Սբ. Հայրերը պահքի մասին
ՍԲ. ՀԱՅՐԵՐԸ ՊԱՀՔԻ ՄԱՍԻՆ
Քանի որ պահք չպահեցինք, դրա համար էլ դրախտից դուրս նետվեցինք: Ուրեմն, պահք պահենք, որպեսզի նորից դրախտ մտնենք:
Ինչքան որ մարմնից ես խլում, այնքան հոգուն ես ուժ տալիս:
Որովայնը պայմանագրերի մեջ ամենահավատարիմ դաշնակիցն է, ոչ մի բան չպահպանող մի մառան. եթե դրա մեջ շատ բան է դրված, ապա իր մեջ վնաս է պարունակում, իսկ դրվածը չի պահպանում:
Զգուշացեք պահքը կերակրից հասարակ հրաժարման հետ նույնացնելուց: Նրանք, ովքեր կերկարից հրաժարվում են, բայց իրենց վատ են պահում, նմանվում են սատանային, ով, թեև ոչինչ չի ուտում, այնուամենայնիվ մեղանչելուց չի դադարում:
Սբ. Բարսեղ Մեծ
Մարմնի պահքը հոգու կերակուրն է:
Անհնար է, որ կրակը ջրի մեջ վառվի. ապաշխարությունն էլ առանց պահքի է անհնար:
Հաստ որովայնը նուրբ միտք չի ծնի:
Սբ. Հովհաննես Ոսկեբերան
Հոգին ոչ մի բանով այնքան չի խոնարհվում, որքան` եթե որևէ մեկը կերակուրի մեջ ժուժկալ լինի:
Երբ Դավիթն առյուծի հետ էր մարտնչում, նրա կոկորդից էր բռնում: Մենք էլ, եթե կոկորդն ու որովայնը զսպենք, ապա Աստծո օգնությամբ անտեսանելի առյուծին (սատանային) կհաղթենք:
Աբբա Պիմեն
Դևերի պարագլուխն անկյալ Արուսյակն է, իսկ կրքերի գլուխը` շատակերությունը:
Տիրապետիր որովայնին, քանի դեռ նա քեզ չի տիրապետել:
Սբ. Հովհան Կղեմաքոս
Փայտը որքան շատ է, կրակն այնքան ուժեղ է. որքան կերակուրներն են շատ, այնքան էլ տռփանքն է մոլեգին:
Ավելորդ կերակուրը մարմինը դարձնում է չափից ավելի բեռնավորված նավ, որը ալիքների նվազագույն շարժման դեպքում խորտակվում է:
Աբբա Ղևոնդիոս
Կենդանիներից ո՞րն է առյուծի պես զորեղ. բայց իր որովայնի պատճառով նա էլ է որոգայթի մեջ ընկնում, և այնժամ նրա ողջ զորությունը հպատակվում է:
Սբ. Հովհաննես Կարճահասակ
Եթե քեզ շատ ու համեղ կերակուրի հեշտանքն է գրգռում, ապա հիշի՛ր դրանից առաջացող գարշահոտությունը ու կհանգստանաս:
Աբբա Եսայի
Որկրամոլն աշխատում է ու տրտմում նրա մասին, թե ինչպե՞ս իր որովայնը կերակուրներով լցնի, իսկ երբ ուտում է, մարսողության ժամանակ է տանջվում: Բայց պահեցողությունը առողջությամբ ու սթափությամբ է ուղեկցվում:
Սբ. Եփրեմ Ասորի
Երբեք չի կարող կատարյալ մաքրության հասնել նա, ով հույս ունի այն ձեռք բերել լոկ պահեցուղությամբ, այսինքն` մարմնական պահքով, եթե չգիտակցի, որ պահեցողությունը պետք է նրա համար, որպեսզի մարմինը պահքով խոնարհեցնելուց հետո, ավելի հեշտորեն կարողանա պայքարի մեջ մտնել այլ կրքերի հետ:
Աբբա Սրապիոն
Որովայնին տիրապետու՞մ ես: Լեզվին էլ տիրապետիր, որպեսզի երբ մեկի ստրուկն ես մնում, մյուսից ազատագրումն էլ անօգուտ չլինի:
Սբ. Նեղոս Սինայեցի
Քաղցած գայլը նախիրն է հետապնդում, իսկ պոռնկության դևը` որովայնը լցնողներին: Հացդ կեր` կշեռքով այն չափելով, ջուրդ էլ չափով խմիր, և այնժամ պոռնկության դևը քեզանից կփախչի:
Աբբա Եվագր Պոնտացի
Տերն անապատում,
Քառասուն օր պահք պահելով,
Վերջում քաղցեց`
Մարդկությունը ցույց տալով:
Հոգի՛ իմ, մի՛ տրտմիր.
Եթե թշնամին քեզ վրա հարձակվի,
Աղոթքով ու պահքով,
Քո ոտքերի տակ կջախջախվի:
Սբ. Անդրեաս Կրետացու Մեծ կանոնից:
Պատրաստեց` Գ. Ղազարյանը
© www.orthodoxkyanq.org