/ Եկեղեցու խորհուրդներ և ծեսեր / Աստվածամոր Ննջման ավանդությունը

Աստվածամոր Ննջման ավանդությունը

Աստվածամոր Ննջման ավանդությունը

 

Սբ. Հովհաննես Դամասկացի

 

   «…Սբ. Պուլքերիա (թագուհին) Կոստանդնուպոլսում Քրիստոսի համար բազմաթիվ եկեղեցիներ կառուցեց: Դրանցից մեկը երանավախճան Մարկիանոսի թագավորության սկզբում Վլաքերնեում կառուցված եկեղեցին է: Արդ, այս երկուսը, ամենագովելի, ամենասուրբ Աստվածածին և միշտ Կույս Մարիամի համար այնտեղի պատվական տաճարը շինելով ու ամենայն հարդարանքով զարդարելով, Կույսի ամենասուրբ և աստվածընկալ մարմինն էին փնտրում: Եվ, կանչելով Երուսաղեմի Հոբնաղ արքեպիսկոպոսին ու պաղեստինցի եպիսկոպոսներին, որոնք այն ժամանակ Քաղկեդոնում ընթացող Ժողովի պատճառով արքայական քաղաքում էին գտնվում,  ասացին նրանց.

    -Լսում ենք, որ Երուսաղեմում, «Գեթսեմանի» կոչվող գյուղում է գտնվում ամենասուրբ Աստվածածին և միշտ Կույս Մարիամի առաջին ու բացառիկ եկեղեցին, որտեղ գերեզմանի մեջ է դրվել նրա կենսաբեր մարմինը: Արդ, կամենում ենք այդ մասունքը բերել` ի պահպանություն արքայական քաղաքիս:

Իսկ Հոբնաղը, լսելով, պատասխանեց.

  -Սբ. և Աստվածաշունչ Գրքում սբ. Մարիամ Աստվածածնի վախճանի պարագաների մասին խոսք չկա, բայց հին ու ճշմարտագույն ավանդությունից ընդունել ենք այն, որ Աստվածածնի Ննջման ժամանակ բոլոր սբ. առաքյալները, որոնք հեթանոսների փրկության համար տիեզերքով մեկ էին սփռվել, օդի մեջ հափշտակված` մեկ ակնթարթում Երուսաղեմում հավաքվեցին: Եվ երբ սբ. Կույսի մոտ էին, հրեշտակային մի տեսիլք եղավ նրանց ու հզորագույն Զորությունների երգեցողությունն էր լսվում: Եվ Աստվածածինն իր սբ. հոգին այդպես` անճառապես, աստվածային ու երկնային փառքով, Աստուծո ձեռքերի մեջ հանձնեց, իսկ նրա աստվածընկալ մարմինը` հրեշտակների և առաքյալների երգեցողությամբ  պատրաստված ու ամփոփված, թաղվեց Գեթսեմանիի գերեզմանում, որտեղ երեք օր շարունակ հրեշտակների դասերն ու երգեցողությունն էր անդադար մնում: Իսկ երրորդ օրվանից հետո, երբ զվարթունների երգեցողությունը դադարեց, բացակա էր Թովմասը, որը եկավ երրորդ օրվանից հետո և երբ աստվածընկալ մարմնին խոնարհվել ցանկացավ,  առաքյալները, որոնք այնտեղ էին, բացեցին գերեզմանը: Սակայն Կույսի ամենագովելի մարմինը բնավ չկարողացան գտնել, այլ միայն նրա պատանքը գտան ու դրա անասելի անուշահոտությունից շփոթված` գերեզմանը փակեցին: Եվ խորհրդի հրաշքի վրա սքանչացած` միայն այն էին մտածում, որ Բանն Աստված ու Փառքի Թագավորը, որ հաճեց իր Անձով մարմնավորվել, մարդանալ, մարմնով ծնվել Կույսից և Նրա կուսությունը ծննդից հետո անապական պահել, նույն Ինքը հաճեց այս կյանքից հեռանալուց հետո էլ Աստվածածնի անբիծ ու անարատ մարմինն անապականությամբ ու մինչև հասարակաց ու համընդհանուր հարությունը վերափոխմամբ պատվել …»:

     Հին հունարենից թարգմանությունը ` Գևորգ Ղազարյանի

    Աղբյուր. Ἰωάννου τοῦ Δαμασκηνού, Ἄπαντα τα ἔργα 9, ΕΠΕ 110, էջ 308-312:

 

 

Աստվածամոր Ննջման ավանդությունը

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com