/ Հարցազրույց / «Աթոսը թիրախ է քրիստոնյաների հակառակորդների համար»

«Աթոսը թիրախ է քրիստոնյաների հակառակորդների համար»

«Աթոսը թիրախ է քրիստոնյաների հակառակորդների համար»

 

Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում Agionoros.ru (Սուրբ Լեռ) ուղղափառ կայքէջի գլխավոր խմբագիր և պատմաբան Աթանասիոս Զոիտակիսի հարցազրույցից հատվածներ` Աթոս Լեռան ներկա վիճակի, Եվրամիության հետ դիմակայության և Սրբերի մարգարեության նկատմամբ հավատքի մասին:

 

Աթոս և Եվրամիություն

 

-Հունական մամուլը կրկին գրում է, թե ԵՄ-ն ուզում է չեղարկել ավատոնը՝ հնամյա ավանդույթը, որն արգելում է կանանց մուտքն Աթոս: Ձեր կարծիքով, որքանո՞վ է այսօր հավանական ավատոնի վերացումը:

 

-Ավատոնի չեղարկման լուրը որևէ տեղեկատվական հիմք չի ունեցել: Հերթական անգամ խոսելով դրա մասին՝ մամուլում չհրապարակեցին որևէ որոշակի տեղեկատվություն՝ ո՛չ պաշտոնյաների կարծիքներ, ո՛չ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ կամ այլ կազմակերպությունների ինչ-որ որոշումներ: Խոսակցությունն ընթանում էր այն ոգով, թե միասեռական կենակցությունների օրինականացման մասին օրենքի ընդունմանը կհետևի Հունաստանում հետագա աստիճանական ապաքրիստոնեացման անցկացումը, և հնարավոր է, թե հեռանկարում դրա փուլերից մեկը լինի ավատոնի չեղյալ հայտարարելը:

Այդ հնագույն ավանդույթը փոփոխելու վերջին փորձի պատմությունը թվագրվում է 2000-ական թվականներով: Այդ ժամանակ Եվրախորհրդարանում չեղարկմանը կողմ արտահայտվեց 274 պատգամավոր, 269-ը դեմ էին, և ևս 14 մարդ ձեռնպահ մնաց: Եվ մոտ մի տարի առաջ շշուկներ էին պտտվում, թե, իբր, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ավատոնը չեղարկելուն կողմ է քվեարկել, սակայն դա անստույգ տեղեկատվություն դուրս եկավ:

Փաստեր, որոնք խոսեն ավատոնը մոտ ժամանակահատվածում չեղարկելու նախապատրաստության մասին, այժմ չկան: Ավելին, ներկայումս դա անհնար է, քանզի կհանգեցնի շատ մեծ արձագանքի և բողոքների Հունաստանի ներսում: Աթոսի կարգավիճակը պաշտպանված է հունական սահմանադրության 105-րդ հոդվածով և մի ամբողջ շարք համաձայնագրերով Հունաստանի ու ԵՄ միջև: Իրավական տեսակետից Աթոսի տարածքը պատկանում է քսան վանքերի, վանականներն իրավունք ունեն սահմանափակել Սուրբ Լեռ այն անձանց մուտքը, ում համար հարկ կհամարեն: Ավատոնի չեղարկման հարցը կարելի է համեմատել հետևյալ իրավիճակի հետ. դուք ունեք 3 սենյականոց բնակարան, և ահա ստացվում է քաղաքապետարանի որոշումը, որով ձեզ անհրաժեշտ է ձեր հարկի ներքո տեղավորել ևս 3 մարդու:

 

-Իսկ եթե խոսենք երկարաժամկետ հեռանկարից, ինչպիսի՞ն է այն:

 

-Իհարկե, ավատոնի չեղարկման հարցը վաղ թե ուշ քննարկման կդնեն: Բայց դրա համար պետք է Հունաստանում վերացնել շատ այլ բաներ, օրինակ, Հունաստանի հիվանդանոցներում և դատարանների շենքերում պատերից կախված են սրբապատկերներ: Աստիճանաբար դրանք սկսում են հանել. բառացիորեն օրերս Սալոնիկի համալսարանի աստվածաբանական ֆակուլտետում հանել են մուտքին եղած Քրիստոսի պատկերը և տարել աչքից հեռու 4-րդ հարկ, չնայած մի շարք մանկավարժների և ուսանողների բողոքներին: Աշխարհիկացման գործընթաց է գնում Եվրոպայում, և Աթոսն, անտարակույս, կդառնա հարձակման նպատակակետ: Բայց ոչ հիմա, ավելի ուշ:

 

Մի շարք աթոսյան վանքեր վերանորոգման աշխատանքների համար դրամական օժանդակություն են ստանում Եվրամիությունից: Որքանո՞վ են այդ կերպ նրանք կախյալ դառնում ԵՄ-ից:

 

-Ներկա պահին ուղղակի ճնշման փորձեր, վանքերին ինչ-որ բան հարկադրելու փորձեր չեն եղել: Սակայն չեմ բացառում, որ նման բաներ ապագայում պատահեն:

Բուն Աթոսում դրա վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Օրինակ, Կոստամոնիտ վանքն սկզբունքորեն հրաժարվեց ԵՄ դրամական օժանդակությունից: Նրանք բացորոշ հայտարարեցին. մենք վախենում ենք, մենք երկյուղում ենք ավատոնի չեղարկումից, և չենք ցանկանում ԵՄ-ից մեկ լումա էլ ստանալ, որպեսզի կախվածության մեջ չընկնենք: Այլ վանքեր դրանում սպառնալիք չտեսան և համարեցին, թե դա ներկա պահին այժմեական չէ:

Այդ հարցը սերտորեն առնչվում է Աթոսում ժամանակակից տեխնոլոգիաների նկատմամբ վերաբերմունքին: Մեր աչքի առաջ տեղի ունեցավ տեխնոլոգիական հեղափոխություն՝ ի հայտ եկան համացանցը, փոխադրամիջոցներ, ենթակառույցներ: Աթոսում տարբեր կարծիքներ կան, թե ինչպես վերաբերվել տեխնոլոգիաների առաջընթացին, որքանով է դա համատեղվում վանականության հետ և որքանով կարելի է վերականգնել մենաստաններն այն չնաշխարհիկ ձևով և այն տեխնոլոգիական մակարդակով, ինչպես հաճախակի դա կատարվում է ներկայումս:

Ներկա պահին Սրբազան Համայնքը (Սուրբ Լեռան վանական խորհուրդը – խմբ.) արհեստականորեն սահմանափակում է փոխադրական ենթակառույցների զարգացումը, ասֆալտապատումը, փոխադրամիջոցների գործածումը: Շատ վանքերում վանականներն, ընդհանրապես, չեն օգտվում համացանցից, բջջային հեռախոսներից, և, օրինակ, նույնինքն ծեր Պաիսիոսի աշակերտներն այսօր սահմանափակվում են միջոցների նվազագույնով. Նրանք նույնիսկ ջրի պոմպեր չունեն, այն ձեռքով են հասցնում, ինչպես դարերով եղել է: Տեխնոլոգիաների նկատմամբ վերաբերմունքը զգուշավոր է: Եվ դա նույնն է նաև ԵՄ դրամական օժանդակության հարցին:

 

– Աթոսի նահանգապետն արդյոք ունի՞ վանքերի գործերին միջամուխ լինելու իրավունք:

 

-Հարցը բավականին բարդ է: Մի կողմից, Աթոսում գործում են Հունական հանրապետության օրենքները՝ քրեական և վարչական իրավունքի մասով: Դա դրսևորվեց, օրինակ, Վատոպեդի վանքի առաջնորդ Եփրեմի դեպքում, ով 2011թ. ձերբակալվեց, իբր, անշարժ գույքի ապօրինի գործարքի համար:

Մյուս կողմից, սովորաբար պետությունն այդպիսի դեպքերում հայցում է Սրբազան Համայնքի թույլտվությունը, նա պատրաստ չէ կտրուկ գործողությունների դիմել վանականների դեմ: Պարզ օրինակն է Էսֆիգմենի վանքը, որն այժմ վերահսկում են Աթոսի մյուս մենաստանների և այլ եկեղեցիների հետ եկեղեցական հաղորդակցությունից անջատված վանականներ: Ընդունվել են մի շարք դատական որոշումներ, որոնց համաձայն նրանք պարտավոր են ազատել մենաստանը: Բայց ոստիկանությունը պատրաստ չէ բռնի ուժով ներխուժել վանք: Ավելին, պետությունը թեև իրականացնում է մաքսային գործառույթներ, չի արգելում Էսֆիգմենի շփումն արտաքին աշխարհի հետ, այդ թվում նաև՝ ընդունել ուխտավորների:

 

-Ինչպիսի՞ն է Աթոսն այսօր ազգությունների հարաբերակցությամբ:

 

-Վանականների մեծամասնությունը հույներ ու կիպրացիներ են: Քանակությամբ երկրորդ տեղում են ռումինացիները, սերբերը, ռուսներն ու բուլղարները: Վանականներ կան նաև եվրոպական այլ երկրներից՝ Ֆինլանդիայից, Իտալիայից, Ֆրանսիայից: Աֆրիկայի և Ասիայի ներկայացուցիչները հատուկենտ են…

 

Ուխտագնացություն

 

-…Շատերը Սուրբ Լեռ են գնում սովորական հետաքրքրասիրությունից դրդված, դրան նայում ինչպես նորաձևության, որպես հոգևոր զբոսաշրջության ձևի: Սակայն Աթոսն այն տեղը չէ, ուր մարդկային բոլոր ծրագրերն են գործում: Ես գիտեմ ոչ քիչ դեպքեր, երբ մարդը թեթևակի հաճույքի համար է գնացել, սակայն Աթոսում ճակատագիրը նրան հանդիպեցրել է այնպիսի մարդկանց, որ ամբողջությամբ վերագնահատել է իր կյանքը. աթեիստները դարձել են հավատացյալ, իսկ ոմանք նույնիսկ որոշել են մնալ Աթոսում:

Խորհուրդ, որ կարելի է տալ ուխտագնացներին. եթե արդեն Աթոս ես գնում, ապա այնտեղ պետք է առավելագույնս վանականին մոտ կյանքով ապրել՝ ներկա լինել հոգևոր արարողություններին, հետևել ընդունված օրակարգին:

 

-Որքանո՞վ են վանականներն իրենք բարեկամաբար տրամադրված ուխտավորներին:

 

-Վանքերը տարբեր են: Կան առավել աղոթարարության հակված վանքեր. դա չի նշանակում, թե նրանք խուսափում են մարդկանցից, սակայն այնտեղ մթնոլորտն այլ է՝ նրանք ավելի նպատակամղված են աղոթական կարգի, լռության և առանձնության: Կան նաև Դոխիարի վանքի նման մենաստաններ, ուր դու անմիջապես դառնում ես եղբայրակցության մի մասը՝ նրանք քեզ ամբողջությամբ թողնում են իրենց կյանքից ներս, ընդհուպ վանական կյանքի որոշ հարցեր վանահայրը ճաշին քննարկում է բոլորի ներկայությամբ, չի երկյուղում օտար ունկնդիրներից: Միանգամայն տպավորություն է ստեղծվում, թե դու եղբայրներից մեկն ես:

 

-Աշխարհն ինչպե՞ս կարող է ճանաչել նորագույն աթոսյան ճգնավորներին: Օրինակ, եթե չլիներ հայր Սոֆրոնիոսը (Սախարով)՝ սբ. Սիլուանոսի կենսագիրը, աշխարհը չէր իմանա նրա մասին:

 

-Սա հետաքրքիր խնդիր է: Ես կասեի, որ դա մշտապես կատարվում է Աստծո կամքով. եթե Աստծուն հաճելի է, ապա մարդիկ այդ մասին իմանում են: Քանի որ ծերերն իրենք չեն ցանկանում, որպեսզի իրենց մասին իմացվի, չեն ցանկանում այդ երկրպագությունը՝ ընդհուպ ոմանք կտակում են իրենց թաղել այնպիսի տեղում, ուր ուխտագնացության հնարավորություններ չկան:

Որոշ դեպքերում ծերերն իրենք էին բացահայտվում այն բանից հետո, երբ ունենում էին տեսիլք Տիրոջից` որևէ գործի կոչվելով: Երբեմն նրանց «բացահայտում» էին աշակերտները: Բայց հիմա այնպիսի ժամանակներ են, որ դժվար է թաքցնել տեղեկատվությունը. համացանց կա: Լինում է, որ մարդն ընկնում է որևէ ծերի մոտ, և գրեթե միշտ ծերը խնդրում է իր մասին չպատմել, սակայն հետո այդ մարդը պատմում է ազգականներին, հետագայում այլ մեկը դա հրապարակում է համացանցում, և ահա արդեն ուխտավորների հոսքն աճում է:

 

Աթոսի մարգարեությունները

 

Հայտնի են սբ. Կոզմաս Էտոլացու և ծեր Պաիսիոսի մարգարեությունները Կոստանդնուպոլսի ապագա ազատագրության մասին: Ի՞նչ նշանակություն է դրանց տալիս Աթոսը, որքանով են մարգարեությունները Սուրբ Լեռան կյանքին կապակցված:

 

-Այդ մարգարեություններին տրվում է ամենալուրջ նշանակությունն, անտարակույս, դրանք հեղինակավոր են վանականների համար, վանականներն իրենք հաճախ հիմնվում են դրանց վրա: Այլ հարց է, որ դա չեն դարձնում կյանքի գլխավոր բովանդակություն, չեն մատնվում խուճապի, չեն գտնվում նյարդային շփոթի կամ սպասման մեջ: Ամեն ինչ կախված է Աստծուց, ուստի մարգարեություններն ու գալիք փորձությունների մասին գիտելիքն Աթոսում ընկալում են, առաջին հերթին, որպես աղոթքը զորացնելու առիթ:

 

Աղբյուր. www.agionoros.ru

 

© www.orthodoxkyanq.org

 

 

«Աթոսը թիրախ է քրիստոնյաների հակառակորդների համար»

 

 

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com