Սբ. Պատարագի հրաշքները
ՀՈԳԵՄԱՐՏՆԵՐԻ «ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ»
Սբ. Հովհաննես Ոսկեբերան հայրապետի օրոք (IV դ.) ապրում էր մի հարուստ մարդ, ով իր կնոջ հետ միասին հոգեմարտների (մակեդոնականների) աղանդին էր պատկանում: Սրբի քարոզները լսելով` այս մարդը Եկեղեցու գիրկն է վերադառնում, սակայն նրա կինը, չնայած արտաքին դարձին, շարունակում էր հարած մնալ հերետիկոսությանը:
Մի տոնական օր այս կինը ծածուկ գնում է հոգեմարտների պատարագին և այնտեղից «Հաղորդություն» է իր հետ վերցնում[1]: Քիչ անց նա ամուսնու հետ գալիս է ուղղափառների սբ. Պատարագին, որ մատուցում էր Ոսկեբերանը: Հայրապետի ձեռքից սբ. Հաղորդություն վերցնելով, կինն այն չի ուտում, այլ թաքուն հանելով հերետիկոսների «Հաղորդությունը», այն բերանն է դնում: Եվ օ՜ հրաշք: Հերետիկոսների հացը կնոջ բերանում քար է դառնում: Սարսափած կինն սկսում է բղավել ու մարդկանց առջև իր մեղքը խոստովանել:
Ոսկեբերան հայրապետը քար դարձած հացը տեղադրում է եկեղեցու գանձատանը` հրաշքի մասին սերունդներին ի վկայություն:
ՔՐԻՍՏՈՍԻ ՄԻՍԸ
Դամասկոսի մատակայքում էր ճգնում մի սյունակյաց ով, շնության մեջ ընկած քաղաքաբնակ մի քահանայի մասին լսելով, մեծ գայթակղություն է ունենում: Մի անգամ այդ քահանան գալիս է Պատարագ մատուցելու այն վանքում, որտեղ սյունակյացն էր ճգնում, և վերջինս վարանում է քահանայի մատուցած Հաղորդությունն ընդունել` մտածելով, որ այն թերևս վավերական չէ: Եվ Աստված տնօրինում է, որ մի մեծ հրաշք տեղի ունենա` ի շահ սյունակյացի և բոլոր քրիստոնյաների. Պատարագի ժամանակ սրբագործված Հացի մի մասնիկ մաղզմայից ընկնում է սբ. սեղանի վրա ու բոլոր ներկաների աչքի առաջ միս է դառնում: Երբ պատարագիչ քահանան փորձում է սեղանից այն վերցնել, սբ. Հաղորդության մասնիկը թարմ կտրված մսի պես կպչում է նրա մատից: Միևնույն ժամանակ Քրիստոսի մսից կաթում են արյան երեք կաթիլներ, որոնք թրջում են սբ. սեղանի ծածկոցը` հասնելով մինչև մարմարը:
«ԴՐՕՔՆ ՓԱԿԵԼՈՎՔ»
Աբբա Մատաթիա Սինայեցին սբ. Հաղորդությունը պահում էր եկեղեցու ավանդատանը, որ կողպված էր մնում, և ամեն կիրակի այն տանում էր անապատ` այնտեղ ճգնող հայրերին բաժանելու: Հաճախ սակայն Մատաթիան, փակ ավանդատուն մտնելով, մասնատուփը բացված էր գտնում: Ի վերջո աբբան որոշում է կնքել ավանդատան դռները` նախապես հաշվելով սբ. Հաղորդության մասնիկները: Մեկ շաբաթ անց նա եկեղեցի է գալիս, կնիքն անխախտ է տեսնում, սակայն մասնատուփից երեք մասնիկ պակասում էր: Սկսվում են աբբա Մատաթիայի մտատանջությունները…
Եվս մեկ շաբաթ անց երազում նրան հայտնվում են երեք անծանոթ վանականներ, ովքեր աբբայի արթնացնում են աղոթելու:
-Հայրե՛ր, ովքե՞ր եք դուք, – հարցնում է տարակուսած Մատաթիան:
-Մենք այն երեք մեղավորներն ենք, որ հաճախ գալիս ենք այստեղ հաղորդվելու: Արդ, այլևս այդ խնդրի վերաբերյալ մի՛ մտատանջվիր:
ԱՆՀՆԱԶԱՆԴ ՄԱՐՏԻՐՈՍԸ
Եգիպտական անապատում մի ծեր էր բնակվում` իր մոնթի հետ միասին: Մի օր ծերի ու մոնթի միջև գժտություն է ծագում, և վերջինս, իր հոգևոր հորը չհնազանդվելով ու նրա արգելքն անտեսելով, հեռանում է: Ալեքսանդրիա գալով` երիտասարդ վանականը հեթանոս կառավարչի ձեռքն է ընկնում, ով հրամայում է, որ մոնթը Քրիստոսին ուրանա և կուռքերին երկրպագի: Վանականը հրաժարվում է, իր հավատքի համար չարչարանքների է ենթարկվում և ապա գլխատվում: Քրիստոնյաները վերցնում են մարտիրոսի մարմինը և եկեղեցու խորանում մի քարատապանի (սարկոֆագի) մեջ ամփոփում:
Սակայն յուրաքանչյուր սբ. Պատարագի ժամանակ, երբ սարկավագն ազդարարում էր «Մի՛ ոք յերախայից», սրբի քարատապանն ինքն իրեն դուրս էր գալիս խորանից և ուղղվում դեպի գավիթ, որտեղ և մնում էր մինչև Պատարագի ավարտը: Այս հրաշքը կրկնվում էր ամեն սբ. Պատարագի` սարսափի մատնելով հավատացյալներին:
Երբ պարզատես վանականներից մեկն աղոթք է անում` իրողության իմաստը պարզելու համար, Տիրոջ հրեշտակը նրան հայտնում է.
-Ինչու՞ եք զարմացել դրա համար. չէ՞ որ առաքյալները Տիրոջից իշխանություն են ստացել` կապելու և արձակելու: Նմանապես և նրանց հաջորդները: Այդ եղբորը, որ Քրիստոսի համար իր արյունը հեղեց, հրեշտակն է խորանից արտաքսում: Այո՛, որպես մարտիրոս նա պսակ է ստացել, բայց քանի որ նա իր ծերի արգելքի տակ է սբ. Պատարագի ժամանակ չի կարող խորանում գտնվել, այլ` գավթում, ապաշխարողների հետ:
Այս ամենի մասին իմաց են տալիս մարտիրոսի ծերին, ով գալով, թողություն և արձակում է տալիս իր անհնազանդ աշակերտին: Դրանից հետո սրբի քարատապանն անշարժ մնում է խորանում:
ՍԲ. ՀԱՂՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Եգիպտացի մի մարդ` անառակ ու վավաշոտ, սիրահարվում է ամուսնացած մի կնոջ, և չկարողանալով նրան մեղքի մեջ գցել, դիմում է կախարդի օգնությանը: Վերջինս, անզոր լինելով կոտրել ողջախոհ կնոջ կամքը, կախարդությամբ այնպես է անում, որ կինը մյուս մարդկաց աչքին ձի երևա: Խեղճ կնոջ ընտանիքում մի անասելի ողբ է սկսվում: Ի վերջո նրա ամուսինն ու տնեցիները ձիատեսիլ կնոջը բերում են սբ. Մակար Մեծի մոտ.
-Հա՛յր, սա իմ կինն է, -պատմում է ամուսինը, – բայց երեք օր առաջ ձի դարձավ, ո՛չ ուտում է, ո՛չ խմում, ո՛չ էլ խոսում:
Սբ. Մակարը ջրօրհնեք է կատարում, և աղոթքով ջուրը լցնում է «ձիու» գլխին և կնոջը նորից տեսնում են մարդու կերպարանքով:
-Այս փորձանքը քեզ պատահեց, քանի որ արդեն հինգ շաբաթ է, ինչ սբ. Հաղորդություն չես ստացել- շեշտում է սբ. Մակարը:
Պատրաստեց` Գ. Ղազարյանը
Աղբյուր. Θαύματα και αποκαλύψεις από τη Θεία Λειτουργία, εκδ. Ι. Μ. Παρακλήτου, Ωρωπός Αττικής 2012.
[1] Մոտավորապես մինչև VIII դ. հավատացյալները հաղորդվել են` Քրիստոսի Մարմինն աջ ձեռքում ընդունելով, իսկ Արյունը` սբ. սկիհից ըմպելով: Ներկայումս Ուղղափառ Եկեղեցում այսպես են հաղորդվում միայն եկեղեցականները:
ՍԲ. ՊԱՏԱՐԱԳԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ