալամպոսը, ով քահանա է եղել Փ. Ասիայի Մագնեսիա (Մաղնիսա) քաղաքում և 113 տարեկան հասակում նահատակվել է 202 թ. փետրվարի 10-ին: Սբ. Խառալամպոսը հատուկ շնորհ ունի` բժշկելու ժանտախտը, սակայն նա իր օգնությունն է բերում նաև ամենատարբեր հիվանդություներից տառապողներին:
1992 թ. աթենացի մի կին` Իրինե Լեմու անունով, սրտի ինֆարկտ է ստանում: Առողջությունը փրկելու նպատակով նա մեկնում է Շվեցարիա` բարդ վիրահատության: Մինչ Աթենքից մեկնելը ինչ-որ մեկը նրան նվիրում է սբ. Խառալամպոսի վարքը, որն Իրինեն կարդում է ամբողջ ճանապարհի ընթացքում և ողջ գիշեր`շվեցարական հյուրանոցում: Այդ անքուն գիշերն Իրինեն աղոթում է սրբին` իրեն զորավիգ լինելու: Լուսադեմին հանկարծ հայտնվում է սբ. Խառալամպոսը, բռնում նրա ձեռքից ու ասում.
-Ինչու՞ ես այդքան մտահոգ: Ես եկել եմ` քեզ օգնելու: Բայց դու պիտի ուղղես այն անկարգությունը, որ արել ես տանդ. ինչու՞ Խաչը սենյակիցդ հանեցիր: Խաչը իրեն պատշաճ տեղը կդնես, և ամեն բան լավ կլինի:
Իսկապես, Իրինեն ունեցել էր մի հին Խաչ` Խաչյալ Փրկիչով, որ հնության պատճառով հանել էր պատից ու տեղը ժամանակակից լուսանկար կախել…
Առավոտյան, երբ նա գնում է հիվանդանոց, նախավիրահատական անալիզները պարզում են, որ նա լիովին առողջ է: Հունաստան վերադառնալով, Իրինեի առաջին գործն է լինում գնալ Մետեորայի սբ. Ստեփանոս վանքը, որտեղ պահվում է սբ. Խառալամպոսի գլուխը` իր երկնավոր բժշկին երախտագիտություն հայտնելու:
***
2003 թ. Կիպրոսի հեռուստատեսությամբ Վասիլիոս ընտանիքը հանդես եկավ օգնության ձեռք մեկնելու աղերսով. ընտանիքի զավակը` փոքրիկ Անդրեասը, տառապում էր սպիտակարյունությունից, և շտապ հարկավոր էր ողնուղեղի փոխպատվաստում կատարել: Բարեբախտաբար, փոխպատվաստման նյութը գտնվում է, և ընտանիքը պատրաստվում է մեկնելու ԱՄՆ` բարդ վիրահատությունը կատարելու:
Մինչև ԱՄՆ մեկնելը Անդրեասի ծնողները լսում են Հունաստանի Անդրոս կղզու սբ. Մարինե վանքի մասին, որտեղ պահվում է մանուկների պահապան սրբուհու մատը: Նրանք որոշում են զանգել վանահորը` աղոթելու խնդրանքով: Վանահայր Կիպրիանոսը խոստանում է աղոթել սբ. Մարինեին` մաղթելով, որ վիրահատարանում սրբուհին օգնական լինի կյանքի համար պայքարող երեխային:
Պահանջվող անալիզները հանձնելուց ու քննություն անցնելուց հետո փոքրիկին տանում են վիրահատարան: Ճակատագրական վիրահատությունն սկսելուց քիչ րոպեներ առաջ վիրահատող բժշկի մոտ է մտնում անծանոթ մի օրիորդ: Նա ներկայանում է որպես Անդրեասի անձնական բժիշկը և խնդրում է արտոնել իրեն` ներկա գտնվելու երեխայի վիրահատությանը: Օրիորդի խոսքերից միանգամայն հասկանալի է լինում, որ նա քաջ տիրապետում է բժշկական գիտելիքներին, և որևէ հիմք չի լինում կասկածելու, որ նա բժիշկ չէ: Արտոնությունն ստանալուց հետո անծանոթ բժշկուհին մտնում է վիրահատարան և ոչ թե պարզապես ներկա է գտնվում վիրահատությանը, այլ ներգործուն մասնակցություն է բերում` ցուցումներ տալով, թե այս կամ այն պահին ինչ է պետք անել: Ամեն ինչ շատ լավ է անցնում, և վիրաբույժը, օրիորդին շնորհակալություն հայտնելով, վիրահատարանից դուրս է գալիս:
Անդրեասի ծնողներն անմիջապես շտապում են նրա մոտ` տեղեկանալու, թե ինչպե՛ս է անցել վիրահատությունը:
-Ամեն ինչ լավ է, – պատասխանում է բժիշկը, – սակայն մի բան չեմ հասկանում. այդպիսի հրաշալի բժշկուհի ունենալով` ինչու՞ եք ինձ մոտ եկել:
Ապշած ծնողները հայտնում են, որ իրենք ոչ մի բժշկուհի էլ չունեն և չեն հասկանում, թե ինչի մասին է խոսում վիրաբույժը: Վերջինս էլ իրենն է պնդում` հաստատելով, որ Անդրեասի անձնական բժշկուհուն տեսել է ողջ անձնակազմը: Փորձում են գտնել բժշկուհուն, սակայն ապարդյուն: Զարմանքից անշարժանում են և հասկանալով, որ հրաշք է պատահել, սկսում են լալ` առ Աստված գոհության ջերմ արտասուքներով. վանահայր Կիպրիանոսի մաղթանքը բառացիորեն իրականություն էր դարձել:
Վասիլիոս ընտանիքը արդեն երիտասարդ Անդրեասի հետ ամեն տարի գալիս է Անդրոսի սբ. Մարինե վանքը` նորից ու նորից գոհություն մատուցելու մեր Աստծուն, որ «սքանչելի է իր սրբերի մեջ» (Սաղմ. 67, 35):
***
Տարիներ առաջ հունաստանցի շատ սիրով մի զույգ ամուսնանում է, սակայն հարսանիքից հետո` առաջին իսկ շաբաթվանից, անհասկանալիորեն խնդիրներ են ծագում ամուսինների մեջ. անընդհատ վեճեր, բողոքներ` առանց որևէ լուրջ պատճառի:
Կինն սկսում է աղոթել սբ. Նեկտարիոս հայրապետին, հաճախ ուխտի է գնում Էգինա կղզի` սրբի մասունքների մոտ: Շատ չանցած կինը ցավերով հիվանդանում է, սակայն բժշկական քննությունը ոչինչ չի հայտնաբերում: Հիվանդանում է նաև կնոջ հայրը. նրա մոտ չարորակ ուռուցքներ են հայտնվում: Խնդիրները բարդանում են նաև զույգի անպտղությամբ…
Այդ ամենի մեջ սուզված` ամուսինները պատշաճ ուշադրություն չեն դարձնում տարօրինակ մի երևույթի, որ կրկնվում էր ամեն օր. առավոտյան, երբ արթնանում էին, անկողնի վրա մկան ծերտեր ու մազմզուկներ էին տեսնում, որոնք սակայն չէր հաջողվում ձեռքով բռնել:
Ահա այսպես, վեց տարիներ շարունակ…
Մի երեկո այլևս հուսահատ կինը նստած է լինում հյուրասենյակում: Հանկարծ բացվում է դուռը, և ներս են մտնում սբ. Նեկտարիոսն ու կնոջ պապը, ով կենդանության օրոք քահանա էր եղել:
-Ես եկա, – ասում է սբ. Նեկտարիոսը: Մի՛ անհանգստանա. Այսօր որովայնիդ վրա նշտարով երեք հատումներ եմ անելու: Պառկի՛ր:
Հոգեկան անասելի խաղաղությամբ պարուրված կինն անսում է սրբի հրամանին: Սբ. Նեկտարիոսն անում է հատումներն ու ասում.
– Վաղը նորից կգամ:
Եվ իրապես, հաջորդ երեկո հայրապետն ու քահանան նորից են հայտնվում.
-Այսօր 19 հատումներ ենք անելու, – հայտարարում է սբ. Նեկտարիոսը:
Նա սկսում է վիրահատությունը և երբ հասնում է վերջին հատմանը, ասում է.
-Հիմա նայիր, թե քո միջի չար ոգին որտեղի՛ց է դուրս գալու. ձախ ոտքիդ ճկույթից:
Եվ ահա, 19-րդ ժամանակ երևում է, թե ինչպե՛ս է դևը դուրս գալիս ոտքի ճկույթից:
Վիրահատություն-դիվահալածությունից հետո սբ. Նեկտարիոսը կնոջը բացատրում է ողջ եղելությունը.
-Ամուսնությունից հետո, երբ այս տունը վարձեցիք, տանտիկինը ձեզ նախանձեց: Նա գաղտնի մտավ տուն և այս ամենը գցեց ձեր տեղաշորի վրա (սուրբը ցույց է տալիս մկան ծերտերն ու մազերը), իսկ տան աստիճաներին գերեզմանատան կանթեղից վերցված ձեթ լցրեց: Այդ ձեթը, անցնելիս, առաջինը տրորեց հայրդ: Դրա համար էլ նա ուռուցքներ ունեցավ: Բայց մի անգամ, երբ նա Էգինա եկավ, ես նրան բժշկեցի. եկեղեցու շեմին հանեցի ուռուցքներն ու 150 գր. մեռած արյուն: Սակայն հայրդ չվերադարձավ ինձ մոտ` շնորհակալություն հայտնելու:
Այս բացատրությունից հետո սուրբն ու իր ուղեկիցն անհետանում են:
Սբ. Նեկտարիոսի գանգատն անտեղի չէր. իսկապես, կնոջ հայրը, Էգինայի վանքից դուրս գալիս, ակամա շոշափել էր ծոծրակը և հայտնաբերել, որ չարորակ ուռուցքներն անհետացել են: Ուրախությունից իրեն կորցրած` նա հետ չէր դարձել սրբի մասունքների մոտ, այլ շտապել էր տուն` տնեցիներին հրաշքի մասին պատմելու:
Պատրաստեց` Գ. Ղազարյանը: