Հրաշագործ սբ. Նեկտարիոս Պենդապոլսեցի
(1846-1920թթ.)
Նոյեմբերի 9/22
Սբ. Նեկտարիոսը (մկրտության անվամբ` Անաստաս) ծնվել է 1846թ., Թրակիայի Սիլիվրիա քաղաքում, Դիմոս և Վասիլիկի Կեֆալասների բարեպաշտ ընտանիքում: Սուրբն ընտանիքի հինգերորդ տղան էր:
Անաստասը նախակրթությունն ստանում է ծննդավայրում, սակայն քանի որ նրա ընտանիքը աղքատ էր, 14 տարեկան հասակում որոշում է Կ.Պոլիս գնալ` այնտեղ միաժամանակ ուսանելու և աշխատելու: Պոլսում Անաստասն աշխատանքի է անցնում իր ազգականներից մեկին պատկանող ծխախոտի գործարանում: Հակառակ նրան, որ աշխատանքի դիմաց չէին վճարում, և նա դժվարանում էր անգամ օրվա հացը վաստակել, պանդխտական կյանքի դժվարություններն ուսումնատենչ պատանուն չեն խոչընդոտում անքուն գիշերները հոգևոր ընթերցանությանը նվիրելու:
Պոլսում Անաստասը որոշում է Սուրբ Երկիր ուխտի գնալ: Ծովային ճամփորդության ժամանակ նավը խորտակելու աստիճան մի մեծ փոթորիկ է բարձրանում: Սուրբը հողմահույզ ծովն է նետում Կենաց Փայտի մասունքով իր վզի խաչը, և սարսափելի փոթորիկն անմիջապես դադարում է: Անաստասը սակայն շատ է տխրում` խաչից զրկվելու համար: Երբ նավը ափ է հասնում, մեծ ուրախությամբ գտնում են խաչը, որ կպած է լինում նավի հատակին: Սա սուրբի առաջին հրաշքն էր:
Տիրոջ Գերեզմանի միաբաններն ուրախությամբ են ընդունում բարեպաշտ երիտասարդին, և Անաստասը Երուսաղեմում է ապրում մինչև քսան տարեկան դառնալը: Այնուհետև նա Հունաստանի Քիոս կղզին է գնում, որտեղ և 7 տարի գրաճանաչություն է դասավանդում գյուղացի երեխաներին:
Սակայն սրբի ցանկությունն էր վանական դառնալ: Նա 1877թ. վանական հերակտրություն է ստանում Քիոսի Նորավանքում, ապա սարկավագ է ձեռնադրվում` Նեկտարիոս անունն ստանալով:
1881-1885թթ. Նեկտարիոս սարկավագն ուսանում է Աթենքի ազգային համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում: Համալսարանն ավատելուց հետո Ալեքսանդրիա է մեկնում, որտեղ քահանա է ձեռնադրվում և Պատրիարքությունում որպես քարտուղար աշխատում:
1889թ. սբ. Նեկտարիոսը Պենդապոլիսի (Եգիպտոս) մետրոպոլիտ է ձեռնադրվում: Նեկտարիոս սրբազանն իր հովվապետական պարտականությունները նախանձախնդրությամբ և պատասխանատվության խորը զգացումով է կատարում, սակայն նրա վառ անհատականությունն ու գործունեությունը որոշ կեղերականների նախանձն է գրգռում: Նրանք զրպարտում են Նեկտարիոսին առ այն, իբր նա պատրիարք դառնալու հավակնություններ ունի: Զրպարտիչները հասնում են այն բանին, որ սուրբը անարգանքով վտարվում է Ալեքսանդրիայի Պատրիարքությունից:
Անիրավ կերպով հալածված սբ. Նեկտարիոսն Աթենք է գալիս: Այստեղ նա երկար ժամանակ աշխատանք չէր գտնում և հաճախ նույնիսկ հանապազօրյա հացից էր զրկված` ծայրահեղ թշվառ պայմաններում ապրելով: Վերջապես նրան Խալկիդա քաղաքում քարոզիչ են նշանակում: Այս ծառայության ժամանակ էլ բացահայտվում է, որ Ալեքսանդրիայի Պատրիարքությունում սրբին զրպարտել են, և սրբի անմեղությունը բոլորին հայտնի է դառնում:
1894թ. սբ. Նեկտարիոսն Աթենքի Ռիզարիոսյան ճեմարանի տնօրեն է նշանակվում: Սուրբը ճեմարանը օրինակելի վարքով էր ղեկավարում. նա անսահման սիրով էր լցված ուսանողների նկատմամբ` կիսելով նրանց բոլոր հոգսերն ու կարիքները:
Տնօրեն եղած ժամանակ սբ. Նեկտարիոսն Էգինա կղզում մի հին ու փոքր վանք է գնում: Բազում զոհողություններով այդ հին վանքը կարողանում է նորոգել և մեծացնել: 1908թ.` ճեմարանը 14 տարի շարունակ տնօրինելուց հետո, սբ. Նեկտարիոսն առողջության պատճառով հրաժարվում է տնօրենի պաշտոնից ու մնացած կյանքը Էգինայի վանքում անցկացնում:
Խոնարհ ու պարզ սուրբը մասնակցում էր վանքի բոլոր աշխատանքներին` միչև իսկ բանվորներին օգնելով: Միաժամանակ նաև գիտական ուսումնասիրություներ էր կատարում ու գրքեր գրում: Իր հեղինակած բազմաթիվ և բազմաբնույթ աշխատություններից են «Քրիստոսի Եկեղեցու Տիեզերական ժողովները», «Աշխարհում Աստուծո Հայտնության մասին», «Քրիստոնեական բարոյագիտության դասեր», «Հովվական Ատվածաբանության դասեր», «Ուղղափառ Քրիստոնեական», «Քրիստոսաբանություն», «Հերձվածի մասին» երկերը: Սբ. Նեկտարիոսը գրել է նաև Սբ. Երրորդությանը նվիրված 30 և Սբ. Աստվածածնին ձոնված 154 շարականներ:
Սբ. Նեկտարիոսը վանքում ապրում է մինչև 1920թ., երբ հիվանդանության մահիճն է ընկնում: Ծանր ցավերով նա տեղափոխվում է Աթենք, որտեղ և «Արետեիոն» հիվանդանոցում իր մաքրամաքուր հոգին առ Աստված է ավանդում նոյեմբերի 9-ին:
Սբ. Նեկտարիոսի երանելի ննջումից անմիջապես հետո կատարավում է նրա առաջին հետմահու հրաշքը. երբ հիվանդապահներն ու սրբին խնամող Եվֆիմիա միաձնուհին հանգուցյալ սրբի շորերն են փոխում, նրա ներքնաշապիկը դնում են կողքի մահճակալին, որին ոտքերից անդամալույծ հիվանդ էր պառկած: Այդ պահին հիվանդն անմիջապես բժշկվում է:
Բացի այդ, սրբի անձնական բժշկի վկայության համաձայն` սբ. Նեկտարիոսի մարմինն արդեն իսկ մահվանից անմիջապես հետո անուշահոտ մյուռոն է արտադրել, և նրա վիրակապերն այն աստիճան են բուրել, որ դրանք որոշել են ոչ թե դեն նետել, այլ սրբի հետ թաղել:
Էգինայում ամփոփված սբ. Նեկտարիոսի մարմինն ավելի քան քսան տարի անապական է մնացել` որպես Սբ. Հոգու անոթ անասելի անուշահոտություն բխելով:
1961թ. Կ.Պոլսի Տիեզերական Պատրիաքությունը սինոդական որոշմամբ սրբերի շարքն է դասում սբ. Նեկտարիոսին և նրա հիշատակը պաշտոնապես գրացում եկեղեցական տոնացույցում:
Սբ. Նեկտարիոսն ամբողջ աշխարհում մեծ համբավ ունի` որպես սքանչելագործ և բժշկող սուրբ: Աշխարհի տարբեր անկյուններում նրա անունով բազմաթիվ տաճարներ կան, նրա հրաշքների մասին` բազմալեզու հրատարակություններ: Սբ. Նեկտարիոսի կատարած հրաշքների մեջ մեծ թիվ են կազմում մահացու քաղցկեղից բժշկությունները: