/ Ծերերի խրատներ / Քրիստոսը մեզ հնարավորություն է տալիս իր հետ խոսելու

Քրիստոսը մեզ հնարավորություն է տալիս իր հետ խոսելու

Քրիստոսը մեզ հնարավորություն է տալիս իր հետ խոսելու

Ծեր Պաիսիոս Աթոսացի

(1924-1994 թթ.)

    –Գե՛րոնդաi, իմ դարդ ու ցավն աղոթքի խնդիրն է. շատ հետ եմ ընկած, ի՞նչ անեմ:

    -Որտեղ էլ որ գտնվես, ինքնաբուխ կերպով Քրիստոսի, Ամենասուրբ Աստվածածնի, հրեշտակների, սրբերի հետ խոսիր և նրանց ասա այն, ինչ որ ուզում ես: Ասա. «Քրիստո~ս իմ, Ամենասու~րբ իմ Աստվածածին, իմ տրամադրվածությունը գիտես. օգնի՜ր ինձ»:

    Այսպես` պարզությամբ ու խոնարհությամբ, շարունակ խոսիր նրանց հետ այն ամենի մասին, ինչը որ քեզ հուզում է, և ապա Հիսուսի աղոթքնասա. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմյա ինձ»:

    –Գե՛րոնդա, ես կենտրոնացած չեմ աղոթում:

    –Երբ աղոթում ես, մտածի՛ր, թե ու՛մ հետ ես խոսում. Աստուծո հետ ես խոսում: Սա փոքր բա՞ն է: Մարդ որքա՜ն ուշադրությամբ է խոսում պաշտոնական անձի հետ. զգուշանում է, որպեսզի որևէ անմիտ բան չասի. պատկառանքից մարդու լեզուն էլ է մեկ-մեկ կապ ընկնում: Ուրեմն, եթե մարդը մարդու հետ խոսելիս է այդքան զգուշավոր, որքա~ն առավել ուշադիր պետք է լինի, երբ Աստուծո հետ է խոսում: Գիտե՞ս, նույնիսկ փոքրիկ երեխան, երբ գնում է իր հոր կամ մի տարեց մարդու հետ խոսելու, ակնածանքով է գնում: Եթե պետք է խոսի ուսուցչի հետ (որից մի քիչ էլ վախենում է), ապա ավելի մեծ ակնածանքով է նրան մոտենում: Իսկ մենք նույն ինքն Աստուծո, Ամենասուրբ Աստվածածնի և սրբերիհետենքխոսում, բայց դա չե՞նք գիտակցում:

    –Գե՛րոնդա, մինչևվանքգալս վանականությունն աղոթքիհետէի աղերսում, սակայն հիմա աղոթքի մեջ դժվարանում եմ և աղոթքն ամենադժվար ու ամենահոգնեցուցիչ գործն եմ համարում:

   -Չէ՞ որ դու բանասեր ես. խոսելը քեզ դուր է գալիս, և մարդկանց հետ խոսելուց դու չես հոգնում: Սակայն հոգնում ես Քրիստոսի հետ խոսելուց, Ով քեզ հետ զրուցել է հաճում, և դա քեզ դժվար բան է թվում: Մի՞թե սա ծանր խնդիր չէ: Կարծես թե մարդն ասում է. «Ա՜խ, հիմա պետք է գնամ թագավորի հետ խոսեմ: Հավես չունեմ, բայց ի~նչ արած` պետք է գնամ»: Քրիստոսը մեզ հնարավորություն է տալիս, որ աղոթքի միջոցով իր հետ շարունակ խոսենք, իսկ մենք չե՞նք կամենում: Սա սարսափելի է: Եվ տարօրինակն այն է, որ Տերը ցանկանում է, որ Իր հետ խոսենք, որպեսզի Նա մեզ օգնության ձեռք մեկնի, իսկ մենք ալարում ենք:

    –Գե՛րոնդա, հաճախ շատախոսության մեջ եմ ընկնում, իսկ հետո նեղվում եմ:

    -Ավելի լավ չէ՞ Քրիստոսի հետ խոսես. ով Քրիստոսի հետ է խոսում, նա երբեք չի զղջում: Իհարկե, շատախոսությունը կիրք է, սակայն եթե այն հոգևոր առումով արժևորես, ապա կարող է աղոթքի նախապայման դառնալ: Մարդիկ կան, որ անգամ խոսել ալարում են: Դու քո մեջ խոսելու ուժ ու մղում ունես. եթե դա հոգևոր առմամբ արժևորես, հոգիդ կսրբանա: Ջանա՛ մարդկանց հետ միայն անհրաժեշտ բաների մասին խոսել և Քրիստոսի հետ շարունակ խոսիր: Երբ նրա հետ խոնարհ զրույցն սկսես, այնքան հետաքրքիր ու անուշ կլինի, որ չես էլ իմանա, թե շուրջ բոլորդ ինչ է կատարվում: Անգամ հոգևոր զրույցներն ինձ հոգնեցնում են, մինչդեռ աղոթքի ժամանակ մեծ հանգստություն եմ զգում:

    Աղոթքը զրույց է Աստուծո հետ: Երբեմն երանի եմ տալիս այն մարդկանց, ովքեր Քրիստոսի ժամանակ էին ապրում, որովհետև նրանք տեսնում ու լսում էին նույն ինքն Քրիստոսին և կարող էին Նրա հետ խոսել: Բայց մտածում եմ, որ մենք ավելի լավ վիճակում ենք, քանի որ նրանք չէին կարող Քրիստոսին շատ զբաղեցնել, մինչդեռ աղոթքով մենք շարունակ կարող ենք խոսել Տիրոջ հետ:

    Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος ΣΤ΄, Περί Προσευχής, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2012.

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

i«Գերոնդա» հունարեն նշանակում է «ծեր», «ծերունի»: Իսկզբանե «ծեր» են անվանվել վանահայրերը (այս իմաստով եզրը նույնիմաստ է «աբբային»), սակայն հետագայում և առ այսօր «ծեր» (ռուս. старец) են կոչվում հոգևոր կյանքի բարձունքներին հասած հայրերը ովքեր, Աստուծո շնորհն ունենալով, մարդկանց հոգիները դեպի փրկություն կարող են առաջնորդել:

Քրիստոսը մեզ հնարավորություն է տալիս իր հետ խոսելու

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com