Սբ. Թեոդորոս Տերոնի հրաշքի հիշատակը
361թ. գահ բարձրացած Հուլիանոս Ուրացող կայսրը, Մեծ Պահքը պղծել ցանկանալով, հրամայում է մայրաքաղաք Կոստանդնուպոլսի շուկաներում վաճառվող բոլոր մթերքները գաղտնի ցողել կուռքերին մատուցված զոհերի արյամբ: Հրամանն ի կատար ածելու գիշերը քաղաքի եպիսկոպոս Եվդոքսոսին զինվորական զգեստներով լուսավոր մի երիտասարդ է հայտնվում` նախազգուշացնելով հավատուրաց կայսեր դավի մասին.
– Այս օրերին քրիստոնյաները շուկայից թող ոչինչ չգնեն, այլ կուլիփա թող ուտեն, – պատվիրում է զինվորը:
-Իսկ ի՞նչ է «կուլիփան»- հարցնում է զարմացած եպիսկոպոսը:
-Իմ հայրենիքում` Եվքայիտ քաղաքում, խաշած ցորենն են այդպես անվանում:
-Իսկ դու ո՞վ ես:
-Ես Քրիստոսի վկա Թեոդորոսն եմ, -պատասխանում է երիտասարդն ու անհետանում:
Հայտնված զինվորն իրապես սբ. Թեոդորոս Տերոնն էր, ով այս տեսիլքից մոտ հիսուն տարի առաջ էր նահատակվել: Եպիսկոպոսը սքանչելի տեսիլքի մասին տեղեկացնում է քրիստոնյաներին, ովքեր կուլիփա են պատրաստում, և այսպես Հուլիանոս կայսեր նենգ ծրագիրն ի դերև է լինում:
Դարեր շարունակ Ուղղափառ Եկեղեցին ամեն տարի, Մեծի Պահոց առաջին շաբաթ օրը նշում է սբ. Թեոդորոսի այս հրաշքի հիշատակը և հավատացյալների համար կուլիփա օրհնում:
Սբ. Թեոդորոս Տերոնի հրաշքի հիշատակը