/ Հրաշքներ / Իվերոնի Աստվածամոր սրբապատկերը

Իվերոնի Աստվածամոր սրբապատկերը

Իվերոնի Աստվածամոր սրբապատկերը

    Աստվածամոր իվերոնյան սրբապատկերի պատմությունն սկսվում է IX դ., երբ Բյուզանդիայի Թեոփիլոս կայսեր օրոք (829-842 թթ.) նոր թափ էր ստացել պատկերամարտությունը: Այդ ժամանակ Նիկիա քաղաքի մոտակայքում էր ապրում հարուստ ու բարեպաշտ մի այրի կին, ով Աստվածամոր մի սրբապատկեր ուներ:

    Մի օր պատկերամարտ զինվորներ են գալիս այդ կնոջ տուն և, սրբապատկերը տեսնելով, ցանկանում են ոչնչացնել այն, բայց այրին համոզում է զինվորներին մինչև առավոտ իր մոտ թողնել սրբապատկերը: Պատկերամարտները հեռանում են, սակայն նրանցից մեկը սրով հարվածում է պատկերին. նույն պահին Աստվածամոր դեմքից` ասես կենդանի մարմնից, արյուն է հոսում…

     Այրի կինն իր որդու հետ գնում է ծովափ, ծնկի է գալիս սրբապատկերի առջև ու աղաչում երկնավոր Թագուհուն իր պատկերը փրկել կարծանումից: Աղոթքից հետո կինը համբուրում է  սրբապատկերը և այն բաց է թողնում  ծովի մեջ: Աստվածածնի պատկերն անմիջապես ուղղվում է և, ջրի վրայով դեպի արևմուտք ընթանալով, անհետանում հորիզոնում…                                                

    980 թ. Աթոս սբ. Լեռում հիմնադրվում է փոքրիկ մի միաբանություն, որի հիմնադիրներն էին սբ. Աբուլհերիթ-Հովհաննեսն ու զորավար Թոռնիկ-Հովհաննես Թոռնիկյանը, ովքեր սբ. Լեռ էին եկել Տայք աշխարհից: Նորահիմն վանական եղբայրության մյուս անդամներից էին Աբուլհերիթի որդի Եվթիմիոսը ու Թոռնիկի եղբայր Վարազվաչեն: Նրանց փոքրիկ վանքը կոչվեց «Իվերների» (հուն. «Իվերոն»)[1]:

    Մի գիշեր Իվերոնի միաբանները ծովի մեջ տեսնում են հրեղեն մի սյուն, որ մինչև երկինք է հասնում: Տեսիլքը կրկնվում է մի քանի օր շարունակ: Մոտակա վանքերից հավաքված վանականներն ու անապատականները տեսնում են, որ հրե սյունը ծագում է ծովի մեջ կանգնած Աստվածամոր սրբապատկերից: Սակայն պատկերը ծովից հանելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում. որքան որ վանականները նավակներով մոտենում են ծովին, այնքան սրբապատկերը հեռանում է նրանցից:

    Իվերոն վանքի միաբանները հավաքվում են եկեղեցում` աղոթելով, որպեսզի Տերը սրբապատկերը պարգևի իրենց: Այնժամ Իվորոնի միաբան Գաբրիել վանականին երազի մեջ հայտվում է ամենասուրբ Աստվածածինը` հայտնելով, որ ինքը ցանկանում է վանականներին շնորհել իր պատկերը` որպես հովանի և օգնություն:

     Իվերոնի վանահայրն ու բոլոր միաբանները երգեցողությամբ ու խնկարկությամբ ծովափ են դուրս գալիս: Աստվածածնի հրամանն ունենալով` Գաբրիելը համարձակությամբ ծովի վրա ոտք է դնում և, ջրերի վրայով քայլելով, արժանանում է իր գիրկն ընդունել Աստվածամոր սրբապատկերը:

    Անասելի ուրախությամբ լցված` Իվերոնի վանականները երեք օր ու գիշեր անդադար ժամերգություն են կատարում, որից հետո սրբապատկերը բերում տեղադրում են վանքի կաթողիկե եկեղեցու խորանում:

    Հաջորդ օրը, նախքան առավոտյան ժամերգությունը, լուսարարապետը եկեղեցի է մտնում և տեսնում, որ պատկերն անհետացել է: Որոնումներից հետո սրբապատկերը վերջապես հայտնաբերում են վանքի դարպասներից վերև: Այն իջեցնում են ու նորից եկեղեցում դնում, սակայն հաջորդ օրը պատկերը կրկին դարպասների վրա է հայտնվում: Այս ամենը կրկնվում է մի քանի անգամ: Ի վերջո Աստվածամայրը հայտնվում է Գաբրիել ծերին ու ասում.

    -Հայտնի՛ր եղբայրներին, որ նրանք այլևս չաշխատեն իմ սրբապատկերը եկեղեցում պահել, այլ թող դարպասների վրա այն թողնեն. ես չեմ ցանկանում որ դուք ինձ պահպանեք, այլ ինքս եմ ցանկանում ձեզ պահպանել ոչ միայն ներկա, այլ հանդերձյալ կյանքում:

    Վանականները վանքի դարպասների վրա փոքրիկ մի մատուռ են կառուցում, որտեղ և տեղադրում են հրաշագարծ պատկերը: Այն ստանում է «Իվերոնի Դռնապանուհի» անվանումը:

    Բազմաթիվ են այն հրաշքները, որ Ամենասուրբ Աստվածածինը կատարել է իր այս պատկերի միջոցով: Իր խոստմանը հավատարիմ` Աստվածամայրը շատ անգամներ է փրկել Իվերների վանքը ավազակների հարձակումներից, որոնցից ամենահայտնին պարսիկ ծովահենների դեպքն է: Պարսիկները ոմն ավազակապետ Ամիրի գլխավորությամբ տասնհինգ նավերով մոտենում են  Սբ. Լեռան ափերին ու պաշարում են  Իվերոնի վանքը: Սարսափահար վանականներն իրենց հետ վերցնելով եկեղեցական անոթներն ու հրաշագործ սրբապատկերը, թաքնվում են ամրացված աշտարակում` աղոթելով ամենասուրբ Աստվածածնին, որպեսզի վանքը կողոպուտից փրկի:

    Թշնամիները վանք են ներխուժում ու թալանում են այն, հետո փորձում են ավերել եկեղեցին: Հանկարծակի ծովային ուժեղ փոթորիկ է բարձրանում` խորտակելով պարսիկների նավերն  ու բոլոր ծովահեններին: Ողջ է մնում միայն Ամիրը: Իր նավերի ու մարդկանց կործանումը տեսնելով` նա զղջում է կատարած հանդգնության համար և մեծ գումար է տալիս վանքի շուրջը նոր` նախկինից ավելի բարձր պարիսպներ շինելու համար:                                             

    Հրաշագործ սրբապատկերի հայտնությունից հետո Իվերոնի վանքը ոչ մի բանի պակաս չի ունեցել, իսկ բարեպաշտ մարդկանց ներդրումները հարստացրել ու զարդարել են մենաստանը: Սրբապատկերի հրաշագործություններից մեկն այն է որ Դռնապան  Աստվածածինը հաճախ արգելել է վանք մուտք գործել այն մարդկանց,  ովքեր ինչ-որ հոգևոր աղտ են ունեցել:

    1854 թ.  երբ Սբ. Լեռում մեծ հուզմունք ու տագնապ է լինում, աթոսացի 40 000 վանականներից  միայն մոտ 1000 հոգի են մնում Աթոսում, և անգամ այս սակավ վանականներն էլ ցանկանում են սբ. Լեռից հեռանալ` մտածելով, որ Աստվածամայրը լքել է իրենց: Երկնավոր Թագուհին սակայն, հայտնվում է հայրերից շատերին ու ասում.

    -Ի՞նչու եք երկնչել և ինչու՞ են նման մտքեր անցնում ձեր սրտից: Այս ամենը կանցնի և կվերջանա, իսկ սբ. Լեռը կրկին կլցվի միաբաններով: Ահա ասում եմ ձեզ, որ քանի դեռ իմ պատկերը  Իվերոնի վանքում է, ապա ոչնչից մի՛ երկնչեք և ձեր խցերում մնացեք: Իսկ երբ լքեմ վանքը, ապա ամեն մեկն  իր մախաղը թող վերցնի ու թող գնա` ուր որ գիտի:

    Իսկապես, Աստվածամոր խոստումն իրականանաւոմ է, և սբ. Լեռը փորձություններից հետո կրկին զարթոնք է ապրում: Սակայն Տիրամոր խոսքերը հիմք են դառնում այն ավանդությանը, համաձայն որի նեռի օրոք Իվերոնի պատկերը հրաշալի կերպով պիտի հեռանա վանքից, իսկ սբ. Լեռը ջրի տակ պիտի ծածկվի…

    Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սբ. Լեռը նվաճում են ֆաշիստ գերմանացիները, ինչի պատճառով վանքերն ամայանում են: Իվերոնի վանքում ևս հաշված միաբաններ են մնում: Մի առավոտ նրանցից մեկը վանքի բակում տեսնում է սևազգեստ, պատկառազդու մի Կնոջ, որ ավլում-մաքրում էր վանքի տարածքը: Քանի որ Աթոս ոտք դնելը կանանց արգելված է, հասկանալի է լինում, որ այդ Կինը նույն ինքն Աստվածածինն է: Հուսալքված վանականների մեջ տարածվում է շուտափույթ ազատագրման լուրը: Իսկապես, շատ չանցած, գերմանական զորքերը մի քանի օրվա մեջ, լրիվ անսպասելի հավաքվում ու մեկնում են Աթոսից. Աստվածածինն «ավլել» էր իր պարտեզը…

    Ներկայումս պատկերը գտնվում է Իվերոնի վանքի կաթողիկեի կողքին կառուցված մատուռում: Աստվածածնի դեմքին առ այսօր տեսանելի է արյունոտ այն խոցը, որ պատկերին է հասցրել պատկերամարտ զինվորը: Ժամանակ առ ժամանակ սրբապատկերի առջև կախված անմար կանթեղը առանց մարդկային միջամտության սկսում է ճոճվել` աշխարհին կա՛մ ուրախալի, կա՛մ վշտալի իրադարձություններ ազդարարելով: Վերջին անգամ այդ հրաշքը կատարվեց 2013թ., Աստվածհայտնության տոնին, և ըստ Իվերոնի վանահայր Նաթանայելի` բարենշան բնույթի էր:

Պատրաստեց Բ. Գրիգորյանը

© www.orthodoxkyanq.org


[1] «Իվեր» բառը Միջնադարում բազմանշանակ է եղել. նախևառաջ` այն նշանակել է «ազգությամբ վրացի», սակայն «իվեր» են անվանվել այն հայորդիները, ովքեր Վրաց Ուղղափառ Եկեղեցու անդամ են եղել:

 Իվերոնի Աստվածամոր սրբապատկերը

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com