Մեծ Պահքի եկրորդ կիրակին նվիված է սբ. Գրիգոր Պալամասին
«Աստվածաբանությունն ամբողջանում է աստվածատեսությամբ»
Մեծ Պահքի երկրորդ կիրակիին Ուղղափառ Եկեղեցին տոնում է սբ. Գրիգոր Պալամասի հիշատակը (14-րդ դ.), որպես հաղթական շարունակություն նախորդ` Ուղղափառության կիրակիի:
Ստորև ներկայացնում ենք Սրբի համառոտ վարքը:
Եկեղեցու այս Տիեզերական Հայրը Փոքր Ասիայից է սերում և մանուկ հասակից դաստիարակվում է Կ. Պոլսի կայսերական արքունիքում: Ուսանում է փիլիսափայություն, հռետորություն և բնագիտություն: Կայսեր ու պալատականների առջև ավարտական քննության ժամանակ համալսարանի ռեկտորը զմայլանքով բացականչում է, որ եթե նույնինքն Արիստոտելն էլ ներկա լիներ, ապա նրան գովասանքի կարժանացներ:
Կրթությունից հետո, սակայն, մերժելով կայսեր առաջարկած պաշտոններն ու աստիճանները` լքում է պալատը և քսան տարեկան հասակում մեկնում Աթոս լեռ ճգնելու: Հաստատվում է, նախ, Վատոպեդիի վանքում, ապա գնում է Մեծ Լավրա, հետո տեղափոխվում է Պրովատա (Աթոսի անապատային տարածքներից): Տարիներ հետո, երբ ուզում է Աթոսից Երուսաղեմ մեկնել, Թեսաղոնիկեում տեսիլք է ունենում, որի ժամանակ սբ. Դեմետրիոսը նրանից պահանջում է, որ այդտեղ մոտիկ տեղ մնա ու ճգնի: Այդ ժամանակ Սրբին հնազանդվելով` Վերիայում է ճգնում և երեսուն տարեկանում քահանա ձեռնադրվում: Այստեղ նրան այցելում էին բազում վանականներ ու աշխարհականներ՝ հոգևոր առաջնորդություն ստանալու նպատակով: Հինգ տարի հետո սերբերի հարձակման պատճառով Աթոս է վերադառնում` Մեծ Լավրային մոտ մի խուց, որտեղ հասնում է աստվածային լուսավորության բարձր աստիճանի և այստեղ տեսիլքի մեջ Տիրոջից հրաման է ընդունում վարդապետական հարցերով զբաղվելու: Այնուհետև իր համբավի պատճառով ստիպված է լինում մեկ տարով Էսֆիգմենի վանքի վանահայր դառնալ: Ավելի ուշ տասներկու տարի լինում է Թեսաղոնիկեի արքեպիսկոպոսը:
Ներկա է գտնվում է Կ. Պոլսի 1341թ. և 1347թ. գումարված ժողովներին, որտեղ պատերազմում է արևմտամետներ Վառլաամի և Ակինդինոսի չարափառությունների դեմ:
Ննջել է 1359թ. և անմիջապես պատվվել է որպես Սուրբ: Կ. Պոլսի պատրիարք Փիլոթեոսը 1376թ. ձոն է ուղղում Գրիգոր Պալամասին` գրելով նաև նրան նվիրված կանոնները[1] և սահմանում, որ նրա հիշատակը տոնվի Մեծ Պահքի երկրորդ կիրակիին: Սրբի մասունքները պահվում են Թեսաղոնիկեում՝ նրա անունը կրող մետրոպիլիտական փառահեղ տաճարում:
Սուրբը գրել է բազմաթիվ աստվածաբանական երկեր (թվով մոտ 60), հատկապես, դավանաբանական բովանդակության, հերետիկոսների դեմ պայքարի նպատակով, ինչպես, օրինակ, Սուրբ Հոգու մասին, նամակներ հակաիսիխաստներին[2], տարբեր խոստովանական (հավատքի) տեքստեր: Սբ. Գրիգոր Պալամասը Շնորհի, անեղ Լույսի աստվածաբանն է համարվում:
Բազում դարերի անփոփոխելիությունից հետո սբ. Գրիգորին հաջողվում է բարեփոխել աստվածաբանական եզրաբանությունը և աստվածաբանական մտքին տալ նոր ուղղություններ: Նա սեփական փորձառությամբ ապացուցեց, որ աստվածաբանության գործն անհամեմատ ավելի բարձր է փիլիսոփայությունից ու գիտությունից: Անդրադառնալով երկու գիտություններին` աստվածային և մարդկային, արտաքին իմաստությունը գնահատում է որպես սահմանափակ: Խոսում է երկու աստվածային նվերների մասին` բնական նվերները, որ բոլորի համար են, և գերբնական կամ հոգևոր նվերները, որ տրվում են, երբ Աստված է ցանկանում և միայն մաքուրներին ու սրբերին, կատարյալներին:
«Աստվածաբանությունն ամբողջանում է աստվածատեսությամբ»,- նշում է Սուրբը:
Պալամասի հակառակորդները հավատում էին Հովհաննեսի ավետարանի այն հատվածին, որ «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել…» (Հովհ. 1, 18) և մեղադրում էին վանականներին, որ աստվածատեսություն ունեին՝ որպես «պորտատեսների»[3]: Գրիգորը հակադարձում էր, որ ինչպես Տերն է ասում. «Սրտով մաքուրներն Աստծուն պիտի տեսնեն» (Հմմտ. Մատթ. 5, 8): Սբ. Գրիգորի գլխավոր նպաստը աստվածաբանությանը կայանում է Աստծո էներգիայի (ներգործություն) և էության զանազանությունը մատնանշելու մեջ: Աստծո գոյությունը կայանում է երկու բանում` Իր էության մեջ, որն անեղ է, անըմբռնելի և ինքնագո, և բառացիորեն կոչվում է աստվածություն (սա վերաբերվում է ավետարանական «ոչ ոք չի տեսել…» հատվածին), և Իր ներգործությունների (էներգիաների) մեջ, այսպես կոչված, հատկություններ կամ կարողություններ, որոնք թեև անեղ են, սակայն ըմբռնելի: Հետևաբար, այլ բան է աստվածությունը և այլ բան թագավորությունը, սրբությունը և այլն:
www.orthodoxkyanq.org
[1] Երգվում են Սրբի տոնի օրը երեկոյան և առավոտյան ժամերգություններին:
[2]Իսիխազմը՝ հին հուն. ἡσυχία բառից, բառացի՝ «հանգստություն», «լռություն», «առանձնություն», քրիստոնեական աշխարհայացք է, ուղղափառ ճգնակեցության հիմք կազմող հոգևոր պրակտիկայի ավանդույթ: «Իսիխաստ» հայերեն կարելի թարգմանել որպես «լռակյաց»: Հակաիսիխաստները տվյալ ուղղության հակառակորդներն էին:
[3] Այդպես էին ասում, որովհետև փոքր աթոռին առանց հենվելու նստած վանականները, գլուխը կորացրած ժամերով աղոթում էին` մտային աղոթքն ասելով («Տեր Հիսուս Քրիստոս, ողորմյա մեզ»):
Մեծ Պահքի եկրորդ կիրակին նվիված է սբ. Գրիգոր Պալամասին