/ Խրատանի Սրբոց / Մեծ Պահք. երթ դեպի Գողգոթա

Մեծ Պահք. երթ դեպի Գողգոթա

Մեծ Պահք. երթ դեպի Գողգոթա

Սբ. Պաիսիոս Աթոսացի

 

Բարի՜ քառասնօրյա Պահք և բարի՜ Եռօրյա[1]: Մաղթում եմ, որ այս Պահքին շատ գործեր չունենաք և հոգեպես մասնակցեք Տիրոջ չարչարանքին` առավել հոգևոր աշխատանք տանելով: Տիոդիոնը[2] սկսելուց ի վեր մարդը պետք է դեպի Գողգոթա ընթանա: Եվ եթե մեկը հոգևոր առումով արժևորի այս ժամանակաշրջանը, երբ մեռնի, հոգին դեպի վեր կընթանա` առանց խոչընդոտ հանդիպելու մաքսատներից[3] և «անցումներից»: Այս սուրբ օրերն ամեն տարի գալիս են, բայց և ամեն տարի մեզանից ևս մեկ տարի է հեռանում: Եվ հենց դա է հարցը. տարին արժևորեցի՞նք հոգևոր առումով, թե՞ ծախսեցինք նյութական բաների վրա:

Մեր ժամանակների մյուս բոլոր աշխարհիկ փոփոխությունների հետ միասին Եռօրյան էլ է իր իմաստը կորցրել, որովհետև աշխարհիկներն ամեն շաբաթ աշխարհիկ կյանքով եռօրյա են անում` ուրբաթ, շաբաթ և կիրակի:

Բարեբախտաբար, Եռօրյայի իսկական հոգևոր իմաստը պահպանվում է վանքերում և աշխարհում ապրող քիչ քրիստոնեական ընտանիքներում, և այդպես աշխարհը կանգուն է մնում: Ամեն տարի այս Եռօրյային` Մեծ Պահքի սկզբին, կատարվող շատ աղոթքն ու պահեցողությունն է, որ արգելակում են աշխարհին բազում հոգևոր սայթաքումներից, որ սովորաբար լինում են աշխարհիկ եռօրյաներին:

 

-Գե՛րոնդա, ո՞րն է Եռօրյայի իմաստը:

-Մեծ Պահքի Եռօրյայի իմաստն ավելի շատ պահքին ժուժկալությանը վարժվելու մեջ է: Իսկ հետո, երբ մարդն ամեն օր Իններորդ[4] անի, ապա դա տոնախմբություն կհամարի: Միաբանական վանքում Եռօրյայից հետո ջրալի ճաշ[5] ենք ուտում երեկոյան ժամը 4-ին, և դա մեծ օրհնություն ենք համարում: Եռօրյայից հետո ի՜նչ օրհնություն է ամեն օր ուտելը:

Եռօրյան սկզբից օգնում է, որ ողջ Մեծ Պահքը պահես: Սակայն, եթե մեկը Եռօրյան չի կարող պահել, թող մի քիչ պաքսիմատ ուտի ուշ երեկոյան և կամ թող Իններորդ պահի: Այս դեպքում ավելի լավ է, որ մեկն էկոնոմիա[6] անի, որովհետև, եթե գլխապտույտ ունենա և հոգևորներից ոչինչ չկարողանա անել, դրանից ի՞նչ հոգևոր օգուտ: Մի Մաքուր[7] երեքշաբթի սբ. Վառլաամի ու Հովսափատի խցի[8] ծեր Վառլաամը մի խուց է այցելում, որտեղ նոր էին հաստատվել իր երկու ծանոթ երիտասարդ վանականները: Թակում է դուռը: Ոչ մի արձագանք: Բացում և երկուսին էլ պառկած է գտնում.

-Ի՞նչ է կատարվում,-ասում է,- հիվա՞նդ եք:

-Եռօրյա ենք անում,-պատասխանում են:

-Դե՛հ, վե՛ր կացեք,- ասում է նրանց ծերը,- թեյ պատրաստեք, երկու գդալ շաքար գցեք, որևէ պաքսիմատ էլ կերեք, որպեսզի որևէ աղոթք անեք, որևէ համրիչ քաշեք: Էսպիսի Եռօրյա՞ է լինում: Սրանից ի՞նչ օգուտ եք քաղում:

 

-Գե՛րոնդա, ինչպե՞ս կարող եմ Մեծ Պահքին պայքարել ավելի շատ ժուժկալության համար:

-Աշխարհիկները հիմա` Մեծ Պահքին, ինչ-որ կերպ ուշադրություն են դարձնում ժուժկալությանը, մինչդեռ մենք` վանականներս, միշտ պետք է ուշադիր լինենք: Սակայն գլխավորը, որ մարդը պետք է ուշադրություն դարձնի, հոգեկան կրքերն են և հետո՝ մարմնականները: Որովհետև, եթե նախընտրություն տա մարմնական ճգնությանը և պայքար չտանի, որ հոգեկան կրքերն էլ արմատախիլ լինեն, ուրեմն ոչինչ չի անում: Մի անգամ աշխարհական մեկը Մեծ Պահքի սկզբին մի վանք է գնում: Մի վանական անսպասելի կերպով նրա հետ կոպիտ է  վերաբերվում: Խեղճը, սակայն, բարեմիտ է լինում և վանականին արդարացնում է: Հետո եկավ ու ինձ ասաց. «Հա՛յր, նրան հասկանում եմ. տեսնում ես` Եռօրյայից էր…»: Եթե վանականի պահած Եռօրյան հոգևոր լիներ, հոգևոր քաղցրություն կունենար և աշխարհականի հետ մի քիչ բարությամբ կխոսեր: Սակայն նա եսասիրաբար ինքն իրեն պարտադրել էր, որ Եռօրյա պահի, դրա համար էլ ամեն ինչ իր շուրջը թերի էր թվում:

 

-Գե՛րոնդա, Մեծ Պահքին ինչի՞ մասին մտածեմ:

-Մտածի՛ր Քրիստոսի չարչարանքների, զոհաբերության մասին: Թեև մենք` վանականներս, շարունակ պետք է ապրենք Քրիստոսի չարչարանքները, որովհետև դրա համար ամեն օր մեզ օգնում են տարբեր շարականները, բոլոր ժամերգությունները:

Մեծ Պահքին մեզ հնարավորություն է տրվում, որ պայքարենք ու ավելի զորավոր կերպով մասնակցենք մեր Տիրոջ փրկչական չարչարանքներին` ապաշխարությամբ և երկրպագություններով, կրքերի հեռացմամբ և կերակուրների քչացմամբ: Այս ամենը պետք է անենք Քրիստոսի հանդեպ սիրուց բռնկված:

Արժևորենք, որքան կարող ենք, հոգևոր այս մարզադաշտը մեզ տրվող բազում նախապայմաններով ու հնարավորություններով, որպեսզի էլ ավելի մոտենանք Խաչյալ Քրիստոսին, որ Նրանից օգուտ քաղենք և ուրախանանք Սուրբ Հարությանը հոգևոր առումով այլակերպված, քանի որ ավելի հոգևոր կերպով անցկացրած կլինենք Մեծ Պահքը:

Մաղթում եմ ուժ, կարողություն Մեծ Պահքի համար, որ բարձրանաք Գողգոթա` Քրիստոսի մոտ, Աստվածամոր և ձեր պահապան սբ. Հովհաննես Աստվածաբանի հետ, և մասնակցեք մեր Տիրոջ սարսափելի չարչարանքներին. ամեն:

 

Թարգանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի:

Աղբյուր. Γέροντος Παϊσίου Αγιορείτου Λόγοι, τόμος ΣΤ΄, Περί Προσευχής, εκδ. Ιερόν Ησυχαστήριον «Ευαγγελιστής Ιωάννης ο     Θεολόγος» Σουρωτή Θεσσαλονίκης 2012.

©Հայերեն թարգմանությունը կատարվել է Ծեր Պաիսիոսի հոգևոր ժառանգության իրավատեր սբ. Հովհաննես Աստվածաբան վանքի հատուկ օրհնությամբ ու թույլտվությամբ` բացառապես www.orthodoxkyanq.org կայքում հրապարակելու նպատակով: Սույն թարգմանության որևէ վերարտադրություն` բացի www.orthodoxkyanq.org կայքին հղում տալուց, խստիվ արգելվում է:

 

 

 

[1] Եռօրյա (հուն. Τριήμερο). երեք օր հրաժարում ջրից ու կերակուրից: Սովորաբար այդպես են պահքը սկսում Մեծ Պահքի առաջին օրերին:

[2] Տրիոդիո (հուն. Τριώδιο). եկեղեցական շրջանը, որ սկսվում է Մաքսավորի ու Փարիսեցու կիրակիից և վերջանում Ավագ Շաբաթ օրը:

[3] Տե՛ս Γρηγορίου μοναχού, μαθητή αγ. Βασιλείου του Νέου, Ο τελωνισμός των ψυχών κατά την ώρα του θανάτου։ Τα είκοσι τρία βασικά τελώνια, Ι. Ησυχαστήριον αγ. Αθανασίου του Μεγάλου και αγ. Νεομαρτύρων Ακυλίνης, Κυράννης και Αργυρής, Γαλήνη Όσσης Λαγκαδά.

[4] Իններորդ անել՝ պահոց կերակուր ուտել բյուզանդական իններորդ ժամից հետո, այսինքն` կեսօրվա 3-ից հետո:

[5] Առանց ձիթայուղի:

[6] Հուն. οικονομία։ Հիմք ունենալով գթասրտությունը` Եկեղեցու կողմից մարդասիրության գործադրումը` հավատացյալի հոգևոր կյանքի ծառայության համար: Էկոմոնիան չի վերաբերում հավատքի-դավանանքի հարցերին, այլ միայն հովվական հարցերին:

[7] Այդպես են կոչվում Մեծ Պահքի առաջին շաբաթվա օրերը:

[8] Խոսքն Աթոս լեռան խցերից մեկի մասին է:

 

 

 

 

Մեծ Պահք. երթ դեպի Գողգոթա

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com