/ Խրատանի Սրբոց / Երևակայական հիվանդներ

Երևակայական հիվանդներ

Երևակայական հիվանդներ

 

Մեծագույն հիվանդությունն է, երբ մարդ հավատում է իր մտքին, թե ինչ-որ հիվանդությամբ է տառապում: Այդ միտքը նրան մտատանջության մեջ է գցում՝ նեղսրտություն է առաջացնում, ախորժակը փակում, քունը խանգարում, անտեղի դեղեր ընդունում և, ի վերջո, մարդը հիվանդանում է, մինչդեռ լավ էր: Մեկը հիվանդ լինի ու թերապիա ընդունի, հասկանում եմ, բայց առողջ լինի ու կարծի, թե հիվանդ է ու հիվանդանա հենց էնպես, դա… Օրինակ, մեկն ունենալով և՛ մարմնական, և՛ հոգևոր ուժ՝ ոչինչ չի կարողանում անել, քանի որ հավատում է այն մտքին, որն իրեն ներշնչում է, թե լավ չի: Արդյունքում մարմնապես ու հոգեպես մարում է: Էնպես չի, որ սուտ է ասում: Եթե մարդը հավատա, թե ինչ-որ բան ունի, խուճապի է մատնվում, կոտրվում է, այնուհետև ուժ չի ունենում որևէ բան անելու: Այդպիսով, առանց պատճառի, անպետք է դառնում:

Ոմանք խուց են գալիս, երբ ամբողջովին կոտրված են:

-Միտքս ասում է, որ ՁԻԱՀ-ով եմ տառապում,- ասում են ու դրան հավատում:

-Միգուցե սա՞ է պատահում, դա՞ է պատահում…,- հարցնում եմ:

-Ո՛չ,- պատասխանում են:

-Ուրեմն տխրությունդ անարդար է: Գնա՛, մի բուժզննում անցիր, որպեսզի մտքերդ հեռանան:

-Եվ եթե բուժզննում լինի ու գտնեն, որ ունե՞մ,- ասում են ոմանք ու ինձ չեն լսում ու տառապում են:

Նրանք, որ լսում են, բուժզննում են անցնում, տեսնում են, որ ոչինչ չունեն, ու տեսե՛ք, որ նրանց դեմքը փոխվում է, ուժը վերականգնվում է: Մյուսները տխրությունից պառկում են մահճակալին ու անգամ ուտել չեն ուզում: Հասկացանք, ՁԻԱՀ-ով ես տառապում: Աստուծո համար անկարելի խնդիր չկա: Եթե ավելի հոգևոր կյանքով ապրես, խոստովանես, սբ. Հաղորդություն ընդունես և այլն, օգուտ կքաղես:

-Գե՛րոնդա, ինչպե՞ս է սկսվում, երբ մեկը կարծում է, թե հիվանդ է:

-Կամաց-կամաց է զարգացնում այդ միտքը: Շատ անգամ կարող է մի պատճառ լինի, բայց լուրջ չլինի: Հետո ինչ-որ բան էլ միտքն է ծնում, ու դա ուռճացնում է: Երբ Ստոմնիուի վանքում էի, մի ընտանեհայր կար Կոնիցայում, որ կարծում էր, թե թոքախտով է տառապում: Նա անգամ իր կնոջը չէր թողնում իրեն մոտենալ. «Մի՛ մոտեցիր,- ասում էր,- դու էլ կվարակվես»: Խեղճ կինը մի փայտից կախում էր կերակրով զամբյուղը ու նրան հեռվից փոխանցում: Խեղճն արդեն հալումաշ էր եղել: Նրա երեխաները՝ դժբախտները, հեռվից էին նրան տեսնում: Նա, իմիջիայլոց, ոչինչ չուներ, սակայն, քանի որ արևի երես չէր տեսնում (փակված էր տանն ու շարունակ վերմակներով փաթաթված), դեղնած էր ու հավատում էր, թե թոքախտով է տառապում: Վեր կացա ու նրա տուն գնացի: Ինձ տեսնելուն պես՝ ասաց.

-Վանակա՛ն, ինձ մի՛ մոտեցիր, դու էլ չվարակվես, այնտեղ՝ վանքում մարդիկ են գալիս. թոքախտով եմ տառապում:

– Տո՛, ո՞վ քեզ ասաց, թե թոքախտով ես տառապում,- ասացի:

Նրա կինն ինձ հյուրասիրելու համար քաղցր ընկույզ բերեց:

-Բերանդ բա՛ց,- ասացի,- հիմա պետք է հնազանդվես:

Բերանը բացեց. չգիտեր, թե ինչ եմ անելու: Ընկույզը նրա բերանի մեջ դրեցի ու երկու-երեք անգամ շրջեցի, իսկ հետո ընկույզը վերցրեցի ու կերա:

-Չուտե՛ս, չուտե՛ս, կվարակվե՛ս,- բացականչեց:

-Ինչպե՞ս թե կվարակվեմ: Ոչինչ չունե՛ս,- ասացի,- եթե թոքախտ ունենայիր, խելքս գցե՞լ էի, որ դա անեմ: Վե՛ր կաց, դուրս գանք:

Կնոջն ասացի.

-Դե՛ն գցիր ամեն ինչ՝ դեղեր, վերմակներ…

Նրան բարձրացրեցի ու դուրս եկանք: Երեք տարի ներսը փակվելուց հետո աշխարհին տարօրինակ կերպով էր նայում: Այնուհետև կամաց-կամաց իր աշխատանքին էլ գնաց:

Ահա, թե միտքն ի՜նչ է, երբ այն զարգացնում ես:

 

Թարգմանությունը հունարեն բնագրից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου, Λόγοι Γ΄, Πνευματικός αγώνας, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2007.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Սուրբ Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org    կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

Երևակայական հիվանդներ

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com