Ինչպե՞ս են գործում հոգևոր օրենքները
Սբ. Պաիսիոս Աթոսացի
– Գե՛րոնդա, ո՞ր օրենքներն են «հոգևոր» կոչվում:
– Բացատրեմ. ինչպես որ բնության մեջ կան բնական օրենքները, այդպես էլ հոգևոր կյանքում` հոգևոր օրենքները: Օրինակ` մեկը ինչ-որ ծանր առարկա վեր նետելիս, որքան ավելի մեծ թափով ու ավելի բարձր այն նետի, առարկան այդպիսի մեծ ուժով էլ վայր կընկնի ու ջարդուփշուր կլինի: Սա բնական օրենք է:
Հոգևոր կյանքում մարդն իր հպարտությամբ որքան բարձրանա, այդքան էլ մեծ կլինի նրա հոգևոր անկումը և, նայած իր գոռոզության բարձրությանը, նա կջախջախվի: Հպարտը բարձրանում է, մի կետի հասնում, իսկ հետո ընկնում է` քիթ ու բերանը ջարդուփշուր անելով. «Ով որ բարձրացնում է իր անձը, կխոնարհվի» (Ղուկ. 18, 14): Սա հոգևոր օրենք է: Սակայն բնական ու հոգևոր օրենքների միջև կարևոր մի տարբերություն կա. բնական օրնեքներն անսիրտ-անհոգի են, և մարդը չի կարող դրանք փոխել, մինչդեռ հոգևոր օրենքները սիրտ ու հոգի ունեն, մարդն էլ ի զորու է դրանք փոխելու, որովհետև նրա գործակիցն իր Արարիչն ու Ստեղծիչն է` բազմագութն Աստված: Այսինքն` եթե մարդն անմիջապես հասկանա իր գոռոզության բարձրությունն ու ասի «Աստվա՛ծ իմ, ես սեփական ոչինչ չունեմ, բայց հպարտանում եմ. ների՛ր ինձ», ապա Աստծո ողորմած ձեռքերը նրան անմիջապես կհափշտակեն ու կիջեցնեն` մարդու անկումը զգալի չդարձնելով: Այդպես մարդը չի ջախջախվում, քանի որ սրտի զղջումն է նախորդում իր ցույց տված ապաշխարությամբ:
Նույն է նաև Ավետարանի ասած «սուր տվեցիր, սուր կստանաս»-ի պարագան (հմմտ. Մատթ. 26, 52): Այսինքն` եթե «սուր բարձրացրեցի», օրենքով պետք է սրով վճարեմ: Սակայն երբ սխալս զգում եմ, խիղճս ինձ դանակահարում է, և ես Աստծուց ներողություն եմ խնդրում, այդ ժամանակ հոգևոր օրենքներն արդեն դադարում են գործելուց, և Աստծուց Իր սերն եմ ստանում բալասանի պես:
Այսինքն` տեսնում ենք, թե Աստված ինչպես է փոփոխում իր դատաստանները (որոնք անդունդ են), երբ փոխվում են մարդիկ: Երբ անկարգ երեխան ուշքի է գալիս, զղջում է և իր խղճից տանջվում, այդ ժամանակ երեխայի Հայրը սիրով շոյում է նրան ու մխիթարում: Քիչ բան չէ, երբ մարդը կարողանում է Աստծո որոշումը փոխել: Չարություն ես անում, Աստված քեզ ապտակ է տալիս: «Մեղա՜» ես ասում, օրհնություններ է քեզ բաշխում:
Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի
Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος Δ΄, Οικογενειακή Ζωή, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2011.
©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է: