«Մահվան վախճանն ենք տոնում»
Սբ. Պորֆիրիոս Կավսոկալիվացի
(1906-1991թթ.)
Ողջ սբ. Գիրքը ներշնչված է հավիտենականության հոգով: Աստված անվախճան է և մեզ ստեղծել է, որ հավիտենական դարձնի, այստեղից՝ երկրից իսկ մասնակից Իր հավիտենական արքայության, եթե ուզում ենք Աստուծով ապրել և հավիտյանս:
Մեր Ուղղափառ Եկեղեցին իր Խորհուրդներով շարունակ մեզ հավիտենականությունն է հիշեցնում՝ ժամերգություններով, շարականներով, հատկապես, սբ. Հաղորդության խորհրդի միջոցով: Հաղորդության ժամանակ քահանան յուրաքանչյուրին մաղթում է՝ «մեղքերի քավության ու հավիտենական կյանքի համար»:
Այն մարդու համար, որի մեջ Քրիստոս է մուտք գործել, ո´չ մահ կա, ո´չ դժոխք, ո´չ սատանա. այդ ամենը գոյություն չունեն: Ավելի ճիշտ գոյություն ունեն և այն էլ ինչ աստիճան, սակայն նրանց համար, որ հեռու են Քրիստոսից. «Ընկած Ադամը հարություն է առնում, սատանան ջնջվում է»[1]… Մի՞թե չի ասում. «Ու՞ր է, մա՛հ, քո խայթոցը, դժո´խք, որտե՞ղ է քո հաղթությունը»[2]: Ահա, մեր կրոնն այսպե´ս է հավատում: Հավատում է, որ մահ չկա նրա համար, ով պահում է Աստծո խոսքը: Այդպես չի՞ ասում Հովհաննես ավետարանիչն իր Ավետարանում. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մեկն իմ խոսքը պահի, մահ չի տեսնի հավիտյան»[3]:
«Մահվան վախճանն ենք տոնում,
Դժոխքի կործանումը,
Սկիզբը հավիտենական այլ կյանքի,
և ցնծությամբ գովերգում ենք Սկզբնապատճառին,
Հայրերի միակ օրհնված ու գերափառ Աստծուն»[4]:
Տեսնու՞մ եք, հարության այս շարականը դժոխքի ու մահվան մասին է խոսում, որը, սակայն, մահացավ ու ջնջվեց: Իսկ դա եղավ ո´չ մարդկային ջանքով, ո´չ էլ հրեշտակի կամքով, այլ հենց Աստծո Որդու՝ Քրիստոսի Հարությամբ. «Բայց արդ՝ մեռելներից հարություն է առել Քրիստոս՝ ննջեցյալների առաջին պտուղը»[5]: Իսկ շարականագիրն իր զգացմունքների հետ մեր զգացմունքներն էլ արտահայտելով, ասում է, որ ո´չ թե պարզապես հավատում ենք դրան, այլև տոնախմբում ենք և ուրախանում մահվան վախճանի ու դժոխքի վերացման համար: Միաժամանակ տոնախմբում ենք սկիզբը, մուտքը մեկ այլ՝ հավիտենական կյանքի, և ցնծությամբ փառաբանում ենք Նրան, որ այս հաղթանակի պատճառ դարձավ և հավիտենական կյանքը մեզ պարգևեց: Դա մեզ ասում է նաև Պողոս առաքյալը. «Բայց, գոհություն Աստուծո, որ տվեց մեզ հաղթությունը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով»[6]: Իսկ մի այլ տեղ. «Մահը կուլ գնաց հաղթության»[7]:
Թարգմանությունը հունարեն բնագրից՝ հայր Հերոմինոս Մայիլյանի:
Աղբյուր. Αγ. Πορφυρίου Καυσοκαλυβίτου, Βίος και Λόγοι, εκδ. Θ΄, Ιερά Μονή Χρυσοπηγή, Χανιά 2008.
[1] Շարական, ձայն Ա կողմ, շաբաթ երեկոյան:
[2] Զատկվա կիրակի, սբ. Հովհան Ոսկեբերանի Ընծայման խոսք:
[3] Հովհ. 8.51:
[4] Հարության կանոն, 7-րդ երգ:
[5] Ա Կորն. 15.20:
[6] Ա Կորն. 15.57:
[7] Ա Կորն. 15.54: