Ճիշտ խոստովանությունը
ԾԵՐ ՊԱԻՍԻՈՍ ԱԹՈՍԱՑԻ
(1924-1994 թթ.)
-Գե՛րոնդա[1]…երբեմն երբ խիղճը մեզ կշտամբում է, ինչու՞ համապատախան ձևով չենք պայքարում, որպեսզի ուղղվենք:
-Դա հոգեկան ինչ-որ հյուծումից էլ կարող է պատահել: Երբ մարդը ինչ-որ փորձությունից խուճապի է մատնված, նա պայքարել է ուզում, սակայն տրամադրություն, հոգեկան ուժ չունի: Այդ ժամանակ Խոստովանությամբ պետք է ներքնապես կարգավորվի: Մարդը Խոստավանությամբ մխիթարվում է, զորանում և Աստուծո Շնորհով նորից քաջություն է գտնում պայքարելու համար: Եթե կարգի չգա, ապա նրան ուրիշ փորձություն էլ կայցելի, և այդ ժամանակ վշտահար մարդն է’լ ավելի կհյուծվի, չար մտքերը նրան կխեղդեն, մարդը կհուսահատվի և հետո բոլորովին չի կարողանա պայքարել:
-Իսկ եթե դա հաճախ է պատահու՞մ:
-Եթե հաճախ է պատահում, ապա մարդը հաճախ պետք է կարգավորվի (խոստովանի), սիրտը խոստովանահոր առջև բացի, որպեսզի ուժ ստանա: Եվ երբ կարգավորվի (խոստովանի), մեքենան[2] պետք է գործի դնի, որ այն սլանա, բարեխղճորեն ու լարված պետք է պայքարի, որ սատանային ոտքի տակ առնի:
-Գե՛րոնդա, երբ խոստովանության անհրաժեշտությունը չեմ զգում, ի՞նչն է պատճառը:
-Միգուցե ինքդ քեզ չե՞ս հետևում: Խոստովանությունը խորհուրդ է. գնա և պարզապես ասա մեղքերդ: Ի՞նչ ես կարծում` համառություն չունե՞ս, եսասիրություն չունե՞ս, քրոջդ[3] չե՞ս վիրավորում, չե՞ս դատում: Ըստ քեզ` ես ի՞նչ եմ գնում ու ասում. բարկացել եմ, դատել եմ… Իսկ խոստովանահայրը թողության աղոթքն է կարդում: Սակայն փոքր մեղքերը ևս ծանրություն ունեն: Երբ գնում էի հայր Տիխոնին[4] խոստովանելու, ոչ մի լուրջ բան չունեի ասելու, և նա ասում էր. «Ավա~զ է, զավակս, ավազ»: Փոքր մեղքերը հավաքվում են և ավազի շեղջ են դառնում, որը սակայն մեծ քարից առավել ծանր է: Մարդիկ կան, որ մեծ մեղք գործած լինելով, շարունակ մտածում են դրա մասին, ապաշխարում են ու խոնարհվում:
Դու փոքր մեղքեր շատ ունես: Սակայն եթե քննես այն հանգամանքները, որոնցում դու ես մեծացել, և այն պայմանները, որոնցում ուրիշներն են մեծացել, ապա կտեսնենս, որ դու մյուս մարդկանցից վատթար ես:
Խոստովանության ժամանակ նաև փորձիր կոնկրետ լինել: Օրինակ` բավարար չէ, երբ մարդն ասում է` նախանձում եմ, բարկանում եմ ևն, այլ իր կոնկրետ անկումները պիտի ասի, որպեսզի օգուտ քաղի: Իսկ ինչ-որ ծանր մեղքի, օր.` խարդախության պարագային պետք է նաև ասի, թե ինչպես մտածեց ու վարվեց. հակառակ դեպքում մարդը Քրիստոսին ծաղրում է:
Եթե մարդը խոստովանահոր առջև ճշմարտությունը չի խոստովանում, իր սխալը նրա առջև չի բացահայտում, որպեսզի խոստովանահայրը կարողանա իրեն օգնել, ապա վնասվում է, ինչպես այն հիվանդը, ով սեփական առողջությանը մեծ վնաս է հասցնում` իր խնդիրը բժշկից թաքցնելով: Մինչդեռ, երբ ճշգրիտ կերպով` այնպես, ինչպես որ կա, ինքն իրեն ներկայացնում է, այդ ժամանակ խոստովանահայրը մարդուն կարողանում է ավելի լավ ճանաչել ու ավելի լավ օգնել:
Հետո, երբ մարդն անիրավում կամ իր վերաբերմունքով մեկ ուրիշին վիրավորում է, նախ պետք է գնա ու այդ մարդուց խոնարհաբար ներողություն խնդրի, նրա հետ հաշտվի և ապա իր անկումը խոստովանահոր առջև խոստովանի` թողություն ստանալու համար: Աստուծո Շնորհը այդպես է գալիս: Եթե իր սխալի մասին խոստովանահորն ասի` վիրավորված մարդուց նախօրոք ներողություն չխնդրելով, ապա անհնարին է, որ մարդու հոգին խաղաղվի, որովհետև նա չի խոնարհվում: Բացառությամբ, եթե վիրավորված մարդը մահացած լինի, կամ էլ չկարողանա նրան գտնել` բնակության վայրը փոխած լինելու պատճառով, հասցեն էլ չունենա, որ նրանից գոնե գրավոր ներողություն խնդրի: Սակայն եթե մարդը տրամադրված է այդ բանն անելու, ապա Աստված նրան ներում է, որովհետև մարդու տրամադրված լինելն է տեսնում:
-Գե՛րոնդա, եթե ներողություն ենք խնդրում, բայց մարդը մեզ չի ներու՞մ…
-Այդ ժամանակ աղոթենք, որ Աստված նրա սիրտը փափկացնի: Սակայն հնարավոր է Աստված չօգնի, որ մարդու սիրտը փափկի, քանի որ, եթե նա մեզ ների, կարող է մենք նույն սխալի մեջ ընկնենք:
-Գե՛րոնդա, եթե մարդը մի լուրջ սխալ է գործում, հնարավո՞ր է, որ չկարողանա անմիջապես խոստովանել:
-Ինչու՞ հետաձգի: Որ թթվի՞: Փչացած բանը որքան պահում ես, այնքան շատ է փչանում: Ինչու՞ թողնի մեկ-երկու ամիս անցնի, որ նոր գնա հոգևոր հոր առջև խոստավանի: Հնարավորինս շուտ պիտի գնա: Երբ մարդը բաց վերք է ունենում, մի՞թե թողնում է, որ մեկ ամիս անցնի, որ նոր այն բուժի: Ոչ էլ պիտի սպասի, որ խոստովանահայրը շատ ժամանակ ունենա, որպեսզի ավելի հանգիստ լինի. այդ մեկ սխալն անմիջապես, արագ-արագ թող ասի, իսկ հետո, երբ խոստովանահայրը ժամանակ ունենա, ավելի երկար ժամանակով թող գնա ` քննարկելու ևն:
Երկար ժամանակի կարիքը չկա, որ անձիս պատկերը տամ: Երբ խիղճը ճիշտ է աշխատում, մարդը երկու բառով էլ իր վիճակի պատկերը տալիս է: Սակայն երբ ներսում խառնաշփոթ է, շատ բան կարող է ասել` առանց պատկերը տալու: Ահավասիկ, տեսնում եմ, որ ոմանք ամբողջական տետրեր են ինձ գրում`20-30-էջանի զեկուցագրեր` փոքր տառերով, մի քանի էջ էլ` «հետ գրության»… Այդ ամբողջը մեկ էջում կարող էին տեղավորել:
Ճիշտ խոստովանությունը
Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος Γ΄, Πνευματικός αγώνας, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2007.
Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի
©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:
[1]«Գերոնդաս» (կոչականը`«գերոնդա») հունարեն նշանակում է «ծեր», «ծերունի»: Իսկզբանե «ծեր» են անվանվել վանահայրերը (այս իմաստով եզրը նույնիմաստ է «աբբային»), սակայն հետագայում և առ այսօր «ծեր» (ռուս. старец) են կոչվում հոգևոր կյանքի բարձունքներին հասած հայրերը ովքեր, Աստուծո շնորհն ունենալով, մարդկանց հոգիները դեպի փրկություն կարող են առաջնորդել (թրգմ.):
[2] Այսինքն`հոգևոր և մարմնական ամբողջ ներուժը (թրգմ.):
[3] Զրույցը միանձնուհու հետ է տեղի ունեցել (թրգմ.):
[4]Աթոսյան հայտնի ծերերից մեկը, ով հ. Պաիսիոսի խոստովանահայրն է եղել: