/ Խրատանի Սրբոց / Քրիստոս անմահությունն է մեզ տվել

Քրիստոս անմահությունն է մեզ տվել

Քրիստոս անմահությունն է մեզ տվել

Սբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացի

(1906-1991թթ.)

Պետք չէ, որ մահը մեզ սարսափեցնի: Ոչինչ չկա սարսափելի. մահն այն դուռն է, որ հավիտենականություն է տանում: Անշուշտ, անհրաժեշտ է, որ նախապատրաստված լինենք, այս կյանքից իսկ այնպիսի ձևով ապրենք Քրիստոսի հետ, որպեսզի անմիջապես Նրա կողքին գտնվենք, երբ հասնենք գալիք կյանքին: Դրախտում է հավիտենականությունը: Այնտեղ բոլորս՝ ովքեր Քրիստոսին սիրում ենք, միասին ենք լինելու և ապրելու ենք հոգևոր ուրախությամբ:

Մի օր Պատրիարքարանից[1] մեկն ինձ զանգեց և աղոթքի մասին էինք խոսում: Նրան հետևյալը հարցրեցի.

-Ինչու՞, երբ ջրօրհնեք[2] ենք կատարում, արարողության մեջ ննջեցելոց մի շարական էլ կա: Մինչ ջրօրհնեքը լինում է, որ տունը օրհնեք, ողջ մարդկանց ու կենդանիներին, շարականն ասում է. «Փրկի՛չ, խնայի՛ր կյանքի հույսով մահացած մեր եղբայրների հոգիները և արձակի՛ր, ների՛ր նրանց հանցանքները»: Դուք կարո՞ղ եք ասել, թե ինչու՞ է այդ ննջեցելոց շարականը ջրօրհնեքի կարգի մեջ:

Նրա պատասխանը սա էր.

-Որպեսզի ընդգրկելով նաև ննջեցյալներին՝ մեր աղոթքը կատարյալ լինի:

Ի՜նչ իմաստուն խոսքեր, որ չգիտենք, այլ աղոթելիս տատանվում ենք՝ չիմանալով, թե մեր աղոթքն ինչ տարրեր պետք է ունենա: Հիմնականում Աստծուց խնդրում ենք մեր անձի համար:

Քրիստոս անմահությունն է մեզ տվել: Դա հստակ ասում է. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մեկն իմ խոսքը պահի, մահ չի տեսնի հավիտյան» (Հովհ. 8. 51): Ապրեք Քրիստոսով և երջանիկ կլինեք ի Քրիստոս: Պետք է Քրիստոսով ապրենք: Եկեղեցու մեջ մտնենք: Որպեսզի Եկեղեցու մեջ մտնենք, հին մարդը պետք է մեռնի: Իսկ դրանից հետո ոչինչ չկա՝ ո՛չ մահ, ո՛չ էլ ուրիշ բան, այլ՝ հավիտենական կյանք:

Թարգմանությունը հունարեն բնագրից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Αγ. Πορφυρίου Καυσοκαλυβίτου, Βίος και Λόγοι, εκδ. Θ΄, Ιερά Μονή Χρυσοπηγή, Χανιά 2008.

[1] Նկատի ունի Տիեզերական Պատրիարքությունը (թրգ.):

[2] Փոքր՝ ամսական ջրօրհնեքի մասին է խոսքը: Ուղղափառ Եկեղեցում ջրօրհնեքի երկու կարգ գոյություն ունի՝ Մեծ ջրօրհնեքը, որ կատարվում է միայն հունվարի 6/19-ին՝ ի նշան Հորդանան գետում մեր Տիրոջ մկրտության, և Փոքր ջրօրհնեքը, որն, ըստ անհրաժեշտության, կատարվում է տարվա մյուս օրերին եկեղեցում, տանը և այլուր (թրգ.):

Քրիստոս անմահությունն է մեզ տվել

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com