/ Եկեղեցական տոներ / Տոն փառավոր և ամենաբարեհամբավ Տասներկու Առաքյալների

Տոն փառավոր և ամենաբարեհամբավ Տասներկու Առաքյալների

Տոն փառավոր և ամենաբարեհամբավ Տասներկու Առաքյալների

 Հունիսի 30/հուլիսի 13

Ընթերցումներ.

Ա Կորնթ. 4,9-16.

Մատթ. 9,36. 10,1-8.

 

Առաքելական և Ընդհանրական մեր Սուրբ Եկեղեցին այսօր՝ հունիսի 30-ին, հատուկ շուքով ու տոնախմբությամբ նշում է մեր Քրիստոս Տիրոջ Տասներկու Առաքյալների տոնը: Անշուշտ տարվա մեջ կան նաև նրանց նվիրված անհատական հիշատակի օրեր, սակայն այս կերպ, հավաքական տոնախմբությամբ պատվվում է այս մեծ մարդկանց ողջ դասը միասին, որոնք, որպես երկրի վրա Տիրոջ փրկչական գործի շարունակողներ, թեքեցին համաշխարհային պատմության ընթացքը և, ըստ էության, փոխեցին աշխարհի ձևը:

Առաքյալների սուրբ կերպարները զարդարում են աշխարհի բոլոր ուղղափառ եկեղեցիների, տաճարների, մատուռների կենտրոնական ու երևելի տեղերը, իսկ նրանց հիշելը կամ անդրադարձը սրբազան ժամերգությունների ընթացքում հաճախ են, որովհետև նրանք կազմում են Ուղղափառ Եկեղեցու ամենակարևոր սրբերի դասը՝ Աստվածամորից ու Սուրբ Հովհաննես Մկրտչից հետո:

Սուրբ Առաքյալների տիտանական պայքարի շնորհիվ, նրանց անձնական աներևակայելի զոհողություններով Եկեղեցին հաստատվեց աշխարհի մեջ, այնտեղ, որտեղ ի Քրիստոս փրկության ու ճշմարտության նկատմամբ հատուկ ընդգծված թշնամական միջավայր էր: Առաքյալների գործը կնքվեց իրենց իսկ արյամբ: Բոլորը, բացառությամբ Հովհաննեսի, արյան նահատակությամբ իրենց կյանքը տվեցին՝ աշխարհին ավետարանելու համար:

Առաքյալ բառը (հունարեն՝ «απόστολος») նշանակում է առաքված: Այս դեպքում Առաքյալներ կոչվեցին Տիրոջից կանչված ու ընտրված աշակերտները, որպեսզի շարունակեն Իր փրկչական գործը: Նաև, ըստ Տիրոջ առանձնահատուկ հորդորի, Իր Հարության վկաները եղան «մինչև երկրի ծայրերը» (Գործք 1,8):

Առաքյալների ընտրությունն ու կոչումը, ովքեր մինչև Հոգեգալուստ աշակերտներ էին կոչվում, եղավ Գալիլիայում, Տիրոջ հրապարակային գործունեության սկզբում: Իր Մկտրությունից անմիջապես հետո Քրիստոս ուղղվեց դեպի Գենեսարեթ լճի ափերը, որտեղ էլ կոչ ուղղեց ձկնորսներին՝ ասելով. «Իմ ետևից եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ պիտի դարձնեմ» (Մատթ. 4,19): Նրանք «իսկույն թողնելով ուռկանները՝ գնացին նրա ետևից» (Մատթ. 4,20):

Աշակերտները Տիրոջ կողմից երեք խմբի բաժանվեցին՝ տասներկուսի նեղ շրջանակը, յոթանասուներկուսի ավելի ընդարձակ շրջանակը և Նրա բազմաթիվ ընկերների ամենաընդրաձակ շրջանակը: Ամենամեծ նշանակությունը ուներ տասներկուսի շրջանակը: Նրանք անընդհատ Նրա կողքին էին և հենց նրանց նախ բացահայտեց Աստուծո Խորհուրդները: Հենց այս տասներկուսը նախ ստացան քահանայության հատուկ շնորհը՝ կատարելու Եկեղեցու ծիսական-պաշտամունքային ու սրբագործող խորհուրդները և այն փոխանցելու իրենց հաջորդներին: Տիրոջից հենց Նրանց էր պատիվ վերապահված լինելու Իր գործի գլխավոր շարունակողները, որովհետև միայն Նրանց Քրիսոսն ասաց. «…Ես ձեզ ընտրեցի և ձեզ կարգեցի, որ դուք գնաք և պտղաբեր լինեք, և ձեր պտուղը մնա» (Հովհ. 15,16):

Տերը Հարությունից հետո այլևս պաշտոնապես նրանց կարգեց որպես Իր գործի հաջորդներ. «Ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ» Երբ այս ասաց, նրանց վրա փչեց և ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին: Եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի. եթե մեկի մեղքերը չներեք, ներված չի լինի»»: (Հովհ. 20, 21-22): Ինչպես նաև Գալիլիա լեռան վրա, ուր հավաքվել էին  տասնմեկ աշակերտները, Համբարձումից մի քիչ առաջ, Քրիստոս նրանց ասաց. «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28,19-20):

Տեր Հիսուս Քրիստոսը չընտրեց Իր Առաքյալներին այն ժամանակվա կայսրության էլիտայից, կա՛մ քաղաքականապես ու տնտեսապես հզորների շարքերից, կա՛մ էլ մտավորականների փակ շրջանակից, որովհետև ապականությունը, անկումը և ամբարտավանությունը այդ մարդկանց հիմնական հատկանիշներն էին: Ընդհակառակը, Տերը Նրանց ընտրեց անկարևոր, տկար ու անուս մարդկանցից, ովքեր ապրում էին մեղքի ու անկման դժբախտությունն ու թշվառությունն առաջիններից ավելի ընդգծված և իրենց հոգում սաստիկ կերպով մշակում էին Աստուծով փրկության ակնկալիքը: Հատկանշական են Պողոս Առաքյալի խոսքերը. «…քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն նրա իմաստությամբ….Բայց Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին. և Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին. և Աստված աշխարհի ոչ-տոհմիկներին, արհամարվածներին և ոչինչներին ընտրեց, որպեսզի իրենք իրենց մի բան կարծողներին ոչնչի վերածի. որպեսզի ոչ մի մարդկային էակ չպարծենա Աստուծո առաջ» (Ա Կորնթ. 1,21, 27-29):

Սուրբ Հոգին Հոգեգալստի օրը (Գործք, գլուխ 2) այլակերպեց անկարևոր, երկչոտ ու անուս ձկնորսներին ու դարձրեց նրանց իմաստուն, հզոր անհատականություններ, լուսակիրներ, որ լուսավորեցին տիեզերքը: Տիրոջ Հարության ցնցող փորձառությունը և Սուրբ Հոգու էջքի զորությունը տվեցին նրանց աներևակայելի ձգտում: Նրանք սփռվեցին ողջ աշխարհով մեկ, որպեսզի ավետեն ու ավետարանեն նոր, հուսաբեր ու փրկարար պատգամը՝ Տեր Հիսուս Քրիստոսով մարդկային ցեղի փրկությունը: Աստվածային նախանձախնդրությամբ բորբոքված նրանց սրտերը և բոցաշունչ քարոզները մարդկանց սրտերը դարձրին այնպիսին, որ ցնցվեցին փրկության փափագից: Ավետարանի սերմը գցվեց այդ անխոնջ ու աստվածային մշակների կողմից աշխարհի բոլոր կողմերում:

Գալիլիացի այս անկարևոր ձկնորսներն աշխարհի պատմությունը շրջեցին  դեպի մարդասիրության, քաղաքակրթության ու առաջընթացի ճանապարհ: Հին աշխարհի խոնարհ ու արհամարված մարդիկ, որ առարկաներից ու կենդանիներից ավելի մեծ արժեք չունեին, Առաքյալների քարոզի շնորհիվ առաջին անգամ դարձան մարդկային արժեքներ, դեռ ավելին՝ Աստուծո կենդանի պատկերներ: Շատ հզորներ հասկացան, որ իրենց աշխարհային զորությունը իրական արժեք չունի ու այդ պատճառով այն մերժեցին: Աշխարհում մի նոր, համաշխարհային եղբայրություն ծնվեց՝ Քրիստոսի Եկեղեցին, որպես սիրո մի նոր իրականություն և չարի ու մեղքի անմարդկային աշխարհում ժողովուրդների ու մարդկանց եղբայրակցություն, որպես փրկության միջոց և ապականության ու մեղքի ծառայությունից ազատագրում:

Մարդկությունն ու ժամանակակից քաղաքակրթությունը Սուրբ Առաքյալներին մեծ երախտագիտություն են պարտական: Այն, ինչ չկարողացավ իրագործել հին աշխարհի միտքն ու զորությունը, Քրիստոսի Առաքյալների ու Աշակերտների դասը կարողացավ կատարել: Սակայն, դժբախտաբար, աշխարհը ոչ միայն չգնահատեց նրանց նվիրումը, ընդհակառակը, արեց ամեն ինչ, որ չեղարկի ու քարուքանդ անի այն ամենը, ինչ նրանք կառուցեցին: Պողոս Առաքյալը շատ հստակ նկարագրում է իրենց առաքելության դժվարությունները՝ ասելով. «Ինձ այնպես է թվում, թե մեզ՝ առաքյալներիս, Աստված վերջիններ դարձրեց, որպես մահապարտների. որովհետև տեսարան դարձանք աշխարհին և հրեշտակներին ու մարդկանց: Մենք՝ հիմարներ Քրիստոսի պատճառով, և դուք՝ իմաստուններ Քրիստոսով. մենք՝ թույլեր, և դուք՝ հզորներ. դուք՝ փառավորվածներ, և մենք՝ անարգներ: Մինչև այսօր և՛ քաղցած մնացինք, և՛ ծարավեցինք, և՛ մնացինք մերկ, և՛ բռնցքահարվեցինք, և՛ մնացինք անկայուն. և չարաչար աշխատեցինք մեր ձեռքերով. նախատում էին մեզ՝ օրհնում էինք, հալածում էին՝ դիմանում էինք, հայհոյում էին՝ աղոթում էինք. ծաղրուծանակ եղանք ամբողջ աշխարհին, ջնջոց՝ բոլորի համար մինչև այժմ» (Ա Կորնթ. 4,9-13):   

Այս անհամար դժվարությունները, զրկանքները, հոգնություններն ու, հատկապես, անմարդկային հալածանքները նրանց չվհատեցրին: Նրանց գործը պտղաբերեց, որովհետև այն բազմացրեց Եկեղեցում բնակվող Սուրբ Հոգին:

Առաքյալների գործը շարունակվեց և այսօր էլ շարունակվում է նրանց հաջորդների միջոցով: Ամեն տեղ, ուր Նրանք հիմնում էին եկեղեցիներ, եպիսկոպոսներ ու քահանաներ էին ձեռնադրում, որպեսզի շարունակեն իրենց գործը: Ղուկաս Ավետարանիչը Գործքում՝ Եկեղեցու առաքելության գլխավոր գրքում գրում է. «Նրանց համար յուրաքանչյուր եկեղեցու վրա երեցներ ձեռնադրեցին, պահեցողությամբ հանդերձ աղոթք արեցին և նրանց հանձնեցին Տիրոջը, որին հավատացել էին» (Գործք 14,22):

Այս անդադար առաքելական հաջորդականությունը շարունակվում է նաև այսօր բոլոր ուղղափառ եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների ու մնացած կղերականների ու նաև աշխարհականների միջոցով, շարունակվում է որպես հավատքի ու անձերի անդադար հաջորդականություն: Դրա համար էլ Ուղղափառ Եկեղեցին կոչվում է նաև Առաքելական, ինչպես որ ամրագրված է Հավատո Հանգանակի մեջ:

Հետևաբար, բոլոր նրանք, որ ծառայում են Քրիստոսի Եկեղեցում՝ կեղերականներ ու աշխարհականներ, ըստ էության, շարունակում են Սուրբ Առաքյալների գործը: Այդքան մեծ ու կարևոր է նրանց կատարած աշխատանքը:

Ուղղափառ բոլոր քրիստոնյաներս ու Տիրոջը ճշմարտապես երկրպագողները, Սուրբ Առաքյալների՝ որպես «Աստծուն գործակիցների» (Բ Կորնթ. 6,1) տոնը պատվողները, պարտավոր ենք Նրանց համապատասխան շուքով ու պատվով մեծարելու, որվհետև Եկեղեցին հիմնված է այս մեծ անհատականությունների վրա: Դա հաստատում է նաև Հովհաննես Առաքյալը, որ Հայտնության մեջ տեսավ եկնքում Քրիստոսի հաղթանակած Եկեղեցին՝ հաստատված տասներկու հիմքերի վար. «Եվ քաղաքի պարիսպն ուներ տասներկու հիմքեր. Նրանց վրա՝ Գառան տասներկու առաքյալների տասներկու անունները» (Հայտն. 21,14):

 

Հայր Հերոնիմոս Մայիլյան

 

 

Տոն փառավոր և ամենաբարեհամբավ Տասներկու Առաքյալների

 

www.orthodoxkyanq.org

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com