/ Աստվածաշնչի մեկնություն / Աստծո դատաստանը

Աստծո դատաստանը

 

krisiM

Հնարավոր է, որ ինչ-որ մեկի մեջ տարակույս առաջանա, և նա հարցնի.

-Այո՛, ովքեր որ հավատում են Քրիստոսին և անսում են Ավետարանի օրենքներին, փրկվում են, այսինքն` հավիտենական տանջանքից խուսափում են, Աստծո զավակներ ու Երկնային արքայության ժառանգներ են դառնում: Բայց մնացյալ բոլորը, ովքեր  ապրում են երկրագնդի տարբեր ազգերի մեջ և Քրիստոսին ու Նրա օրենքներին բացարձակապես անտեղյակ են, ի՞նչ պիտի լինեն: Ինչպե՞ս պիտի Աստծուց դատվեն. բոլորը պիտի դատապարտվեն և ուղարկվեն հավիտենական հուրը, «որ պատրաստված է սատանային ու նրա հրեշտակների՞ն»:

Սրան պատասխանելով ասում ենք, որ քրիստոնյան պիտի վստահություն ու կատարյալ համոզվածություն ունենա առ հետևյալը.  քանի որ Աստված դատում է անաչառությամբ,  ծայրագույն ու կատարյալ արդարադատությամբ, ապա այդ բոլոր մարդկանց էլ կդատի Իր կատարյալ արդարության չափով ու ամեն մեկին կտա ըստ նրա գործերի. «Աստծու, որ հատուցում է յուրաքանչյուրին ըստ իր գործերի» (Հռոմ. 2, 6):

Քրիստոսից առաջ ապրած հրեաների ու հեթանոսների հանդեպ Աստծո այդ արդար դատաստանի մասին մեզ տեղեկացնում է աստվածազան Պողոսը` Սբ. Հոգով ասելով հետևյալը. «Նեղություն և անձկություն` ամեն մարդու, որ չարիք է գործում, նախ`հրեայի և ապա` հեթանոսի, իսկ փառք, պատիվ և խաղաղություն` յուրաքանչյուրին, որ բարին է գործում, նախ` հրեայի և ապա` հեթանոսի. որովհետև Աստծու առաջ աչառություն չկա: Բոլոր նրանք, որ մեղանչեցին առանց օրենք ունենալու, առանց օրենքի էլ կկորչեն. իսկ նրանք, որ օրենք ունենալով մեղանչեցին, օրենքով էլ կդատվեն» (Հռոմ. 2, 9-12):

Այս խոսքերով աստվածազան Պողոսը մեզ վստահեցնում է, որ նեղություն և անձկություն կլինի, այսինքն` Աստված Իր արդար դատաստանով նեղություն, անձկություն ու տառապանք կտա առանց բացառության բոլոր այն մարդկանց, ովքեր չարիք ու մեղք են գործում: Դրանք հրեային ավելի ծանր է ուզում տալ, որովհետև հրեան բնական օրենքից բացի Աստծո գրավոր օրենք էլ ուներ, ինչը որ խախտում ու զանց էր առնում իր կյանքում: Այս ամենը (այսինքն` նեղություն, անձկություն և տառապանք) ուզում է տալ նաև հելլենին, այսինքն` հեթանոսին, ով թեպետև չուներ Աստծո գրավոր օրենքը, ինչպես որ հրեաներն ունեին, սակայն ուներ խիղճն ու բանականության կարողությունը` բնական այն օրենքը, որն Աստված իսկզբանե ներդրել էր մարդու հոգում, և որի միջոցով մարդը բարին զանազանում էր չարից:

Սակայն մարդը, միչդեռ կարող էր չարից խուսափել ու իր կյանքում բարին գործել` բնական այդ օրենքով առաջնորդվելով, ամեն բան ընդհակառակն արեց, այսինքն` բարին գործադրելուց խուսափեց ու չարիք կատարեց:

Փառք, պատիվ և խաղաղություն կլինի, այսինքն` Աստված փառք, պատիվ ու խաղաղություն է տալու առանց բացառության բոլոր այն մարդկանց, ովքեր բարիք ու առաքինություն են գործում: Դրանք նախ հրեային է ուզում տալ, որովհետև հրեան ավելի մոտ էր Աստծուն` Աստծո մասին ճշմարիտ գիտությունն ունենալու պատճառով: Այս բարիքներն ուզում է տալ նաև հելլենին, այսինքն` հեթանոսին, քանի որ, թեև Աստծո գրավոր օրենքը չուներ, ինչպես որ հրեան ուներ, սակայն իր կյանքում օրենքի պատվիրաններն էր պահում` դրանց գործադրման համար բնական օրենքով առաջնորդվելով:

Աստված այդպիսի արդարադատությամբ է դատելու և՛ հրեաներին, և՛ հեթանոսներին, որովհետև ճշմարտության և արդարադատության Աստված լինելով, երբեք չի անտեսում արդարին, կողմնապահություն չի անում, արդարությունը երբևէ չի արհամարհում. և՛ հրեային, և՛ հեթանոսին դատելու է ծայրագույն ու կատարյալ արդարության չափով:

Ուստի, քանի որ Աստված դատում ու դատապարտում է ամենայն անաչառությամբ, ծայրագույն ու կատարյալ արդարությամբ, այն հեթանոսները, ովքեր բնական օրենքից առաջնորդված, բարիք և առաքինություն են գործադրել, Աստծուց կվարձատրվեն փառքով, պատվով ու խաղաղությամբ, ինչպես որ Առաքյալը վերն ասաց: Սակայն հեթանոսներից նրանք, ովքեր զանց առան ու խախտեցին բնական օրենքը, այսինքն` խիղճն ու բանականության կարողությունը, որոնցով առաջնորդվում էին ու բարին չարից զանազանում, Աստծո կողմից կդատվեն ըստ իրենց հոգում եղած բնական օրենքի, դրա մերժման ու խախտման համար հավիտենական տանջանքի կդատապարտվեն:

Դա են նշանակում աստվածազան Պողոսի խոսքերը. «Բոլոր նրանք, որ մեղանչեցին առանց օրենք ունենալու, առանց օրենքի էլ կկորչեն»: Ահա դա է ասում Աստծո առաքյալը Տիրոջ արդար դատաստանի մասին, որ Նա կանի բնական օրենքը պահած կամ խախտած հեթանոսներին:

Իսկ Աստծո արդար դատաստանի մասին, որ Նա կանի հրեաներին, առաքյալը հետևյալն է ասում. հրեաներից նրանք, ովքեր իրենց կյանքում ու կենցաղում բարին և առաքինությունն են գործադրել` Մովսեսի օրենքը պահելով, Աստծուց կվարձատրվեն, ինչպես վերը նշվեց` փառքով, պատվով ու խաղաղությամբ: Եվ կրկին, հրեաներից նրանք, ովքեր չարիք ու մեղք են գործադրել` Մովսեսի օրենքը զանց առնելով և առանց ապաշխարելու մեղքի մեջ մեռնելով, Աստծո կողմից կդատվեն ըստ մովսիսական օրենքի և հավիտենական տանջանքին կդատապարտվեն` օրենքը զանց առնելու և խախտելու համար: Այս նշանակությունն ունի առաքյալի խոսքը. «Իսկ նրանք, որ օրենք ունենալով մեղանչեցին, օրենքով էլ կդատվեն»: Սա է ասում Աստծո առաքյալն անաչառ ու արդար դատաստանի մասին, որն Աստված կիրագործի Մովսեսի օրենքը պահած կամ մերժած հրեաների հանդեպ:

Այս անաչառ ու արդար դատաստանից, որ ըստ հոգեկիր Պողոս առաքյալի խոսքերի, Աստված հրեաների ու հեթանոսների հետ է կատարելու, հստակ հասկանալի է նաև այն դատաստանը, որ Աստված պիտի անի նաև այն բոլոր մարդկանց, ովքեր այսօր ապրում են երկրագնդի տարբեր ազգերի մեջ` Քրիստոսի ու Նրա օրենքի մասին ոչինչ չիմանալով: Հասկանալի է, որ անաչառ և արդարադատն Աստված այդ մարդկանցից յուրաքանչյուրին կդատի իր ծայրագույն ու կատարյալ արդարության չափով, և ամեն մի մարդու կհատուցի այն, ինչը պարտ ու պատշաճ է նրան:

Իսկ այս անաչառ ու  արդար դատաստանն Աստված ե՞րբ կանի և ու՞մ ձեռքով: Այս երկուսի մասին էլ մեզ տեղեկացնում է Աստծո նույն Առաքյալը` ասելով, որ Աստծո այդ դատը կլինի ընդհանրական ու համաշխարհային Դատաստանի  մեծ օրը, երբ կկբացահայտվեն ու կհրապարակվեն առանց բացառության բոլոր մարդկանց գործերը` ոչ միայն արտաքին, այլև` ներքին: Եվ Աստված այդ դատաստանը կանի մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով: Դրա մասին է հավաստում նաև հենց Քրիստոս` ասելով. «Սակայն Հայրը ոչ մեկին չի դատում, այլ ամեն դատաստան տվել է իր Որդուն» (Հովհ. 5, 22): Եվ դա կանի, ասում է Աստծո Առաքյալը, քարոզածս վարդապետության և Ավետարանի համաձայն, «այն օրը, երբ Աստված պիտի դատի մարդկանց գաղտնի գործերը, ըստ իմ ավետարանի, Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 2, 16):

 Եվսեբիոս արքիմանդրիտ Մատթոպուլոս

Թարգմանությունը հունարենից` հայր Հերոնիմոս Մայիլյանի

 

Աղբյուր: Αρχιμανδρίτου Ευσεβίου Ματθόπουλου, Ο προορισμός του ανθρώπου, εκδ. Αδελφότης Θεολόγων η «Ζωή», Αθήναι 1960.

 Աստծո դատաստանը

 

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com