Սբ. Վարդանանք
Մայիսի 26/հունիսի 8
Սբ. մեծ վկա Վարդանը ծնվել է շուրջ 388 թ. հայոց սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և սբ. Սահակ Պարթև կաթողիկոսի դուստր Սահականույշի ընտանիքում: Սբ. Վարդանի և նրա երկու եղբայրների` Հմայակի ու Համազասպյանի մանկական և պատանեկան տարիներն անցնում են Տիրոջ խրատով ու դաստիարակությամբ` իրենց երանելի պապի հոգատարության ներքո, ինչպես նաև զինվորական կրթությամբ: Հասունանալով` Վարդանն ամուսնանում է և ունենում երկու դուստր, որոնցից մեկը` սբ. Վարդենի Շուշանիկը, պիտի հետևեր իր հոր մարտիրոսական ուղուն: Աստուծո նախախնամությամբ Վարդան սպարապետը պիտի դառնար Եկեղեցու պաշտպանն այն բախտորոշ շրջանում, երբ վճռվում էր, թե Հայաստան աշխարհն արդյոք կշարունակի՞ ի Քրիստոս իր ընթացքը, թե՞ ոչ:
449թ. պարսից արքունիքը հայերին ուղղված հատուկ հրամանագրով պահանջում է, որպեսզի նրանք թողնեն «նազովրեցիների մոլորությունը» և ընդունեն կրակապաշտությունը: Պարսից Հազկերտ արքային պատասխանելու համար գումարված Արտաշատի ժողովը վճռում է. «Այս Հավատքից չի կարող մեզ խախտել ոչ ոք` ո՛չ հրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ որևէ այլ դառն պատուհաս, քանզի մեր Հավատո ուխտը Աստուծո հետ է կնքված անլուծանելի կերպով: Անհնարին է, որ այն քանդենք ու հեռանանք նրանից ո՛չ հիմա, ո՛չ հետո, ո՛չ հավիտյանս և ո՛չ հավիտյանս հավիտենից»:
Հազկերտը` այս համարձակ պատասխանից բարկացած, Տիզբոն է կանչում Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի նախարարներին: Վերջիններս, չցանկանալով, ճամփա են ընկնում և արքային ներկայանում 449թ. Ավագ Շաբաթ օրը: Հազկերտը պահանջում է, որ նրանք ուրանան Քրիստոսին, հակառակ դեպքում սպառնում է զորք ուղարկել Հայաստան` Եկեղեցին բնաջնջելու համար: Անելանելի ծուղակի մեջ հայտնված նախարարները, ծածուկ քրիստոնյա մի պալատականի խորհրդով որոշում են առերես երկրպագել կրակին` այդպիսով հնարավորություն ստանալով վերադառնալ իրենց երկրները: Սբ. Վարդանը սակայն կտրականապես մերժում է այդ քայլը` ոչ մի կերպ չհամաձայնելով ուրանալ իր Փրկչին: Նախարարները բազմիցս համոզում էին նրան` համաձայնելու իրենց հետ հանուն երեք քրիստոնյա ժողովուրդների փրկության` հիշեցնելով նրան սբ. Պողոս առաքյալի խոսքը. «Ես ինքս երդումով փափագում էի նզովվել Քրիստոսից իմ ազգակից եղբայրների համար» (Հռոմ. 9, 3):
Մեծ դժվարությամբ նախարարներին հաջողվում է համոզել սպարապետին, և սբ. Վարդանը ծանր սրտով տեղի է տալիս: Այդ քայլը նա երբեք իրեն չի ներում՝ փափագելով մարտիրոսությամբ ջնջել հավատուրացության մեղքը:
Հազկերտը մեծապես ուրախանում է նախարարների ուրացության համար և, պատվելով նրանց, հարյուրավոր մոգերի հետ ուղարկում է իրենց երկրները, որպեսզի ամենուր հաստատվի կրակապաշտությունը և խափանվի ճշմարիտ Աստվածապաշտությունը: Մինչ նրանք տեղ կհասնեին, քրիստոնյաներն արդեն պատրաստ էին ընդդիմանալու անօրենության գործադրմանը: Նախարարները դժվարին կացության մեջ են հայտնվում, քանի որ նույնիսկ իրենց ընտանիքները խորշում էին իրենցից` որպես հավատուրացներից, սակայն թագավորի հրահանգին ընդդիմանալը կնշանակեր ապստամբություն բարձրացնել:
Սբ. Վարդանը, իր ընտանիքի հետ խորհրդակցելով, որոշում է տեղափոխվել Հայաստանի բյուզանդական հատվածը` իր մեղքը քավելու համար ստանձնելով օտարության և աղքատության խաչը: Դեպի պանդխտություն ճանապարհին նրան են հասնում հայոց մարզպան Վասակի սուրհանդակները` աղերսելով վերադառնալ ու ստանձնել ապստամբության ղեկավարությունը:
Եպիսկոպոսաց ժողովը, քննելով սպարապետի խնդիրը, մեծ ցնծությամբ հավաստիանում է, որ նա անսասան է առ Տեր Հիսուսն իր հավատի և սիրո մեջ: Ջերմապես աղոթելով` Քրիստոսի բանավոր հոտի հովիվները հայոց սպարապետին ու բազում նախարարների կրկին ընդունում են սբ. Եկեղեցու փրկարար ծոցը: Հոգևորականությունը, նախարարներն ու ժողովուրդը, Աստուծո օգնությունը կանչելով ու սբ. Ավետարանի վրա երդվելով, բարձրացնում են ապստամբության դրոշը: Սբ. Վարդանի քրիստոսասեր զորքն սկսում է մաքրել երկիրը պարսիկներից: Շատ քաղաքներ ու գյուղեր ազատագրվում են, կրակարան-ատրուշանները` կործանվում: Ողջ ժողովուրդը ցնծում էր ու ասում. «Որպես հայր են ճանաչում սբ. Ավետարանը և որպես մայր` առաքելական և ընդհանրական Եկեղեցին»:
Հազկերտն ի վերջո վճռում է Հայաստան ուղարկել 200.000 զորք` ապստամբներին վերջնականապես ճնշելու համար: Թեպետ շատերը, այդ թվում նաև Վասակ Սյունին, լքել էին ապստամբների շարքերը, սբ. Վարդանը չի հուսահատվում, այլ շարունակում է զորքի ղեկավարությունը:
451 թ. Պենտեկոստեի ուրբաթ օրը հայոց զորքը հասնում է Ավարայր գյուղին մոտ դաշտը: Զորքի հետ էր հայոց հայրապետ Հովսեփ կաթողիկոսը, Ղևոնդ երեցը և այլ հոգևորականներ: Ճամբարում սբ. Վարդանն իր զինակիցներին քաջալերելու համար ընթերցում է Մակաբայեցվոց գիրքը, իսկ ճակատամարտին նախորդող գիշերը քահանաները, սբ. Պատարագ մատուցելով, մկրտում են երախաներին և բոլորին սբ. Հաղորդություն տալիս:
451 թ. մայիսի 26-ին տեղի է ունենում Ավարայրի ճակատամարտը, որի ընթացքում 66.000 հոգի հաշվող հայոց բանակից հանուն Հավատքի և Հայրենիքի զոհվում են 1036 քաջեր` սբ. Վարդանի, նրա եղբայր Համազասպյանի, ինչպես նաև սբ. Խորեն, Արտակ, Տաճատ, Հմայակ, Ներսեհ, Վահան, Արսեն և Գարեգին նախարարների գլխավորությամբ: Փոքր-ինչ ուշ մի մարտում նահատակվում է նաև սպարապետի մյուս եղբայրը` սբ. Հմայակը:
Թեև պարսիկները հաղթում են ճակատամարտում, սակայն պարտված հաղթանակողի վիճակում են հայտնվում` ավելի շատ զոհեր տալով, քան հայերը: Հազկերտը` տպավորված քրիստոնյաների համառությամբ ու քաջությամբ, զղջում է իր անհեռատեսության համար և հետս կոչում նրանց հանդեպ հալածանքները:
Պարսից դեմ սբ. Վարդանի և նրա մարտիրոսակիցների սկսած և գլխավորած պայքարը պսակվում է 484 թ. Նվարսակի պայմանագրով: Վերջինիս համաձայն` պարսից արքունիքը ճանաչում է Հայաստանի ինքնավարությունը և հրաժարվում քրիստոնյաների հանդեպ հալածանքներից։
Պատրաստեց Գ. Ղազարյանը:
© www.orthodoxkyanq.org
Սբ. Վարդանանք