Բայց հիմա քչերն են գալիս. աշխարհը փչացել է
Հաճախ կարելի է լսել այն հեգնական արտահայտությունը, թե` «էն աշխարհից» ո՞վ է վերադարձել, մինչդեռ իրականությունն այն է, որ «վերադարձածների» վկայությունները բազմաթիվ են և կոչ են բոլորիս` ապաշխարհելու և առ Աստված վերադառնալու:
Անդրշիրիմյան կյանքի մասին ժամանակակից վկայություններից մեկը պատկանում է հույն բարեպաշտուհի Լամբրինե Վետցիուին (1918-2002 թթ.): Լամբրինեն եղել է աշխարհական, ամուսնացած, սակայն չնայած դրան ապրել է իսկական ճգնավորի կյանքով` պահեցողությամբ, գիշերային հսկումներով ու աղոթքներով: Իր մաքրամաքուր կյանքի համար Լամբրինեն Տիրոջից արժանացել է հոգևոր շնորհների, բազմիցս տեսել է Տիրամորը, սրբերին ու հրեշտակներին:
1982 թ. Լամբրինեին է հայտնվել Ամենասուրբ Աստվածածինը և նրան տարել է անդրշիրիմյան աշխարհ, ցույց տվել մեղավորների տառապանքն ու արդարների վարձատրությունը: Այս վկայության արժեքը ոչ միայն նրանում է, որ ականատեսը բարեպաշտ ուղղափառ քրիստոնյա է, այլև նրանով, որ կենդանի տեսիլք է. Լամբրինեն հոգևոր աշխարհ է տարվել սթափ, կենդանի վիճակում, և ոչ թե երազում, կլինիկական մահվան ժամանակ ևն:
Ստորև բերում ենք Լամբրինեի պատմածը` աննշան հապավումներով.
«Առաջ ընթանալով` խնջույքներ, հարսանիքներ, սիրով ամուսինների, երեխաների էի տեսնում և ասում էի.
–Ի՜նչ լավ աշխարհ է այստեղ:
–Ա՜խ, – ասաց Աստվածածինը, – ներքևի` չար աշխարհում ժողովուրդն այդպես է խաբվում:
Երբ դա լսեցի, այլևս չուզեցի առաջ գնալ, սակայն Աստվածածինն ասաց.
–Առաջ ենք գնալու, բայց մի՛ վախեցիր:
Այդպես քաջալերվեցի և առաջ անցա: Հասանք մի հրեղեն գետի, որի ալիքները իմ հարազատներից երեքին էին ծածկում: Աստվածածինն ինձ ասաց.
–Մի՛ վշտանա. նրանք ինչ որ ցանել են, այն էլ հնձում են: Երբ որ դու նրանց մի բան էիր ասում, քեզ լսու՞մ էին: Ես ամեն տարի նրանց համար բարիք եմ գործում. Զատկից մինչև Հոգեգալուստ գետից դուրս եմ հանում:
Մի քիչ այն կողմ ձյութի գետ տեսա, որ եռում էր. ննջեցյալները դրանից դուրս էին գալիս ու նորից մեջն էին մտնում: Բայց նրանց հագուստները մաքուր էին, չէին կեղտոտվում, թեպետև ձյութի մեջ էին թավալվում: Կուպրի մեջ վառվում էին, կրակին չէին դիմանում:
Ապա հայտնվեցի մի մեծ տակառի մոտ, և դրա մեջ տանջվող հոգիներից մեկը անունովս ինձ կանչեց: Նա փորձում էր դուրս գալ ու խնդրում էր, որ մատս թրջեմ, որ իր բերանը մի քիչ զովանա: Ձայնից նրան ճանաչեցի ու ասացի.
–Այդ դու՞ ես: Մի՞թե դա ես ցանել կյանքում: Հիշու՞մ ես, երբ ես եկեղեցուց դուրս էի գալիս, իսկ դու շուկայից էիր վերադառնում, ինձ ծաղրում էիր, որ հավատում եմ դժոխքին ու դրախտին: Ասում էիր, որ երբ մարդը մեռնում է, ոչխարի պես գնում կորում է: Եվ շատ բաներ եմ քեզ ասել դժոխքի ու դրախտի մասին, հիշու՞մ ես:
–Հիշում եմ, բայց հիմա ուշ է: Ամբողջ կյանքումդ ով որ քեզ մոտ գա, բղավի՛ր, որ այս դժոխքից խուսափի:
Դրանից հետո հոգիս ցավեց նրա համար: Ուրիշների ցավին զգայուն էի. երբ լսում էի, որ ինչ-որ մեկը հաց չունի ուտելու, ես էլ հաց չէի ուտում ու եթե կարող էի, ուտելիք էի տանում նրան: Բայց հիմա մտածում էի` այդ մարդուն մատովս ջուր տա՞մ, թե՞ ոչ. Ամենասուրբ Աստվածածինն ինձ ասաց, որ եթե տամ, ձեռքիս մի կողմը մինչև ուսս կվառվի: Դա լսելուն պես տատամսեցի, բայց խղճում էի տակառի միջի մարդուն: Այնժամ Աստվածածնին խնդրեցի, որ մի քիչ թրջեմ, ջուր տամ:
–Ի՞նչ ասեմ, ձեռքդ վառվելու է: Եթե այդքան շատ ես ուզում, մի քիչ տուր, բայց ես կողքիդ կլինեմ:
–Այո՛, ուզում եմ, չէ՞ որ սա էլ է հոգի: Միգուցե ես էլ նույն օրն ընկնեմ:
–Քա՛վ լիցի, -Նա ասաց:
Ջուրը տվեցի, բայց ձեռքս վառվեց: Ցավեց: Փչում էի ձեռքիս, բայց անօգուտ: Այդ օրվանից ճկույթս չի աշխատում, կոշտ է. կտրես էլ` չեմ զգա:
–Այն, ինչ այստեղ տեսար, քեզ չպիտի վշտի մեջ գցի, այլ ողջ ուժդ դիր, որ դրա մասին պատմես ողջերին և օգնես այն մարդկանց, ովքեր երկնքի համար փափագ ունեն:
Երբ մեկնում էինք, Աստվածածինն ասաց.
–Օրհնյալ եղեք մինչև Երկրորդ Գալուստը, երբ Որդիս կգա:
Եվ հեռացանք…
Ապա բարի աշխարհը գնացինք: Ուրախ էի, որ այնտեղ էի: Շատերին ճանաչեցի, շատ զույգեր տեսա, որ սիրով էին ապրել: Աստվածածինն ուզեց ուրիշների էլ ցույց տալ, բայց ես նրան ասացի.
–Ո՛չ երիտասարդներին, որովհետև ես վշտանում եմ, երբ երիտասարդ հասակում են մահանում:
Աստվածածինն ինձ ասաց.
–Այո՛, ոչ թե երիտասարդներին, այլ` ծերերին, քանի որ լավ մարդիկ ծեր տարիքում եմ մահանում: Մյուսներին երիտասարդ տարիքում ենք վերցնում, որպեսզի խուսափեն այն մեղքերից, որոնց մեջ պիտի ընկնեին:
Տարեց մի զույգի հանդիպեցինք: Աստվածածինն ինձ ասաց.
–Հիմա նրանց որդին է գալիս, ճանապարհին է:
Հենց նոր էր մահացել, և նրա հոգին բարձրանում էր: Այնժամ ծերունին բարձրացավ և քիչ այն կողմ տարածված Խաչելությանն աղոթեց` ասելով.
–Աստվա~ծ իմ, շնորհակալ եմ Քեզ, որ որդուս հասուն տարիքում ես վերցրել ու այստեղ ես բերում:
Պառավն էլ գոհացավ Աստծուց:
-Ամեն, – լսվեց Խաչից:
Ծերունին ու պառավը նորից նստեցին իրենց բազկաթոռներին, որ ամբողջությամբ ոսկուց էինi: Նրանցից ամեն մեկը առջևի փոքրիկ սեղանի վրա մի ափսե ուներ, որից ուտում էր: Մտածեցի` «ի՞նչ են ուտում»: Ինձ պատասխանեցին.
-Ուտում ենք այն, ինչը որ Առաջադրությանii ժամանակ դուք եք մեզ բերում:
Նրանց ուտելիքը անտիդորոնիiii ու գինու նման էր: Նրանց մահճակալները լրիվ ոսկուց էին, շատ գեղեցիկ:
Ապա Աստվածածինն ինձ ասաց.
–Հիմա պիտի գնանք և անցնենք տեսնելու մի մարդու, որ երկարամյա հիվանդությունից հետո է այստեղ եկել: Նա չափազանց մեղավոր էր, բայց իր հիվանդության շնորհիվ լվացվեց մեղքերից: Նա անտրտունջ էր համբերում իր հիվանդությանը:
Այնժամ այդ մարդն էլ ինձ ասաց.
-Այո՛, այնպես է, ինչպես որ մեր Մայրիկն է ասում: Անկողնուս մեջ հալումաշ եղա, ողջ արյունս թափեցի: Այն տառապանքը, որ ունեցա, միայն մահճակալս գիտե և մայրս, որ սնարիս էր ու խնամում էր ինձ:
Ապա Ամենասուրբ Աստվածածինը շարունակեց.
–Բոլոր մարդիկ այստեղ են գալու: Թող որ երկրի վրա մի փոքր ցավեն: Երկրի վրա բազում փորձություններ կան: Միայն թե հոգին պահպանե՛ք մեղքերից: Ով Որդուս համար զոհվի, այս բոլոր բարիքները կվայելի: Ներքևում` երկրի վրա, ով որ ինձ համար ջանք թափի, դրախտ կգա: Բայց հիմա քչերն են գալիս. աշխարհը փչացել է»:
Թարգմանությունը հունարենից` Գ. Ղազարյանի
Բայց հիմա քչերն են գալիս. աշխարհը փչացել է
Աղբյուր. Ασκητές μέσα στον κόσμο, Α΄, Άγ. Όρος, 2008.
© www.orthodoxkyanq.org
i Ըստ սբ. Հայրերի` անդրշիրիմյան կյանքի նյութական պատկերները, ինչպես օրինակ` ոսկին, թանկարժեք քարերը, համեղ կերակուրները ևն չպետք է բառացի ընկալել. դրանք հոգևոր անբացատրելի իրողությունները մեր հասկացողությանը մատչելի դարձնելու խորհրդանիշներ են:
ii Ուղղափառ Եկեղեցում «Առաջադրություն» է կոչվում սբ. Պատարագի առաջին հատվածը, երբ սրբագործվելիք Հացն ու Գինին նախապատրաստվում են բուն Պատարագի համար: Առաջադրության կարևոր բաղադրիչն է ողջերի և ննջեցյալների հիշատակությունը. քահանան հատուկ դանակով` «գեղարդով» նվիրաբերված հացերից անուն առ անուն փոքրիկ փշուրներ է հանում, որոնք Պատարագի ավարտին լցնում է սբ. Սկիհի մեջ` աղոթելով, որ Փրկիչն իր արյամբ լվանա հիշատակված ուղղափառ քրիստոնյաների մեղքերը: Եկեղեցու Ավանդության մեջ անթիվ են վկայություններն առ այն, որ Առաջադրության հիշատակությունը փրկարար մեծ զորություն ունի թե՛ ողջերի, թե՛ հանգուցյալների համար:
iii «Անտիդորոն» (հուն. «փոխընծա») կամ «մաս»` սբ. Պատարագի համար նվիրաբերված հացերի մնացորդները, որոնք Պատարագի վերջում բաժանվում են սբ. Հաղորդություն չստացած հավատացյալներին: (տե՛ս https://www.orthodoxkyanq.org Քրիստոնեական, Եկեղեցու խորհուրդներ և ծեսեր, Սբ. Պատարագ: