Զրույցներ Տերունական աղոթքի մասին (4)
ԲՈՐԻՍ ԱՐՔԻՄԱՆԴՐԻՏ ԽՈԼՉԵՎ
(1895-1971 թթ.)
(Շարունակություն)
ԽՆԴՐՎԱԾՔ ԵՐՐՈՐԴ
Այժմ երրորդ խնդրվածքի վրա կանգ կառնենք. «Եղիցին կամք քո որպէս յերկինս` եւ յերկրի»:
Մենք դիմում ենք երկնավոր Հորը, խնդրելով, որ երկրի վրա նրա կամքը կատարվի այնպես, ինչպես որ երկնքում է կատարվում: «Երկինք» ասելով այստեղ ոչ թե ֆիզիկական երկինքը, այլ հոգևոր աշխարհը, հրեշտակային Զորությունները նկատի ունի:
Աստվածաշնչում «երկինք» բառը որոշ տեղերում նշանակում է ֆիզիկական երկինքը` օդային այն տարածությունը, որը մեր Երկիրն է շրջապատում: Այլ տեղերում «հոգևոր աշխարհ», «հրեշտակային Զորություններ» է նշանակում այնպես, ինչպես որ «երկիրը» որոշ տեղերում բառիս բուն իմաստով «երկիր» է նշանակում, իսկ որոշ տեղերում նշանակում է «մարդկություն», այսինքն` մարդկային ցեղը, որ Երկիրն է բնակեցնում:
«Եղիցին կամք քո որպէս յերկինս` եւ յերկրի» բառերը կարելի է այսպես փոխադրել. թող մարկային ցեղը, մարդիկ քո կամքը կատարեն այնպես, ինչպես որ հրեշտակային Զորություններն են այն կատարում:
Իսկ ինչպե՞ս են հերշտակային Զորությունները երկնավոր Հոր կամքը կատարում:
Հրեշտակների կամքը և երկնավոր Հոր կամքը մի են:
Հրեշտակների կամքը նրա կամքից ոչնչով չի տարբերվում:
Հրեշտակային Զորությունների կամքի և երկնավոր Հոր կամքի միջև կատարյալ ներդաշնակություն է տիրում:
Հիշու՞մ եք, թե Հիսուս Քրիստոսն իր չարչարանքների նախօրեին ինչպես էր աղոթում: Նա ոչ միայն առաքյալների, այլև առաքյալների խոսքով իրեն հավատացողների համար էր աղոթում:
Տեր Հիսուս Քրիստոսն այս բառերն ասաց. «Որպեսզի բոլորը մի լինեն, ինչպես որ դու, Հայր, իմ մեջ ես, և ես` քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն» (Հովհ. ԺԷ, 21):
Սատանայի ազդեցությամբ մարդիկ Աստծուց հեռացած են: Նրանց կամքը ոչ թե դեպի Աստված, այլ ինչ-որ ուրիշ բանի է ուղղված: Դրա համար էլ երկրի վրա մարդկանց կամքի և Աստուծո կամքի միջև միություն չկա, այլ նույնիսկ հակադրություն գոյություն ունի:
Մարդկային կամքի և Աստուծո կամքի միջև գոյություն ունեցող այս տարբերությունը հենց ամենասարսափելի չարիքն է: Ուրիշ ոչ մի չարիք, ուրիշ ոչ մի արհավիրք այնքան չար, ահավոր, վտանգավոր չէ, որքան այն, որ մարդիկ իրենց կամքն Աստուծո կամքից հեռացրել են:
Ի՞նչը դարձավ մարդկանց ձգտման առարկան:
Սատանայի ազդեցությամբ մարդկային կամքն սկսեց ձգտել իր եսասիրությանը հագուրդ տալուն, իր «Ես»-ին ծառայելուն: «Ես»-ը կենտրոնական տեղ է զբաղեցնում, նա պատվանդան է բարձրացվել:
Մեզանից յուրաքնչյուրի հոգու մեջ ամենասարսափելի բանն Աստծուց բաժանված լինելն է: Մարդը եսասիրությամբ իր «Ես»-ն Աստուծո տեղն է դրել: Հենց դա է այն հանգամանքը, որին մնացյալ չարիքները հետևեցին:
Շատերն են Աստվածաշունչը կարդում ու երևի ուշադրություն են դարձրել, որ սբ. Ավետարանում Աստուծո կամքի մասին բազմիցս է հիշատակվում:
Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. «Երկնքի արքայություն չի մտնի ամեն մեկը, ով ինձ «Տեր, Տեր» է ասում, այլ նա, ով կատարում է կամքն իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ. Է, 21):
Տեր Հիսուս Քրիստոսն ասում է, որ երկնքի արքայությունը կժառանգի միմիայն նա, ով երկնավոր Հոր կամքն է կատարում:
Քրիստոսն ասում է, որ ինքը ոչ թե իր, այլ երկնավոր Հոր կամքը կատարելու համար աշխարհ եկավ:
Եթե մարդը փրկվել է ուզում, ապա նա պետք է ձգտի, որ իր կամքն Աստուծո կամքի հետ մեկ լինի: Մեզանից յուրաքանչյուրն իր սրտի խորքում երկնավոր Հորը անկեղծորեն պիտի դիմի. «Ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի»: Այս խոսքերն արտասանելը հեշտ է, բայց եթե խորհենք, պատկերացնենք մի մարդու, ով դրանք ոչ միայն անկեղծորեն արտասանում է, այլև անկեղծորեն ինքորոշում անում, ապա «Ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի» բառերի մեծության վրա կզարմանանք:
Եթե մեր սրտին և հոգուն անդրադառնանք, ապա կտեսնենք, որ մեր մեջ Աստուծո կամքին հակառակ մի կամք է բնակվում, որ մեր սիրտն ու հոգին կարծես արտասանում են. «Ոչ թե քո, այլ իմ կամքը թող լինի»:
Երբ մենք ինչ-որ մեղքի ենք կամովին տրվում, ապա մեր և սատանայի կամքը որպես Աստուծո կամք ենք պատկերացնում: Մինչդեռ առաքյալներից սկսած ընդհուպ մեր ժամանակները, ճգնավորների փափագելի ձգտումը սեփական կամքն այլափոխելն էր: Նրանք ձգտում էին իրենց երկրային կամքի ուղին այնպես դասավորել, որ իրենց կամքն այլակերպվեր և երկնային Հոր կամքի հետ մեկ լիներ:
>Աստվածաշնչում հրաշալի մի համար կա. Պողոս առաքյալի` թեսաղոնիկեցիներին ուղղված առաջին թղթում այսպիսի բառեր կան. «Քանզի Աստուծո կամքն այս է` ձեր սրբությունը» (Ա Թես. Դ, 3):
Աստված սուրբ է, և նա ուզում է, որ իր երեխաներն էլ իր նման սուրբ լինեն:
Հին Կտակարանում ասված է. «Սուրբ եղեք, քանզի սուրբ եմ Ես` ձեր Տեր Աստվածը» (Ղևտ. ԺԱ, 44):
Ով որ Աստուծո հետ միավորված է, հավիտյան ապրում է, իսկ ով Աստծուց հեռացած է, նա մեռնում է թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական մահվամբ:
Մեզ տրված երկրային կյանքի նպատակն այն է, որ մեր կամքը երկնավոր Հոր կամքի հետ միավորենք, որ մեր սրտում և հոգում երկնավոր Հոր կամքին նման ձգտումները բնակվեն:
Մարդու համար սա մի մեծ ու դժվարին խնդիր է, որ քրիստոնյայի ողջ կյանքի ջանքն ու պայքարն է պահանջում:
Հարկավոր է սբ. Հայրերի գրվածքներին անդրադառնալ` իմանալու համար, թե նրանք ինչպես են սովորել Աստուծո կամքը կատարել, ինչպես են ճգնել, ինչ են ուսուցանում: Նրանք սեփական կամքը հատել են սովորեցնում: Ի՞նչ է նշանակում սեփական կամքը հատելը: Երբ մարդն իր մեջ` իր մտքերում, զգացմունքներում, ցանկություններում Աստուծո կամքին հակասող ինչ-որ բան է նկատում, ապա նա պետք է դա հատի կամ կանխի:
Ոմանք մանրուքների վրա ուշադրություն չեն դարձնում, կարծում են, թե փրկության ուղին խոշոր գործերից է բաղկացած: Մենք պետք է նաև մանրուքների մեջ Աստծուն հավատարիմ լինենք:
Սբ. Հայրերն ասում են. «Եթե ուզում եք ձեր կրքերը հատել, ապա մանրուքներից սկսեցեք, ամենաչնչին, ամենափոքրիկ բաներում սկսեցեք ձեր կամքը հատել: Ուզում եք ինչ-որ բան նայել` մի՛ նայեք: Ուզում եք ինչ-որ բան ասել, ինչ-որ բանի մասին մտածել կամ մի պիղծ բանի մասին երազել` մի՛ արեք դա»:
Սա սեփական կամքն այլակերպելու առաջին գործնական ցուցումն է:
Այս առումով «Վարք սրբոց»-ում խրատիչ մի օրինակ կա: Կանոնադրությամբ և վանականների կյանքով խստակրոն մի վանք ոմն երիտասարդ վանական է ընդունվում: Նա իր վարքով հոգևոր կյանքում ավելի փորձառու վանականների ուշադրությունն է իր վրա հրավիրում: Վերջիններս նկատում են, որ երիտասարդ վանականը երբեք չի բարկանում. երբ իրեն վիրավորում են, ինչ-որ տհաճ բան են պատճառում, նա անվրդով է մնում: Նույնիսկ պատահում էր, որ ծեր վանականներն էին բարկանում, ինչ-որ բանից դժգոհում, իսկ երիտասարդը հանգիստ էր: Շատերը մտահոգվում են նրանով, թե վանականն այդքան երիտասարդ լինելով, այդ կատարելությանն ինչպե՞ս է հասել: Հոգևոր կյանքում փորձառու մի մեծ ճգնավոր մի անգամ վանականին ասում է.
– Եղբա՛յր, հայտնի՛ր ինձ քո հոգու գաղտնիքը. ինչպե՞ս ես հասել այն բանին, որ երբեք չես բարկանում:
Այնժամ երիտասարդ ճգնավորը մյուս վանականներին է ձեռքով ցույց տալիս ու ասում.
– Մի՞թե ես պետք է բարկանամ այս շների վրա:
Այս խոսքերը լսելով` ծերը խաչակնքում է ու հեռանում:
Այդ ներքին սարսափելի վիճակը սատանայական էր: Մեծամտությամբ, հպարտությամբ, մյուս մարդկանց արհամարհելով երիտասարդ վանականը սատանային էր նմանվում:
Այսպիսով, քրիստոնյան պետք է հոգ տանի, որ ոչ միայն իր արտաքին վարքը, տեսքը, արտաքին արարքները, այլև իր ներքին վիճակը սրբությանը մոտ լինեն:
Սա գործնական երկրորդ ցուցումն է:
Մեզանից յուրաքանչյուրն ունի խոստովանահայր, ում մենք խոստովանում ենք, ում մեր հոգին ենք բացում: Մեր կյանքի ուղին պետք է խոստովանահոր խորհրդի միջոցով ստուգենք:
Մեզանից շատերն են խոստովանության Խորհուրդին դիմում. մի անգամ մի խոստովանահոր են խոստովանում, ուրիշ անգամ` մեկ ուրիշի, այլ անգամ` մի երրորդի: Պետք է աշխատել սակայն, որ մեզանից յուրաքանչյուրը մեկ խոստովանահայր ունենա, հոգին մեկ խոստովանահոր առջև է հարկավոր բացել:
Այսպիսով, մեր կամքի այլակերպության գործում երրորդ գործնական ցուցումն այն է, որ մենք աշխատենք ստուգել, թե արդյոք ճիշտ ճանապարհո՞վ ենք ընթանում. ինքներս մեզ հոգևոր առումով ավելի փորձառու մարդկանց, ամենից առաջ մեր խոստովանահոր խորհուրդներով աշխատենք ստուգել: Սբ. Հայրերի անցած ուղուն հետևելով` դեռևս երկրի վրա կհասնենք այն երանության երախայրիքին, որը երկնավոր Հոր կամքը կատարող Աստուծո հրեշտակներն են վայելում: Ամեն:
(Շարունակելի)
Աղբյուր. Բորիս արքիմանդրիտ Խոլչև, Զրույցներ Տերունական աղոթքի մասին: Թարգմանությունը` Գ. Ղազարյանի, Եր., «Տիգրան Մեծ», 2012:
Զրույցներ Տերունական աղոթքի մասին (4)
© www.orthodoxkyanq.org