Ծեր Պաիսիոս Աթոսացի Խրատներ 3
(1924-1994 թթ.)
Խրատներ
Երբ մարմնի աչքերը փակվեն, ու հոգու աչքերը բացվեն, այնժամ պիտի տեսնենք բաներ, որ մեզ զարմացնելու են: Մյուս կյանքում զարմանալի շա՜տ բաներ ենք տեսնելու:
…
Ժամանակ կա, երբ քո աշխատանքն Աստծուն պիտի մատուցես, բայց ժամանակ էլ կա, երբ պիտի հասկանաս քո հոգևոր աշխատանքը` թե ի՛նչ ես կարդում, ի՛նչ ես անում:
…
Աղքատ մարդիկ, ովքեր զրկանքի մեջ են և ուտելու բան չունեն, եթե չտրտնջան, ապա Աթոսի կամ խցակյաց ճգնավորներին հավասար նույն վարձքը կունենան, որովհետև վերջիններսիրենց կամքով են ճգնում, և դա նրանց հոգևոր աշխատանքը շատ է թեթևացնում: Ենթադրենք, եթե ես ինչ-որ բան եմ անում, ապա իմ կամքով եմ անում, իսկ դա օգնում է, որ դժվարությունն այնքան էլ չզգամ: Մինչդեռ այդ դժբախտներն ակամա են քաղցում ու դրա համար էլ շատ են տառապում: Այդ իսկ պատճառով Աստված նրանց կարող է ճգնավորներից է՛լ ավելի մեծ վարձք տալ:
…
Ուրիշների ամենամեծ փորձությունը մեզ համար լավագույն դեղն է: Ինչ խնդիր էլ որ ունենամ, երբ մտածում եմ, թե այդ մարդիկ ինչպես են տառապում, փառք եմ տալիս Աստծուն: Ես էլ կարող էի անդամալույծ լինել ու բոլորովին չկարողանայի շարժվել: Այդ ժամանակ ի՞նչ պիտի անեի: Փա՜ռք Աստուծո, հիմա թագավորի պես եմ:
…
Մեր վանական կյանքն առ Աստված շարունակական փառաբանություն պիտի լինի:
…
Երբ Աստված կանխասում է, մարդն էլ պետք է ուշադիր լինի. եթե մարդն անհոգ գտնվի ու փոխվի, Աստված էլ է փոխվում: Աստուծո կանխասացության ելքը նաև մարդուց է կախված:
…
Ցավդ ապրիր այնպես, կարծես թե այն գոյություն չունի:
…
Այսօր շատերն են գալիս վանական դառնալու, սակայն թթխմոր չկա: Ավանդությունից ենք հեռացել: Չենք փորձում սրբերին նմանվել: Ինքներս մեզ պետք է սրբերի հետ համեմատենք: Մենք չպիտի նայենք նրանց, ովքեր փոքր կամ մեծ կրքեր ունեն, և մեր անձերը չպիտի նրանց հետ համեմատենք:
…
Որքան ավելի ես հոգնում, այնքան ավելի շատ ես ուրախություն ու շնորհ ստանում Աստծուց:
…
Երբ Աստված իր սերը տալիս է մարդուն, նա չի դիմանում, վայր է ընկնում: Այնժամ ուրիշ ոչինչ չի ուզում, ցանկանում է ամեն ինչ թողնել ու մի քարանձավի մեջ փակվել:
…
Պետք է իմանալ, որ դիվական ներգործության հարձակումը ինչ-որ իմաստով Աստուծո նվերն է մեղանչողին, որպեսզի նա ապաշխարի, խոնարհվի ու փրկվի: Սակայն երբ մարդը կատարյալ կարծրություն և անզեղջություն ունի, ապա այդ ժամանակ սատանայի կողմից հարձակման չի ենթարկվում, որովհետև Աստված տեսնում է նրա կատարյալ կարծրությունը:
…
Առաջ երբ ասում էի Հիսուսի աղոթքը[1], քուն էի մտնում, և աղոթքը շարունակվում էր: Արթնանում էի, և աղոթքը կանգ չէր առնում: Իսկ հիմա մարդկանց խնդիրներով եմ ապրում:
…
Մի ուսանող Հնդկաստան էր գնացել ու երեքուկես տարի ապրել էր այնտեղ` տարբեր կրոններով ու մոգությամբ զբաղվելով: Նա ուզեցել էր գտնել, թե կրոններից որի մեջ է ճշմարտությունը: Ի վերջո մեծահամբավ մի կախարդի էր այցելել և ապշելով` նրանից լսել էր հետևյալը.
-Ինչու՞ ես այստեղ եկել: Այն, ինչ փնտրում ես, Ուղղափառության մեջ կգնես. այնտեղ է լույսը: Սուրբ Լեռ (Աթոս) գնա և «Ֆիլոկալիա»[2] ընթերցիր: Փնտրածդ այնտեղ կգտնես:
Ուսանողը շլացել էր` չսպասելով, որ այդ ամենը կախարդից կլսի: Հունաստան վերադառնալով` նա Սբ. Լեռ եկավ ու ամեն բան պատմեց ինձ:
…
Մարդու հոգևոր վիճակին համապատասխան` փորձությունը մտքեր է բերում նրան:
…
Որպեսզի մեր գործարանը (այսինքն` միտքը) չար մտքեր արտադրելուց դադարի, խորամանկություն չպիտի ունենա: Այդ ժամանակ է, որ մարդը հոգևոր առողջություն ունի:
…
Անհրաժեշտություն է, որ մարդն իր մեջ Քրիստոսին ընդունի: Հակառակ դեպքում նա դատարկ է:
…
Ամենահեշտ ու ամենակարճ ճանապարհը հնազանդությունն է: Հնազարդության մեջ առաջնորդողը Շնորհն է:
…
Կատարելությունը մյուս կյանքում էլ է շարունակվում:
…
Շատ դեպքերում փորձություններ կան, որ Աստուծո կողմից են, սակայն սատանան էլ է միջամտում և իրավիճակն ավելի գորշ է դարձնում: Դժվարը դա է:
…
Դևեր կան, որ մարդուն չեն թողնում, որ խոսի, և կան այնպիսիք, որ չեն թողնում, որ մարդը խոստովանահոր խորհուրդները լսի:
…
Երբ մարդը հոգևոր առաջընթաց է ապրում, իր մեջ ուրախություն, խաղաղություն ու գոհունակություն ունի:
…
Որպեսզի կարողանանք ճիշտ օգնել մարդկանց` հոգևոր դառնալու, չպետք է նրանց անիրավենք: Մարդկանց անիրավում ենք, երբ ուզում ենք նրանց մեզ նման դարձնել, երբ նրանց տալիս ենք այն կերակուրը, որը մենք ենք ուտում, հաշվի չենք առնում նրանց տրամադրությունը, նրանց ծարավը, նրանց քաղցը:
…
Եթե մեր կյանքի մեջ հետևողականություն լինի, ապա արևի ետևն էլ թաքնվենք` մարդիկ մեզ կգտնեն:
…
Քրիստոսը խղճալու է աշխարհին` այն վիճակում, ինչին որ այն հասնելու է[3], և մի նշան է հայտնելու: Այդ նշանը Երկրորդ Գալուստը չէ: Դրանից հետո անհավատ մարդ չի լինելու. բոլորը Քրիստոսին են հավատալու, սակայն այդ հավատն արժեք չի ունենալու:
…
Աշխարհը խենթանալու է. ժամանակ է գալու, երբ մարդիկ ոչ թե դռներից, այլ պատուհաններից են տուն մտնելու (այլաբանորեն` անտեղի բաներ են անելու): Իսկ նրանց, ովքեր դռներից են մտնելու, ասելու են.
-Ահա՛ խենթերը:
…
Երբ աշխատեք, ձեռքերը գործի մեջ թող լինեն, իսկ միտքը` առ Աստված: Ժամը մեկ դադար առեք, մի քիչ աղոթեք, իսկ հետո կրկին աշխատանքով զբաղվեք: Բացված գիրք ունեցեք խցում. ներս մտեք, մի քիչ ընթերցեք, որպեսզի միտքը հավաքվի, և նորից աշխատեք: Ապա մի քիչ տերողորմյայով[4] աղոթք արեք ու կրկին` աշխատանք: Մենք` վանականներս, աշխարհականների պես չէ, որ պիտի աշխատենք:
…
Մի քահանա դժգոհելով ինձ ասաց, որ փոքր ծուխ ունի`ընդամենը հարյուր հոգի: Նրան պատասխանեցի.
-Մեկ մոնթի երկու ծերեր չեն հերիքում. մեկի կարիքն առավոտյան ունի, մյուսինը` երեկոյան: Իսկ դու ասում ես` հարյուր հոգին քի՞չ է:
…
Երբ մարդն իր սխալն ընդունում է, դա կես առաջընթաց է: Մեծ բարիք է, երբ մարդը ճանաչում է իր տկարությունը և ջանում է ուղղվել: Այսպիսին ավելի լավն է նրանից, ով շատ է պայքարում, սակայն իր տկարությունները չի խոստովանում:
…
Եթե շարունակ մտային աղոթքն[5] ասեինք, ու մեր միտքն աղոթքի մեջ լիներ, ապա մարմնական խորհուրդները չէին կարողանա մեզ վնասել:
…
Չպիտի ասենք, թե ուզում ենք սիրել Քրիստոսին, այլ պետք է ասենք, որ ուզում ենք Նրան չվշտացնել: Աղոթքի մեջ Քրիստոսին սիրելու խնդրանքը հանդգնության պես մի բան է:
Ծեր Պաիսիոսին պատմում են անտեղի մի բանի մասին, որ մեկ ուրիշն էր ասել: Ծերն առանց դատելու պատասխանում է.
-Ո՞վ գիտե, թե ինչ մտքով է դա ասել:
Մեկ ուրիշ անգամ, երբ նրան պատմում են մի վանականի հետ կապված որոշ դեպքի մասին, ծերը, իմանալով հանդերձ պատահարի պատճառը, միայն ասում է.
-Ո՞վ գիտե Աստուծո դատաստանները:
…
Ծեր Պաիսիոսը կատակելով ասել է.
-Մեր ծռությունները մի կողմ դրած` մնացած ամեն ինչ նորմալ է:
Աղբյուր: Από την ασκητική και ησυχαστική αγιορείτικη παράδοση, Άγιον Όρος 2011.
Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի
[1] Այսինքն` Տե՛ր Հիսուս Քրիստոս ողորմյա ինձ (թրգմ.):
[2] «Ֆիլոկալիա»` հունարենից թարգմանաբար նշանակում է «բարեսիրություն», «սեր բարու կամ գեղեցիկի նկատմամբ» (ռուս.` Добротолю́бие): Այսպես է կոչվում սբ. Հայրերի երկերի ծաղկաքաղ ժողովածուն` նվիրված աղոթքի և ճգնակեցության հարցերին (թրգմ.):
[3]Նկատի ունի աշխարհի ծայրաստիճան մեղավոր վիճակը (թրգմ.):
[4]Տերողորմյա` սովորաբար բրդյա թելից գործված հատուկ համրիչ` որով Հիսուսի աղոթքն են ասում և երկրպագություններ անում ուղղափառ վանականները (թրգմ.):
[5]Նույն Հիսուսի աղոթքը` երբ ասվում է ոչ թե շուրթերով, այլ մտքում` սևեռված ուշադրությամբ (թրգմ.):
Ծեր Պաիսիոս Աթոսացի