/ Եկեղեցական տոներ / Սբ. Հոգեգալուստ

Սբ. Հոգեգալուստ

Սբ. Հոգեգալուստ

 

Եկեղեցու ծննդյան օրը

 

Ընթերցումներ.

Գործք. 2, 1-11.

Հովհ. 7, 37-52, 8, 12.

Ընդհանական և Առաքելական Սուրբ Եկեղեցին Սբ. Զատիկին հաջորդող Պենտեկոստարիոնի ութերորդ կիրակիին տոնախմբում է Պենտեկոստեն՝ Հոգեգալուստը, այսինքն՝ Սուրբ Հոգու էջքը վերնատանը Աստվածամոր, առաքյալների և մյուս աշակերտների վրա, ըստ Տիրոջ խոստման. «Եվ ես պիտի աղաչեմ Հորը, և Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի. Ճշմարտության Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետև Նրան չի տեսնում և Նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում եք Նրան, որովհետև ձեզ մոտ պիտի բնակվի և ձեր մեջ պիտի լինի» (Հովհ. 14, 16-17):

Հոգեգալուստով սկսվում է Քրիստոսի Եկեղեցու առաքելությունը երկրի վրա. այսօր Եկեղեցու ծննդյան օրն է:

Ստորև ներկայացնում ենք Սբ. Հովհան Ոսկեբերան Հայրապետի Հոգեգալստյանը նվիրված տոնական Ճառից մի հատված:

 

«Սիրելիներ, մեծ են  այն շնորհները և գերազանցում են յուրաքանչյուր մարդկային տրամաբանություն, որ մարդասեր Աստված այսօր մեզ պարգևեց: Դրա համար բոլորս միասին ուրախ լինենք և, ուրախությունից պարելով, փառաբանենք մեր Տիրոջը: Որովհետև այս օրը մեզ համար տոն է և տոնախմբություն. Ինչպես որ մի դարաշրջանը հաջորդում է մյուսին և մի արևադարձը հաջորդին, ճիշտ այդպես Եկեղեցում էլ, մի տոնը հաջորդում է մյուսին և մեզ տանում մեկից մյուսը: Այսպես, մի քանի օր առաջ տոնեցինք խաչը, չարչարանքը, հարությունը, այնուհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկինք համբարձվելը: Սակայն այսօր հանդիպեցինք հենց բարիքների գագաթնակետին, հասանք տոների գլխին, գտնվում ենք Տիրոջ խոստման իրագործման մեջ. «…իսկ եթե գնամ»,- ասում է,-«ուրիշ Մխիթարիչ ձեզ  կուղարկեմ ու ձեզ որբ չեմ թողնի» (հմմտ. Հովհ. 16, 7):

 

Տեսա՞ք հետաքրքրություն: Տեսա՞ք անսահման մարդասիրություն: Մի քանի օր առաջ երկինք բարձրացավ, կրկին թագավորական գահին նստեց, վերցրեց Հոր աջակողմը և այսօր մեզ Սուրբ Հոգու ներկայությունն է շնորհում, ու այդպես մեզ անհամար երկնային բարիքներ է տալիս:

Ասա՛ ինձ, Սուրբ Հոգին ի՞նչ չի տվել այն ամենից, որ նպաստում է մեր փրկության համար: Նա մեզ ազատագրում է հոգևոր ստրկությունից, ազատության է մեզ կանչում, որդեգրության է մեզ առաջնորդում և, ընդհանրապես, մեզ վերածնում է սկզբից, և մեզանից թոթափում է մեղքերի ծանր ու խորշելի բեռը: Սուրբ Հոգու շնորհով տեսնում ենք շատ քահանաների և ունենք վարդապետների (ուսուցիչների) դասերը: Այդ նույն աղբյուրից է դուրս եկել նաև մարգարեական շնորհը և հիվանդություններից բժշկվելու զորությունը: Եվ մնացած ամեն ինչ, որ սովորաբար զարդարում են Աստծո Եկեղեցին, Նրանից (Սուրբ Հոգուց) են սկիզբ առնում: Պողոսն աղաղակում է՝ ասելով. «Բայց այս շնորհները միևնույն Սուրբ Հոգին է ներգործում, Ով բաժանում է յուրաքանչյուրին այնպես, ինչպես Ինքն է կամենում» (Ա Կորն. 12, 11): Այնպես, ինչպես Նա է ուզում, ասում է, ոչ թե ինչպես հրամայվել է, բաժանում է, չի բաժանվում, իշխանություն ունի, չի գտնվում իշխանության ներքո: Որովհետև, ճիշտ նույն իշխանությունը, որ վստահեց Հորը, Պողոսը վերագրում է նաև Սուրբ Հոգուն: Եվ ինչպես որ ասում է Հոր համար. «Նույն Աստված է ներգործում ամենն ամենքի մեջ» (Ա Կորն. 12, 6), այդպես էլ Սուրբ Հոգու համար է ասում. «Եվ բոլոր այդ շնորհները միևնույն Սուրբ Հոգին է ներգործում, Ով բաժանում է յուրաքանչյուրին այնպես, ինչպես Ինքն է կամենում» (Ա Կորն. 12, 11)»…:

 

Թարգմանությունը հունարենից՝ հայր Հերոնիմոս Մայիլյանի:

 

 

 

Սբ. Հոգեգալուստ

 

www.orthodoxkyanq.org

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com