Սբ. Գրիգոր Լուսավորչի գլուխը Աթոսի Մեծ Լավրա վանքում
Մեծ Լավրայի վանահայր Կալիստրատոս
“Այս գլուխը Մոլդավիայից Լավրա է բերել Բենիամին արքիմանդրիտը 1856 թ.: Պատմությունը հետևյալն է. երբ Ծեր Բենիամին արքիմանդրիտը` որպես տնտես ու վանահայր գտնվում էր Մոլդավիայում, Լավրայի այնտեղի մետոխիոնում[1], ինչ-որ թուրք փաշա մի օր նրան (իր մոտ) է կանչում ու ասում.
-Ես մի առարկա ունեմ, որ ձեր կրոնին է պատկանում:
Եվ սբ. Գրիգորի գլուխը ներկայացնելով` շարունակում է.
-Կարող ես սա վերցնել` ինձ տալով այնքան ոսկի լիր, որքան պահանջվում է, որպեսզի հավասարվի կշեռքը, երբ մի կողմից դնեմ գլուխը, իսկ մյուս կողմում դնես ոսկին:
Իսկ Ծեր արքիմանդրիտը պատասխանում է.
-Կմտածեմ ու քեզ վաղը կպատասխանեմ:
Թուրքի տնից նա հեռանում է խիստ վշտացած ու մտահոգ, թե ինչպե՛ս կարող է այդքան լիր գտնել` սբ. գլուխը թուրքից վերցնելու համար: Պետք է նշել, որ (սբ. գլուխն) ունի արծաթե ծածկույթ` զարդարված զանազան թանկարժեք քարերով, և այդ պատճառով բավականին ծանր է[2]:
Մետոխիոն վերադառնալով` (արքիմանդրիտը) նստում է բազկաթոռին և, խնդրի մասին մտածելով, ննջում: Երազում` տեսիլքի մեջ սբ. Գրիգորը, հայտնվելով, ասում է նրան. «Մի՛ վշտանա, ո՛վ քահանա, այլ առավոտյան թուրքի տուն գնա և նժարին դիր այնքան ոսկի, որքան որ ունես քո քսակում. Աստուծո Շնորհով ու օգնությամբ բավական կլինեն, որպեսզի իմ գլուխը վերցնես նրանից»:
Արքիմանդրիտն անմիջապես զարթնում է` ուրախությամբ լի, իսկ առավոտյան գնում է թուրքի մոտ ու սրբի պատվերի համաձայն, իր քսակի մեջ գտնված ոսկեդրամները դնում կշեռքին: Ոսկեդրամները երեք հատ են լինում, բայց օ~ հրաշք. նժարները հավասարվում են: Այնժամ թուրքը բարկացած` թուրքերեն ասում է.
-Գյավուրը գյուվուրի մոտ է գնում (այսինքն` անհավատն անհավատի մոտ է գնում):
Արդ, սբ. գլուխը վերցնելով, արքիմանդրիտը` ցնծությամբ լի, այն փոխադրում է մետոխիոն և երկու տարի անց բերում Լավրա, որտեղ և պահպանվում է (առ այսօր)[3]»:
Թարգմանությունը հունարենից` Գևորգ Ղազարյանի:
Աղբյուր`Καλλιστράτου Λαυριώτου (Προηγουμένου), Ιστορικόν προσκυνητάριον της βασιλικής, πατριαρχικής και σταυροπηγιακής Ι. Μ. Μεγίστης Λαύρας του Αγίου Όρους, εκδ. Α. Καραβία, Αθήνα 19762.
[1] Մետոխիոն` որևէ մեծ վանքի վանական հաստատություն-ներկայացուցչությունը այլուր (ծան.` թարգմ.):
[2] Սբ. Գրիգոր Լուսավորչի գլուխը պարունակող արծաթե մասնատուփը, իր վրա առկա արձանագրության համաձայն, պատրաստվել է 1702 թ., հավանաբար Կոստանդնուպոլսում (ծան.` թարգմ.):
[3] Այս պատմությունն ինձ պատմեց Բենիամին արքիմանդրիտի մոնթ Ծեր Գրիգոր վանական սարկավագը, որիին իր ծերն ի պատիվ սրբի անվանել էր “Գրիգոր” (ծան.` հեղինակի):