/ Վարք Սրբոց / Սբ. կույս Պառասկևի վկայուհի

Սբ. կույս Պառասկևի վկայուհի

Սբ. կույս Պառասկևե վկայուհի

Հուլիս 26 / Օգոստոս 8

Սրբուհի Պառասկևին ծնվել է շուրջ 117թ. Հռոմի մերձակայքում: Նրա ծնողներն էին բարեպաշտ և ազնվատոհմիկ Ագաթոնն ու Պոլիտիան, ովքեր երկար տարիներ անզավակ էին ու հավատքով խնդրում էին Աստծուց զավակ պարգևել իրենց:  Ի վերջո Տերը լսում է նրանց աղոթքները: Քանի որ աստվածատուր զավակը ծնվում է ուրբաթ օրը, ծնողները նրա անունը դնում են Պառասկևի, որ հունարենից թարգմանաբար «ուրբաթ» է նշանակում:

Առաքինի ծնողներն իրենց դստերը Տիրոջ Ավետարանով ու աղոթական ոգով են դաստիարակում, այնպես որ դեռ մանուկ հասակից սբ. Պառասկևին լի էր առ Աստված սիրով: Երբ Պառասկևին քսան տարեկան է դառնում, նրա ծնողները մահանում են: Սրբուհին իր հարուստ ժառանգությունն աղքատներին է բաժանում ու որոշում է իր կյանքն Ավետարանի քարոզչությանը նվիրել: Այսպես նա շրջիկ քարոզիչ է դառնում:

138թ. Հռոմի կայսր է դառնում Անտոնինոսը, ով Եկեղեցու դեմ հալածանք է սկսում: Սբ. Պառասկևին ձերբակալվում է և կայսեր ատյանի առաջ բերվում: Անտոնինոսը փորձում է սիրաշահելով համոզել Պառասկևիին ուրանալ Քրիստոսին, սակայն նրա անդրդվելի հավատքը տեսնելով, հրամայում է բանտարկել: Գիշերային աղոթքի ժամանակ բանտախցում սրբուհուն հայտնվում է Տիրոջ հրեշտակը` ձեռքին լուսավոր մի խաչով, փշե պսակով, եղեգնի վրա դրած սպունգով: Երկնային պատգամաբերը գոտեպնդում է սրբուհուն, արձակում նրա շղթաներն ու անհետանում:

Հաջորդ առավոտյան կայսրը հրամայում է մազերից կախել սրբուհուն ու ջահերով այրել նրա մարմինը, ապա հրամայում է եռման ձեթով լի կաթսայի մեջ նետել: Տիրոջ զորությամբ սակայն, եռացող ձեթը ոչնչով չի վնասում վկայուհուն: Ապշած հալածիչը մոտենում է կաթսային` համոզվելու, արդյոք ձեթը տաք է: Չհավատալով, որ եռացող հեղուկը չի վնասում կույսին, նա պահանջում է Պառասկևիին ձեթը ցողել իր երեսին: Երբ Սրբուհին կատարում է Անտոնինոսի պահանջը, եռման ձեթն այրում է կայսեր դեմքն ու կուրացնում նրան:

-Մե՜ծ է քրիստոնյաների Աստվածը,- բացականչում է կայսրն ու հրամայում անմիջապես ազատ արձակել  սբ. Պառասկևիին: Սբ. կույսը բժշկում է կայսեր աչքերը, ապա շարունակում իր քարոզչական շրջագայություները, որոնք նրան Հունաստան են բերում: Թեսաղոնիկեի մերձակայքում սրբուհուն կրկին ձերբակալում են ու չարչարանքների են ենթարկում, ապա բանտ նետում` կրծքին ծանր քար դնելով: Գիշերը սբ. վկայուհուն է հայտնվում Տեր Հիսուս Քրիստոսը.

-Ուրախացի՛ր, բարի կույս Պառասկևի, – ասում է Տերը: Քաջալերվի՛ր և մի՛ վախեցիր չարչարանքներից, քանզի իմ շնորհը քեզ հետ է լինելու: Փոքր-ինչ համբերիր և ապա կգաս` ինձ հետ հավիտենապես թագավորելու:

Տերը բժշկում է իր հավատարիմ աղախնի սոսկալի խոցերն ու երկինք է համբարձվում: Առավոտյան, երբ լիովին ապաքինված սրբուհուն աստվածամարտ կառավարչի առջև են բերում, վերջինս կարծելով, թե սրբուհուն հեթանոսական չաստվածներն են բժշկել, հրամայում է Պառասկևիին տանել մեհյան` կուռքերին գոհաբանական զոհ մատուցելու: Մեհյանում սակայն, սբ. Պառասկևիի աղոթքներով կուռքերը գետին են տապալվում ու ջարդուփշուր են լինում:  Կատաղած հեթանոսները մահապատժի վճիռ են կայացնում:

Մահապատժից առաջ սրբուհին ժամանակ է խնդրում աղոթելու, ապա գլուխը խոնարհում է սրի առաջ: Սրբուհուն գլխատում են: Քրիստոնայները նրա մարմինը վերցնում են և ամփոփում մերձակայքում` Թեսաղոնիկեի Տեմպոն դաշտում, որտեղ այսօր կանգուն է Սբ. Պառասկևիի վանքը: 

Սրբուհի Պառասկևիի անապական աջ ձեռքը պահվում է Աթոս Սբ. Լեռան Կոստայավանք մենաստանում, իսկ գլխի մի հատվածը` Աթենքի կենտրոնում` Պետրակիսի Սբ. Անմարմին Զորությանց վանքում, որտեղ ամեն ուրբաթ խորանից դուրս է բերվում, որպեսզի հավատացյալները խոնարհվեն:

Սբ. Պառասկևին Տիրոջից հրաշագործությունների մեծ շնորհ է ստացել. Ռուսաստանում նա ընտանիքի պաշտպան, խնամախոսություններին օգնող սրբուհի է համարվում, իսկ Հունաստանում նա որպես ակնաբույժ սուրբ է հայտնի. այդ իսկ պատճառով նրա հիշատակի օրը` հուլիսի 26-ը, ակնաբույժների մասնագիտական տոնն է:

 

Պատրաստեց Գ. Ղազարյանը

Սբ. կույս  Պառասկևե վկայուհի

 

© www.orthodoxkyanq.org

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com